2022
Ուրախության ճարտարագետը
Հունվար 2022 թ․


«Ուրախության ճարտարագետը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։

Ուրախության ճարտարագետը

Գերմանիայից այս երիտասարդը բոլոր վայրերում գտնում է գիտելիք, գեղեցկություն և ուրախություն, և երբ գտնում է դրանք, կիսվում է դրանցով:

երիտասարդ տղա

Պատրիկն աշխատում է ավտոմեքենայի շարժիչի իր մոդելի վրա:

Լուսանկարները` Ջուլիան Կլեմի

Պատրիկ Լ., 16 տարեկան, Բավարիայից (Գերմանիա): Նա ասում է՝ դպրոցում իր սիրելի առարկաներն են` մաթեմատիկան, ֆիզիկան և քիմիան: Փաստորեն, նա այնքան շատ է սիրում գիտությունը, որ ցանկանում է դրանով կիսվել ուրիշների հետ` գրելով գիրք ֆիզիկայի մասին (ավելի ճիշտ թերմոդինամիկայի և մագնիսականության մասին):

Նա ցանկանում է ճարտարագետ դառնալ և զարգացնել տեխնիկական սարքավորումները, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային շարժիչները: (Ի դեպ, BMW և Audi ավտոարտադրողների վարչության գրասենյակները ընդամենը մեկ և մեկուկես ժամ հեռավորության վրա են նրա բնակության վայրից:)

Բայց գիտությունը միակ ոլորտը չէ, որտեղ Պատրիկը ոգևորիչ և հետաքրքրաշարժ բաներ է գտնում:

Գիտություն և երևակայություն

Այո, Պատրիկը մեծ սեր ունի գիտության հանդեպ, բայց նրա հետաքրքրությունները տարածվում են սառը, չոր փաստերից և բանաձևերից այն կողմ:

«Ես գիրք եմ գրել եմ ֆիզիկայի մասին, բայց այժմ մի գիրք եմ գրում ֆանտաստիկայի ժանրից»,- բացատրում է նա: «Գիրքը, որը ես գրում եմ, կախարդական արարածների և նրանց աշխարհի մասին է: Եվ հետո կան մի քանի երիտասարդներ, ովքեր լուծում են խնդիրները»:

Այս վերջին կողմնակի նախագիծը ոգեշնչված էր ֆանտաստիկ վեպերի հանդեպ Պատրիկի սիրուց, ինչպիսիք են՝ Հարի Փոթերի և Փերսի Ջեքսոնի շարքերը: Գրքեր գրելը մի բան էր, որով Պատրիկը տարվեց, երբ նրա քեռին ասաց նրան, թե դա որքան զվարճալի կարող է լինել: «Նա վարակեց ինձ իր ուրախությամբ»,- ասում է Պատրիկը:

երիտասարդ տղան՝ գիրքը ձեռքին

Այդ վարակիչ ուրախությունը Պատրիկին մղեց վերցնել այն, ինչ նա սովորել էր ֆիզիկական աշխարհի կանոնների և իրավիճակների մասին, և գիրք գրել դրանց վերաբերյալ: Այն ստիպեց նրան ստեղծել նաև մի սքանչելի ֆանտաստիկ պատմություն: Եվ այստեղ հակասություն չկա: Պատրիկը կարծես գիտի, որ ճշմարտությունը, գեղեցկությունն ու ուրախությունը հնարավոր է գտնել շատ վայրերում: Եվ նա ուզում է գտնել, ստեղծել ու կիսվել դրանցով, որտեղ էլ դրանք լինեն:

Բնական աշխարհը

Պատրիկը շատ լավ է հասկանում ֆիզիկական աշխարհի օրենքները: Բայց նա նաև նայում է փաստերից այն կողմ` այնտեղ տեսնելով գեղեցկություն:

«Ես ապրում եմ անտառի մոտ»,- ասում է նա: «Դա փոքրիկ քաղաքում ապրելու առավելություններից է, դուք կարող եք արագ մտնել անտառ և խաղաղություն գտնել այնտեղ»:

գերմանական քաղաքի տեսարան

Նա սիրում է անտառային արահետները՝ արշավի կամ հատկապես հեծանիվ վարելու համար: «ես սիրում եմ հեծանիվ քշել: Դա իմ սիրելի զբաղմունքներից է»,- ասում է նա: «Ես շատ եմ քշում: Մի անգամ երկու շաբաթում ես քշեցի 1200 կիլոմետր [745 մղոն]»:

երիտասարդ տղան հեծանիվի հետ

Գիտությունը ոգեշնչում է Պատրիկի միտքը, իսկ աղոթքը ոգեշնչում է նրա հոգին: «Ես ամուր վկայություն ունեմ աղոթքի մասին»,- ասում է նա: «Դուք կարող եք [Երկնային Հոր] հետ խոսել ամենուրեք»:

Երբեմն նա սիրում է արշավի գնալ կամ հեծանիվ քշել անտառում իր ամբողջ ընտանիքի հետ (մայրիկի, հայրիկի, երկու փոքր եղբայրների և երկու փոքր քույրերի հետ) կամ ուղղակի հայրիկի հետ: Հաճախ նա մենակ է գնում: Բայց բնության մեջ նա միշտ խաղաղություն ու գեղեցկություն է գտնում:

հեծանիվ վարող երիտասարդ տղա

«Արևածագը հատկապես գեղեցիկ է այս տեղերում»,- ասում է նա: «Երբեմն դուք կարող եք տեսնել Ալպիական լեռներն այստեղից, չնայած դրանք շատ հեռու են: Եվ երբ արևը ծագում է, դրա պատկերը, կարծես, արտացոլվում է, և լեռների հետ դուք տեսնում եք այս շքեղ կարմիր երկինքը, և այն իսկապես գեղեցիկ է»:

