Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին
Ամեն անգամ մեկ դեղձ
Էմբեր Հիլեյի հետ անցկացրած հարցազրույցից
Երբ ես փոքրիկ մի աղջնակ էի, ծնողներս ինձ և քրոջս տարան պտղատու մի այգի, որը պատկանում էր Եկեղեցուն։ Մենք այնտեղ էինք, որպեսզի օգնեինք դեղձ հավաքել։ Մենք բարձրանում էինք մեծ աստիճաններով և խիտ տերևների միջից քաղում էինք դեղձերը։
Սկզբում մենք ոգևորված էինք։ Սակայն շուտով մրգի աղվամազիկներից մեր ձեռքերը սկսեցին քոր գալ։ Մենք ասացինք մեր մայրիկին․ «Մենք այլևս չենք ուզում սա անել։ Մենք ուզում ենք ավարտել»։
Մայրս հարցրեց, թե արդյոք մենք գիտենք, թե ուր են գնում այս բոլոր դեղձերը։ Երբ մենք ասացինք՝ ոչ, նա բացատրեց մեզ։
«Այս դեղձերից յուրաքանչյուրը տարվում է մի շենք, որտեղ կամավորները պահածոյացնում են այն։ Ապա այդ պահածոները տրվում են կարիքավոր մարդկանց։ Ամեն տարի Եկեղեցին նվիրաբերում է հազարավոր պահածոներ»։
Հանկարծ ես և քույրս դադարեցինք անհանգստանալ մեր ձեռքերի համար։ Մենք օգնում էինք մարդկանց, ովքեր կարիքի մեջ էին։ Դրանից հետո մենք ուրախությամբ էինք մագլցում աստիճանների վրայով և քաղում աղվամազոտ նարնջագույն մրգերը։
Այս տարի մենք խնդրել ենք ձեզ ընդունել Օգնող Ձեռքերի հրավերը (տես 2021 թվականի հունվար ամսվա Ընկեր ամսագիրը)։ Քրիստոսի օրինակով Աստծուն ծառայելը կարևորագույն բաներից մեկն է, որ դուք կարող եք անել։ Երեխաները հատուկ կերպով նկատում են նրանց, ովքեր կարիքի մեջ են և առաջարկում են իրենց օգնությունը։ Ծառայության փոքրիկ քայլը սկզբում գուցե մեծ բան չթվա։ Սակայն, եթե աշխարհի բոլոր երեխաները փնտրեն ծառայելու հնարավորություններ, նրանք հրաշալի արդյունքներ կունենան։