Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 24


Բաժին 24

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1830թ. հուլիսին (History of the Church, 1.101–103): Թեև Եկեղեցու կազմակերպման օրից անցել էր ավելի քիչ, քան չորս ամիս, հալածանքները դարձել էին սաստիկ, և ղեկավարները ստիպված էին ապահովություն փնտրել՝ մասնակիորեն առանձնանալով: Հետևյալ երեք հայտնությունները տրվել են այդ ժամանակ՝ նրանց ամրապնդելու, քաջալերելու և հրահանգելու համար:

1–9՝ Ջոզեֆ Սմիթը կանչված է՝ թարգմանելու, քարոզելու և սուրբ գրքերը մեկնաբանելու. 10–12՝ Օլիվեր Քաուդերին կանչված է՝ քարոզելու ավետարանը. 13–19՝ Բացահայտվում է հրաշքների, անեծքների, ոտքերի փոշին թոթափելու և առանց քսակի կամ պարկի գնալու վերաբերյալ օրենքը:

1 Ահա, դու կանչվել ես և ընտրվել՝ Մորմոնի Գիրքը գրելու և ինձ ծառայելու. և ես քեզ բարձրացրել եմ քո չարչարանքներից ու խրատել եմ քեզ, այնպես որ դու ազատվել ես քո բոլոր թշնամիներից, և ազատվել ես Սատանայի իշխանությունից ու խավարից:

2 Այնուամենայնիվ, դու չես ներվի քո օրինազանցությունների մեջ. այնուամենայնիվ, գնա քո ճանապարհով և այլևս մեղք մի գործիր:

3 Մեծարիր քո պաշտոնը. և քո արտերը ցանելուց ու դրանք ապահովելուց հետո շտապ գնա եկեղեցին, որ Քոլսվիլում է, Ֆայեթում և Մանչեստրում, և նրանք կաջակցեն քեզ. և ես նրանց կօրհնեմ՝ և՛ հոգևորով, և՛ նյութականով:

4 Բայց եթե նրանք չընդունեն քեզ, ես, օրհնության փոխարեն, նրանց վրա անեծք կուղարկեմ:

5 Եվ դու պետք է շարունակես կանչել առ Աստված՝ իմ անունով, և գրես այն բաները, որոնք քեզ կտրվեն Մխիթարիչի կողմից, և մեկնաբանես բոլոր սուրբ գրքերը՝ եկեղեցու համար:

6 Եվ այդ նույն պահին քեզ կտրվի, թե ինչ պիտի դու ասես ու գրես, և նրանք կլսեն դա, եթե ոչ, ես, օրհնության փոխարեն, նրանց վրա անեծք կուղարկեմ:

7 Քանզի դու պետք է քո ողջ ծառայությունը նվիրես Սիոնին. և դրանում դու ուժ կունենաս:

8 Համբերող եղիր չարչարանքներում, քանզի դու շատ կունենաս. բայց դիմացիր դրանց, քանի որ, տե՛ս, ես քեզ հետ եմ, նույնիսկ մինչև քո օրերի վերջը:

9 Եվ նյութական գործերում դու ուժ չես ունենա, քանզի դա չէ քո կոչումը: Նվիրվիր քո կոչմանը և կունենաս ինչ որ անհրաժեշտ է, որ մեծարես քո պաշտոնը, և մեկնաբանես բոլոր սուրբ գրքերը, և շարունակիր ձեռնադրելն ու եկեղեցիները հաստատելը:

10 Իսկ քո եղբայր Օլիվերը պիտի շարունակի կրել իմ անունն աշխարհի առաջ և նաև եկեղեցու: Եվ նա չպետք է ենթադրի, թե կարող է չափից ավելին ասել՝ ի պաշտպանություն ինձ. և ահա, ես նրա հետ եմ մինչև վերջ:

11 Ինձանով նա կունենա փառք, և ոչ թե իրենով՝ լինի թուլության մեջ, թե ուժի, կապանքների մեջ, թե ազատության:

12 Եվ բոլոր ժամանակներում, և բոլոր տեղերում նա պիտի բանա իր բերանը և հայտարարի իմ ավետարանը, ինչպես մի փողի ձայնով՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր: Եվ ես այնպիսի ուժ կպարգևեմ նրան, ինչպիսին հայտնի չէ մարդկանց:

13 Հրաշքներ մի պահանջեք, մինչև ես չպատվիրեմ ձեզ, բացի դևերին դուրս գցելուց, հիվանդներին բժշկելուց, և թունավոր օձերի դեմ, և մահացու թույների դեմ.

14 Եվ այս բաները դուք չպետք է անեք, եթե չպահանջվի ձեզանից, նրանց կողմից, ովքեր փափագում են այդ, որպեսզի սուրբ գրքերն իրականանան. քանզի դուք պետք է կատարեք համաձայն նրա, ինչ գրված է:

15 Եվ որտեղ էլ որ դուք մտնեք, և նրանք ձեզ չընդունեն իմ անունով, դուք պիտի թողնեք անեծք, օրհնության փոխարեն, նրանց դեմ թոթափելով ձեր ոտքերի փոշին, որպես վկայություն, և մաքրելով ձեր ոտքերը ճամփեզրին:

16 Եվ կլինի այնպես, որ, ովքեր բռնությամբ ձեռք կբարձրացնեն ձեր վրա, դուք պիտի հրամայեք զարկվել՝ իմ անունով. և ահա, ես կզարկեմ նրանց, ձեր խոսքերի համաձայն, ինձ հարմար ժամանակ:

17 Եվ ով որ օրենք բերի քո վրա՝ օրենքով պիտի անիծվի:

18 Եվ դու քեզ հետ չպետք է վերցնես ոչ քսակ, ոչ էլ պարկ, ոչ գավազաններ, ոչ էլ երկու վերարկու, քանի որ եկեղեցին քեզ կտա նույն այն ժամին, ինչի կարիք դու կունենաս՝ ուտելիքի համար, թե հագուստի համար, կոշիկի համար, դրամի համար, թե պարկի համար:

19 Քանզի դու կանչված ես էտելու իմ այգին՝ զորավոր էտումով, այո՛, նույնիսկ վերջին անգամ. այո, և նաև բոլոր նրանք, որոնց դու կարգել ես, և նրանք պետք է գործեն՝ ճիշտ համաձայն այս օրինակի: Ամեն: