«Վարդապետություն և Ուխտեր․ Համառոտ ակնարկ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար, 2021, 14-15։
Եկ, հետևիր ինձ
Վարդապետություն և Ուխտեր․ Համառոտ ակնարկ
Ի՞նչ է դա:
Վարդապետություն և Ուխտերը ժամանակակից հայտնությունների ժողովածու է, որոնք Աստված տվել է հիմնականում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Այս հայտնություններից շատերը տրվել են ի պատասխան այն հարցերի, որոնք Ջոզեֆը և Եկեղեցու մյուս վաղ օրերի անդամները հարցրել էին Աստծուց:
Ինչո՞ւ կազմվեց Վարդապետություն և Ուխտերը։
Եկեղեցու վաղ օրերում այդ հայտնությունների ընդամենը մի քանի ձեռագիր օրինակ կար: 1831 թվականին Եկեղեցու ղեկավարները որոշեցին տպել և հրատարակել հայտնությունները Պատվիրանների Գրքում: 1831 թվականի նոյեմբերի համաժողովում, քննարկելով Պատվիրանների Գիրքը, Ջոզեֆը ստացավ հայտնություն, որն այժմ 1-ին բաժինն է՝ Վարդապետություն և Ուխտերի նախաբանը:
Վարդապետություն
Հայտնությունների առաջին ժողովածուն կոչվում էր Պատվիրանների Գիրք։ Հետագայում ժողովածուները վերանվանվեցին Վարդապետություն և Ուխտեր, քանի որ դրանց ավելացան մի շարք դասախոսություններ «եկեղեցու վարդապետության վերաբերյալ», որոնք հայտնի էին «վարդապետություն» կարճ անվամբ (այժմ՝ «Դասախոսություններ հավատքի վերաբերյալ»)։ 1921 թվականի հրատարակությունից սկսած, «Դասախոսություններ հավատքի վերաբերյալ» նյութն այլևս ներառված չէ, բայց Վարդապետություն և Ուխտեր վերնագիրը պահպանվել է։1
Ուխտեր
Գրքի մնացած մասը պարունակում է Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունները: Այդ մասը հայտնի էր որպես «Տիրոջ ուխտեր և պատվիրաններ», կամ կարճ՝ «ուխտեր»: Վաղեմի Սրբերը օգտագործում էին «ուխտեր» կամ «պատվիրաններ» անվանումները՝ Մարգարեի կողմից ստացած այդ հայտնությունների մասին խոսելիս, որպեսզի առանձնացնեին դրանք Ջոզեֆ Սմիթի մյուս աշխատություններից, ինչպիսիք են՝ ոգեշնչված քարոզները և Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունները:2
Ինչո՞ւ է Վարդապետություն և Ուխտերը կարևորվում այսօր։
Վարդապետություն և Ուխտերը պարունակում է Հիսուս Քրիստոսի տված հայտնությունները Իր ժողովրդին։ Այն մեզ ուսուցանում է, որ Աստված յուրաքանչյուրիս անունով գիտի, որ Նա լսում է մեր աղոթքները և պատասխանում է մեր հարցերին, և որ Աստված խոսում է այսօր: Այն նաև ուսուցանում է արժեքավոր վարդապետություն փրկության ծրագրի վերաբերյալ և մեզ լրացուցիչ պատկերացում է տալիս Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Այն մխիթարում է՝ ցույց տալով, թե ինչպես է Աստված սիրում մեզ, և կոչ է անում գալ Իր մոտ, նույնիսկ, երբ մենք սխալներ ենք թույլ տալիս: