Բաժին 102
Արձանագրություն Եկեղեցու առաջին բարձրագույն խորհուրդը կազմակերպելու մասին, Կիրթլենդում, Օհայո, 1834թ. փետրվարի 17-ին (History of the Church, 2.28–31): Արձանագրության բնօրինակը գրվել էր Երեցներ Օլիվեր Քաուդերիի և Օրսոն Հայդի կողմից: Երկու օր անց, արձանագրությունը սրբագրվել էր Մարգարեի կողմից, կարդացվել բարձրագույն խորհրդի առաջ և ընդունվել այդ խորհրդի կողմից: 30–32 հատվածները, որոնք վերաբերում են Տասներկու Առաքյալների Խորհրդին, ավելացվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, 1835թ., երբ նա պատրաստում էր այս բաժինը հրատարակել Վարդապետություն և Ուխտերի մեջ:
1–8՝ Բարձրագույն խորհուրդը նշանակվում է՝ լուծելու կարևորագույն խնդիրներ, որոնք առաջանում են Եկեղեցում. 9–18՝ Տրվում են գործերը լսելու ընթացակարգերը. 19–23՝ Խորհրդի նախագահն է կայացնում որոշումը. 24–34՝ Շարադրվում է բողոքարկման ընթացակարգը:
1 Այս օրը քսանչորս քահանայապետերի ընդհանուր խորհուրդ հավաքվեց Ջոզեֆ Սմիթ կրտսերի տանը, հայտնությամբ, և սկսեց կազմակերպել Քրիստոսի եկեղեցու բարձրագույն խորհուրդը, որը պետք է կազմվեր տասներկու քահանայապետերից և մեկ կամ երեք նախագահներից, ինչպես որ գործը կպահանջեր:
2 Բարձրագույն խորհուրդը հայտնությամբ նշանակվեց, որ լուծի այն կարևորագույն խնդիրները, որոնք հնարավոր է առաջանան եկեղեցում, որոնք եկեղեցու կամ եպիսկոպոսի խորհուրդը չի կարողանա լուծել՝ ի բավարարումն կողմերի:
3 Ջոզեֆ Սմիթ կրտսերը, Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Վիլյամսը խորհրդի ձայնով հաստատվեցին նախագահներ. իսկ քահանայապետեր Ջոզեֆ Սմիթ ավագը, Ջոն Սմիթը, Ջոզեֆ Կոն, Ջոն Ջոնսոնը, Մարտին Հարրիսը, Ջոն Ս. Քարտերը, Ջարեդ Քարտերը, Օլիվեր Քաուդերին, Սեմյուել Հ. Սմիթը, Օրսոն Հայդը, Սիլվեստեր Սմիթը և Լյուկ Ջոնսոնը խորհրդի միաբան ձայնով ընտրվեցին՝ մշտական խորհուրդ լինելու եկեղեցու համար:
4 Այնուհետև, վերոհիշյալ խորհրդականներին հարցվեց, թե արդյոք նրանք ընդունում են իրենց նշանակումները, և արդյոք նրանք կգործեն այդ պաշտոնում՝ համաձայն երկնային օրենքի, որին նրանք բոլորը պատասխանեցին, որ ընդունում են իրենց նշանակումները, և իրենց պաշտոնում կծառայեն՝ իրենց տրված Աստծո շնորհի համաձայն:
5 Վերոհիշյալ խորհրդականներին նշանակելիս, եկեղեցու անունից և եկեղեցու համար քվեարկող խորհուրդը կազմողների թիվը քառասուներեք էր, որոնք էին. ինը քահանայապետ, տասնյոթ երեց, չորս քահանա և տասներեք անդամ:
6 Սահմանվեց. որ բարձրագույն խորհուրդը գործելու զորություն չի ունենա, եթե վերոհիշյալ խորհրդականներից յոթը կամ պատշաճ կարգով նշանակված նրանց հաջորդողները ներկա չեն:
7 Այդ յոթը զորություն պիտի ունենան նշանակելու ուրիշ քահանայապետեր, որոնց նրանք արժանավոր և ընդունակ կհամարեն՝ բացակայող խորհրդականների փոխարեն գործելու համար:
8 Սահմանվեց. որ որևէ թափուր պաշտոն առաջանալիս, վերոհիշյալ խորհրդականներից որևէ մեկի մահվան, օրինազանցության պատճառով պաշտոնազրկման կամ եկեղեցու այս տարածքի ղեկավարությունից հեռանալու դեպքում, այն պետք է զբաղեցվի նախագահի կամ նախագահների կողմից առաջարկված անձով, և վավերացվի այդ նպատակով հրավիրված քահանայապետերի ընդհանուր խորհրդի ձայնով, որը կգործի եկեղեցու անունից:
9 Եկեղեցու նախագահը, որը նաև խորհրդի նախագահն է, նշանակվում է հայտնությամբ, և իր պաշտոնավարության մեջ է հաստատվում եկեղեցու ձայնով:
10 Եվ իր պաշտոնի կոչման համաձայն է, որ նա պետք է նախագահի եկեղեցու խորհրդի վրա. և դա նրա առանձնաշնորհն է, որ նրան օգնեն երկու այլ նախագահներ, նշանակված նույն ձևով, ինչպես անձամբ ինքն է նշանակվել:
11 Եվ նրա նշանակված օգնականներից մեկի կամ երկուսի բացակայության դեպքում, նա զորություն ունի առանց օգնականի նախագահել խորհրդում. և եթե նա ինքը բացակայում է, մյուս նախագահները, միասին, թե առանձին, զորություն ունեն նախագահել նրա փոխարեն:
12 Ամեն անգամ, երբ Քրիստոսի եկեղեցու բարձրագույն խորհուրդը պատշաճ կարգով կազմավորված է, համաձայն վերը նկարագրված օրինակի, տասներկու խորհրդականների պարտականությունը պիտի լինի՝ վիճակ գցել թվերով, և դրանով պարզել, թե տասներկուսից ով պետք է խոսի առաջինը, սկսելով թիվ մեկից, և այդպես հաջորդականությամբ, մինչև տասներկու թիվը:
13 Ամեն անգամ, երբ այս խորհուրդը հավաքվում է քննելու որևէ գործ, տասներկու խորհրդականները պետք է խորհրդածեն, թե արդյոք այն դժվար է, թե ոչ. եթե այն դժվար չէ, խորհրդականներից միայն երկուսը պետք է խոսեն այդ մասին՝ համաձայն վերևում գրված ձևի:
14 Բայց եթե այն դժվար համարվի, պիտի նշանակվեն չորսը. իսկ եթե ավելի դժվար՝ վեցը. սակայն ոչ մի դեպքում չպետք է նշանակվեն խոսելու վեցից ավելին:
15 Մեղադրվողի իրավունքն է, բոլոր գործերում, ունենալ խորհրդի մեկ երկրորդի ձայնը՝ անարգանքը կամ անարդարությունը կանխելու համար:
16 Եվ խորհրդականները, որոնք նշանակված են խորհրդի առաջ խոսելու, փաստը քննելուց հետո, պետք է ճշմարիտ լույսի ներքո ներկայացնեն գործը խորհրդի առաջ. և ամեն մարդ պետք է խոսի անաչառությամբ և արդարադատությամբ:
17 Այն խորհրդականները, որոնք քաշել են զույգ թվեր, այսինքն՝ 2, 4, 6, 8, 10 և 12, այն անհատներն են, որոնք պետք է խոսեն ի նպաստ մեղադրվողի, և կանխեն անարգանքն ու անարդարությունը:
18 Բոլոր գործերում մեղադրողը և մեղադրվողն արտոնություն պետք է ունենան խոսելու խորհրդի առաջ՝ ի պաշտպանություն իրենց, փաստարկները լսելուց և այն բանից հետո, երբ խորհրդականները, որոնք նշանակվել էին գործի առնչությամբ խոսելու, ավարտել են իրենց դիտողությունները:
19 Հետո, երբ փաստարկները լսվել են, խորհրդականները, մեղադրողը և մեղադրվողը խոսել են, նախագահը պետք է վճիռ կայացնի, տվյալ գործի վերաբերյալ ունեցած հասկացողության համաձայն, և ներկայացնի տասներկու խորհրդականներին՝ նրանց քվեարկումով այն վավերացնելու համար:
20 Բայց եթե մնացած խորհրդականները, ովքեր չեն խոսել, կամ նրանցից որևէ մեկը, փաստարկներն ու միջնորդություններն անաչառությամբ լսելուց հետո նախագահի որոշման մեջ սխալ են գտնում, նրանք կարող են հայտնել այդ մասին, և գործը պետք է վերանայվի:
21 Եվ եթե ուշադիր վերանայելուց հետո գործի վերաբերյալ որևէ լրացուցիչ լույս բացվի, ապա որոշումը պետք է համապատասխանաբար փոխվի:
22 Բայց եթե լրացուցիչ լույս չբացվի, ապա առաջին որոշումը պետք է մնա, և խորհրդի մեծամասնությունը զորություն ունի նույնը հաստատելու:
23 Վարդապետության և սկզբունքի հետ կապված դժվարությունների դեպքում, եթե չկա բավականաչափ գրվածք, որպեսզի գործը խորհրդի մտքի համար պարզ դարձվի, նախագահը կարող է խնդրել և հայտնությամբ ստանալ Տիրոջ միտքը:
24 Քահանայապետերը, երբ հեռվում են գտնվում, զորություն ունեն խորհուրդ կանչելու և կազմելու, վերը նկարագրված օրինակի համաձայն, դժվարությունները հարթելու համար, երբ կողմերը կամ նրանցից որևէ մեկը կպահանջեն դա:
25 Եվ քահանայապետերի այս խորհուրդը զորություն կունենա իր կազմից մեկին նշանակելու, որ ժամանակավորապես նախագահի նման խորհրդում:
26 Վերոհիշյալ խորհրդի պարտականությունը պետք է լինի՝ իրենց վարած գործի մի օրինակն անմիջապես ուղարկել Եկեղեցու Առաջին Նախագահության աթոռի բարձրագույն խորհրդին՝ իրենց որոշմանը կցելով վկայությունների ամբողջական հաղորդագրությունը:
27 Եթե կողմերը կամ նրանցից մեկը բավարարված չէ վերոհիշյալ խորհրդի որոշմամբ, նրանք կարող են դիմել Եկեղեցու Առաջին Նախագահության աթոռի բարձրագույն խորհրդին, և գործը դնել վերանայման, որը պետք է կատարվի նախորդ գրված օրինակի համաձայն, ասես նման ոչ մի որոշում չի կայացվել:
28 Հեռվում գտնվող քահանայապետերի այս խորհուրդը, պետք է կանչվի միայն եկեղեցական ամենաբարդ գործերի համար. և հասարակ ու սովորական որևէ գործ բավարար չպետք է լինի նման խորհուրդ կանչելու համար:
29 Ճամփորդող կամ տեղաբնակ քահանայապետերը, հեռվում, զորություն ունեն ասելու, թե արդյոք անհրաժեշտություն կա կանչելու նման խորհուրդ, թե ոչ:
30 Տարբերություն կա ընդունած որոշումների մեջ, բարձրագույն խորհրդի կամ ճամփորդող քահանայապետերի, որ հեռվում են, և ճամփորդող բարձրագույն խորհրդի, որը բաղկացած է տասներկու առաքյալներից:
31 Առաջինի որոշումը ենթակա է բողոքարկման. սակայն վերջինի որոշումը՝ ոչ:
32 Վերջինը կարող է քննության առնվել միայն եկեղեցու գերագույն իշխանությունների կողմից՝ օրինազանցության առկայության դեպքում:
33 Վճռվեց. որ Եկեղեցու Առաջին Նախագահության աթոռի նախագահը կամ նախագահները զորություն կունենան որոշելու, բողոքարկումը և կից փաստերն ու հաղորդագրություններն ուսումնասիրելուց հետո, թե արդյոք նման որևէ գործ, որը բողոքարկված է, իրավացիորեն է ներկայացված վերանայման:
34 Այնուհետև, տասներկու խորհրդականներն սկսեցին վիճակ գցել կամ վիճակահանություն կատարել, որոշելու համար, թե ով պետք է խոսի առաջինը, և արդյունքը եղավ հետևյալը, անվանապես՝ 1. Օլիվեր Քաուդերի, 2. Ջոզեֆ Կո, 3. Սեմյուել Հ. Սմիթ, 4. Լյուկ Ջոնսոն, 5. Ջոն Ս. Քարտեր, 6. Սիլվեստեր Սմիթ, 7. Ջոն Ջոնսոն, 8. Օրսոն Հայդ, 9. Ջարեդ Քարտեր, 10. Ջոզեֆ Սմիթ ավագ, 11. Ջոն Սմիթ, 12. Մարտին Հարրիս: Աղոթքից հետո համաժողովը փակվեց:
Գործավարներ՝
ՕԼԻՎԵՐ ՔԱՈՒԴԵՐԻ,
ՕՐՍՈՆ ՀԱՅԴ