«Երկնային Հայրը ճանաչում է ինձ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։
Թեման և ես
Երիտասարդները կիսվում են, թե ինչպես են ապրում Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաների խոսքերով:
Երկնային Հայրը ճանաչում է ինձ
«Ես Աստծո սիրելի որդի եմ»:
Երբ հայրիկիս հետ արշավի էինք գնացել, մենք մի հրաշալի պահ ապրեցինք, որը երբեք չեմ մոռանա: Մի անգամ ուշ գիշերով մենք բարձրացանք սարը և մի տեղ գտանք միասին նստելու համար: Երբ նայում էինք գիշերային երկնքին, մեզ շրջապատում էին ամենափայլուն աստղերը, որ ես երբևէ տեսել էի: Մենք երկար ժամանակ նստեցինք միասին՝ մեկ առ մեկ անվանելով մոլորակներն ու համաստեղությունները:
Նայելով իմ առջև բացված տիեզերքին՝ ես բավական փոքր և անկարևոր զգացի: Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե որքան շատ այլ մոլորակներ կային այնտեղ, «աշխարհներ առանց վերջի», ճի՞շտ է: Ո՞վ էի ես՝ համեմատած այդ բոլորի հետ:
Արդեն իսկ այդ մտքով համակված՝ ես հարցրի հայրիկիս, թե արդյոք կյանք կար տիեզերքի այլ մասերում: Նա երևի կարդում էր իմ մտքերը, որովհետև պարզապես ասաց. «Ահա թե ինչ գիտեմ ես: Երկնային Հայրն ունի շատ արարչագործություններ, ինչպես տեսնում ես: Բայց Իր բոլոր արարչագործություններից Նա քեզ սիրում է անհատապես:
Նա տեսնում է այն ամենը, ինչի միջով դու անցնում ես, և ամեն ինչից շատ կամենում է մասնակից լինել քո կյանքին: Նա ցանկանում է ուրախություն բերել քեզ և օգնել քեզ վերադառնալ՝ հավերժ ապրելու Իր հետ»:
Ես այնուամենայնիվ փոքր էի զգում վիթխարի երկնքի ներքո, բայց ես հավատացի հայրիկիս վկայությանը: Ես կարևոր էի Երկնային Հոր համար: Եվ Նա ուզում էր լինել իմ կյանքում:
Ես հիշեցի, թե ինչ էր ուսուցանել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը. «Սա է մարդու պարադոքսը. Աստծո հետ համեմատած` մարդը ոչինչ է, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ ենք Աստծո համար»:1
Այդ աստղազարդ երկնքի նման Աստծո արարչագործություններն անվերջ են, բայց այդպիսին է Նրա սերը Իր զավակներից յուրաքանչյուի հանդեպ: Մեզանից յուրաքանչյուրի հանդեպ: Երբեմն ես մտաբերում եմ այդ պահը, երբ ես նստած էի լեռան վրա՝ հիացմունքից ապշած: Ես երևի ոչնչություն եմ Աստծո հետ համեմատած, բայց Նա այդպես չի մտածում: Ես Նրա որդին եմ, և Նա ճանաչում է ինձ:
Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: