«Ճիշտը գրելն է», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս, 2021, 18-19։
Ճիշտը գրելն է
Սուրբ գրություններն ուսումնասիրելիս մտքեր գրի առնելը կարող է իսկապես օգտակար լինել:
«Ամեն անգամ սուրբ գրությունները կարդալիս ես քնում եմ»,- միսիոներներից մեկն ասաց իր միսիայի նախագահին: «Սուրբ գրությունները կարծես քնաբեր լինեն»:
Նախագահը պատասխանեց. «Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք կարդալիս գրառումներ կատարել»:
«Ոչ»,- ասաց միսիոները:
«Հեշտ է քնել կամ շեղվել, երբ միայն կարդում ես»,- ասաց նախագահը, - «սակայն դա անհնար է, երբ նաև գրում ես»:
Միսիայի նախագահի խորհուրդը շատ օգնեց սուրբ գրությունները կարդալու հետ խնդիր ունեցող միսիոներին: Այնպես որ, եթե սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը բարելավելու նոր ձև եք փնտրում, փորձեք այս միջոցը: Երբ գրի եք առնում այն, ինչ կարդում եք, դուք ձեզ ավելի ներգրավված եք զգում և ավելի լավ եք ընկալում նյութը:
Ահա որոշ մոտեցումներ, որոնք, մեր կարծիքով, իսկապես օգտակար են.
Եղբայր Ստիվեն Լանդ
Կարդալիս ես միշտ թուղթը ձեռքիս տակ եմ պահում: Երբ Հոգին ոգեշնչում է ինձ որոշակի մտքեր, ես դրանք գրի եմ առնում:
Ես դա սովորել եմ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ երեց Ռիչարդ Գ. Սքոթից (1928–2015), ով ասել է. «Գրեք մի ապահով տեղում այն կարևոր բաները, որոնք դուք սովորում եք Հոգուց: Դուք կպարզեք, որ երբ արժեքավոր տպավորությունները գրի եք առնում, դրանք ավելի հաճախ են առաջանում: Բացի այդ, այն գիտելիքը, որը դուք ձեռք եք բերում, մատչելի կլինի ձեր ողջ կյանքի ընթացքում» («To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely», Ensign, հունիս 2002, 32)։
Ես գիտեմ, որ այս խոսքերը ճշմարիտ են: Ելույթներին և դասերին պատրաստվելիս ես դիմում եմ ոչ միայն սուրբ գրություններին, այլ նաև դրանք կարդալիս արված գրառումներին:
Եղբայր Ահմադ Քորբիթ.
Ես սիրում եմ թեմատիկ ուսումնասիրությունը: Ես կարդում եմ սուրբ գրությունները սկզբից մինչև վերջ, բայց ես նաև սիրում են թեմայից թեմա թռչել: Օրինակ՝ ես օգտագործում եմ Թեմատիկ ուղեցույցը՝ հավատքին կամ Իսրայելի հավաքմանը վերաբերող սուրբ գրություններ գտնելու համար: Ապա ես ոչ միայն գրառումներ եմ անում, այլ նաև գրի եմ առնում սովորածս՝ համոզվելու համար, որ իսկապես հասկացել եմ այն: Ես միշտ զարմանում եմ, թե որքան ավելի լավ եմ հասկանում նյութը, երբ անում եմ դա: Որոշ սուրբ գրություններ ես նաև անգիր եմ սովորում:
Եղբայր Բրեդլի Վիլկոքս.
Ես օրագիր եմ պահում, որտեղ սուրբ գրություններն իմ խոսքերով եմ գրի առնում: Օրինակ՝ «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է» (Մոսիա 3.19) դառնում է «Քանզի հպարտ և ոչ ապաշխարող մարդն ընտրում է դառնալ Աստծո թշնամին, սակայն Աստված նրա թշնամին չէ: Աստված նրա լավագույն ընկերն է»:
Ես նաև հարցեր եմ գրի առնում: Ես կարող եմ որոշ հարցեր ունենալ կարդալուց առաջ: Հարցերը կարող են ծագել նաև կարդալու ընթացքում: Ամեն դեպքում ես կենտրոնացած եմ:
Մտքեր գրառելու զորությունը
Մեր նախագահության անդամներից յուրաքանչյուրն իր սեփական մոտեցումն ունի սուրբ գրությունների ուսումնասիրության գործին:
Կարդալը օգնում է մեզ յուրացնել որոշ մտքեր ու զգացմունքներ: Դա կարևոր է: Իսկ երբ մենք խոսում ենք կամ գրում, մենք հայտնաբերում ու արտահայտում ենք մեր ներսում եղած մտքերն ու զգացմունքները: Մենք զգում ենք, որ դա օգնում է մեզ ավելի լավ անհատականացնել ավետարանի ճշմարտությունները:
Մի երիտասարդ հայտնաբերեց այս ճշմարտությունը, երբ նրան խնդրեցին ելույթ ունենալ հաղորդության ժողովի ժամանակ: Մինչ այդ նա բազմաթիվ ելույթներ էր լսել, սակայն չէր կարողանում մտաբերել մանրամասները: Սա ուրիշ դեպք էր: Երբ նա գրի առավ իր ելույթի համառոտ բովանդակությունը, դա օգնեց նրան ոչ միայն լավ ելույթ ունենալ, այլև հիշել այն երկար ժամանակ:
Նույն բանը կարող է տեղի ունենալ սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության պարագայում: Եթե դուք քնում եմ սուրբ գրությունները կարդալիս, ժամանակն է արթնանալ: Փորձեք վերցնել մատիտ, գրիչ, հեռախոս կամ համակարգիչ և սկսել գրել: Տարբերությունը կզարմացնի ձեզ: