Արդյո՞ք ես արժանի էի Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021 թ․, 22-23։
Արդյո՞ք ես արժանի էի
Որքան ինձ հիշում եմ՝ բռնության եմ ենթարկվել: Արդյոք դա ազդե՞լ է իմ հանդեպ ունեցած Տիրոջ վերաբերմունքի վրա:
Առաջին հայացքից իմ մանկությունը շատ նորմալ էր:
Մենք եկեղեցի էինք գնում և մասնակցում Եկեղեցու բոլոր ժողովներին ու միջոցառումներին: Ես դպրոց էի գնում և աղոթում ընկերներիս հետ միասին: Երբ պատանի էի, անում էի այն ամենն, ինչ պատանիներն էին անում: Ես ժամանակ էի անցկացնում ընկերներիս հետ, երգում էի երգչախմբում, թատերական խմբակ էի հաճախում: Ես ավարտեցի դպրոցը: Սակայն այդ երջանիկ, սովորական արտաքինը մի շատ մութ գաղտնիք էր թաքցնում:
Երկու տարեկան հասակից ես սեռական բռնության էի ենթարկվում իմ երկու ավագ եղբայրների կողմից: Նրանք բռնանում էին նաև իմ քույրերին: Մենք շատ փոքր էինք՝ գիտակցելու համար, թե ինչ էր տեղի ունենում, բայց երբ ես մեծացա, սկսեցի որոշ բաներ հասկանալ: Ես հոգևոր լույսի պակաս էի զգում և ինձ բարոյապես անմաքուր էի համարում եղբայրներիս ներկայությամբ:
Իմ շփոթությունն աճում էր
Երբ առաջին անգամ հաճախեցի Երիտասարդ կանանց դասարան, որտեղ բարոյագիտություն էին ուսուցանում, ես հասկացա առաքինության և կուսության իմաստը: Ես լսում էի, թե ինչպես են իմ ղեկավարները հորդորում ինձ ու համադասարանցիներիս լինել բարոյապես մաքուր:
Ես մտածում էի. «Ինչպե՞ս կարող եմ ես բարոյապես մաքուր լինել»: Որքան ինձ հիշում եմ՝ սեռական բռնության եմ ենթարկվել: Ես չէի կարող չմտածել, թե Տերն ինչ կարծիք ունի իմ մասին: Արդյո՞ք ես առաքինի երիտասարդ կին էի: Արդյո՞ք ես արժանի էի հանդիպել իմ ծխի և դպրոցի արդար երիտասարդների հետ: Արդյո՞ք այն բռնությունը, որին ենթարկվել եմ, ինձ չի դարձրել տաճարային ամուսնությանն անարժան:
Ես շատ էի մտածում դրա մասին: Չէի կարողանում ընդունել, թե ես ինչու պետք է ոչ առաքինի համարվեի, երբ այն, ինչ կատարվել էր ինձ հետ, իմ ընտրությունը չէր: Ինչո՞ւ չպետք է կարողանայի ինձ առաքինի զգալ։ Արդյոք արժանի չէ՞ի Տիրոջ սիրուն։ Արդյո՞ք ես պետք է ապաշխարեի:
Ես ուղղակի փորձում էի մոռանալ
Ես իսկապես չգիտեի։ Ես զգում էի, որ դա իմ մեղքը չէր, բայց միևնույն ժամանակ ես ինձ կեղտոտ, այլասերված ու միանգամայն նվաստացած էի զգում: Ես չէի համարձակվում այդ մասին պատմել ծնողներիս կամ որևէ մեկին: Ես իսկապես փորձեցի մի քանի անգամ, սակայն ամաչեցի և չգիտեի, թե ինչպես ասեմ այդ խոսքերը: Ես ուղղակի փորձեցի մոռանալ այն, ինչ կատարվել էր:
Երբ ես 15 տարեկան էի, կրտսեր քույրերս համարձակվեցին անել այն, ինչը ես չէի համարձակվում: Նրանք խոսեցին դպրոցի խորհրդականի հետ: Կարճ ժամանակ անց իմ եղբայրներից մեկին ձերբակալեցին և 3 տարով ազատազրկման դատապարտեցին: Անցան տարիներ, սակայն ես միևնույն է վախենում էի, որ ես առաքինի կամ արժանավոր չեմ:
Ես համարձակվեցի օգնություն խնդրել
Ի վերջո մի օր ես գտա քաջություն եպիսկոպոսիս հանդիպելու համար: Նա բացատրեց, որ Տերն ինձ պատասխանատու չի համարում այն բոլոր սեռական գործողությունների համար, որոնք ինձ ստիպում էի անել մանկության ու պատանեկության տարիներին: Նա ինձ հավաստիացրեց, որ դա բոլորովին իմ մեղքը չէր։ Ես անարատ կանգն[ած էի] Տիրոջ առաջ: Ես առաքինի էի:
Մասնագետների խորհուրդների և եպիսկոպոսի օգնության շնորհիվ ես կարողացա մոռանալ բռնությունը և այն ցավն ու տառապանքը, որ այն ինձ պատճառել էր: Այժմ ես իսկապես երջանիկ ու նորմալ կյանք եմ վարում: Ես ամուսնացա տաճարում արդար մի տղամարդու հետ և մենք երջանիկ ենք:
Երբեմն անցյալը վերադառնում է, և ես հիշում եմ, թե ինչպես էի տանջվում, երբ մտածում էի իմ արժանավորության մասին:
Ես պատկերացնում եմ, թե որքան շատ երիտասարդներ կարող են հայտնվել իմ վիճակում, և թե ինչպես են նրանք ամաչում ու տարակուսում՝ արդյո՞ք ես առաքինի եմ, արդյո՞ք տեղ ունեմ Աստծո ծրագրում:
Ուզում եմ ասել այդ երիտասարդներին՝ Տերը սիրում է ձեզ։
Նրա սիրտը ցավում է ձեզ համար:
Նա գիտի, որ դուք մեղավոր չեք:
Նա գիտի, որ դուք իսկապես առաքինի եք:
Նա կօգնի ձեզ գտնել քաջություն և ուժ՝ ձեր կյանքը երջանիկ ապրելու համար։