Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին
Ձեր անձնական վկայությունը լույսի և ճշմարտության մասին ոչ միայն կօրհնեն ձեզ և ձեր սերունդներին այս մահկանացու կյանքում, այլ այն կուղեկցի ձեզ նաև ողջ հավերժության ընթացքում:
Որպես ավիաուղիների օդաչու ես շատ ժամեր թռել եմ մայրցամաքների և օվկիանոսների վրայով գիշերվա մթության մեջ: Գիշերային երկինքը իմ օդաչուի խցիկի պատուհանից դիտելը, հատկապես Ծիր Կաթինը, հաճախ ինձ ստիպել է հիանալ Աստծո արարչագործությունների մեծությամբ և խորությամբ, ինչը սուրբ գրությունները նկարագրում են որպես «անթիվ աշխարհներ»:1
Ավելի քիչ, քան մեկ դար առաջ էր, որ աստղագետներից շատերը ենթադրում էին, որ մեր Ծիր Կաթին գալակտիկան տիեզերքի միակ գալակտիկան է:2 Նրանք կարծում էին, որ այն ամենը, ինչ գտնվում էր մեր գալակտիկայից դուրս, անսահման դատարկություն էր, կատարյալ չգոյություն՝ դատարկ, սառը և զուրկ աստղերից, լույսից և կյանքից:
Երբ հեռադիտակներն ավելի արդիական դարձան, ներառյալ այն հեռադիտակները, որոնք կարող էին արձակվել տարածության մեջ, աստղագետները սկսեցին հասկանալ գրեթե անըմբռնելի ճշմարտությունը. տիեզերքն աներևակայելիորեն ավելի մեծ է, քան որևէ մեկը նախկինում կարծել էր, և երկինքները լի են բազմաթիվ գալակտիկաներով, մեզանից աներևակայելիորեն հեռու գտնվող, յուրաքանչյուրը պարունակելով միլիարդավոր աստղեր:3
Շատ կարճ ժամանակահատվածում տիեզերքի վերաբերյալ մեր պատկերացումն ընդմիշտ փոխվեց:
Այսօր մենք կարող ենք տեսնել այս հեռավոր գալակտիկաներից մի քանիսը:4
Մենք գիտենք, որ դրանք այնտեղ են:
Դրանք այնտեղ են եղել շատ երկար ժամանակ:
Սակայն նախքան մարդկությունը կունենար բավականաչափ հզոր գործիքներ երկնային լույսն ի մի բերելու և այս գալակտիկաները տեսանելի դարձնելու համար, մենք չէինք հավատում, որ նման բան կարող էր հնարավոր լինել:
Տիեզերքի անսահմանությունը հանկարծակի չէր փոխվել, սակայն այս ճշմարտությունը տեսնելու և հասկանալու մեր ունակությունը կտրուկ փոխվել էր: Եվ այդ պայծառ լույսի ներքո մարդկությանը ներկայացվեցին փառահեղ տեսարաններ, որոնք նախկինում մենք երբեք չէինք կարող պատկերացնել:
Դժվար է մեզ համար հավատալ այն ամենին, ինչը մենք չենք կարող տեսնել
Պատկերացրեք, որ ձեզ հնարավորություն է տրվել հետ ճամփորդելու ժամանակի մեջ և զրուցելու մարդկանց հետ, ովքեր ապրել են հազար կամ նույնիսկ հարյուր տարի առաջ: Պատկերացրեք, որ փորձում եք նրանց համար նկարագրել ժամանակակից որոշ տեխնոլոգիաներ, որոնք այսօր դուք և ես ընդունում ենք որպես սովորական բաներ: Օրինակ, ի՞նչ կարող էին այս մարդիկ մտածել մեր մասին, եթե մենք նրանց պատմեինք մեծ ինքնաթիռների, միկրոալիքային վառարանի, ձեռքի էլեկտրական սարքավորումների մասին, որոնք ներառում են բազմաթիվ համակարգչային գրադարաններ և մեր երեխաների տեսագրությունները, որոնցով մենք հաճախ կիսվում ենք ողջ աշխարհում գտնվող միլիոնավոր մարդկանց հետ:
Ոմանք միգուցե հավատային մեզ: Շատերը կծաղրեին, կառարկեին կամ նույնիսկ կփորձեին լռեցնել կամ վնասել մեզ: Ոմանք միգուցե փորձեին գործի դնել տրամաբանությունը, դատողությունը և փաստերը, ինչպես որ նրանք գիտեին բաները, որպեսզի ցույց տային, որ մենք մոլորության մեջ ենք ընկել, խենթ ենք կամ նույնիսկ վտանգավոր: Նրանք միգուցե մեղադրեին մեզ, թե փորձում ենք թյուրիմացության մեջ գցել ուրիշներին:
