2021
Կոսեյի ուրախությունը
Հուլիս 2021


«Կոսեյի ուրախությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021 թ․, 12-15։

Կոսեյի ուրախությունը

Ճապոնիայից այս երիտասարդը սիրում է կիսվել ավետարանով:

Նագասակի (Ճապոնիա)

Լուսանկարը տրամադրել է © Getty Images

Նա դաշնամուր է նվագում: Նա զբաղվում է կարճ մրցավազքով: Նա նույնիսկ հեռացատկով է զբաղվում: Սակայն Ճապոնիայի Նագասակի քաղաքում բնակվող 17-ամյա Կոսեյն ունի ևս մեկ տպավորիչ զբաղմունք:

դաշնամուր նվագող պատանին
վազող պատանին

«Նա իմ իմացած լավագույն երիտասարդ միսիոներներից է»,- ասում է Քույր Մակքեննա Ֆրեյժըրը, մի միսիոներ, ով վերջերս է վերադարձել Ճապոնիայից: «Կոսեյը երբևէ որևէ հնարավորություն բաց չի թողել՝ լինելու միսիոներների հետ կամ վկայելու Քրիստոսի մասին, լինի դա Եկեղեցու միջոցառումների, թե սոցիալական ցանցերի միջոցով»,- ասում է նա:

Կոսեյը միսիոներներին համարում է իր ամենամտերիմ ընկերները: Եվ դա զարմանալի չէ, եթե հասկանանք, թե ինչ բավականությամբ է նա կիսվում ավետարանով:

երիտասարդ տղան միսիոներների հետ

«Միսիոներական աշխատանքը իմ ուրախությունն է»,- ասում է Կոսեյը: «Նեփին ուսուցանել է մեզ, որ կյանքի ծառի պտուղը «ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի» (1 Նեփի 11.22): Որոշ մարդիկ կարող են մերժել այդ պտուղը: Սակայն որպես մեկը, ով գիտի այդ պտուղի քաղցրության մասին, ես ցանկանում եմ կիսվել ավետարանով իմ շրջապատի մարդկանց հետ»:

Ավետարանի օրհնություններով կիսվելը կարելի է պարզապես համարել Կոսեյի ամենամեծ տաղանդը:

Հաջողությունը սոցիալական ցանցերում

Միսիոներական նախապատրաստության դասընթաց անցնելուց հետո Կոսեյն ավելի մեծ ցանկություն զգաց ավետարանի ուրախություններով կիսվել իր ընկերների հետ: Նա սկսեց զբաղվել սոցիալական ցանցերով: Նրա համար սոցիալական ցանցերը ավետարանի հետ առնչվող ուղերձներով և բովանդակությամբ կիսվելու ամենակարևոր գործիքներից մեկն է:

երիտասարդը սմարթֆոնը ձեռքին

Նրա ընկերներից ոմանք պատասխանեցին այդ գրառումներին: Ընկերներից մեկը նույնիսկ եկավ Կոսեյի մոտ և ասաց. «Ես հետաքրքված եմ քո եկեղեցով»:

Սկզբում այդ ընկերը լոկ ծանոթ էր, սակայն նրանց ընկերությունը արագորեն խորացավ: «Նա սկսեց հարցեր տալ իմ և իր հավատի միջև եղած տարբերությունների մասին»,- բացատրում է Կոսեյը: «Չնայած մենք շատ հաճախ չէինք զրուցում, մենք լավ ընկերներ դարձանք, երբ ես ավետարանով կիսվեցի սոցիալական ցանցերում»:

Սպորտ, հոբբիներ և հավերժ ընկերություն

Սոցիալական ցանցերը Կոսեյի համար միակ միջոցը չեն ավետարանով կիսվելու համար: Հիշեք՝ նա ակտիվ, իրադարձություններով լի կյանք է վարում: Նա մարդկանց հանդիպելու բազմաթիվ հնարավորություններ ունի: Եվ նա օգտագործում է այդ հնարավորությունները՝ ավետարանի ուրախությունը տարածելու համար:

«Մի անգամ սպորտային ակումբի իմ ընկերներից մեկին հրավիրեցի եկեղեցում միսիոներների կողմից կազմակերպած անգլերենի դասընթացին»,- բացատրում է Կոսեյը: «Անգլերեն սովորելու ընթացքում նա և միսիոներները լավ ընկերներ դարձան»:

Սակայն զրույցները չսահմանափակվեցին անգլերենի դասընթացով:

«Իմ ընկերը սկսեց խորհել, թե ինչու էին գրեթե իր տարիքի այդ երիտասարդները որպես կամավոր և միսիոներ ծառայում Ճապոնիայում: Նրա հաջորդ հարցն այն էր, թե ինչն է միսիոներներին մղում ծառայության: Այժմ նա արդեն ունկնդրել է միսիոներական դասերը և որոշ միսիոներների հետ շփվում է տեսակապի միջոցով»:

Ամեն անգամ ավետարանով իր ընկերների հետ կիսվելիս Կոսեյը փորձում է իր պատմածը համապատասխանեցնել նրանց հետաքրքրության մակարդակի հետ: «Օրինակ՝ նախ ես պատմում եմ, թե ինչ է կատարվում մահից հետո, թե որն է կյանքի նպատակը կամ՝ արդյոք Աստված կա»,- ասում է նա: «Ապա ես կարող եմ անցնել իրենց հետաքրքրող թեմաներին»:

Իհարկե նա գիտի, որ ոչ բոլորն են հետաքրքրված լինելու: Ինչպես բոլորը, նա ևս անհաջողություններ է ունեցել: Մի օր, երբ իր ընկերներից մի քանիսը հարցրին Եկեղեցու մասին, Կոսեյը փորձեց նրանցից մեկին փոխանցել Եկեղեցու թերթիկը: «Սակայն այդ ընկերը դուրս վազեց դասարանից՝ բարձր ծիծաղելով ինձ վրա:

Դա ինձ շատ մեծ վիշտ պատճառեց»,- ասում է Կոսեյը:

Սակայն նա թույլ չի տալիս, որ հուսահատությունը կանգնեցնի իրեն: Նա գիտի, որ այն, ինչով ինքը կիսվում է իր ընկերների հետ, ընդմիշտ կօրհնի նրանց կյանքը, եթե նրանք լսեն:

Նրան ոգևորող ուրախությունը

«Ես ուրախություն եմ գտնում Քրիստոսի ուսմունքներում»,- ասում է Կոսեյը: «Եթե ես չիմանայի այդ ուսմունքները, իմ կյանքում չէր լինի իրական ուրախություն»:

սուրբ գրություններ կարդացող պատանի

Չնայած Կոսեյը ունի բազմաթիվ զբաղմունքներ ու հետաքրքրություններ, նա գիտի, թե ինչին է պետք ավելի մեծ կարևորություն տալ: «Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքին հույս է պարգևում և բացահայտում է բոլոր բաները, որ մենք պետք է անեք»,- ասում է նա: «Նույնիսկ եթե մենք ընկճված ենք կամ դժվարությունների միջով ենք անցնում, անկեղծ աղոթքը մեզ խաղաղություն ու լավատեսություն կպարգևի»:

Ահա թե ինչու է նա այսքան վճռական՝ ավետարանով կիսվելու յուրաքանչյուր հնարավորությունն օգտագործելու հարցում: Նա ցանկանում է, որ ուրիշները նույնպես զգան այն ուրախությունը, որ ինքն է զգում ամեն օր: «Ես ի սրտե հույս ունեմ, որ շատ մարդիկ այս իրական ուրախությունը զգալու հնարավորություն կունենան»,- ասում է նա:

երիտասարդ տղան տաճարում

Ինչն է առավել կարևոր

Բնականաբար ավետարանով կիսվելը չի զբաղեցնում նրա ամբողջ ժամանակը: Կոսեյը նույն եռանդով աշխատում է այլ նպատակների վրա: Ամեն օր նա եռանդունորեն մարզվում է և վազում: Երբ ցանկանում է հանգստանալ, դաշնամուր է նվագում: Նա նաև սիրում է բնության գրկում լինել և ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: «Սիրում եմ բնության գրկում լինել քույրերիս ու եղբայրներիս հետ: Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մենք ձուկ բռնեցինք ու կերանք»,- ասում է նա:

ընտանիք
ընտանիքը ձուկ է որսում
պատանի

Չնայած դրան, Կոսեյը շարունակում է ժամանակ հատկացնել առավել կարևորին:

Եվ նա մի փոքր խորհուրդ ունի նրանց համար, ովքեր ցանկանում են նույնն անել. «Մենք առաջնորդություն ենք ստանում, երբ պահում ենք պատվիրանները: Երբ այդպես ենք վարվում, մենք ուժ ենք ստանում Տիրոջից: Վախերն ու անհանգստությունը փոխարինվում եմ հույսով և վստահությամբ: Եթե մենք խոսենք առանց ավետարանից ամաչելու, մարդիկ կճանաչեն Քրիստոսանման սերը և կլցվեն ուրախությամբ»: