2021
Ջոզեֆ Սմիթ․ Իմ մարգարեն
Հունվար 2021 թ․


«Ջոզեֆ Սմիթ․ Իմ մարգարե», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021 թ․, 8-11։

Եկ, հետևիր ինձ

Ջոզեֆ Սմիթ․ Իմ մարգարե

Նա նաև ձեր մարգարեն է։ Դուք կարող եք այս տարի ուսումնասիրել նրա ուսմունքները, որպեսզի նա ավելի շատ ձերը լինի։

Ջոզեֆ Սմիթ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը 2020 թ․ ապրիլի գերագույն համաժողովում մի բան է ասել, որը հոգեհարազատ է ինձ. «Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում և ինչ հանգամանքներում եք գտնվում, Տեր Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է, իսկ Աստծո մարգարեն՝ Ջոզեֆ Սմիթը, ձեր մարգարեն է» («Լսի՛ր Նրան» [Ensign կամ Լիահոնա, մայիս 2020 թ․, 88])։

Դեռ փոքր տարիքից ես այդպիսի զգացում ունեցել եմ, որ Ջոզեֆ Սմիթը իմ մարգարեն է։ Վերականգնման այս մարգարեն ամենաշատն օգնեց ինձ ճանաչել Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը։ Ես ուսումնասիրել եմ Վարդապետություն և Ուխտերի հայտնությունները։ Ես դեռ դեռահաս էի, երբ հայրս տվեց ինձ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքների գիրքը, և ես այն մի շնչով կարդացի։ Այդ ուսմունքների ուսումնասիրությունը ինձ համար դարձավ վերականգնված ավետարանի իմ վկայության գլխավոր հենասյունը։

Այդ ժամանակից ի վեր ես մտածել եմ, թե Ջոզեֆ Սմիթի ուսմունքներից ի՞նչն էր ինձ վրա այդպիսի տպավորություն գործել։ Ի՞նչը նպաստեց, որ Հոգին այդպես ուժեղ վկայի ինձ դրանց ճշմարտացիության մասին։ Ես կնշեի երեք կետ․ 1) նա գիտեր այն, ինչ գիտեր, և համարձակ հայտարարում էր. 2) նա ունակ էր հստակ բացատրել այն ճշմարտությունները, որոնք իմանում էր հայտնությամբ և 3) նրա բնավորությունն ու անհատականությունը միշտ պայծառ են եղել։

Նա գիտեր այն, ինչ գիտեր, և համարձակ հայտարարում էր

Առաջին Տեսիլքից հետո Ջոզեֆ Սմիթը ենթարկվել է հալածանքների նրա համար, որ կիսվել է հայտնությամբ ստացած գիտելիքներով։ Սակայն նա գիտեր, որ չէր կարող հրաժարվել դրանից․ «Ինչո՞ւ եք ինձ հալածում ճշմարտությունն ասելու համար։ Ես իսկապես տեսիլք եմ տեսել. և ո՞վ եմ ես, որ դեմ կանգնեմ Աստծուն, կամ ինչո՞ւ է աշխարհը մտադրված ստիպում ինձ ուրանալ այն, ինչ իրականում տեսել եմ: Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ, ոչ էլ կհամարձակվեի դա անել» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25

Իմանալով հանդերձ, որ դրանով ավելի մեծ հալածանք և ատելություն կառաջացներ, Ջոզեֆ Սմիթը համարձակ հայտարարում էր այն ճշմարտությունները, որոնք ստանում էր Աստծուց իր ողջ կյանքի ընթացքում։

Օրինակ․

Թեև քրիստոնեական աշխարհում մարդկանց մեծամասնությունը հավատում էր, որ մարդուն Աստված ստեղծել էր ոչնչից, Ջոզեֆ Սմիթը միանշանակ այլ բան էր ուսուցանում․

«Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր։ Բանականությունը, կամ ճշմարտության լույսը, չի ստեղծվել կամ արարվել, ոչ էլ իրականում կարող է» (Վարդապետություն և Ուխտեր 93․29

«Հոգին, մարդու միտքը, անմահ ոգին։ Որտեղի՞ց է այն եկել: Բոլոր ուսյալ մարդիկ և աստվածաբանության գիտնականներն ասում են, որ Աստված ստեղծել է այն սկզբում. սակայն դա այդպես չէ. իմ կարծիքով այդ միտքը թերագնահատում է մարդուն: Ես չեմ հավատում այդ վարդապետությանը. ես գիտեմ ավելի լավը։ Լսե՛ք այն, աշխարհի բոլոր ծայրեր. քանզի Աստված է ասել ինձ. և եթե դուք չհավատաք ինձ, դա չի փոխի ճշմարտությունը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 209)։

Ջոզեֆ Սմիթը ուսուցանելիս

Նա հստակ բացատրում էր ճշմարտությունները

Ջոզեֆ Սմիթը երբեմն ակնարկել է, որ շատ ավելին գիտի Աստծո խորհուրդների մասին, քան կարող է կիսվել աշխարհի հետ։ Սակայն, երբ նա ուսուցանում էր, կարողանում էր մատուցել Աստծո ճշմարտությունները պարզ ու հասարակ ձևով։

Օրինակ․

Առաջին Տեսիլքից ի վեր Ջոզեֆ Սմիթը բազում ճշմարտություններ իմացավ Աստծո՝ Հավերժական Հոր էության մասին։ Եվ իր ուսմունքներում նա բացատրել է այդ ճշմարտությունների կարևորությունը։ Օրինակ՝ նա ասել է․

«Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 40)։ Սա միանգամայն հստակ հայտարարություն է, որը բխում է այն բանից, թե ով է Աստված, ով ենք մենք, ինչպիսին են մեր փոխհարաբերությունները Նրա հետ, և որն է մեր ներուժը։

Նա շարունակել է միտքը այս հայտարարությամբ․ «Աստված ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք, և վեհացում ձեռք բերած մարդ է» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 40)։ Նույնիսկ ավելի հստակ։

Ապա, նա ուսուցանել է հետևյալը․ «Աստված ինքը, գտնվելով ոգիների և փառքի մեջ, քանի որ նա ավելի խելացի էր, պատշաճ համարեց օրենքներ սահմանել, որով մնացածները կկարողանային արտոնություն ունենալ իր նման զարգանալու համար» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 210)։ Ջոզեֆ Սմիթն այստեղ արտահայտեց մի բան, որը առանցքային է Երկնային Հոր ծրագրում. Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք Իր նման։

Ջոզեֆ Սմիթը խոսում է

Նրա բնավորությունն ու անհատականությունը շատ պայծառ են

Ջոզեֆ Սմիթի պահելաձևը հուշում է մեզ, թե ով էր նա, ինչպիսի անձնավորություն էր՝ որպես մարդ և որպես մարգարե։ Սա կարևոր է, քանի որ մարդկանց ընկալումը հեշտացնում է նաև գաղափարների ընկալումը: Ջոզեֆի բնավորությունը արտացոլվում է իր ուսմունքներում։

Օրինակ․

Թեև Ջոզեֆ Սմիթը բնավորությամբ ուրախ մարդ էր (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․28), նա թեթևամտորեն չմոտեցավ այն բաներին, որոնք Տերը նրան պատվիրեց։ Նա իր փորձից գիտեր, թե ինչպիսին կարող էին լինել այդ պատվիրաններից շեղվելու հետևանքները (տես, օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 3․4-9)։ Անհոգ բնավորության և լրջմիտ աշակերտության այդ խառնուրդը ես հետաքրքրական եմ համարում, և անձամբ ինքս այդպիսին եմ։

Ջոզեֆ Սմիթն աղոթում է

Այսպես, որպես Վերականգնման մարգարե, Ջոզեֆ Սմիթին պատվիրվել էր ուսուցանել Աստծո հայտնած ճշմարտությունները, որոնցից շատերը բոլորի համար նոր էին։ Ջոզեֆը պետք է օգներ մարդկանց սովորել այդ նոր ճշմարտությունները։ Սակայն երբեմն դա դժվար էր։ Մի անգամ նա ասել է.

«Մեծ դժվարություն է ինչ-որ բան մտցնել այս սերնդի գլուխը։ Դա նման է խնդակոթ պիսակի ճյուղերը բնից անջատելուն եգիպտացորենի հացի կտորով՝ սեպի փոխարեն, կամ օգտագործել դդումը՝ փայտե մուրճի փոխարեն։ Նույնիսկ Սրբերն են դանդաղ հասկանում» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 540)։

Սա լուրջ խնդիր էր Ջոզեֆ Սմիթի համար։ Այնքան շատ բան կար, ինչ նա ցանկանում էր, որ մարդիկ իմանային, հասկանային, ըմբռնեին և ապրեին ըստ այդ դրույթների, իսկ նրանք չէին հասկանում։ Բայց ԱՄՆ-ի սահմանը պատկերող 19-րդ դարի ձեռագործ մի նկար յուրահատուկ ձևով ներկայացնում է և մի փոքր պատուհան է բացում մեր առաջ՝ դեպի Ջոզեֆ Սմիթի անհատականությունը։

Ջոզեֆ Սմիթի բնավորության մեջ կան շատ այլ գծեր, որոնք արտացոլվում են նրա ուսմունքներում։ Օրինակ՝ նրա սերը ընկերների հանդեպ․ «Սիրտս պիտի սիրի նրանց և ձեռքերս տքնեն նրանց համար, ովքեր սիրում և տքնում են ինձ համար և հավիտյան պիտի հավատարիմ լինեմ իմ ընկերներին» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 462)։

Կամ նրա բարությունն ու առատաձեռնությունը. Մի անգամ, երբ մարդիկ կարեկցանքի խոսքեր էին ասում մի մարդու, ում տունն այրվել էր, Ջոզեֆն անմիջապես ասաց. «Ես այս եղբորը կարեկցում եմ հինգ դոլարի չափով, որքանի՞ եք դուք կարեկցում»։ (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 460)։

Կարելի է տեսնել նաև նրա սերը ընտանիքի հանդեպ, ազնվությունը, խոնարհությունը, վստահությունը, արդարությունն ու շիտակությունը, հավատքը՝ փորձությունների և տառապանքների ժամանակ։ Այդ ամենն արտահայտված է հավերժական ճշմարտությունների և այն սկզբունքների հետ մեկտեղ, ըստ որոնց պետք է ապրել։

Նա Իմ Մարգարեն է

Ջոզեֆ Սմիթը, իհարկե, այսօր էլ է հարձակման ենթարկվում և քննադատվում։ Բայց ինչպես ինքն է ասել․ «Ես երբեք չեմ ասել, որ կատարյալ եմ, բայց սխալ չկա այն հայտնություններում, որոնք ես եմ ուսուցանել» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 522)։ Մենք կարող ենք համարձակ վկայել, որ նա մարգարե էր: Ինձ համար հեշտ է վկայել Ջոզեֆ Սմիթի մասին. ոչ այն պատճառով, որ կա հեշտ պատասխան բոլոր այն հարցերին, որոնք մարդիկ կարող են տալ նրա մասին, այլ այն, որ ես ուսումնասիրել եմ նրա հայտնություններն ու մարգարեական ուսմունքները և զգացել եմ Սուրբ Հոգին, որ վկայել է դրանց ճշմարտացիության մասին։ Ջոզեֆն ինքը մի անգամ ասել է․

«Ես կարող եմ ճաշակել հավերժական կյանքի սկզբունքները և դուք նույնպես կարող եք: Դրանք ինձ տրված են Հիսուս Քրիստոսի հայտնություններով, և գիտեմ, որ եթե ասում եմ հավերժական կյանքի այս խոսքերը ձեզ, ինչպես որ դրանք տրված են ինձ, դուք ճաշակում եք դրանք, և ես գիտեմ, որ դուք հավատում եք դրանց։ Դուք ասում եք՝ մեղրը քաղցր է, ես էլ եմ նույնն ասում: Ես կարող եմ ճաշակել նաև հավերժական կյանքի ոգին: Գիտեմ, որ այն լավն է, և երբ ես ասում եմ ձեզ այս բաների մասին, որոնք տրվել են ինձ Սուրբ Հոգու ոգեշնչմամբ, դուք պարտավոր եք ընդունել դրանք՝ որպես քաղցր, և ավելի ու ավելի ուրախանալ» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 525)։

Ես ճաշակել եմ այդ քաղցրությունը։ Դրանով կիսվել է ինձ հետ իմ մարգարեն՝ Ջոզեֆ Սմիթը։ Եվ ինչպես ասել է Նախագահ Նելսոնը, նա նաև ձեր մարգարեն է։ Այս տարի կարող եք լրջորեն ուսումնասիրել նրա կյանքն ու ուսմունքները Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ։ Ապա, դուք կարող եք վկայել այն քաղցր ճշմարտությունների մասին, որոնք նրա օգնությամբ ճաշակել եք։