2022
Գտնել Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանում
Հունվար 2022 թ․


«Գտնել Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանում», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ․։

Եկ, հետևիր ինձ

Գտնել Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանում

Ահա երեք եղանակներ, որոնցով դուք կարող եք փնտրել Փրկիչին, երբ ուսումնասիրեք Հին Կտակարանը այս տարի:

Նկար
Հիսուս Քրիստոս

Փոքրիկ վիկտորինա. Սուրբ գրությունների ո՞ր գրքերն են Հիսուս Քրիստոսի մասին։ Հըմ: Եկեք տեսնենք.

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Նրա մասին:

Վարդապետություն և Ուխտերը Նրա կողմից Ջոզեֆ Սմիթին և այլ մարգարեներին տրված ուղերձների հավաքածու է:

Նոր Կտակարանը նկարագրում է Նրա կյանքի իրադարձությունները:

Իսկ ի՞նչ կասեք Հին Կտակարանի մասին: Արդյո՞ք այն ևս ուսուցանում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Այո՜: Փաստորեն, Փրկիչը հավելյալ ջանքեր գործադրեց՝ օգնելով Իր աշակերտներին հասկանալ Իր դերը Հին Կտակարանում. «Եվ սկսելով Մովսէսիցը և բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց` ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին» (Ղուկաս 24.27):

Ահա երեք եղանակներ, որոնցով կարող եք գտնել Հիսուս Քրիստոսին, երբ հետազոտեք Հին Կտակարանը այս տարի:

1. Սուրբ գրություններ, որոնք խոսում են Հիսուս Քրիստոսի մասին՝ օգտագործելով այլ անուններ

Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսը հաճախ կոչվում է «Տեր» կամ «Աստված»: Եկեղեցու կողմից հրատարակված Աստվածաշնչի տարբերակները ներառում են ծանոթագրություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե երբ է հատվածը վերաբերում Հիսուս Քրիստոսին: Օրինակ, երբ Մովսեսը խոսում էր Աստծո հետ, ով երևաց նրան այրվող մորենու միջից (տես Ելից 3.6), ծանոթագրությունները պարզաբանում են, որ նա խոսում էր Փրկիչի հետ:1 Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խրախուսել է մեզ ուսումնասիրել Քրիստոսի տարբեր անունները և կոչումները, որոնք օգտագործվում են սուրբ գրություններում:2

2. Երևույթներ և իրադարձություններ, որոնք հիշեցնում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին

Հին Կտակարանի շատ սուրբ գրությունների հատվածներ ներառում են խորհրդանիշներ, որոնք կարող են մեզ ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին և հիշեցնել մեզ այն օգնության մասին, որ Նա է առաջարկում մեզ: Օրինակ.

  • Շատ սուրբ գրություններ նկարագրում են ժամանակներ, որտեղ հավատարիմ մարդկանց պատվիրվել է զոհաբերել կենդանիներ՝ որպես իրենց երկրպագության մաս: Օրինակ, եթե Իսրայելի զավակները իրենց դռան վրա նշան էին անում գառան արյունով, նրանք պաշտպանվում էին սոսկալի ժանտախտից: Այդ զոհաբերությունները հիշեցնում են մեզ, որ Հիսուս Քրիստոսը թույլ տվեց, որ Իրեն սպանեն՝ որպես Իր Քավության մաս՝ հոգևոր և ֆիզիկական մահը հաղթահարելու համար: (Տես Ելից 12.13:)

  • Մի անգամ Եղիա անունով մի մարգարե ստիպված էր թաքնվել անապատում: Նա վշտացած էր և ասաց, որ ցանկանում էր մեռնել: Երբ նա քնած էր, հրաշքով հաց ու ջուր հայտնվեց, որը բավականին զորացրեց նրա ֆիզիկական և զգացմունքային վիճակը, որպեսզի դիմանար: Սա կարող է հիշեցնել մեզ, որ Հիսուս Քրիստոսը Կենդանի Ջուրն է և Կյանքի Հացը՝ հույսի և կյանքի հիմնական աղբյուրը: (Տես Գ Թագավորաց 19․1-8։)

  • «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար» գրել է մի սաղմոսող (Սաղմոս 119.105): Իսկ Միքիան վկայել է. «Թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ կլինի լոյս» (Միքիա 7.8): Նրանց խոսքերը հիշեցնում են մեզ, որ Հիսուս Քրիստոսն է Աշխարհի Լույսը, ով առաջնորդում է մեզ հետ` դեպի մեր երկնային տունը:

Երբ կարդաք, դուք կարող եք նույնիսկ հայտնաբերել այլ բաներ, որոնք հիշեցնում են ձեզ Հիսուս Քրիստոսի և մեզ փրկելու Նրա ունակության մասին: Օրինակ, երբ Նոյի ընտանիքը ջրհեղեղից փրկվեց տապանում կամ, երբ Հովնանին ժամանակ տրվեց ապաշխարել, մինչ նա կետի փորի մեջ էր: Այդ իրադարձությունները կարող են հիշեցնել մեզ, որ Փրկիչը կարող է մեզ տանել կյանքի փոթորիկների միջով և հնարավորություններ տալ հետ դառնալ ճիշտ ուղու վրա: (Տես Ծննդոց 7․1, Հովնան 1.17):

3. Հատվածներ, որոնցում մարգարեություններ կան Հիսուս Քրիստոսի մասին

Այսօր մենք անհամբեր սպասում և պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Նույն կերպ Հին Կտակարանի մարգարեներն անհամբեր սպասում էին և գրում էին Նրա առաջին գալուստի մասին, երբ Նա ծնվեց Երկրի վրա: Օրինակ.

  • Մի մարգարե Բաղաամ անունով նկարագրեց, թե ինչպես «Յակոբից մէկ աստղ է ծագում» (Թվոց 24.17): Սա նշանակում է, որ Փրկիչը ծնվելու էր Հակոբի տոհմից (կամ Իսրայելից):

  • Մի մարգարե Նաթան անունով ասաց Դավիթ թագավորին, որ Հիսուս Քրիստոսը կլինի Դավթի հետնորդներից մեկը, որ նրա տոհմը կհաստատի «նորա թագաւորութեան աթոռը յաւիտեան» (Բ Թագավորաց 7.13):

  • Մարգարե Եսայիան Հին Կտակարանում գրել է Փրկիչի մասին մի քանի ամենահայտնի նկարագրությունները: Նրա որոշ խոսքերն օգտագործվել են Հենդելի Մեսիա ստեղծագործության մեջ, որը հաճախ երգում են Սուրբ ծննդյան տոներին: (Տես Եսայիա 7, 9, 40, 53:)

Նկար
լապտերով սուրբ գրությունները կարդացող աղջիկ

Մի փոքր վարժվելով՝ դուք կկարողանաք գտնել Հիսուս Քրիստոսին ողջ Հին Կատակարանում այս տարի: Նա սիրում է ձեզ հատուկ ձևով, ինչպես Նա սիրում էր Ադամին ու Եվային, Ահարոնին և Մարիամին3և շատ ուրիշների, ում Նա անձնապես ծառայեց այդ հնադարյան, ոգեշնչող պատմություններում: Հավատքով առ Հիսուս Քրիստոս և միմյանց օգնելով՝ սա կլինի սուրբ գրությունների ուսումնասիրության հիանալի տարի:

Տպել