2024
Արդյո՞ք ես պետք է կատարյալ լինեմ
Նոյեմբեր 2024


«Արդյո՞ք ես պետք է կատարյալ լինեմ» Ընկեր նոյեմբեր 2024, 36-37։

Արդյո՞ք ես պետք է կատարյալ լինեմ

Հենրին ցանկանում էր տաճար գնալ, բայց զգում էր, որ շատ սխալներ է թույլ տվել։

Այս պատմությունը տեղի է ունեցել Արուբայում։

Հենրին դանդաղ մտավ Երեխաների միության սենյակ։ Նա ոտքերում ծանրության զգացողություն ունեցավ, մինչ հասավ իր աթոռին։

Նրա ուսուցիչը՝ եղբայր Ռասը, ժպտաց նրան։ «Պատրա՞ստ ես խոսել տաճարների մասին»,- հարցրեց նա։

«Այո»,- պատասխանեց Հենրին։

Ինչո՞ւ ասացի դա։ Հենրին մտախոհ նստեց։ Նա իրեն պատրաստ չէր զգում։ Ընդհանրապես։

Հենրիի Երեխաների միության դասարանը սովորում էր «Կուզեմ տեսնել տաճարը» երգը։ Նրա դասարանին խնդրել էին խոսել տաճար գնալու մասին։

Բայց Հենրին տխուր էր։ Նա ցանկանում էր գնալ տաճար, երբ բավականաչափ մեծ լիներ, բայց զգում էր, որ շատ սխալներ է թույլ տվել։

Հենրիի ընկերները մեկ առ մեկ ոտքի կանգնեցին։ Նրանք ուրախ էին և ոգևորված, երբ խոսում էին մի օր տաճար գնալու մասին։ Հենրին իրեն ավելի ու ավելի վատ էր զգում։

Ապա եկավ երգելու ժամանակը։ Հենրին երեխաների հետ միասին երգեց. «Կպատրաստվեմ, մինչ ես փոքր եմ․ սա է իմ սուրբ պարտականությունը»։

Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել տաճար գնալուն, երբ այդքան շատ սխալներ եմ թույլ տալիս։ Մտածեց Հենրին։ Նա հետ ընկավ իր աթոռին։

Երբ երգն ավարտվեց, եղբայր Ռասը մոտեցավ նրան։ «Ամեն ինչ լա՞վ է»,- հարցրեց նա Հենրիին։

Տղան մտածում է տաճարի մասին

Հենրին հայացքը խոնարհել ու նայում էր ձեռքերին։ Ապա նա մեղմ ձայնով ասաց․ «Ես ուզում եմ տաճար գնալ, բայց վախենում եմ, որ արժանի չեմ»։ Նա խոր շունչ քաշեց։ «Ես միշտ չէ, որ ընտանիքիս հետ համերաշխ եմ լինում։ Մոռանում եմ անել տան գործերը։ Ես շատ սխալներ եմ թույլ տալիս։ Իսկապե՞ս պետք է կատարյալ լինեմ»։

Եղբայր Ռասը մեղմորեն ժպտաց։ «Տաճար գնալու համար արժանի լինելը չի նշանակում, որ դու պետք է կատարյալ լինես։ Մենք կարող ենք արժանի լինել՝ վստահելով Հիսուս Քրիստոսին և անկեղծորեն փորձելով պահել պատվիրանները։ Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, բայց կարող ենք ապաշխարել և կրկին մաքուր լինել»։

Հենրին մի փոքր ուղղեց մեջքը։

«Ես վստահ եմ, որ Երկնային Հայրը հպարտանում է քեզնով, քանի որ փորձում ես ավելի լավը լինել»,- ասաց եղբայր Ռասը։

Հենրին մտածեց այն լավ բաների մասին, որ արել էր այդ շաբաթ։ Նա մայրիկի հետ ընթրիք էր պատրաստել, օգնել էր քրոջը կատարել տնային աշխատանքը և դպրոցում ողջունել էր մի նոր տղայի։

Հենրիի անհանգստությունը գնալով թուլացավ։ Նա գիտեր, որ Սուրբ Հոգին օգնում է իրեն խաղաղություն զգալ։

Տղան ուրախ է, որ տաճար է գնալու

Երբ եկավ Հենրիի հերթը, նա ժպտաց և ոտքի կանգնեց։ «Ես ուզում եմ շարունակել ապաշխարել և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին, որպեսզի մի օր կարողանամ մտնել տաճար»,- ասաց նա։

Հենրին իրեն երջանիկ զգաց, երբ նստեց։ Մի օր նա կկարողանար տաճարի ներսում Աստծո հետ սրբազան ուխտեր կապել։ Նա ուզում էր լավագույնս պատրաստվել տաճար գնալու համար։

PDF

Նկարները՝ Գեյլ Արմսթրոնգի

  • Children’s Songbook, 95։