«7 վրձնահարված՝ կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 8-11:
7 վրձնահարված՝կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար
Պարզ քայլերը, որոնք դուք կատարում եք ամեն օր, ձեր կյանքն ավելի երջանիկ են դարձնում:
«Նայի՛ր: Ես սա քեզ համար եմ արել»,- ասաց տղաս՝ իր նոր նկարած նկարը դեմքիս առաջ պահելով: Թուղթը դիպավ քթիս, և ես տեսա, որ դա ուղղակի ներկի մի բիծ էր: Հնարավոր չէր որևէ բան պարզ տեսնել:
Երբ հետ քաշեցի նկարը, աչքիս ընկավ աղոտ գույների մի ցայտ:
«Ի՞նչ ես մտածում սրա մասին»,- հարցրեց նա:
Տղայիցս պահանջվեց մի քանի ժամ, որպեսզի նկարեր այն, ինչն իր կարծիքով, մեր երկուսի իրատեսական պատկերն էր՝ միայն թե մազերս դեղին չեն:
«Բավականաչափ դարչնագույն ներկ չունեի»,- բացատրեց տղաս: «Բացի այդ, դեղինն ավելի ուրախ գույն է»:
Ավելի մոտիկից տղայիս նախագծին նայելիս ես տեսա, թե որքան սեր էր նա ներդրել այդ նկարի մեջ: Ես չէի կարող ասել, թե քանի վրձնահարված պահանջվեց դրա համար: Դրանք չափազանց շատ էին: Եվ նա ճիշտ էր. ես երջանիկ տեսք ունեի՝ ինչը վերաբերում էր նաև դեղին մազերին:
Մտածեք ձեր տեսած նկարի մասին: Դուք կտեսնեք, որ այն գեղեցիկ դարձնելու համար պահանջվել է մեկից ավելի վրձնահարված: Իրականում, եթե դուք նայում եք առանձին վրձնահարվածին, այն այդքան էլ տպավորիչ չէ: Սակայն, երբ դուք միացնում եք բոլոր վրձնահարվածները, ստանում եք արվեստի մի հրապուրիչ գործ: 1
Կյանքում երջանկություն գտնելը նկարչության նման մի բան է: Գոյություն ունեն փոքր նախամտածված վրձնահարվածներ կամ առօրյա գործողություններ, որոնք մենք կարող ենք կատարել՝ մեր կյանքը երջանկացնելու համար: Երբ դրանք ուղղակի են արվում կամ մեկ անգամ, բնավ առանձնահատուկ չեն թվում: Սակայն, երբ մենք անում ենք ամեն օր, դրանք կարող են մեզ շատ երջանիկ դարձնել:
Ահա այն յոթ վրձնահարվածները կամ գործողությունները, որոնք դուք կարող եք մշակել՝ ձեր կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար:
Վրձնահարված 1.Ձեզ շրջապատեք ոգեշնչող մարդկանցով:
Երջանկությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի մարդկանց հետ եք շփվում: Դա չի նշանակում, որ դուք չեք կարող ընկերություն անել այն մարդկանց հետ, ովքեր երբեմն երջանիկ չեն: Իրականում, մենք բոլորս երբեմն հուսահատ վիճակում ենք լինում:
Սակայն համոզվեք, որ դուք ժամանակ եք անցկանցում ձեզ ոգեշնչող մարդկանց հետ: Լավ ընկերները, ովքեր կարող ենք օգնել ձեզ ապրել Տիրոջ չափանիշներով, կարող են մեծ դեր խաղալ ձեզ երջանկացնելու գործում: Եվ փորձեք ոգեշնչող լինել ուրիշների համար: Դուք նույնպես կարող եք փոխել ուրիշների կյանքը:
Վրձնահարված 2. Երաժշտություն լսեք՝ ձեզ ավելի երջանիկ զգալու համար:
Երաժշտությունը հզոր ազդեցություն է թողնում ձեր մտքի վրա: Այն բառացիորեն կարող է փոխել ձեր ուղեղի քիմիական բաղադրությունը: Լավ երաժշտությունը կարող է օգնել ձեզ երջանիկ ու եռանդով լեցուն զգալ: Ստեղծեք երջանիկ, ոգեշնչող և հավատը խթանող երգացանկ:
Վրձնահարված 3.Տանից դուրս եկեք:
Աստծո ստեղծագործություններով հմայվելը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ մեր հոգիների և մարմինների վրա: Ձեր երջանկության համար շատ կարևոր է կանոնավոր կերպով կտրվել հեռուստացույցից, համակարգչից և հեռախոսից՝ տնից դուրս գալու և արևի լույսը, ձեզ շրջապատող բույսերն ու կենդանիները վայելելու համար: Զբոսնեք ձեր ընտանիքի և ընկերների հետ, խաղացեք, կարդացեք և պարապեք դրսում: Դուք կզարմանաք, թե որքան լավ կզգաք ձեզ, եթե անեք դա:
Վրձնահարված 4.Բավականաչափ քնեք:
Տերն ասել է, որ քունը կարևոր է ձեր մտքի և մարմնի առողջության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 88․124): Ինչպես հեռախոսի մարտկոցը պետք է պարբերաբար վերալիցքավորվի, ձեր ուղեղը նույնպես պետք է քնի, որպեսզի կարողանա նորմալ աշխատել: Ինչպես դուք ժամանակ եք սահմանում առավոտյան արթնանալու համար, այնպես էլ դուք պետք է որոշեք, թե երբ պետք է գնաք քնելու (ու մի վերցրեք հեռախոսը ձեզ հետ):
Վրձնահարված 5.Լուրջ անձնական զրույցներ անցկացրեք:
Հաղորդագրությունների կամ սոցիալական ցանցերի միջոցով ձեր ընկերների և ընտանիքի հետ շփվելը կարող է շատ հետաքրքիր լինել: Սակայն անձնական զրույցները ձեր մտքին ու հոգուն տալիս են այն, ինչ էլեկտրոնային շփումը չի կարող տալ: Համոզվեք, որ շփվում եք ձեր ընտանիքի և ընկերների հետ: Ժամանակ տրամադրեք ձեզ շրջապատող մարդկանց լսելու և նրանց հետ խոսելու համար:
Վրձնահարված 6.Կանոնավոր մարզվեք և փորձեք առողջ սնունդ ընդունել:
Ձեր ուղեղն աշխատում է ըստ օգտագործվող վառելանյութի: Մշակման բարձր աստիճան ունեցող և մեծ քանակով շաքար պարունակող սնունդը (որը երբեմն կոչվում է ոչ առողջ սնունդ) կարող է լավ համ ունենալ, բայց դանդաղեցնել ձեր ուղեղի և մարմնի աշխատանքը: Լավ լուրն այն է, որ եթե դուք ավելի շատ միրգ, բանջարեղեն և հատիկավոր բույսեր եք օգտագործում, վնասակար սնունդ ուտելու ձեր ցանկությունը կնվազի: Տերը մեզ պարգևել է միայն մեկ մարմին, այնպես որ մենք պետք է հոգ տանենք նրա մասին:
Վրձնահարված 7.Աղոթեք և խորհեք:
Տերը և Նրա մարգարեներն ու առաքյալները հաճախ խորհուրդ են տվել մեզ ժամանակ տրամադրել աղոթելուն և խորհելուն: Աղոթելն ու մտորելը լավ ազդեցություն է թողնում ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են երջանիկ զգալու համար: Եթե դուք կանոնավոր կերպով ժամանակ տրամադրեք մտորելուն և աղոթելուն, ձեր երջանկությունն ամեն անգամ մի փոքր կաճի: Երկար ժամանակի ընթացքում դուք կնկատեք, թե որքան ավելի խաղաղ ու վստահ եք ձեզ զգում:
Փնտրում եք լրացուցիչ գաղափարնե՞ր
Այս յոթ վրձնահարվածները միայն մի քանիսն են այն առօրյա քայլերից, որոնք մենք բոլորս կարող ենք կատարել՝ մեր մարմիններն ու հոգիները երջանկությամբ լցնելու համար: Լրացուցիչ գաղափարների համար կարդացեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը և գտեք այն սկզբունքները, որոնք անցյալում օգնել են ձեզ և ուրիշներին երջանիկ լինել: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում՝ այս քայլերն ավելի հետևողականորեն ձեր առօրյա կյանքում օգտագործելու համար:
Միշտ հիշեք, որ երջանկության գերագույն աղբյուրը Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Անկախ հանգամանքներից՝ Նա պատրաստ է օրհնել ձեզ և օգնել ձեզ հաղթահարել ձեր դժվարությունները: Նա կօգնի ձեզ հասնել այն երջանկությանը, որի մասին երազում եք: