2022
Տիրոջն ապավինիր
Հունվար 2022 թ․


«Տիրոջն ապավինիր», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ․։

Տիրոջն ապավինիր

(Առակաց 3.5–6)

Աստված հրավիրում է ձեզ ապավինել Իրեն բոլոր բաներում։

Երբեմն, երբ ծանր բաներ են պատահում, մենք մտածում ենք, թե արդյոք կարող ենք ապավինել որևէ մեկին՝ ներառյալ Աստծուն: Մենք վախենում ենք, որ Նա նույնպես կարող է մեզ հուսախաբ անել: Լավ լուրն այն է, որ Աստված կատարելապես սիրում է մեզ: Նա բարի է, առատաձեռն ու ազնիվ: Նա անփոփոխ է և հուսալի:

Եվ այդ պատճառով է, որ մենք կարող ենք ապավինել Նրան՝ ինչ էլ որ լինի: Այս տարվա երիտասարդների թեման է՝ «Տիրոջն ապավինիր» (Առակաց 3.5–6):

Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահություններում սկսեցին ապավինել Տիրոջը:

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահություն

Միշել Դ․ Քրեյգ

Բոննի Հ․ Քորդոն

Ռեբեկա Քրեյվեն

Ապավինեք Աստծո դրդապատճառներին

Իմ 16 տարին լրանալուց օրեր առաջ մեր ընտանիքը տեղափոխվեց երկրի մյուս ծայրը: Կարծում էի՝ դա սարսափելի ժամանակ էր: Հետ նայելով ես կարողանում եմ հստակ տեսնել, որ մեր ընտանիքի և, անհատապես ինձ համար, մեծագույն օրհնություններից մի քանիսը եկան այդ տեղափոխման շնորհիվ, երբ ես դեռահաս էի: Մենք գուցե չենք հասկանում Տիրոջ ժամանակացույցն այդ պահին, բայց մենք ապավինում ենք Նրան, որովհետև մենք կարող ենք ապավինել Նրա սրտին և դրդապատճառներին:

Միշել Դ․ Քրեյգ

Ապավինեք Տիրոջ ժամանակացույցին

Հայրիկս միսիայի նախագահ էր և այդ կոչման պատճառով միսիա ծառայելու իմ կանչը ես ստացա ավելի վաղ, քան քույր միսիոներների համար սահմանված տարիքն էր: Դա նշանակում էր, որ ես մտնելու էի միսիոներական ուսուցման կենտրոն՝ նախքան ավագ դպրոցն ավարտելը: Ինձ համար այդ ժամանակացույցն անիմաստ էր, բայց ես ստացա ուժեղ հոգևոր հաստատում` ապավինել Տիրոջը: Ես կատարեցի այդ քայլը, և գործերը հիանալի ընթացան:

Ապավինել Տիրոջը նշանակում է՝ առաջ շարժվել, նույնիսկ, երբ ուղին լիովին հստակ չէ:

Բոննի Հ․ Քորդոն

Ապավինեք Աստծուն դժվար ժամանակներում

Իմ մանկության տարիներին հայրս կադրային բանակի սպա էր: Նրա աշխատանքի միակ բացասական կողմն այն էր, որ նա ստիպված էր պատերազմ գնալ: Ես 13 տարեկան էի, երբ հայրս երկրորդ անգամ մեկնեց Վիետնամ: Վախը, որ նա չի վերադառնա, միշտ իմ մտքում էր, բայց այդպիսին էր նաև իմ ապավինումը Տիրոջը: Նախքան մեկնելը հայրիկս ինձ հայրական օրհնություն տվեց` հավաստիացնելով, որ Տերը ինձ հետ կլինի և կօգնի, մինչ ինքը հեռու էր: Ես խաղաղություն զգացի: Չնայած ես հաստատ չգիտեի, որ հայրիկս ապահով տուն կվերադառնա, սակայն վստահեցի, որ ամեն ինչ լավ կլիներ, անկախ նրանից՝ ինչ կպատահեր:

Ռեբեկա Քրեյվեն

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահություն

Ահմադ Ս․ Քորբիտ

Ստիվեն Ջ․ Լանդ

Բրեդլի Ռ. Վիլկոքս

Վստահեք ձեզ Աստծուն

Երբ միացա Եկեղեցուն, ես դեռահաս էի, և որոշեցի կյանքս, ժամանակս և սիրտս լիովին նվիրել Տիրոջը: Չնայած այդպիսի մշտական պարտավորվածությունը մի փոքր երկյուղալի էր թվում, սակայն գիտեի, որ դա ճիշտ էր: Ես զգում էի, որ իմ Երկնային Հայրը ցանկանում էր դա ինձանից, և ես խաղաղություն զգացի՝ անելով այդ: Այնքան ուրախ եմ, որ ընտրեցի ապավինել Աստծուն և թույլ տվեցի Նրան՝ տնօրինել իմ կյանքը: Ես համոզված եմ, որ եթե ես ապավինեի իմ սեփական հասկացողությանը, կյանքս այնքան էլ հարուստ չէր լինի ուրախությամբ, երջանկությամբ և խաղաղությամբ:

Ահմադ Ս․ Քորբիտ

Ապավինեք Տիրոջ ոգեշնչմանը

Միսիայում ծառայելուց հետո ես հուշում ստացա, որ ավելի լավ է անցնեմ զինծառայության, քան վերադառնամ քոլեջ: Դա վերջին բանն էր, որ ես կամենում էի անել: Ես տարակուսած էի, բայց սովորել էի ապավինել Աստծուն, և բավականաչափ հավատք գտա՝ լսելու և հնազանդվելու Նրան: Ես զինվոր դարձա երեք տարով:

Այնքան շատ լավ բաներ հորդեցին իմ կյանք այդ որոշումից, այդ թվում՝ հանդիպումը ապագա կնոջս հետ:

Ստիվեն Ջ․ Լանդ

Ապավինեք Աստծո հուշումներին՝ այժմ գործելու համար

Երեք տարի վեցերորդ դասարանում դասավանդելուց հետո ես իմացա, որ եթե դասավանդեմ ևս չորս տարի, դպրոցի թաղամասը կվճարեր իմ ուսման վարձի մի մասը՝ մագիստրոսի կոչումս ստանալու համար: Թվում էր՝ դա լավ ծրագիր էր, մինչև Հոգին հուշեց ինձ դուրս գալ աշխատանքից, հետ գնալ և ստանալ իմ գիտական աստիճանը հենց այդ ժամանակ: Կինս ունեցավ նմանատիպ հուշում, ուստի մենք առաջ շարժվեցինք: Դա նշանակում էր, որ մենք ստիպված էինք լինելու ինքներս վճարել մեր ուսման համար: Բայց քանի որ մենք արեցինք դա, ինձ աշխատանքի վերցրին՝ դասավանդելու Պրովոյի ԲՅՀ-ում: Այդ հնարավորության պատուհանը երբեք չէր բացվի, եթե մենք սպասեինք ևս չորս տարի: Մենք չգիտեինք, թե ինչպես կընթանային գործերը, բայց Տերն ուղղորդեց մեր ճանապարհները` ճիշտ ինչպես Նա խոստացել էր:

Բրեդլի Ռ. Վիլկոքս