2021
Մեծ աշխատանք
Հունվար 2021 թ․


Մեծ աշխատանք, Երիտասարդներին զորացնելու համար, հունվար, 2021, 20-21։

Մեծ աշխատանք

2021թ. Երիտասարդների թեմա․
Վարդապետություն և Ուխտեր 64․33-34

Տերը հրավիրել է ձեզ միանալ երկրի վրա «ամենամեծ գործին»։1

Նկար
2021թ. Երիտասարդների թեմայի նշանաբան

Դո՛ւք, հրաշալի երիտասա՛րդ կանայք և երիտասա՛րդ տղամարդիկ, մի հիանալի գործի մասն եք․ դուք «դնում եք հիմքը մի մեծ գործի» (Վարդապետություն և Ուխտեր 64.33)։ Այդ գործն օգնում է Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, կատարել Իր առաքելությունը, երբ մենք մասնակցում ենք Իսրայելի հավաքմանը վարագույրի երկու կողմերում և Սիոնի կառուցման գործին:

Միանալով երիտասարդների գումարտակին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է յուրաքանչյուրիդ միանալ այդ գործին՝ որպես «Տիրոջ երիտասարդների գումարտակի» մասնիկ։2 Ի՞նչ է գումարտակը։ Գումարտակը մասնագիտացված ստորաբաժանում է, որը նախատեսված է միասին հատուկ առաջադրանքներ կատարելու համար։ Սա նշանակում է, որ դուք մասնագիտացված ստորաբաժանման մաս եք հանդիսանում՝ Տիրոջ մեծ գործում ձեր բաժինը գտնելու և կատարելու համար։

Երբ մարգարեն հրավիրեց ձեզ տեսնել ձեր կյանքի նպատակը Իսրայելի հավաքման տեսանկյունից, ձեր կյանքը սկսեց նմանվել Մովսեսի կյանքին։ Որպես Եգիպտոսի արքայազն մեծացած Մովսեսը ստիպված էր փախչել կյանքը փրկելու համար և հետագայում համակերպվեց հասարակ կյանքին՝ արածեցնելով ոչխարներին։ Սակայն Տերը կանչեց նրան և հայտարարեց․ «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (Մովսես 1․6)։ Մեր Երկնային Հայրը գիտեր այն, ինչ Մովսեսը չգիտեր. որ Աստծո օգնությամբ Մովսեսը կարող էր գործիք լինել մեծ ազգի փրկության համար. նա կարող էր կատարել ցանկացած գործ։

Դուք կարող եք ամեն ինչ փոխել

Հնարավոր է դուք մտածեք՝ «Ես Մովսեսը չեմ: Արդյո՞ք կարող եմ ինչ-որ բան փոխել այս աշխարհում»։ Երբեմն մենք նույն բանն ենք զգում, սակայն այստեղ բավական երկար ժամանակ լինելուց հետո մենք գիտենք, որ պատասխանը «այո» է։ Մենք ամեն օր տեսնում ենք սովորական երիտասարդների, ովքեր ընտրում են ապրել ոչ սովորական կյանքով։ Նրանք մեծ ազդեցություն են ունենում շրջապատի մարդկանց վրա՝ պարզապես լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ։ Նրանք զարգացնում են իրենց տաղանդները և օգնում իրենց ընտանիքներին հաջողության հասնել։ Դուք կանչված եք մարգարեի կողմից «դն[ելու] հիմքը մի մեծ գործի»։ Վստահելով Հիսուս Քրիստոսին և ձգտելով կատարել Նրա կամքը՝ մենք շատ բան ենք փոխում։

Դուք մենակ չեք այս գործում։ Միանալով Տիրոջ գումարտակին՝ դուք միանում եք ամբողջ աշխարհի երիտասարդների մի ստվար խմբի։ Ուս ուսի մենք կանգնած ենք ձեր կողքին, ինչպես նաև՝ ձեր ծնողները, ղեկավարները, ընկերները, առաքյալները և մարգարեները, և երկնքի հրեշտակները. բոլորը ձգտում են միասին կատարել Տիրոջ գործը (տես Վարդապետություն և Ուխտեր 84․88

Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է

Մենք ամեն անգամ փոքր քայլերով առաջ կշարժվենք։ Տերը հրավիրում է մեզ փոքր և հասարակ քայլերով միանալ այս մեծ գործին (տես Վարդապետություն և Ուխտեր 64․33)։ Հետևողական, նվիրված գործողությունները մեզ կմղեն առաջ և կհրավիրեն հասնել ու օգնել մեզ շրջապատող մարդկանց։ Այդ հասարակ բաներից մի քանիսը կարող են առանձնահատուկ լինել ձեր դեպքում, քանի որ բոլորի ճանապարհը բացարձակ նույնը չէ։

Աղոթեք, որ իմանաք, թե ով եք դուք և հասկանաք ձեր անձնական դերը Աստծո ծրագրում։ Աղոթեք, որ իմանաք, թե ինչ փոքր ու հասարակ գործեր պիտի անեք ամեն օր։ Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց, բայց քանի որ պատրաստ եք գործել ըստ ձեր ստացած հուշումների, ձեզ ավելի շատ կտրվի։

Ինչպես վերջերս ուսուցանել է Նախագահ Նելսոնը․ «Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված։ Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով»։3

Տերը կզարգացնի ձեր ունակությունները և կավելացնի ձեր ուրախությունը

Եթե ձգտեք հայտնություն ստանալ, Տերը կառաջնորդի ձեզ, որ իմանաք, թե ինչպես օգտագործել ձեր անձնական տաղանդներն ու անհատականությունը՝ ծառայելու և ավետարանով ապրելու համար։ Նա այնպես կընդարձակի ձեր երևակայությունը, ստեղծարարությունն ու կարողությունները, որձեր մտքով անգամ չէր անցնի։

Երբ ձեր պատրաստակամ սիրտն ու միտքը առաջարկեք Տիրոջը, դուք կբացահայտեք, որ ունեք ավելի շատ ընկերներ և ծառայելու ավելի մեծ հնարավորություններ։ Ձեր ինքնության և նպատակի զգացումը կամրապնդվի և դուք ուրախություն կգտնեք։

Երբեմն մենք կարող ենք առանց ջանք գործադրելու գոհ լինել մեր ներգրավվածությունից, սակայն Աստված մեզ համար ավելին է պատրաստել։ Ճիշտ, ինչպես Նա մեծ գործ ուներ Մովսեսի համար, այնպես էլ մեծ գործ ունի ձեզ համար։ Մի՛ ձանձրացեք։ Մենք անվերապահորեն վստահում ենք ձեզ՝ Տիրոջ երիտասարդների գումարտակին։

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը»,12, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։

  3. Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», 2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 89)։

Տպել