Մեկ այլ տեսակի գիտելիք

Բացի բնական գիտության փաստերից և բնական աշխարհի գեղեցկություններից, Պատրիկը գնահատում է նաև ճշմարտությունը՝ այնպիսի ճշմարտությունը, որը կարելի է գտնել միայն աղոթքի միջոցով:

երիտասարդ տղամարդ՝ ավտոմեքենայի շարժիչի մոդելով

«Ես ամուր վկայություն ունեմ աղոթքի մասին»,- ասում է Պատրիկը: «Ծնկի եմ իջնում, ծալում եմ ձեռքերս, խաղաղություն ու հանգիստ եմ ձեռք բերում, իսկ հետո աղոթում եմ: Դա այն է, ինչի մասին ես ամենամեծ վկայությունն ունեմ»:

Նա բացատրում է, որ իր վկայությունը մասնավորապես գալիս է մի բանից, որն իրեն ասվել է իր հայրապետական օրհնության մեջ: «Այն ասում է, որ ես միշտ պետք է հիշեմ, որ Երկնային Հայրը ընդամենը մի աղոթքի հեռավորության վրա է ինձանից», - ասում է նա: «Դուք կարող եք խոսել Նրա հետ ամենուրեք: Նա ձեզ հետ է ամենուրեք, և դուք կարող եք պատասխաններ ստանալ ամենուրեք»:

Նա ասում է, որ աղոթքի պատասխաններ ստանալու իր փորձը մեծանում է, երբ ինքը որոշակի քայլեր է ձեռնարկում: «Ես Սուրբ Հոգին այնքան ուժգին եմ զգում որոշ աղոթքների դեպքում: Երբ ես գիտակցաբար նպատակներ եմ դնում, գիտակցաբար հարցեր եմ ուղղում, գիտակցաբար նստում և գործում եմ, ինչպես ասվում է սուրբ գրություններում, և սպասում եմ ու ժամանակ ներդնում, երբ ինձ հաջողվում է դա անել, ես միշտ ամուր վկայություն եմ ունենում և զգում եմ Սուրբ Հոգին»:

Պատրիկը հիշում է, թե ինչպես մի անգամ ինքը հղեց այդպիսի մի հատուկ աղոթք: «Մենք շատ ենք խոսում Ջոզեֆ Սմիթի մասին, թե նա ինչպես 14 տարեկանում աղոթեց և ստացավ պատասխան»,- ասում է նա: «Ուստի ես նստեցի, ես նույնիսկ գնացի անտառ, և աղոթեցի: Եվ պատասխան ստացա: Ես այդ ժամանակ երջանիկ էի: Եվ դա զորացրեց իմ վկայությունը»:

Նա կիսվում է իր իմացածով

Պատրիկը ձգտում է կիսվել՝ ինչպես իր գիտական գիտելիքներով և ստեղծագործական երևակայությամբ, այնպես էլ հոգևոր գիտելիքներով:

12 տարեկանից նա ժամանակ է տրամադրել՝ օգնելով լիաժամկետ միսիոներներին: Մի անգամ նա իր տուն հրավիրեց մի ընկերոջ՝ ստանալու միսիոներական դասերը: «Մենք խոսեցինք Վերականգնման մասին: Նա հետաքրքրվեց: Նա ուշադիր լսում էր, մասնակցում և կարդում էր սուրբ գրություններից: Մենք կարդացինք Հակոբոս 1.5-ը, որը կարդացել էր նաև Ջոզեֆ Սմիթը: Եվ ես նրան խնդրեցի կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմությունից: Նա իսկապես հետաքրքրված էր»։

Նրա դասընկերները դպրոցում հարգում են նրա հավատքը: «Եկեղեցին հալածելու փոխարեն նրանք աջակցում են»,- ասում է նա: Նույնիսկ դպրոցի կրոնի դասարանի ուսուցիչն է աջակցում նրան: «Նա մտածում է՝ հրաշալի է, որ ես հավատք ունեմ Աստծո հանդեպ, և նույնիսկ օգնում է ինձ հասնել իմ նպատակներին»:

Երբ Պատրիկն ավարտի դպրոցը և որակավորվի համալսարանում սովորելու համար, նա նաև ծրագրում է լիաժամկետ միսիա ծառայել: «Ես հավանաբար կպատրաստվեմ՝ կարդալով Քարոզիր Իմ Ավետարանը», - ասում է նա: «Ես ուզում եմ տեղյակ լինել իրադարձություններից, կարդալ, սովորել դասերս ու նաև շատ ժամանակ անցկացնել միսիոներների հետ:

երիտասարդ տղամարդը նկարում և գրում է

Պատրիկը սիրում է սնուցել իր երևակայությունը: Նա նույնիսկ ֆանտաստիկ ժանրի գիրք է գրում:

Բարեհամբավ

Պատրիկը սովորել է, որ կան շատ բաներ, որոնք «առաքինի են, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի», ուստի նա ձգտում է այդ ամենին (Հավատո Հանգանակ 1.13): Եվ երբ նա գտնում է դրանք, կիսվում է դրանցով:

Լինի դա գիտության, երևակայության կամ բնության ասպարեզում, նա ուր որ շրջվում է, գտնում է հետաքրքրաշարժ գիտելիքներ և վսեմ գեղեցկություն: Եվ Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ իր հարաբերությունների միջոցով նա գտնում է բարձրագույն գիտելիքը, գեղեցկությունը և ճշմարտությունը: