«Ինչպե՞ս կարող եմ վերջ դնել սեփական արժեքավորության վերաբերյալ իմ կասկածներին»: Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021 թ․, 30-31։
Հարցեր և պատասխաններ
«Ինչպե՞ս կարող եմ վերջ դնել սեփական արժեքավորության վերաբերյալ իմ կասկածներին»:
Երկնային Հոր աչքերով
«Ամեն օր ես աղոթում եմ Երկնային Հորը և խնդրում եմ Նրան օգնել ինձ վերաբերվել ինքս ինձ այնպես, ինչպես Նա է ինձ վերաբերվում: Ապա ես ուշադիր լսում եմ, թե ինչպես է Հոգին ինձ դրական ուղերձներ փոխանցում Աստծուց՝ իմ արժեքավորության և ինքնության մասին, և այդ բառերը ես ասում եմ հայելու մեջ իմ արտացոլանքին: Այս հասարակ վարժությունը հնարավորություն է տալիս մեզ կապ հաստատել երկնքի հետ և իմանալ, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և հավատում են մեր ուժերին»:
Մադըլին Մ., 14 տարեկան, Նյու Յորք (ԱՄՆ)
Սիրեք մեր առանձնահատկությունները
«Ես միշտ փորձում եմ հիշել, որ ես Աստծո սիրելի զավակն եմ: Ես փորձում եմ ինքս ինձ չհամեմատել ուրիշների հետ, որովհետև դա դժվարացնում է հավատալ սեփական արժեքավորությանը: Աստված մեզ բոլորիս եզակի և գեղեցիկ է ստեղծել՝ յուրաքանչյուրին իր առանձնահատուկ ձևի մեջ, և այդ առանձնահատկությունները լավ բաներ են»:
Բրուկ Դ., 14 տարեկան, Ալբերտա (Կանադա)
Թաքնված օրհնություն
«Մենք հաճախ մտածում ենք, որ թույլ լինելով կամ թերություններ ունենալով, մենք անարժեք են դառնում: Իրականում մենք օրհնված ենք և կարող ենք հաղթահարել մեր թուլություններն ու թերությունները և մեր անձի ավելի լավ տարբերակը դառնալ՝ հնազանդության և ինքնազարգացման միջոցով: Երբ մենք աշխատում ենք դժվար գործերի վրա, Տերը տեսնում և գնահատում է մեր ջանքերը: Դա փորձելու և երբեք չհանձնվելու մասին է»:
Ռիկարդո Ռ. 17 տարեկան, Չիուաուա (Մեքսիկա)
Մեր աստվածային էությունը
«Ոչինչ չի համեմատվի այն գիտակցության հետ, որ մենք կենդանի Աստծու զավակներն ենք և կարող ենք նմանվել Նրան: Դա ամեն ինչ փոխում է: Երբ մենք ունենում ենք վատ մտքեր, որոնք կասկածի են դնում մեր արժեքավորությունը, հիշեք, որ այդ մտքերը սատանայից են, այլ ոչ թե Աստծուց: Մեր Երկնային Հոր նման մենք անսահման ներուժի և աստվածային էության տեր ենք: Նա անհատապես վստահում ու սիրում է յուրաքանչյուրիս»:
Ալեքսանդր Ս., 16 տարեկան, Մինաս Ժերայս (Բրազիլիա)
Մեծ պարտավորություն
«Սուրբ գրությունները և կենդանի մարգարեների խոսքերը ուսումնասիրելիս և վերլուծելիս ես զգում եմ, որ Սուրբ Հոգին իմ կողքին է, և Նա հիշեցնում է ինձ, որ ես երկնային ծնողների սիրելի դուստր եմ, և Աստված մեծ ծրագրեր ունի ինձ համար: Նախագահ Նելսոնը մեզ միշտ ցույց է տալիս այն մեծ պարտականությունները, որոնք մենք ունենք այս վերջին օրերին, որ Աստված վստահում է մեզ և գիտի մեր ունակությունները»:
Միրիան Պ., 16 տարեկան, Պարանա (Բրազիլիա)
Արեք այն, ինչ սիրում եք
«Երբ մենք սկսում ենք կասկածի տակ դնել մեր սեփական արժեքավորությունը, մենք միշտ կարող ենք օգնություն խնդրել ուրիշներից: Բայց նախ և առաջ մենք կարող ենք սկսել աշխատել մեր սեփական աշխարհայացքի վրա: Մենք կարող ենք առողջ հարաբերություններ ստեղծել մեր ընկերների և ընտանիքի հետ և անել այն, ինչը մեզ դուր է գալիս: Դա օգնում է մեզ գիտակցել, որ մենք Աստծո զավակներն ենք, և Նա մեզ օժտել է արժեքավորությամբ ու տաղանդով»:
