2014
«Միթէ ե՞ս եմ, Տէր»
Նոյեմբեր 2014


«Միթէ ե՞ս եմ, Տէր»

Մենք պետք է մի կողմ դնենք մեր ամբարտավանությունը, նայենք մեր ունայնությունից անդին ու խոնարհությամբ հարցնենք. «Միթէ ե՞ս եմ, Տէր»

Մեր սիրելի Փրկչի մահկանացու վերջին գիշերն էր՝ երեկոն, որից հետո նա իրեն որպես փրկագին զոհաբերելու էր ողջ մարդկության համար: Իր աշակերտների հետ հաց կտրելիս նա ասաց մի բան, որը պետք է որ մեծ տագնապով ու խորը տխրությամբ լցրած լիներ նրանց սրտերը: «Ձեզանից մէկը կ’մատնէ ինձ»,- ասաց Նա նրանց:

Աշակերտները կասկածի տակ չառան նրա ասած ճշմարտությունը: Ոչ էլ նայեցին շուրջը, մեկ ուրիշին ցույց տալով ու հարցնելով. «Մի՞թե նա է»:

Փոխարենը, նրանք ամեն մեկը «շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմՏէր»:1

Հետաքրքիր է, թե ինչ կանեինք յուրաքանչյուրս, եթե Փրկիչը մեզ տար այդ հարցը: Մի՞թե մենք կնայեինք մեր շուրջը և մեր սրտում կասեինք «Նա, հավանաբար, խոսում է եղբայր Ջոնսոնի մասին: Ես միշտ զարմացած եմ նրա վրա» կամ «Ուրախ եմ, որ եղբայր Բրաունն այստեղ է: Նա, իրոք, պետք է լսի այս ուղերձը»: Թե՞ մենք, հին աշակերտների նման, կնայեինք մեր ներսը և կտայինք այդ խորաթափանց հարցը. «Մի՞թե ես եմ»:

Այս պարզ խոսքերում՝ «Միթէ ե՞ս եմ, Տէր», թաքնված է իմաստության սկիզբը և անձնական դարձի ու հարատև փոփոխության ուղին:

Խտուտիկների առակը

Մի մարդ կար, ով սիրում էր երեկոյան զբոսնել իր տան հարևանությամբ: Նա մասնավորապես անհամբեր սպասում էր քայլել իր հարևանի տան մոտով: Այդ հարևանն իր սիզամարգը կատարելապես ձեռնահարդարված էր պահում, ծաղիկները միշտ ծաղկած էին, ծառերը առողջ էին ու փարթամ: Ակնհայտ էր, որ հարևանը ջանք չէր խնայում գեղեցիկ մարգագետին ունենալ:

Բայց մի օր, երբ տղամարդն անցնում էր իր հարևանի տան մոտով, նա այս գեղեցիկ սիզամարգի մեջտեղում նկատեց մի հսկայական դեղին խտուտիկի մոլախոտ:

Այն շատ անտեղի երևաց ու զարմացրեց նրան. Ինչո՞ւ չէր իր հարևանն այն քաղհանում: Մի՞թե նա չէր տեսնում այն: Արդյոք նա չգիտի՞, որ խտուտիկը կարող է սերմերը թափել և տասնյակ լրացուցիչ մոլախոտեր կծլեն:

Այդ լքված խտուտիկը նկարագրությունից վեր անհանգստացրել էր նրան, և նա ուզում էր ինչ-որ բան արած լիներ: Գուցե պարզապես մաքրե՞լ այն: Կամ սրսկել մոլախոտերի թունաքիմիկատով: Եթե նա գիշերվա քողի տակ գար, ապա կարող էր այն գաղտնի քաղհանել:

Այս մտքերով համակված՝ նա քայլեց դեպի իր տուն: Նա ներս մտավ տուն առանց իր առջևի բակի վրա ուշադրություն դարձնելու, որը ծածկված էր հարյուրավոր դեղին խտուտիկներով:

Գերանն ու շյուղը

Այս պատմությունը մեզ հիշեցնո՞ւմ է Փրկչի խոսքերը:

«Եվ ինչո՞ւ եք տեսնում շյուղը, որը ձեր եղբոր աչքում է, բայց չեք նկատում գերանը, որ ձեր սեփական աչքում է … .

Դո՛ւ, կեղծավոր, նախ հանիր գերանը քո սեփական աչքից. և ապա հստակ կտեսնես շյուղը՝ քո եղբոր աչքից հանելու համար»:2

Գերանի ու շյուղի այդ գործը կարծես թե սերտորեն կապված է մեզ պարզորոշ դիտելու անկարողության հետ: Չգիտեմ, որն է պատճառը, որ ուրիշների հիվանդություններն ախտորոշելիս ու բուժում առաջարկելիս մենք շատ ունակ ենք, մինչդեռ մեր հիվանդությունները հաճախ դժվարությամբ ենք տեսնում:

Տարիներ առաջ նորությունների հաղորդում կար մի մարդու մասին, ով հավատացել էր, որ եթե կիտրոնի հյութ քսի իր դեմքին, ապա տեսախցիկների համար անտեսանելի կլինի: Այդպես, նա դեմքն ամբողջությամբ կիտրոնի հյութ էր քսել և գնացել ու երկու բանկ էր թալանել: Ոչ շատ անց, երբ նրա դեմքը երեկոյան նորություններում հեռարձակվել էր, նրան ձերբակալել էին: Երբ ոստիկանությունը նրա դեմքը ցույց էր տվել անվտանգության տեսախցիկների տեսանյութերում, նա չէր հավատացել իր աչքերին և բողոքել էր. «Բայց ես կիտրոնի հյութ էի քսել դեմքիս»:3

Երբ Քորնելի համալսարանի մի գիտնական լսել էր այդ պատմությունը, նա զարմացել էր, որ մարդ կարող է այդ աստիճանի անիրազեկ լինել իր անկարողության վերաբերյալ: Որպեսզի պարզաբանի, թե արդյոք դա համընդհանուր խնդիր է, երկու հետազոտողներ հրավիրեցին քոլեջի ուսանողների՝ մասնակցելու կյանքի տարբեր հմտությունների վերաբերյալ մի շարք թեստերի և խնդրեցին գնահատել իրենց արդյունքները: Այն ուսանողները, ովքեր վատ էին կատարել աշխատանքը, առավելապես թերի էին գնահատել իրենց հմտությունները, ոմանք իրենց գնահատելով իրենց իրական հմտություններից հինգ անգամ ավելի բարձր:4

Այս ուսումնասիրությունը կրկնօրինակվել էին բազմաթիվ եղանակներով՝ կրկին ու կրկին հանգելով նույն եզրակացության, որ մեզանից շատերը դժվարանում են իրենց տեսնել այնպիսին, ինչպիսին իրականում կան, և նույնիսկ հաջողակ մարդիկ գերագնահատում են իրենց կատարած ներդրումը և թերագնահատում ուրիշների ներդրումները:5

Հնարավոր է այդքան էական չլինի մեզ գերագնահատելը ավտոմեքենա վարելու կամ գոլֆի գնդակը հեռու գցելու հարցում: Բայց երբ մենք սկսում ենք հավատալ, որ տանը, աշխատանքի վայրում կամ եկեղեցում կատարած մեր ներդրումն իրականից ավելին է, մենք կուրորեն մեզ զրկում ենք կարևոր ու նշանակալից ձևերով մեզ բարելավելու օրհնություններից ու հնարավորություններից:

Հոգևոր անտեսանելի կետերը

Ծանոթներիցս մեկը նախկինում ապրում էր մի ծխում, որը վիճակագրության ամենաբարձր տվյալներն ուներ եկեղեցում՝ հաճախելիությունը բարձր էր, տնային ուսուցման թվերը բարձր էին, երեխաներն իրենց միշտ լավ էին պահում, ծխի ճաշկերույթներին աներևակայելի սնունդ կար, որն անդամները հազվադեպ էին ժողովատան հատակին թափում, և կարծում եմ, եկեղեցական պարահանդեսների ժամանակ երբեք վիճաբանություններ չէր լինում:

Ընկերս իր կնոջ հետ կանչվեց միսիայում ծառայելու: Երեք տարի անց, երբ վերադարձավ, այս զույգը ապշած էր իմանալու, որ իրենց ծառայության տարիներին ծխի ընտանիքներից 11-ն ամուսնալուծվել էին:

Չնայած նրան, որ ծուխն ուներ հավատարմության և ուժի բոլոր արտաքին ցուցումները, ինչ-որ ցավալի բան էր կատարվում անդամների սրտում ու կյանքում: Եվ մտահոգիչն այն է, որ այս իրավիճակը եզակի չէ: Նման սարսափելի և հաճախ անհարկի բաներ են լինում այն ժամանակ, երբ Եկեղեցու անդամները հեռանում են ավետարանի սկզբունքներից: Արտաքուստ նրանք կարող են Հիսուս Քրիստոսի աշակերտների տպավորություն թողնել, բայց ներքուստ նրանց սրտերը հեռացած են իրենց Փրկչից և Նրա ուսմունքներից: Նրանք աստիճանաբար հեռանում են Հոգու բաներից և մոտենում են աշխարհիկ բաներին:

Ժամանակին արժանի համարվող քահանայություն կրողները սկսում են իրենց ասել, որ եկեղեցին լավ բան է կանանց ու երեխաների համար, բայց ոչ իրենց համար: Կամ ոմանք համոզված են, որ իրենց զբաղված աշխատանքային գրաֆիկը կամ եզակի իրավիճակը իրենց ազատում է երկրպագության ու ծառայության ամենօրյա գործողություններից, որոնք իրենց մոտ կպահեն Հոգու ներգործությանը: Ինքնարդարացման ու ինքնասիրահարության այս դարաշրջանում հեշտ է ստեղծագործել ու արդարացնել Աստծոն հաճախ աղոթքով չդիմելու, սուրբ գրությունների ուսումնասիրությունը հետաձգելու, եկեղեցական ժողովներից ու ընտանեկան երեկոներից խուսափելու կամ էլ ազնիվ տասանորդ ու նվիրատվություններ չվճարելու մեր քայլերը:

Իմ սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ, նայեք ներս՝ ձեր սրտին, և տվեք այս հասարակ հարցը. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:

Դուք հեռացե՞լ եք, անգամ փոքր չափով, «Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանից, որը [ձեզ] է վստահվել».6 Մի՞թե դուք թույլ եք տվել, որ «այս աշխարհի աստվածը» կուրացնի ձեր միտքը, «որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ [ձեր] վերայ»:7

Իմ սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ եղբայրներ, հարցրեք ձեզ. «Որտե՞ղ է իմ գանձը»:

Արդյոք ձեր սիրտն այս աշխարհի հեշտասեր բաների վրա է, թե՞ ջանասեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: «Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը»:8

Արդյոք Աստծո Հոգին բնակվո՞ւմ է ձեր սրտում. դուք «արմատացած և հիմնավորվա՞ծ եք» Աստծո և ձեր մերձավորի սիրո մեջ: Դուք բավարար ժամանակ և ստեղծագործական ձիրք նվիրո՞ւմ եք ձեր ամուսնությունն ու ընտանիքը երջանկացնելու համար: Դուք բավական կենսուժ հատկացնո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի «լայնությունը և երկայնությունը և խորությունը և բարձրությունը»9 հասկանալու և ապրելու վսեմ նպատակի համար:

Եղբայրնե՛ր, եթե ձեր մեծ ցանկությունը լինի զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ՝ «հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, եղբայրասիրություն, աստվածայնություն, գթություն, խոնարհություն [և ծառայություն]»,10 Երկնային Հայրը ձեզ գործիք կդարձնի Իր ձեռքում՝ փրկության բերելով բազմաթիվ հոգիների:11

Քննություն անցած կյանքը

Եղբայրնե՛ր, մեզանից ոչ ոք չի սիրում ընդունել, որ շեղվել է ճիշտ ուղուց: Հաճախ մենք փորձում ենք խուսափել խորապես մեր հոգուն նայել և դիմակայել մեր թուլություններին, սահմանափակումներին և մտավախություններին: Ուստի, երբ իսկապես խորաքննում ենք մեր կյանքը, մենք այն դիտում ենք զտիչով, որն անցնում է կողմնակալության, արդարացումների և անարժան մտքերն ու գործողություններն արդարացնելու համար մեզ պատմած պատմությունների միջով:

Բայց մեր իրականությունը հստակ տեսնելու կարողությունը կարևոր է մեր հոգևոր աճի և բարեկեցության համար: Եթե մեր թուլություններն ու թերությունները թաքնված են մնում ստվերում, ապա Փրկչի փրկագնող զորությունը չի կարող բուժել և ուժեղ դարձնել դրանք:12 Ճակատագրի հեգնանքով, մարդկային թուլությունների հանդեպ մեր կուրությունը մեզ կկուրացնի, որ չտեսնենք աստվածային ներուժը, որ մեր Հայրը փափագում է դաստիարակել յուրաքանչյուրիս մեջ:

Այսպիսով, ինչպես կարող ենք Աստծո ճշմարտության մաքուր լույսով լուսավորել մեր հոգին և տեսնենք մեզ այնպես, ինչպես նա է մեզ տեսնում:

Թույլ տվեք ասել, որ սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները արդյունավետ հայելի են, որոնց օգնությամբ կարող ենք քննել մեզ:

Երբ լսում կամ կարդում եք հին և ժամանակակից մարգարեների խոսքերը, մի մտածեք, թե այդ խոսքերն ինչպես են վերաբերում մեկ ուրիշին, այլ տվեք այս պարզ հարցը. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:

Մենք պետք է մոտենանք մեր Երկնային Հորը կոտրված սրտով և դյուրակիրթ մտքով: Մենք պետք է պատրաստ լինենք սովորել և փոխվել: Եվ օ՜, որքան ենք մենք ձեռք բերում, պարտավորվելով ապրել այն կյանքով, որ մեր Երկնային Հայրը ծրագրել է մեզ համար:

Նրանք, ովքեր չեն ցանկանում սովորել և փոխվել, հավանաբար, չեն էլ սովորի և ամենայն հավանականությամբ, կսկսեն կասկածել, թե արդյոք Եկեղեցին ինչ-որ բան ունի իրենց առաջարկելու:

Բայց նրանք, ովքեր ցանկանում են զարգանալ ու առաջադիմել, նրանք, ովքեր սովորում են Փրկչի մասին և ցանկանում են նմանվել Նրան, ովքեր իրենց խոնարհեցնում են ինչպես փոքր երեխա, և ձգտում են Երկնային Հոր հետ ներդաշնակ դարձնել իրենց մտքերն ու գործողությունները, – նրանք կզգան Փրկչի Քավության հրաշքը: Նրանք, անշուշտ, կզգան Աստծո լուսափայլ Հոգին: Նրանք կհամտեսեն աննկարագրելի ուրախություն, որը հեզ ու խոնարհ սրտի պտուղն է: Նրանք օրհնված կլինեն ցանկությամբ և կարգապահությամբ՝ դառնալու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ:

Բարության ուժը

Իմ կյանքի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել շփվել այս աշխարհի առավել բանիմաց և խելացի տղամարդկանցից ու կանանցից մի քանիսի հետ: Երբ երիտասարդ էի, ես տպավորված էի նրանցով, ովքեր կիրթ, կայացած, հաջողակ և ճանաչված էին աշխարհում: Սակայն տարիների ընթացքում, ես եկա այն համոզման, որ ես շատ ավելի տպավորված եմ այն հրաշալի և երանելի հոգիներով, ովքեր իսկապես լավն են ու նենգությունից զուրկ:

Մի՞թե դա չէ ավետարանն ուսուցանում և այդպիսին դարձնում մեզ: Այն բարի լուր է և օգնում է մեզ բարին դառնալ:

Հակոբոս առաքյալի խոսքերն այսօր վերաբերում են մեզ.

«Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս… .

Խոնարհեցէք Տիրոջ առաջին, և նա կ’բարձրացնէ ձեզ»:13

Եղբայրներ, Մենք պետք է մի կողմ դնենք մեր ամբարտավանությունը, նայենք մեր ունայնությունից անդին ու խոնարհությամբ հարցնենք. «Միթէ ե՞ս եմ, Տէր»

Իսկ եթե Տիրոջ պատասխանը լինի «Այո՛, որդիս, կան բաներ, որ քեզ պետք է բարելավել, բաներ, որ ես կարող եմ օգնել քեզ հաղթահարել», ապա իմ աղոթքն է, որ մենք ընդունենք այդ պատասխանը, խոնարհաբար ընդունենք մեր մեղքերն ու թերությունները և ապա փոխենք մեր ուղին, դառնալով ավելի լավ ամուսիններ, ավելի լավ հայրեր և ավելի լավ որդիներ: Թող որ մենք այս պահից ի վեր առաջադիմենք մեր ողջ զորությամբ՝ քայլելու հաստատակամորեն Փրկչի օրհնած ճանապարհով, քանի որ ինքներս մեզ պարզորոշ տեսնելը իմաստության սկիզբն է:

Եթե այդպես վարվենք, մեր լիառատ Աստված ձեռքը բռնած կառաջնորդի մեզ. մենք կզորանանք ու կօրհնվենք բարձրից:14

Իմ սիրելի՛ ընկերներ, աշակերտության սքանչելի ու իմաստալից ուղու առաջին քայլն սկսվում է նրանից, երբ մենք տալիս ենք այս պարզ հարցը.

«Միթէ ե՞ս եմ, Տէր»:

Այդ մասին ես բերում եմ իմ վկայությունը և թողնում եմ ձեզ իմ օրհնությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 26.21–22. շեշտադրումն ավելացված է:

  2. Մատթեոս Է.3, 5:

  3. Տես Errol Morris, “The Anosognosic’s Dilemma: Something’s Wrong but You’ll Never Know What It Is,” New York Times, June 20, 2010, http://opinionator.blogs.nytimes.com/2010/06/20/the-anosognosics-dilemma-1.

  4. Տես Justin Kruger and David Dunning, “Unskilled and Unaware of It: How Difficulties in Recognizing One’s Own Incompetence Lead to Inflated Self-Assessments,” Journal of Personality and Social Psychology, Dec. 1999, 1121–34. «4 ուսումնասիրությունների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են, որ հումորի, քերականության և տրամաբանության թեստերի միավորների մեկ քառորդից ցածր գնահատական ստացած մասնակիցները չափազանց գերագնահատել են իրենց թեստերի արդյունքներն ու իրենց ունակությունները: Չնայած որ նրանց թեստերը արժեր 12 տոկոս, նրանք իրենք իրենց գնահատում էին 62 տոկոս» (from the abstract at psycnet.apa.org/?&fa=main.doiLanding&doi=10.1037/0022–3514.77.6.1121).

  5. Տես Marshall Goldsmith, What Got You Here Won’t Get You There (2007), section one, chapter 3. Հետազոտողը երեք գործընկերի խնդրել էր գնահատել իրենց անձնական ներդրումը կազմակերպության հաջողության գործում: Նրանց ներդրումի ինքնագնահատականը իրական գնահատականից 150 տոկոսով ավելին էր:

  6. Ա Տիմոթեոս Ա.11:

  7. Բ Կորնթացիս Դ.4:

  8. Ղուկաս ԺԲ.34:

  9. Եփեսացիս Գ.18:

  10. Վարդապետություն և Ուխտեր Գ.6:

  11. Տես Ալմա 17.11:

  12. Տես Եթեր 12.27:

  13. Հակոբոս Դ.6, 10:

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.28: