«Վերականգնման մեծ գործը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար, 2021, 3-5։
Վերականգնման մեծ գործը
Գործը, որը սկսեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները մի շարք այլ հավատարիմ մարդկանց հետ, այսօր շարունակվում է Եկեղեցում։
Երբ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը գնաց անտառ աղոթելու, նա մի զարմանալի տեսիլք տեսավ, որն այսօր հայտնի է որպես Առաջին Տեսիլք։
Այս տեսիլքում Փրկիչն ասաց, որ Ջոզեֆի մեղքերը ներվել են։ Նա նաև պատասխանեց Ջոզեֆի հարցին և ասաց, որ այն ժամանակվա եկեղեցիներից ոչ մեկը «Աստծո կողմից չի ճանաչվում որպես Նրա եկեղեցին և թագավորությունը»։
Ջոզեֆը հիշում է․ «միևնույն ժամանակ ես ստացա մի խոստում, որ ավետարանի լրիվությունն ինձ հայտնի կդարձվի մոտակա ժամանակներում»:1
Այս փառահեղ տեսիլքից հետո Ջոզեֆը դուրս եկավ Սրբազան Պուրակից, որպեսզի նախապատրաստվի դառնալ Աստծո մարգարեն։
Մորոնին և Մորմոնի Գիրքը
Երեք տարի անց՝ 1823 թվականին, երկինքները նորից բացվեցին վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման համար։ Մորոնի անունով հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, «որ Աստված աշխատանք ունի [նրա] համար՝ … [և] որ ոսկե թիթեղների վրա գրված մի գիրք կա պահված», որը պարունակում է «հավիտենական Ավետարանի լրիվությունը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․33-34)։
Ի վերջո, Ջոզեֆը ստացավ, թարգմանեց և հրատարակեց հնագույն գրությունը, որն այսօր հայտնի է որպես Մորմոնի Գիրք։
Հավատարիմ եղբայրներ
Ջոզեֆի եղբայրը` Հայրումը, նրա մշտական աջակիցն էր։ Կյանքի ընթացքում Ջոզեֆն ու Հայրումը միասին էին դիմակայում ամբոխներին և հետապնդումներին։ Օրինակ՝ Միսսուրիում գտնվող Լիբերթիի բանտում շատ անմարդկային պայմաններում նրանք միասին էին տառապում 1838-1839 թվականների ձմեռային ցուրտ ամիսներին։
Բախվելով հալածանքների՝ Հայրումը Տիրոջ խոստումների հանդեպ հավատք դրսևորեց, այդ թվում՝ թշնամիներից ազատվելու երաշխիք ստացավ, եթե նա այդպես ընտրեր։ 1844 թվականի հունիսին Հայրումն ընտրության առաջ կանգնեց՝ ապրել, թե կյանքը տալ Աստծուն փառավորելու համար և «կնքե[լ] իր վկայությունն իր արյամբ», կողք կողքի իր սիրելի եղբոր՝ Ջոզեֆի հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 136․39)։
Նրանց սառնասիրտ սպանությունից մեկ շաբաթ առաջ Ջոզեֆն ասաց Հայրումին, որ վերցնի իր ընտանիքը և հեռանա։ Ես դեռ խորապես հուզվում եմ՝ հիշելով Հայրումի պատասխանը. «Ջոզեֆ, ես չեմ կարող քեզ լքել»։2
Այդպիսով, Ջոզեֆն ու Հայրումը գնացին Քարթեջ, որտեղ նրանք նահատակվեցին Քրիստոսի գործի և անվան համար։ «Կյանքում նրանք անբաժան էին, մահվան մեջ էլ նրանք չառանձնացան» (Վարդապետություն և Ուխտեր 135․3, շեշտադրումն ավելացված է)։
Գործելու կոչ
Մենք միշտ պետք է հիշենք այն գինը, որը վճարեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները, և մի շարք այլ հավատարիմ տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ Եկեղեցին հիմնելու համար, որպեսզի ես և դուք կարողանանք վայելել բազմաթիվ օրհնություններ և բացահայտված այս բոլոր ճշմարտությունները, որոնք այսօր ունենք։ Նրանց հավատարմությունը երբեք չպետք է մոռացվի։
Մահից առաջ՝ 1844 թվականին, Ջոզեֆը ոգեշունչ նամակ գրեց սրբերին։ Դա գործելու կոչ էր, որն այսօր շարունակվում է Եկեղեցում․
«Եղբայրնե՛ր [և քույրե՛ր], արդյոք մենք չպիտի՞ շարունակենք այս մեծ գործը։ Գնացե՛ք առաջ, և ոչ թե հետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր [և քույրեր]. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ։ …
… Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությամբ ընծա մատուցենք Տիրոջը» (Վարդապետություն և Ուխտեր 128․22, 24, շեշտադրումն ավելացված է)։
Խորհեք, թե առաջիկա օրերին ինչ կարող եք մատուցել Տիրոջը արդարությամբ։ Եղեք համարձակ, կիսվեք դրանով վստահելի մեկի հետ, և որ ամենակարևորն է՝ խնդրում եմ, ժամանակ գտեք դրա համար։
Ես գիտեմ, որ Փրկիչը գոհ է, երբ մենք արդարությամբ սրտաբուխ ընծա ենք մատուցում Նրան, այնպես, ինչպես Նա գոհ էր հրաշալի եղբայրների՝ Ջոզեֆ և Հայրում Սմիթների և մյուս բոլոր հավատարիմ սրբերի ընծայից։