Կարլոս Վ. (Մեքսիկա)
Ճանաչեք ինքներդ ձեզ
«Ես հասկացա, որ ավելի հեշտ է ինձ սիրել, քանի որ ժամանակ գտա պարզելու, թե ով եմ ես: Մի օր պապիկս ասաց ինձ. «Դու ինքդ քո հետ պիտի հավիտյան ապրես, այնպես որ ավելի լավ է դառնաս մեկը, ում հետ քեզ հաճելի կլինի շփվել»: Ես հետևեցի այդ խորհրդին և փորձեցի դառնալ իմ անձի լավագույն տարբերակը: Այժմ ես ավելի վստահ եմ ինձ զգում, քանի որ գիտեմ, թե ինչ եմ սիրում, և որոնք են իմ արժանիքներն ու համոզմունքները: Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ փորձում եմ դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում ինձ տեսնել»:
Սառա Նիելսոն, Յուտա (ԱՄՆ)
Հիշեք՝ ով եք դուք
«Ես մտածում եմ «Ես Աստծո զավակն եմ» երեխաների միության երգի մասին: Այն ինձ հիշեցնում է, որ ինձ շնորհվել են պարգևներ և տաղանդներ, որպեսզի օգնեմ աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին նախապատրաստելու գործին։ Յուրաքանչյուրիս դերն այդ գործում եզակի է ու կարևոր, և մենք բոլորս հրաշք ենք միմյանց կյանքում: Դուք իսկապես հրաշք եք՝ այս կյանքում ձեզ շրջապատող մարդկանց համար: Եթե երբևէ մոռանաք դա, մտածեք այն ամենի մասին, ինչ Հիսուսն արեց Երկրի վրա, և փորձեք հետևել Նրա օրինակին: Երբ տխրեք կամ ձեզ անարժեք զգաք, փնտրեք մեկին, ով նույնն է զգում, և դուք կոգեշնչվեք»:
Բրիգամ Մ. (Մեքսիկա)
Աստվածային հավանություն
«Երբ լսում եմ Աստծուն, Նա ցրում է սեփական արժեքավորության վերաբերյալ իմ կասկածները: Ուրիշները չեն կարող լիարժեք հասկանալ իմ արժեքավորությունը, բայց Աստված կարող է, և ես վստահում եմ Նրան: Երբ թույլ եմ տալիս մարդկանց որոշել իմ արժեքավորությունը, ես հիմնվում եմ միայն նրանց խոսքերի վրա և սկսում եմ վատ մտածել ինքս իմ մասին: Սակայն, երբ ես ազատվում եմ նրանց բացասական խոսքերից, ես այլևս կարիք չունեմ կասկածի տակ դնելու իմ արժեքավորությունը: Ես հասկացել եմ, որ այլևս նրանց հավանության կարիքը չունեմ: Որպես Երկնային Հոր զավակներ, մենք բոլորս ունենք բնածին արժեքավորություն: Մենք պետք է հիշեցնենք ինքներս մեզ դրա մասին, առավել ևս, երբ ոչ ոք դա չի անում»:
Անա Գ., 23 տարեկան (Ֆրանսիա)
Վստահություն ավետարանի հանդեպ
«Սոցիալական ցանցերում ես տեսնում եմ տարբեր մարդկանց, ովքեր թվում են կատարյալ կամ, առնվազն, ինձանից լավը: Ավետարանով ապրելն օգնում է ինձ շնորհակալ լինել այն բանի համար, թե ով եմ ես: Երբ ապրում եմ ավետարանի սկզբունքներով, ինչպիսիք են՝ հավատը, ապաշխարությունը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ես զգում եմ, որ եզակի եմ: Ես այլևս կարիք չեմ զգում ուրիշների հետ համեմատվելու և ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում»:
Ալեքսանդրա Ռ․ (Մեքսիկա)
Ներեք ինքներդ ձեզ
«Միշտ չէ, որ մենք մեզ համարում ենք ներման արժանի, քանի որ մենք գիտենք, թե ինչ սխալներ ենք գործել: Բայց մենք մարդ ենք՝ մենք սխալներ ենք գործում և կշարունակենք դա անել: Մենք պետք է ներողամիտ լինենք ինքներս մեր հանդեպ, քանի որ յուրաքանչյուրս արժանի է երկրորդ հնարավորության: Մենք պետք է ինքներս մեզ նայենք մեզ սիրող մարդկանց աչքերով: Եվ մենք կտեսնենք եզակի ու հրաշալի մի անձնավորության, ով արժանի է անվերապահ սիրո, ինչ էլ պատահի»:
Վալերի Խ. (Մեքսիկա)