Թեյ, թե՞ մանգոյի հյութ։
Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
Այս պատմությունը տեղի է ունեցել Թայվանում։
«Ինչո՞ւ թեյ չուզեցիր»։ Հարցրեց Ջիրոն։
”Stand for the right” (Children’s Songbook, 159).
Չանգը քայլում էր Թայվանի բանուկ փողոցով։ Նրա ընկերը՝ Ջիրոն, քայլում էր նրա կողքով։ Մարդիկ ամենուր էին։ Գնորդները նայում էին վաճառվող հագուստներին, երեխաները խաղում էին, և մարդիկ շտապում էին՝ խոսելով իրենց հեռախոսներով։ Չանգն ամուր բռնել էր իր դպրոցական պայուսակը, համոզվելու համար, որ այն չի գցի։
«Չեմ հավատում, որ ուսումնական տարին գրեթե ավարտված է»։ Բարձրաձայն ասաց Չանգը, որպեսզի Ջիրոն կարողանար լսել։
«Իսկապես։ Ես սպասում եմ դասերի ավարտին», - ասաց Ջիրոն։
Չանգը և Ջիրոն անցնում էին տաղավարների մոտով, որտեղ վաճառում էին ամեն տեսակի ուտելիքներ։ Պիտայա և ելակներ։ Խրթխրթան պելմենիներ։ Գետնանուշով պաղպաղակ։ Ամենուրեք տարածված էր ուտելիքի անուշ բույրը։ Սակայն Չանգն այդ պահին մտածում էր միայն տապի մասին։
«Կարծես վառարանի մեջ լինեմ»,- ասաց Չանգը։
«Ես նույնպես»,- ասաց Ջիրոն։ «Եկ որևէ ըմպելիք վերցնենք»։
Նրանք քայլեցին դեպի տաղավարը, որտեղ վաճառում էին բազմագույն ըմպելիքներ։
Ջիրոն որոշակի գումար հանեց։ «Երկու բոբա թեյ, խնդրում եմ»։
Չանգը գիտեր, որ թեյը Իմաստության Խոսքի դեմ էր։ «Կարո՞ղ եմ ես մանգոյի հյութ վերցնել»,- հարցրեց նա։
Ջիրոն շրջվեց և նայեց Չանգին։ Չանգը անհանգստություն զգաց։ Արդյո՞ք Ջիրոյին տարօրինակ թվաց, որ նա թեյ չվերցրեց։
Կինը սառը բոբա թեյ տվեց Ջիրոյին և մանգոյի հյութ Չանգին։ Ապա տղաները նորից քայլեցին դեպի իրենց տուն տանող փողոցը։
Ջիրոն անմիջապես խմեց իր թեյը։ «Ինչո՞ւ թեյ չուզեցիր։ Այն շատ լավն է»։
Չանգը լեզուն կծեց։ «Դե, ես թեյ չեմ խմում»։
«Ինչո՞ւ»։
Չանգը մտածում էր, թե ինչպես պատասխանել այդ հարցին։ Միսիոներներն ուսուցանել էին նրան Իմաստության Խոսքի մասին։ Երեխաների միության դասին նա սովորել էր, որ Իմաստության Խոսքն օգնել էր իրեն Սուրբ Հոգին ունենալ իր հետ։
«Ես հավատում եմ Աստծուն, և Նա ուզում է, որ ես հոգ տանեմ իմ մարմնի համար։ Նա պահանջում է, որ մենք չխմենք թեյ, սուրճ կամ ալկոհոլ»,- ասաց Չանգը։
«Ինչպե՞ս ես իմացել այդ ամենի մասին»։ Հարցրեց Ջիրոն։
«Ես իմացել եմ այդ ամենի մասին եկեղեցում»։
Ջիրոն ևս մի կում խմեց իր ըմպելիքից։ «Դա անհեթեթություն է թվում։ Սա պարզապես թեյ է։ Այն քեզ չի վնասի»։
Չանգն անհանգստությունից իր տեղը չէր գտնում։ Ինչպե՞ս նա կարող էր օգնել Ջիրոյին հասկանալ։ Գուցե եկեղեցում ինչ-որ մեկը կարող էր օգնել նրան բացատրել դա Ջիրոյին։
«Կցանկանայի՞ր մի օր ինձ հետ գալ եկեղեցի։ Ես գնում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Դու կարող ես սովորել Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին»։
Ջիրոն մի պահ մտածեց։ «Չեմ կարծում»։
«Լավ»,- ասաց Չանգը։ Նա մի փոքր տխրեց, որ Ջիրոն չցանկացավ իր հետ եկեղեցի գալ։ Սակայն նա այնուամենայնիվ ուրախ էր, որ կիսվել էր իր վկայությամբ։
Շաբաթվա վերջում Չանգի ուսուցիչը՝ պարոն Լին, դպրոցում հրավիրեց բոլորի ուշադրությունը։ «Վաղը դպրոցի վերջին օրն է։ Քանի որ բոլորը ջանասիրաբար աշխատել են այս տարի, ես անակնկալ ունեմ։ Մենք բոլորս բոբա թեյ կըմպենք»։
Ամբողջ դասարանն ուրախ էր։ Բոլորը՝ բացի Չանգից։ Նա հուսահատ նստած էր։ Իր ուսուցչին ասելը, որ նա թեյ չէր խմում, ավելի դժվար էր լինելու, քան Ջիրոյին ասելը։ Բոլորը մտածելու էին, որ դա տարօրինակ է, ճիշտ ինչպես Ջիրոն մտածեց։
Ջիրոն ձեռք բարձրացրեց։ «Պարոն Լի։ Չանգը թեյ չի խմում։ Այդպես է պահանջում նրա կրոնը։ Կարո՞ղ է նա մանգոյի հյութ վերցնել դրա փոխարեն»։
Պարոն Լին դիմեց Չանգին։ «Դա ճի՞շտ է, Չանգ»։
Չանգը գլխով արեց։
Պարոն Լին ժպտաց։ «Լավ։ Փոխարենը ես քեզ համար հյութ կպատվիրեմ»։
Դասերից հետո Չանգը և Ջիրոն միասին տուն գնացին։ «Շնորհակալություն, որ օգնեցիր ինձ»,- ասաց Չանգը։
Ջիրոն ժպտաց։ «Դու իմ ընկերն ես։ Եթե մի բան կարևոր է քեզ համար, ապա դա կարևոր է ինձ համար»։