2021
Սունկը և իմ ուսման վարձը
Հունվար 2021 թ․


«Սունկը և իմ ուսման վարձը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021, 6-7։

Սունկը և իմ ուսման վարձը

Ես ի՞նչ դասեր կարող էի քաղել այդ զզվելի բաներից, ինչպիսիք սնկերն էին։

կիմոնոյով երիտասարդ աղջիկը՝ սնկերը ձեռքին

Նկարազարդումը` Ջուլիա Յելլոուի

Ես սունկ չեմ սիրում։ Այդ հոտը և տեսքը. ես բացարձակ չեմ սիրում դրանք։ Բայց երբ ես փոքր էի, ծնողներս սկսեցին սունկ մշակել և աճեցնել, և մենք ամեն օր սունկ էինք ուտում։ Բերքահավաքի սեզոնին մինչև ուշ գիշեր ես օգնում էի ծնողներիս։ Ես կշռում էի 200 գրամ սունկը, ապա փաթեթավորում տոպրակի մեջ և փաթեթի վրա կնիք էի դնում։ Ես հիշում եմ, որ զվարճալի ժամանակ էի անցկացնում ընտանիքիս հետ զրուցելիս։ Կարծես ամեն օր ընտանեկան երեկո էինք անցկացնում։

Այդ գործը նաև եկամտի աղբյուր էր ընտանիքիս համար, ուստի մենք պետք է օգնեինք։ Բայց այդտեղ երկու խնդիր կար․ առաջինը՝ իմ սիրած հեռուստահաղորդումներից մեկը հենց այդ ժամին էր, երբ մենք պետք է աշխատեինք, ուրեմն, ես չէի կարող դիտել այն։ Եվ երկրորդ՝ աշխատանքն ավարտելիս ձեռքերս սևանում էին սնկից, և գույնից ու հոտից շատ դժվար էր ազատվել օճառի օգնությամբ։ Երբ փոքր էի, երբեմն դժգոհում էի, թե ինչու պետք է ամեն օր այդքան օգնեմ նրանց։

Սունկը որոշ ժամանակ լավ եկամտաբեր էր, բայց հետո գներն ընկան, քանի որ շատացան սունկ աճեցնող ֆերմերները, և ծնողներս դադարեցին զբաղվել այդ գործով։ Ես մտածում էի, որ նրանք դադարեցրին գործը, քանի որ գնիջեցում եղավ, բայց երբ քոլեջն ավարտեցի, իմացա մի փաստ, որը զարմացրեց ինձ։

Ծնողներս սկսել էին սունկ մշակել, որպեսզի գումար հավաքեին, որ հոգային իմ և եղբայրներիս քոլեջի ծախսերը։ Նրանք դադարեցրին այդ գործը, որովհետև արդեն հավաքել էին անհրաժեշտ գումարը։ Երբ ես դա պարզեցի, շատ ամաչեցի, որ երբևէ դժգոհել եմ։ Ես չգիտեի, որ աշխատում էի իմ ապագա քոլեջի ծախսերի համար։ Եվ դեռ ավելին, իմ ընտանիքն է ինձ օգնել։

Ես շարունակ բողոքում էի, առանց իմանալու, որ մենք սունկ ենք աճեցնում իմ իսկ ուսման վարձը հոգալու համար։ Իմ դժգոհությունը նման էր Լամանի և Լեմուելի պահվածքին 1 Նեփի 2․12 հատվածում․ «Եվ այսպես Լամանը և Լեմուելը, … տրտնջում էին, որովհետև չգիտեին գործերն այն Աստծո, որը ստեղծել էր իրենց»։ Ես այնքան ուրախ եմ, որ Տերը լավ գիտի ինձ և օրհնեց ինձ՝ չնայած իմ բողոքներին։

Ես չեմ կարծում, որ մի օր կսկսեմ սունկ ուտել։ Բայց եթե չլիներ սնկի բիզնեսը, ես իրականում մի փոքր տխուր կլինեի, քանի որ հնարավորություն չէի ունենա հիշել ընտանիքիս հետ անցկացրած հիշարժան պահերը։ Սունկի շնորհիվ ես սովորեցի գնահատել իմ օրհնությունները, վստահել Տիրոջ ծրագրին և չբողոքել։ Այնպես որ, չնայած ես չեմ սիրում սունկ, հիմա իրոք գնահատում եմ այն։ Դա կարևոր խորհրդանիշ է ինձ համար, քանի որ հիշեցնում է իմ ընտանիքի անդամների կապը միմյանց հետ։

Հեղինակն ապրում է Շինագավա Սիթիում (Ճապոնիա)։