Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս
Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք հոգևոր սնունդ ստացանք այս անցած երկու օրերի ընթացքում։ Երգչախմբի երաժշտությունը հիանալի էր։ Ելույթ ունեցողները գործիքներ էին Տիրոջ համար։ Ես աղոթում եմ, որ դուք փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, մինչ կուսումնասիրեք այս ամբիոնից ուսուցանված ճշմարտությունները և կխորհեք դրանց շուրջ։ Դրանք իսկապես ուղարկվել են երկնքից։
Ուղիղ մեկ շաբաթ հետո Զատիկի կիրակին է։ Հիսուս Քրիստոսի հետևորդների համար այն ամենակարևոր կրոնական ծիսակարգն է։ Սուրբ ծնունդը նշելու մեր հիմնական պատճառը Զատիկն է։ Եկ, հետևիր ինձ ծրագրի այս շաբաթվա դասը կհուշի ձեզ ուսումնասիրել Փրկչի հաղթական մուտքը Երուսաղեմ, Նրա կողմից տաճարի մաքրումը, Նրա տառապանքը Գեթսեմանիի պարտեզում, Նրա Խաչելությունը, Նրա փառավոր Հարությունը և Նրա հետագա հայտնությունները Իր հետևորդներին։1
Վայելեք այս սուրբ հատվածները և գտեք ուղիներ՝ ամեն կերպ շնորհակալություն հայտնելու մեր Երկնային Հորը Իր Միածին Որդուն մեզ ուղարկելու համար։2 Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և ներվել մեր մեղքերի համար։ Նրա շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի։
Ես նաև հրավիրում եմ ձեզ նորից ուսումնասիրել Ամերիկա մայրցամաքում նեփիացիներին Փրկչի հայտնվելու պատմությունը, ինչպես տրված է 3 Նեփիում։ Այդ հայտնությունից ոչ շատ առաջ Նրա ձայնը լսվեց մարդկանց մեջ, ներառելով հետևյալ աղերսը․
«Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ:
… Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ»։3
Թանկագին եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսն այդ նույն հրավերն է ուղղում ձեզ այսօր։ Ես աղերսում եմ ձեզ գալ Նրա մոտ, որպեսզի Նա կարողանա բժշկել ձեզ։ Նա կբժշկի ձեզ մեղքից, եթե դուք ապաշխարեք։ Նա կբժշկի ձեզ տխրությունից և վախից։ Նա կբժշկի ձեզ այս աշխարհի հասցրած վերքերից։
Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող և զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան։
Հիսուս Քրիստոսն է պատճառը, որ մենք տաճարներ ենք կառուցում։ Յուրաքանչյուրը Նրա սուրբ տունն է։ Ուխտեր կապելը և տաճարում հիմնական արարողությունները ստանալը, ինչպես նաև այնտեղ Նրան ավելի մոտենալու ձգտումը կօրհնի ձեր կյանքը այնպես, ինչպես ոչ մի այլ տեսակի երկրպագություն չի կարող։ Այդ իսկ պատճառով մեր ուժերի սահմաններում մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տաճարի օրհնություններն ավելի հասանելի դարձնենք մեր անդամներին ամբողջ աշխարհում։ Այսօր ես երախտագիտությամբ հայտարարում եմ մեր ծրագրերը՝ հետևյալ վայրերից յուրաքանչյուրում նոր տաճար կառուցելու վերաբերյալ․
-
Ռետալուլեյ (Գվատեմալա)
-
Իքուիտոս (Պերու)
-
Թերեզինա (Բրազիլիա)
-
Նատալ (Բրազիլիա)
-
Տուգեգարաո (Ֆիլիպիններ)
-
Իլոյլո (Ֆիլիպիններ)
-
Ջակարտա (Ինդոնեզիա)
-
Համբուրգ (Գերմանիա)
-
Լեթբրիջ, Ալբերտա (Կանադա)
-
Սան Խոսե (Կալիֆորնիա)
-
Բեյկերսֆիլդ (Կալիֆորնիա)
-
Սփրինգֆիլդ (Միսսուրի)
-
Շառլոտ (Հյուսիսային Կարոլինա)
-
Վինչեստեր (Վիրջինիա)
-
Հարիսբուրգ (Փենսիլվանիա)
Թանկագին եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցու գործերը։ Ես վկայում եմ, որ Նրան հետևելը հարատև երջանկության հասնելու միակ ճանապարհն է։ Ես գիտեմ, որ Նրա զորությունն իջնում է Իր ուխտը պահող ժողովրդի վրա՝ «զինված արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»։4 Այս ամենը ես վկայում եմ՝ իմ սերն ու օրհնությունը թողնելով ձեզանից յուրաքանչյուրի հետ, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։