2021
Կատարելագործվելու աստվածային ծրագիրը
Հուլիս 2021


«Կատարելագործվելու աստվածային ծրագիրը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս, 2021, 2-5։

Կատարելագործվելու աստվածային ծրագիրը

Մահկանացու կյանքը համատեքստում դիտարկելիս մենք տեսնում ենք, որ այստեղ հարցը ոչ թե «լինել, թե՞ չլինելն է», այլ «կատարելագործվել, թե՞ չկատարելագործվելն է»:

երիտասարդ տղամարդ

Ես օրհնված եմ, որ կնոջս կողքին եմ գտնվել մեր զավակներից յուրաքանչյուրի ծննդյան ժամանակ, նաև ներկա եմ եղել ծնողներիս մահվան պահին: Ինձ զարմացրին այն զգացումները, որոնք ես ունեցա ծննդյան պահին և մահվան պահին: Ես զգում էի, որ ինչ-որ սուրբ բան է տեղի ունենում: Մեր ժամանակը երկրի վրա մեր գոյության հավերժական մասն է: Երկինքը նշում է յուրաքանչյուր մահկանացու կյանքի սկիզբն ու վերջը:

Այն, ինչ մենք պետք է անենք երկրի վրա գտնվելիս, հասկանալի է դառնում միայն, երբ գիտես, թե ինչ է տեղի ունեցել ծնունդից առաջ, և ինչ տեղի կունենա մահից հետո: Եթե մեր կյանքը երկրի վրա լիներ միակ բանը, որ մեզ սպասում է, մենք բոլորս կարող էինք «ուտել, խմել և զվարճանալ» (2 Նեփի 28.7)՝ առանց ուրիշների մասին մտածելու: Սակայն մահկանացու կյանքը համատեքստում դիտարկելիս մենք տեսնում ենք, որ այստեղ հարցը ոչ թե «լինել, թե՞ չլինելն է», այլ «կատարելագործվել, թե՞ չկատարելագործվելն է»: 1

երիտասարդ կին

Փրկության ծրագրի (մեր կյանքը ծնունդից առաջ, մեր երկրային կյանքի նպատակը, մեր կյանքը մահից հետո) և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ այդ ծրագրում նախատեսված դերի ընկալումը մեզ ցույց է տալիս, որ Նա կօգնի մեզ այս կյանքում: Երբ մենք ուխտեր ենք կապում Նրա հետ և կանգնում ենք ուխտի արահետի վրա, ապա քայլ առ քայլ ավելի ենք նմանվում Նրան և մեր Երկնային Հորը:

Մեր կյանքը երկիր գալուց առաջ

Հայտնությունն ուսուցանում է, որ մենք Աստծո հոգևոր զավակներն ենք և երկիր գալուց առաջ երկար ժամանակ ապրել ենք Նրա հետ: Մեր Երկնային Հայրը ուղի է պատրաստել, որի միջոցով մենք կարող ենք նմանվել Իրեն: Մենք բոլորս, նախաերկրային կյանքում ընտրելով մեր Հոր փրկության ծրագիրը կամ երջանկության ծրագիրը, ընտրել ենք «կատարելագործվելու» ուղին:

Երեց Քրիստոֆերսոնն իր ընտանիքի հետ

Երեց Քրիստոֆերսոնն իր կնոջ և զավակների հետ

Մեր կյանքը երկրի վրա

Մենք երկիր ենք եկել՝ ստեղծված լինելով Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի կողմից: Մենք ֆիզիկական մարմին ենք ստացել: Մարմին ունենալը կարևոր է Աստծո փառքը ստանալու համար: Եթե մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք կատարել Աստծո պատվիրանները, «[մեր] գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից» (Աբրահամ 3.26): Դա նշանակում է, որ մենք կնմանվենք մեր երկնային ծնողներին և հավիտյան կապրենք նրանց հետ: Մենք ցնծությամբ ընդունեցինք այս հոյակապ հնարավորությունները:

Ես և դուք սպասել ենք երկար ժամանակ, բայց այժմ մենք այստեղ ենք՝ երկրի վրա: Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ հարություն կառնենք կատարյալ, անմահ մարմիններով և կմտնենք սելեստիալ արքայություն՝ հավերժական կյանքը վայելելու համար. մի բան, որն այնքան հրաշալի է, որ մենք անգամ չենք կարող պատկերացնել: Միևնույն ժամանակ, մենք սովորում ենք և ձգտում ենք «անել այն ամենն, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը, կպատվիրի [մեզ]» (Աբրահամ 3.25): Քանզի մենք գիտենք Աստծո ծրագիրը, մենք գիտենք, որ այդ պատվիրանները տրված ենք, ոչ թե մեր ազատությունը կամ երջանկությունը սահմանափակելու համար, այլ միանգամայն հակառակ նպատակով: Տիրոջ պատվիրանները մեր ուղեցույցն են դեպի վերջնական ազատությունն ու ուրախությունը:

Նա մեզ Փրկիչ տվեց

Ամեն դեպքում կյանքը դժվար է: Մենք բոլորս սայթաքում ենք, երբ սովորում ենք հավատով ապրել: Սակայն երկրի ստեղծումից առաջ Աստված խոստացել է, որ մեզ Փրկիչ կտա, որ փրկի մեզ մեղքից ու մահից: Իր սեփական տանջանքներով և մահով՝ Իր Քավությամբ, Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի համար և առաջարկում է մեզ ապաշխարության պարգևը: Ուստի, երբ մենք ապաշխարում ենք, Նա ներում է մեր մեղքերը և մաքրում մեզ դրանց հետևանքներից: Եվ Իր Հարությամբ Փրկիչը մեզ պարգևեց հարության և անմահության հնարավորություն:

Քրիստոսի առջև խոնարհված մարդիկ

Ամեն ծունկ պիտի խոնարհվի, Քրք Ռիչարդս

Ուխտի արահետով քայլելիս

Այն պահից, երբ մենք ֆիզիկապես ծնունդ ենք առնում այս մահկանացու աշխարհում, պետք է հոգեպես վերածնվենք երկնային արքայության համար: Մենք դա անում ենք՝ Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելով, ապաշխարելով, մկրտվելով և Սուրբ Հոգին ստանալով: Դա սկիզբ է տալիս հոգևոր վերափոխման, որը շարունակվում է մեր ամբողջ երկրային կյանքի ընթացքում: Երբեմն մենք այն կոչում ենք «համբերե[լ] մինչեւ վերջը», ինչը նշանակում է, որ մենք ձգտում ենք պահել մկրտության ժամանակ տրված հնազանդության մեր ուխտը ողջ կյանքի ընթացքում, անհրաժեշտության դեպքում՝ ապաշխարելով և նորից առաջ շարժվելով: «Այո՛, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի», - ասում է Հիսուսը,- «ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ» (Մոսիա 26.30):

մկրտություն

Դուք կարող եք ապավինել Տիրոջ օգնությանը

Ձեր նախաերկրային կյանքում դուք ընտրեցիք Աստծուն, դուք ընտրեցիք Քրիստոսին, դուք ընտրեցիք Նրանց օգնությամբ «կատարելագործվել»: Եվ դուք կարող եք ապավինել Նրանց օգնությանը: Աստվածագլխի անդամները մեր կյանքի անտարբեր դիտորդները չեն: Նրանք անսահման սիրում են մեզ և իրենց զորությունն օգտագործում են մեզ օգնելու համար՝ որքանով մենք թույլ կտանք: Նրանք հարգում են մեր կամքի ազատությունը, բայց միշտ պատրաստ են օրհնել մեզ։ Հիսուսը հավաստիացնում է. «Ես քեզ չեմ մոռանա, ո՛վ Իսրայելի տուն: Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա» (1 Նեփի 21.15-16):

Քայլ առ քայլ կատարելագործվելով

Ոմանք կարծում են, որ երկնային արքայությունը իրատեսական հույս է ուրիշների համար, բայց ինչ-որ պատճառով՝ ոչ իրենց համար: Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք դրան չի արժանանում՝ առանց Հիսուս Քրիստոսի շնորհի: Բարեբախտաբար, դուք կարող եք հասնել Նրա շնորհին: Հիսուսը մեզ ասել է, որ Ինքը հաղթել է աշխարհին: Ձեր մկրտությամբ և այլ ուխտերով դուք կապում եք ձեզ Նրա հետ, որպեսզի Նրա հետ միասին դուք էլ կարողանաք հաղթել աշխարհին:

Պարտադիր չէ, որ դուք կատարյալ դառնաք այստեղ՝ երկրի վրա: Մարգարե Ջոզեֆ Սմիթը համեմատել է դա աստիճան բարձրանալու հետ. դուք սկսում եք ներքևից և աստիճան առ աստիճան բարձրանում՝ սովորելով ավետարանի սկզբունքները և ապրելով այդ սկզբունքներով: Եվ այդ գործընթացը, ըստ նրա, շարունակվում է այս կյանքից հետո. «Ամեն ինչ չէ, որ մենք պիտի հասկանանք այս կյանքում»:2

երիտասարդ տղան տաճարում

Անկախ նրանից, թե ինչ թուլությունների, դժվարությունների կամ տանջանքների ենք հանդիպում երկրի վրա, Աստված խոստանում է Իր հավատարիմ զավակներին, որ ոչ մի օրհնություն մեզնից հետ չի պահվի, եթե մենք մնանք ուխտի արահետի վրա (կամ արագ վերադառնանք այնտեղ): Այդ դեպքում ամեն ինչի կհասնենք: Սա է կատարելագործվելու աստվածային ծրագիրը:

Հղումներ

  1. Տրուման Գ. Մադսեն Հավերժական մարդը (1966), 31–32:

  2. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 268: