«Աստծո երջանկության ծրագիրը և ձեր աստվածային ճակատագիրը» Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.:
Աստծո երջանկության ծրագիրը և ձեր աստվածային ճակատագիրը
Հասկանալով Աստծո երջանկության ծրագիրը և ապրելով ըստ դրա՝ դուք կհասնեք ձեր աստվածային ճակատագրին:
Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ լսում եք ճակատագիրբառը: Արդյոք մտածո՞ւմ եք կանխորոշված և անխուսափելի ինչ-որ բանի մասին: Որևէ սոսկալի կամ սքանչելի բանի մասին, որը չի կարելի փոխել՝ ինչ-էլ որ անեք: Գուցե մտածում եք կինոնկարի կամ գրքի հերոսի մասին, որին վիճակված էր ավարտել որոնումը, փրկել աշխարհը կամ դառնալ թագավոր կամ թագուհի:
Բառարանները գուցե հաստատեն այդ մեկնաբանությունները, սակայն, երբ մենք խոսում ենք աստվածային ճակատագրի մասին, մենք նկատի ունենք մեկ այլ բան: Ի տարբերություն այն ճակատագրի, որի մասին կարդում եք գրքերում կամ տեսնում եք կինոնկարներում, ձեր աստվածային ճակատագրին հասնելը հնարավոր է, քանի որ դուք Աստծո զավակ եք, բայց դա նաև պահանջում է, որ օգտագործեք ձեր ազատ կամքը:
Աստված ունի ողջ իշխանությունը երկնքում և Երկրի վրա: Ուխտերը, որոնք կապում ենք մեր Երկնային Հոր հետ, թույլ են տալիս Նրան լինել մեր գործընկերը, երբ մենք քայլում ենք կյանքի փոթորիկների միջով: Երբ մենք գործակցում ենք Աստծո հետ, մեր աստվածային ճակատագիրը՝ մեր ներուժը, հնարավոր է դառնում Նրա երջանկության ծրագրի միջոցով:
Հասկանալով Երկնային Հոր ծրագիրը ձեր երջանկության համար՝ կկարողանաք ճանաչել ձեր հավերժական ինքնությունն ու նպատակը: Իսկ Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու ընտրությունը թույլ կտա ձեզ հասնել այդ նպատակին:
Մովսեսի գրքում մենք կարդում ենք, որ «Մովսեսը հափշտակվեց մի չափազանց բարձր սար, և նա տեսավ Աստծուն դեմառդեմ, և խոսեց նրա հետ» (Մովսես 1.1–2): Աստված ուսուցանեց Մովսեսին նրա հավերժական ինքնության մասին։ Չնայած Մովսեսը մահկանացու էր և անկատար, նա մի կարևոր բան իմացավ իր մասին՝ նա իսկապես Աստծո որդի էր (տես Մովսես 1.6):
Հիշեք՝ ով եք դուք
Սատանան ցանկանում է, որ դուք մոռանաք, թե ով եք դուք: Երբ Սատանան փորձեց Մովսեսին հետ պահել աշխատանքից, որը Տերը պատրաստել էր նրա համար, Մովսեսը խիզախորեն պատասխանեց. «Ո՞վ ես դու: Քանզի ահա, ես Աստծոորդի եմ» (Մովսես 1.13, շեշտադրումն ավելացված է): Այդ ժամանակ Մովսեսը հայտարարեց․ «Դե՛ն գնա, սատանա. ինձ մի խաբիր» (Մովսես 1.16, շեշտադրումն ավելացված է)։
Այլ կերպ ասած, Մովսեսն ասաց․ «Դու չես կարող ինձ խաբել, քանզի ես գիտեմ, թե ով եմ ես։ Դու չունես Աստծո լույսը և փառքը։ Ուստի, ինչո՞ւ ես պետք է երկրպագեմ քեզ կամ հավատամ քո ստերին»։
Երբեք մի մոռացեք, որ Աստված սիրում է ձեզ և ցանկանում է օգնել ու օրհնել ձեզ: Նա աստվածային հետաքրքրություն ունի ձեր հանդեպ, քանի որ դուք Նրա զավակներից մեկն եք: Խնդրում ենք, ժամանակ հատկացրեք հասկանալու, թե իրականում ինչ է նշանակում լինել Աստծո զավակ: Ապա դրեք նպատակներ և կատարեք ընտրություններ, որոնք կօգնեն ձեզ ամեն օր ապրել ըստ այդ գիտելիքի:
Ես աշխատանք ունեմ քեզ համար
Դուք ունեք բազում հրատապ խնդիրներ և մտահոգություններ: Դուք ունեք դպրոցական աշխատանք, ընկերություն, ընտանեկան պարտականություններ և, գուցե, նույնիսկ աշխատանք: Անշուշտ, ձեր խնդիրն է հավասարակշռել այս բոլոր կարևոր դերերը` առանց մոռանալու ձեր կյանքի հիմնական նպատակը: Աստված աշխատանք ունի ձեզ համար (տես Մովսես 1.6): Սա է «Ինչո՞ւ եմ ես այստեղ՝ երկրի վրա» հարցի պատասխանը:
Որպես Աստծո զավակ, դուք երկիր եք եկել` ստանալով ֆիզիկական մարմին: Ձեր մարմնով դուք կարող եք ընտրել հավատարմորեն հետևել Հիսուս Քրիստոսին: Ձեր ընտրությամբ դուք կարող եք հնազանդվել Աստծո պատվիրաններին, ստանալ սուրբ արարողություններ և կապել ու պահել ավետարանական ուխտեր: Այս քայլերի կատարումը կպատրասի ձեզ իրականացնել ձեր աստվածային ճակատագիրը:
Մտքում հստակ ունեալով այս նպատակը՝ դուք կարող եք տեսնել յուրաքանչյուր շաբաթ հաղորդություն ընդունելու, սուրբ գրություններն ուսումնասիրելու, ամեն օր աղոթելու, կարևոր նպատակներ դնելու և ուրիշներին ծառայելու կարևորությունը: Այս քայլերն օգնում են ձեզ հիշել, թե դուք ինչու եք իրականում այստեղ, և դրանք կօգնեն ձեզ արժանի լինել ստանալու անձնական հայտնություն, որն անհրաժեշտ է, որ դուք երջանիկ լինեք և մնաք ուխտի արահետում: Երբ ապաշխարեք և ջանասիրաբար հետևեք Տիրոջը, դուք անձնական ուղղորդում կստանաք ձեր կյանքի ամեն ասպարեզում:
Ձգտեք դառնալ այն անձնավորությունը, որը նախատեսված եք դառնալ
Աշխարհիկ հոգսերն ու մտահոգությունները կամ ձեր սեփական անապահովությունը կարող են պատճառ դառնալ, որ ձեր տեսադաշտից կորցնեք ձեր կարևոր դերը Աստծո փրկության մեծ ծրագրում: Եթե դա տեղի ունենա, ես հրավիրում եմ ձեզ գալ դեպի Քրիստոսը (տես Մորոնի 10.32): Ոչ մի բան Աստծո հավերժական ծրագրում հնարավոր չէ առանց Նրա, իսկ Նրա հետ ամեն լավ բան հասանելիության սահմաններում է:
Փրկիչին հետևելու ձգտումը լավագույն ուղին է ավետարանի հեռանկարը պահելու համար: Նրա հանդեպ հավատքով և հույսով՝ դուք կարող եք վստահորեն դիմակայել կյանքի մարտահրավերներին: Դուք կունենաք նաև ավելի մեծ հստակություն, երբ ընտրություններ կատարեք, խնդիրներ լուծեք, աշխատեք դեպի արդար նպատակներ և դիմակայեք գայթակղություններին:
Ձեր որոշումները կազդեն հավերժության վրա: Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ շնորհի միջոցով դուք կարող եք ուրախություն ունենալ այս և հաջորդ կյանքում: Դուք կարող եք իրականացնել ձեր աստվածային ճակատագիրը՝ ստանալով այն ամենը, ինչ Նա ունի և ապրելով այնպիսի կյանքով, ինչպիսին Նա է վարում, որն է «հավերժական կյանք, … որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):