«Մայայի արևաշող սուրբ գրությունը», Ընկեր, նոյեմբեր 2024, 14-15։
Մայայի արևաշող սուրբ գրությունը
«Ես չգիտեմ՝ արդյոք ունեմ սիրելի սուրբ գրություն»,- ասաց Մայան։
Այս պատմությունը տեղի է ունեցել Սլովենիայում։
Մայան նստել էր տան աստիճաններին և կզակը դրել ձեռքերի մեջ։ Շողում էր պայծառ արևը՝ լույսի ջերմ ճառագայթները տարածելով բարձր ծառերի միջով։ Օդում տարածվել էր սոճու թարմ ասեղների բույրը։
Մայրիկը դուրս եկավ և նստեց Մայայի կողքին։ «Ի՞նչ ես մտածում»։
«Ես պետք է կիսվեմ իմ սիրելի սուրբ գրությամբ Երեխաների միությունում»,- ասաց Մայան։ «Բայց ես չունեմ սիրելի հատված։ Ու չգիտեմ, թե որ մեկն ընտրեմ»։
Մայրիկը գլխով արեց։ «Սիրելի սուրբ գրություն ընտրելը դժվար է»։ Նա նայեց ծառերին, ապա ոտքի կանգնեց։ «Ես մի գաղափար ունեմ։
Մայրիկը տուն մտավ։ Երբ նա վերադարձավ, իր հետ բերեց իր սուրբ գրությունները։ «Արի սկսենք պատմությունից։ Ո՞րն է քո սիրած պատմությունը սուրբ գրություններում»։
Մայան մտածեց այդ մասին։ «Ինձ դուր է գալիս այն պատմությունը, երբ Հիսուսը այցելեց նեփիացիներին»։
Մայրիկը թերթեց Մորմոնի Գրքի էջերը։ «Այդ պատմությունը սկսվում է 3 Նեփիից»։ Նա մատնացույց արեց էջը։ «Արի հերթով կարդանք և ընտրենք մեզ դուր եկած հատվածները»։
Մայան գլխով արեց և լսեց, թե ինչպես է մայրիկը կարդում։ Նա կարդում էր այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կանչեց Իր աշակերտներին։ Նա կարդաց խաղաղարարների և աղոթքի մասին։
Այնուհետև Մայայի հերթն էր։ Երբ ավարտեց հատվածներից մեկը, նա կանգ առավ։ Նա այնպիսի զգացողություն ունեցավ՝ կարծես արևն այնքան պայծառ է շողում, որ լցնում է իր սիրտը։
Նա նայեց Մայրիկին։ Ինձ դուր է գալիս այս հատվածը»։
«Ինձ նույնպես։ Ի՞նչն է քեզ դուր գալիս այս հատվածում»,- հարցրեց Մայրիկը։
Մայան թոթվեց ուսերը, երբ դեմքին ժպիտ տարածվեց։ «Այն Հիսուսի մասին է։ Եվ դա ինձ ուղղակի երջանկացնում է»։
Ի պատասխան՝ մայրիկը ժպտաց։ «Դա հրաշալի միջոց է իմանալու, որ դու գտար սիրելի սուրբ գրություն։ Ուզո՞ւմ ես կիսվել այդ հատվածով Երեխաների միությունում»։
Մայան հուզված գլխով արեց։ «Կօգնե՞ս ինձ սովորել այն»։
«Իհարկե»,- ասաց մայրիկը։
Մայրիկը և Մայան կրկնում էին բառ առ բառ։ Մինչ նրանք աշխատում էին, թռչունները դայլայլում էին ծառերի վրա, կարծես նրանք նույնպես սովորում էին։
Ամբողջ շաբաթ Մայան շարունակ կրկնում էր սուրբ գրության իր սիրած հատվածը։ Կիրակի առավոտյան նա մի փոքր անհանգիստ էր։ Նա կրկնում էր սուրբ գրության իր հատվածը եկեղեցի գնալու երկար ճանապարհին։
Մայայի Երեխաների միությունում ընդամենը մի քանի երեխա կար։ Բայց երբ մտավ դասարան, Մայան այնպիսի զգացողություն ունեցավ, ասես թիթեռնիկներ էին թռչում նրա փորիկում։
Երբ եկավ իր կիսվելու հերթը, Մայան կանգնեց և խորը շունչ քաշեց։ «Ահա, ես եմ օրենքը, և լույսը»,- ասաց նա։ «Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք. քանզի նրան, որ համբերում է մինչև վերջ, ես հավերժական կյանք կտամ»։
Երբ Մայան ավարտեց, նա նստեց ու ժպտաց։ Նա արեց դա։ Նյարդային թիթեռնիկներն անհետացան, և ջերմ, արևաշող զգացողությունը վերադարձավ։ Նա գիտեր, որ սուրբ գրության իր սիրած հատվածը կբերեր այդ զգացումը, երբ դրա կարիքը զգար։