«Սովորել Հոգու լեզուն», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021 թ․, 16-18։
Եկ, հետևիր ինձ
Սովորել Հոգու լեզուն
Հայտնությունը լեզվի նման է, որը բոլորս պետք է սովորենք։
Նոր լեզու սովորելը կարող է դժվար գործ լինել։ Եթե դուք դպրոցում անցել եք որևէ օտար լեզու կամ փորձել եք ինքնուրույն լեզու սովորել, ապա ծանոթ կլինեք այդ փորձառությանը։ Դրա համար քրտնաջան աշխատանք և նվիրում է պահանջվում։ Իմ միսիայի ընթացքում ես սովորել եմ իսպաներեն, որը սկզբում դժվար էր, բայց, ի վերջո, Հոգու օգնությամբ ես աստիճանաբար սովորեցի։
Ես մտածում եմ, որ հայտնությունն օտար լեզվի նման է՝ Հոգու լեզվի, որը յուրաքանչյուրս պետք է սովորենք մեր կյանքի ընթացքում։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:1
Երբ մտածում ես այդ մասին, հասկանում ես, որ նոր լեզու սովորելը և Հոգու լեզուն սովորելը ընդհանուր շատ բաներ ունեն։ Դիտարկեք հետևյալ ընդհանրությունները. դրանք իսկապես կօգնեն ձեզ ավելին իմանալ այն մասին, թե ինչպես հայտնություն ստանալ Հոգու լեզվով։
Սովորելու եղանակները
Երբ մենք առաջին անգամ նոր լեզու ենք սովորում, տարբեր մարդկանց համար տարբեր մոտեցումներ են աշխատում, որպեսզի սովորածն ամրապնդվի։ Իմ դեպքում, երբ իսպաներեն էի սովորում, ինձ շատ օգնեց քերականության ուսումնասիրությունը և շատ բաներ գրի առնելը։ Մյուս միսիոներները նախընտրում էին պարապել՝ խոսելով իրենց զուգընկերոջ հետ։ Մի մոտեցումը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մյուսը. գտեք, թե որն է ամենաարդյունավետը ձեզ համար։
Նմանապես, մենք բոլորս Հոգին նույն ձևով չենք զգում կամ լսում։ Դիտարկենք մայրիկիս օրինակը։ Իմ մեծանալուն զուգընթաց մի որոշ ժամանակ ես անհանգստանում էի այն պատճառով, որ չէի կարող զգալ Հոգին, քանի որ չէի ստանում հուշումներ այնպես, ինչպես նա էր ստանում։ Նա միշտ նկարագրում էր հուշումները որպես բառեր, որ գալիս էին իր մտքին։ Այդպիսի բան երբեք չէր պատահում ինձ հետ, և ես մտածում էի, որ չէի կարող զգալ Հոգին։ Բայց ժամանակի ընթացում ես հայտնաբերեցի, որ Հոգին շփվում է ինձ հետ հիմնականում զգացմունքների կամ տպավորությունների միջոցով, այլ ոչ թե՝ բառերի։ Հայտնության իմ փորձառությունը սովորաբար կապված է խաղաղության, ուրախության և սիրո զգացողությունների հետ։
Ինչպես սովորելու տարբեր ձևերը, Հոգին զգալու մի եղանակը տարբերվում է մյուսից։ Մենք բոլորս առանձնահատուկ ենք, ուստի Հոգին տարբեր կերպ է հաղորդակցվում յուրաքանչյուրիս հետ։ Վարդապետություն և Ուխտերից մենք կարող ենք սովորել բոլոր եղանակների մասին, որոնցով Հոգին կարող է խոսել մեզ հետ։ Նա կարող է «լուսավորել [մեր] միտքը», «խաղաղություն [խոսել մեր] մտքին», «ասել [մեզ] մեր մտքում և [մեր] սրտում», կամ «մնալ [մեր] սրտում», կամ էլ՝ մենք կարող ենք զգալ՝ ինչպես է ներսում մեր կուրծքն այրվում, «զգալ, որ դա ճիշտ է», և կան նաև բազմաթիվ այլ եղանակներ (տես Վարդապետություն և Ուխտեր 6․15, 23, 8․2, 9․8)։
Երբ ուսումնասիրենք սուրբ գրությունները և սովորենք լսել Հոգուն, մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես է Նա խոսում մեզ հետ։
Օգնություն խնդրեք
Լեզու սովորելիս իսկապես օգտակար է լինում, երբ օգնում է մի մարդ, ով գիտի այդ լեզուն: Գրքերը և մյուս օժանդակ նյութերը, իհարկե, օգնում են, բայց գործընթացն արագանում է, երբ զրուցում ես մեկի հետ, ով խոսում է այդ լեզվով։
Երբ ուզում ենք ավելին իմանալ Հոգու մասին, կարող ենք լրացուցիչ օգնություն ստանալ, հարցնելով վստահելի մարդկանց, թե ինչպես են դա անում՝ ընտանիքի անդամներին, ղեկավարներին կամ ընկերներին։ Բայց ամենակարևորը՝ Երկնային Հորը հարցնելն է: Մենք կարող ենք Նրան խնդրել, օրինակ, որ Հոգին լսելու ավելի շատ հնարավորություններ ունենանք, կամ որ օգնի մեզ ճանաչել հուշումները, երբ ստանում ենք դրանք։ Եթե մենք խոնարհ ենք և խնդրում ենք Նրան օգնել մեզ, հավատք ունենք, որ Նա կօգնի, որ սովորենք զգալ Հոգին, ապա Նա կօգնի մեզ։
Գրեք սովորածը
Լեզու սովորելիս շատ օգտակար է գրի առնել սովորածը։ Ես մի փոքր նոթատետր էի պահում ինձ մոտ, որ օրվա ընթացքում գրի առնեի նոր բառերը, որոնք լսում էի, նաև փորձում էի ամեն երեկո օրագրիս մեջ իսպաներեն գրել, որպեսզի վարժվեի։ Մենք չունենք կատարյալ հիշողություն, ուստի, բառերը գրի առնելու շնորհիվ կարող ենք կրկնել դրանք։
Մեր ղեկավարները հրավիրել են մեզ գրի առնել հոգևոր տպավորությունները, որպեսզի չմոռանանք դրանք։2 Այդ բաները գրելու շնորհիվ Հոգին ճանաչելու գործընթացը կհեշտանա մեզ համար մի քանի եղանակով. 1) դա կօգնի մեզ հետագայում հիշել հուշումները և զգացմունքները։ Միգուցե անցյալում ստացած հուշումը օգնի ձեզ ապագայում, կամ պարզապես հիշեցում լինի ձեզ համար, որ Հոգին իսկապես խոսել է ձեզ հետ։ (2) դա նաև հիանալի միջոց է հետևելու, թե նախկինում ինչպես եք զգացել Հոգին, որպեսզի ապագայում այն ավելի լավ ճանաչեք։ Այդ կերպ դուք կարող եք սկսել ավելի հստակ ճանաչել Հոգուն։
Շարունակեք փորձել
Եվ վերջում, ինչը պակաս կարևոր չէ, մի՛ հանձնվեք։ Նույնիսկ լեզուների պարգև ունենալու դեպքում, ամենայն հավանականությամբ, մեկ գիշերվա ընթացքում դուք լեզու չեք սովորի։ Շարունակ պարապելու և ջանասեր աշխատելու արդյունքում դա կգա, բայց դուք պետք է ունենաք հավատք և ցուցաբերեք համառություն։
Սովորել հայտնություն ստանալ և լինել Հոգու հետ ավելի ներդաշնակ՝ իսկապես ջանք է, որը տևում է մի ամբողջ կյանք։ Վստահ եմ, որ եթե դուք հարցնեք ձեր ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին այդ մասին, նրանք կասեն, որ դեռ աշխատում են դրա վրա։ Այնպես որ, մի հուսահատվեք, եթե զգում եք, որ երկար է տևում, միայն ձեզ մոտ չէ այդպես։ Բոլորիս ժամանակ է հարկավոր նոր լեզու սովորելու համար։ Ուստի, համբերատար եղեք, շարունակ փորձեք և Տերը կլինի ձեր կողքին, որպեսզի օգնի ձեզ սովորել Հոգու լեզուն։