Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 12


Բաժին 12

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ջոզեֆ Նայթ ավագին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. մայիսին (History of the Church, 1.47–48): Ջոզեֆ Նայթը հավատում էր Ջոզեֆ Սմիթին, որը հայտարարում էր Մորմոնի Գրքի թիթեղներն ունենալու և թարգմանության աշխատանքի մասին, որն այն ժամանակ ընթացքի մեջ էր, և բազմիցս նյութական օժանդակություն էր ցույց տվել Ջոզեֆ Սմիթին և նրա դպիրին, ինչը նրանց հնարավորություն էր տվել շարունակել թարգմանությունը: Ջոզեֆ Նայթի խնդրանքով Մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ այս հայտնությունը:

1–6՝ Այգում աշխատողները փրկություն կստանան. 7–9՝ Բոլորը, ովքեր ցանկանում են և որակված են, կարող են աջակցել Տիրոջ գործին:

1 Մեծ և զարմանալի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների մեջ:

2 Ահա, ես եմ Աստված. ուշք դարձրեք իմ խոսքին, որը կենդանի է և զորավոր, երկսայր սրից հատու՝ հոդերը և ծուծը բաժանող. ուստի, ուշք դարձրեք իմ խոսքին:

3 Ահա, արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի, ով որ փափագում է հնձել, թող գցի իր մանգաղն իր զորությամբ ու հնձի, քանի դեռ օրը ցերեկ է, որ կարողանա իր հոգու համար հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում:

4 Այո՛, ով որ գցի իր մանգաղն ու հնձի, նա կանչված է Աստծուց:

5 Ուստի, եթե խնդրեք ինձանից, դուք կստանաք. եթե թակեք, ձեզ կբացվի:

6 Արդ, որովհետև դուք հարցրեցիք, ահա ես ասում եմ ձեզ. Պահե՛ք իմ պատվիրանները և փնտրեք առաջ տանել և հաստատել Սիոնի գործը:

7 Ահա, ես ասում եմ քեզ և նաև բոլոր նրանց, ովքեր փափագում են առաջ տանել և հաստատել այս գործը.

8 Եվ ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի, ունենալով հավատք, հույս և գթություն, ժուժկալ լինելով բոլոր բաներում, ինչ էլ որ վստահված լինի նրա խնամքին:

9 Ահա, ես եմ լույսը և կյանքն աշխարհի, որ ասում եմ այս խոսքերը, ուստի ուշք դարձրու քո զորությամբ, և ապա, դու կանչված ես: Ամեն: