«Ընկերուհու ազդեցությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։
Ընկերուհու ազդեցությունը
Իմ դեռահասության տարիները ծանր էին, բայց Աստված ինձ ընկերուհի ուղարկեց, ով ինձ օգնեց այդ ընթացքում:
Ես միշտ բավականին մենակ եմ զգացել աշխարհում: Իմ ծնողներն ամուսնալուծվեցին, երբ ես երեխա էի, իսկ մի քանի տարի հետո մայրս նորից ամուսնացավ, և մենք ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից տեղափոխվեցինք 6500 կմ հեռու գտնվող Օրեգոն նահանգը: Ինը տարեկան աղջկա համար դժվար էր հաղթահարել այդ վիթխարի փոփոխությունը, հատկապես մեկի համար, ով հարավային առոգանությամբ էր խոսում և լիովին չէր ընդունվում մյուս երեխաների կողմից:
Սակայն երբ փոխադրվեցի միջին դպրոց, ես հանդիպեցի Նիկոլին:* Նրա հետ ես ինձ անմիջապես զգացի դրական, խաղաղ մթնոլորտում, մի բան, որն ինձ մոտ բացակայում էր: Ես հասկացա, որ պետք է ընկերանայի այդ աղջկա հետ:
Երբ ավելի մտերմացանք, Նիկոլն ինձ համար դարձավ միայնությունից հեռու ապահով մի վայր: Նրա տուն մտնելով՝ կարծես մտնում էի բոլորովին այլ կյանքի մեջ. ամեն անկյուն լցված էր Աստծո Հոգով: Ամեն տեղ Փրկիչի և վիթխարի կառույցների նկարներ էին: (Հետագայում ես իմացա, որ դրանք տաճարներ էին:) Նիկոլի միսիոներական աշխատանքը սկսվեց` ինձ ուղղակի ներս հրավիրելով, իսկ նա նույնիսկ չգիտեր դա:
Ընկերանալ և հավատալ
Նիկոլը սպասավորեց ինձ՝ ուղղակի լինելով իմ ընկերուհին: Նա տվեց ինձ Մորմոնի Գիրքը, և դպրոցից հետո մենք սկսեցինք կարդալ այն միասին` նրա մեքենայում:
Մորմոնի Գիրքը սկսեց լցնել իմ կյանքում առկա ճեղքերը: Բայց ես դեռևս մենակ էի զգում: Ես Նիկոլի եկեղեցու անդամ չէի, բայց նաև իմ ծնողների կրոնի լիարժեք մասնակիցը չէի:
Նիկոլը սիրալիր հուշեց ինձ աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես երբեք բարձրաձայն չէի աղոթել, այնպես որ ես գաղափար չունեի, թե ինչ պետք է ասեի: Բայց ես ուղղակի դուրս եկա և սկսեցի խոսել: Ես հարցրի Աստծուն՝ արդյոք Նիկոլի եկեղեցին ինձ համար նույնպես ճիշտ եկեղեցի է: Հենց որ ավարտեցի աղոթքս, սարսուռ զգացի ամբողջ մարմնում: Ինչ-որ կերպ ես առանց կասկածի իմացա, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և այս Եկեղեցին ճիշտ էր ինձ համար:
Ես մոտ 15 տարեկան էի, երբ ստացա այս վկայությունը: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում ես հավատում էի, չնայած ծնողներս հետաքրքրված չէին Եկեղեցով: Բայց ես միայնակ չէի իմ հավատքում, քանի որ Նիկոլը դեռ իմ կողքին էր և աջակցում էր ինձ:
Նոր հավատք, նոր հարցեր
Ավագ դպրոցն ավարտելուց հետո ես տեղափոխվեցի ԱՄՆ-ի Յուտա նահանգ: Նիկոլն արդեն այնտեղ էր, և անհամբեր սպասում էր ինձ, որպեսզի ես սկսեի անցնել միսոներական դասերը: Ես ծրագրել էի մկրտվել իմ 19-րդ ծննդյան օրը` ուղիղ վեց շաբաթ հետո, և Նիկոլը հավաստիացրեց ինձ, որ նա այդ ամբողջ ընթացքում ինձ հետ կլիներ:
Երբ միսիոներները սկսեցին ուսուցանել ինձ, ես շուտով հասկացա, թե իրականում որքան քիչ բան գիտեի Եկեղեցու մասին: Ես կարդացել ու սիրել էի Մորմոնի Գիրքը, բայց հանկարծ նրանք պատմում էին ինձ Սուրբ Հոգու պարգևի մասին, փրկության ծրագրի մասին, Աստծո նման դառնալու և շատ այլ նոր բաների մասին: Բոլորը միանգամից յուրացնելու համար դա չափազանց շատ էր:
Բայց Նիկոլն ինձ լավ էր ճանաչում: Երեցների ուսուցանածը նա բացատրում էր այնպիսի եղանակով, որը հասկանալի էր ինձ համար: Այդ առաջին դասերի ընթացքում նրա համբերատար բացատրություններն էին պատճառը, որ ես շարունակեցի:
Վերջապես ես պատկանում եմ Տիրոջը և Նրա Եկեղեցուն
Նիկոլը շարունակում էր հոգևորապես աջակցել ինձ մինչև այն օրը, երբ ես մկրտվեցի, ու նաև դրանից հետո: Նա օգնեց ծխի անդամներին և միսիոներներին ծրագրել, որպեսզի ես կարողանայի մկրտվել իմ 19-րդ ծննդյան օրը: Երբ ես դուրս եկա ջրից և տեսա, որ տասնյակ մարդիկ ժպտալով ինձ էին նայում, ես ինձ արդեն այնքան էլ միայնակ չէի զգում: Ես երբեք չեմ մոռանա այդ զգացումը, որ ես վերջապես պատկանում եմ Տիրոջը և Նրա Եկեղեցուն:
Ես դեռևս սովորում եմ Նիկոլի հետևողական հավատքից և ընկերությունից: Ի սկզբանե նա ինձ ցույց տվեց, որ միսիոներական աշխատանքը չի պահանջում անվանանշան: Նիկոլի միսիոներական աշխատանքը սկսվեց նրա սրտից, երբ նա օգնության ձեռք մեկնեց հարավից եկած մի աղջկա, ով ժպիտի կարիք ուներ:
Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):