«Շատ մեծ՝ Երեխաների միության համա՞ր» Ընկեր, նոյեմբեր 2024, 40-41։
Շատ մեծ՝ Երեխաների միության համա՞ր
Գիֆթը ցանկանում էր տեղափոխվել Երիտասարդ կանանց մոտ։
Այս պատմությունը տեղի է ունեցել Նիգերիայում։
«Բարի գալուստ Երեխաների միություն» Քույր Ագբորը՝ Գիֆթի Երեխաների միության ղեկավարը, կանգնած էր սենյակի առջևի մասում։ «Այսօր կսովորենք «Սիրեք բոլորին» երգը»։
Երաժշտությունը սկսվեց, և փոքրիկները պատրաստվեցին երգել։ Բայց Գիֆթը արդեն գիտեր այս երգը։ Նա հարյուր անգամ երգել էր այն։ Նա իրականում չէր ուզում երգել այն այսօր։
Գիֆթը հոգնել էր Երեխաների միությունից։ Տարիքով նա ավելի մեծ էր, ավելի բարձրահասակ և ավելի խոշոր, քան մյուս բոլոր երեխաները։ Նրա բոլոր ընկերուհիները եկեղեցում այժմ երիտասարդ կանայք էին։ Նա դեռ գրեթե մեկ տարի ուներ, մինչև որ կկարողանար նրանց հետ գնալ Երիտասարդ կանանց դասերին և միջոցառումներին։
Մինչ բոլորը երգում էին, Գիֆթը լռում էր: Նա մրմնջում էր երգերի որոշ բառեր, բայց զբաղված էր մտածելով:
Ապա մի միտք ծագեց: Միգուցե, եթե նա խոսեր եպիսկոպոսի հետ, նա թույլ կտար իրեն ավելի շուտ գնալ Երիտասարդ կանանց մոտ, որպեսզի կարողանար լինել իր ընկերուհիների հետ։
Գիֆթը եկեղեցուց հետո գտավ եպիսկոպոս Աչոմբիին: «Ողջույն, եպիսկոպոս»,- ասաց նա։ «Ես կարծես այլևս չեմ զգում, որ պատկանում եմ Երեխաների միությանը։ Ես ավելի խոշոր եմ և ավելի տարիքով, քան մյուս բոլոր երեխաները։ Կարո՞ղ եմ փոխարենը սկսել գնալ երիտասարդ կանանց մոտ»:
Եպիսկոպոս Աչոմբին ժպտաց: «Ես գիտեմ, որ Երիտասարդ կանանց մոտ տեղափոխվելը ոգևորիչ է»,- ասաց նա: «Բայց դու կարող ես հաճախել այնտեղ միայն այն տարին, երբ կդառնաս 12 տարեկան: Ցավում եմ»:
Գիֆթը հայացքն իջեցրեց և նայեց իր կոշիկներին: «Լավ»։
«Երեխաների միությունը բախտավոր է, որ դու դրա մի մասն ես»,- ասաց եպիսկոպոսը: «Կարծում եմ՝ փոքր երեխաները շատ են հիանում քեզանով: Կարող ես մեծ փոփոխություն բերել նրանց համար»։
Օրվա մնացած մասը նա շատ տխուր էր: Մեկ տարին երկար ժամանակ էր, քանի որ նա միայնակ էր զգում Երեխաների միությունում։
Բայց հետո Գիֆթը ավելի շատ մտածեց այն մասին, թե ինչ ասաց եպիսկոպոս Աչոմբին: Իսկապե ՞ս մյուս երեխաները հիանում էին իրենով։ Նա երբեք դա չէր նկատել։
Հաջորդ շաբաթ Գիֆթը հրաժեշտ տվեց իր ընկերներին, երբ նրանք քայլում էին դեպի Երիտասարդ կանանց սենյակ։ Նա հառաչեց և քայլեց դեպի Երեխաների միության դասարան։
«Գիֆթ»,- ասաց քույր Ագբորը,- կկամենա՞ս օգնել ինձ այս շաբաթվա երգն ուսուցանելիս։
«Անշուշտ»,- ասաց Գիֆթը: «Ի՞նչ երգ ենք սովորում»:
««Աստծո զավակն եմ»»,- ասաց քույր Ագբորը: «Շնորհակալություն քո օգնության համար: Կարծում եմ՝ երեխաների համար ուրախ փորձառություն կլինի, երբ սովորեն քեզանից»:
Երբ երգեցողության ժամը սկսվեց, Գիֆթը կանգնեց դասարանի դիմաց։ «Այսօր ես ձեզ կսովորեցնեմ իմ սիրելի երգերից մեկը»,- ասաց նա: Նա օգնեց երեխաներին սովորել բառերը։ Հետո երգեց նրանց հետ։ Երգելիս Գիֆթը ներքուստ ջերմ ու երջանիկ էր զգում: Նա գիտեր, որ դա Սուրբ Հոգին է։
Շատ չանցած Երեխաների միության դասը գրեթե ավարտվեց։ Եզրափակիչ աղոթքից հետո Գիֆթը քայլեց դեպի սրահ։ Նա ցանկանում էր գտնել իր ընկերուհիներին Երիտասարդ կանանց դասից հետո և ասել ողջույն:
Բայց փոքրիկ աղջիկներից մեկը կանգնեցրեց նրան։ «Շնորհակալություն մեզ հետ երգելու համար»։ Նա գրկեց Գիֆթին։ «Ուզում եմ քեզ նմանվել, երբ մեծանամ»:
Գիֆթը ժպտաց: Նա դեռևս անհամբեր սպասում էր, որ կգնա Երիտասարդ կանանց մոտ, և հույս ուներ, որ հաջորդ տարին արագ կանցնի: Բայց նա գիտեր, որ դեռ կարող է սովորել և լավ բաներ անել Երեխաների միությունում։
Եվ միգուցե եպիսկոպոս Աչոմբին ճիշտ էր: Նա կարող էր փոփոխություն բերել։