Սակայն. Իհարկե, այս մարդիկ միանգամայն սխալված կլինեին: Նրանք միգուցե բարի մտադրություններ ունենային և անկեղծ լինեին: Նրանք միգուցե միանգամայն համոզված լինեին, որ իրենց տեսակետը ճիշտ է: Սակայն նրանք պարզապես չէին կարող պարզ տեսնել, քանի որ նրանք դեռևս չէին ստացել ճշմարտության ավելի լիարժեք լույս:
Լույսի խոստումը
Թվում է, թե մարդկային բնավորության գիծ է ենթադրելը, որ մենք ճիշտ ենք նույնիսկ այն ժամանակ, երբ մենք սխալ ենք: Եվ եթե դա այդպես է, ի՞նչ հույս կարող է ունենալ մեզանից որևէ մեկը: Արդյո՞ք մեզ վիճակված է աննպատակ թափառել իրար հակասող տեղեկությունների օվկիանոսում, անելանելի դրության մեջ գտնվելով լաստանավում, որը մենք անհաջող կերպով կառուցել ենք՝ իրար միացնելով մեր սեփական նախապատվությունների առանձին մասերը:
Արդյո՞ք հնարավոր է գտնել ճշմարտությունը
Իմ մեկնաբանությունների նպատակն է հայտարարելու բարի լուրը, որ Աստված Ինքը՝ Զորաց Տերը, ով գիտի ողջ ճշմարտությունը, տվել է Իր զավակներին խոստում, որ նրանք կարող են իմանալ ճշմարտությունը:
Խնդրում եմ, խորհեք այս խոստումի կարևորության մասին.
Հավերժական և Ամենակարող Աստվածը՝ այս անսահման տիեզերքի Արարիչը, կխոսի նրանց հետ, ովքեր կխնդրեն Իրեն մաքուր սրտով և անկեղծ միտումով:
Նա կխոսի նրանց հետ երազների, տեսիլքների, մտքերի և զգացմունքների միջոցով:
Նա կխոսի բացահայտ կերպով և մարդկային փորձառությանը գերազանցող եղանակով: Նա կտա նրանց աստվածային առաջնորդություն և պատասխաններ իրենց անձնական կյանքի համար:
Իհարկե կլինեն ոմանք, ովքեր կծաղրեն և կասեն, որ նման բան հնարավոր չէ, որ եթե լիներ Աստված, Նա ավելի լավ բաներ կունենար անելու՝ ամեն անհատի աղոթքները լսելու և դրանց պատասխանելու փոխարեն:
Սակայն ես ձեզ ասում եմ հետևյալը. Աստված մտահոգվում է ձեզ համար: Նա կլսի և Նա կպատասխանի ձեր անձնական հարցերին: Ձեր աղոթքների պատասխանները կգան Նրա ձևով և Նրա ժամանակին, և, ուստի, դուք պետք է սովորեք լսել Նրա ձայնը: Աստված ուզում է, որ դուք գտնեք ձեր ճանապարհը Նրա մոտ վերադառնալու համար, և այդ ճանապարհը Փրկիչն է:5 Աստված ուզում է, որ դուք սովորեք Իր Որդուց՝ Հիսուս Քրիստոսից, և վայելեք մեծ խաղաղություն և երջանկություն, որոնք առաջ են գալիս աստվածային աշակերտության ուղուն հետևելու արդյունքում:
Իմ սիրելի ընկերներ, ահա բավականին պարզ փորձ, որտեղ առկա է Աստծո խոստումը, որը գտնվում է հնադարյան սուրբ գրություններում՝ մատչելի յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար, ով կցանկանա փորձարկել այն.
Առաջինը, դուք պետք է ուսումնասիրեք Աստծո խոսքը: Դա նշանակում է կարդալ սուրբ գրությունները և ուսումնասիրել ինչպես հնադարյան, այնպես էլ ժամանակակից մարգարեների խոսքերը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վերաբերյալ, ոչ թե կասկածելու կամ քննադատելու մտադրությամբ, այլ ճշմարտությունը բացահայտելու անկեղծ ցանկությամբ: Խորհեք այն բաների մասին, ինչ դուք կզգաք և պատրաստեք ձեր մտքերը ճշմարտությունն ընդունելու համար:6 «Նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ … որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին»:7
Երկրորդը, դուք պատք է մտածեք, խորհեք, առանց վախի ջանաք հավատալ,8 և երախտապարտ լինեք, թե որքան ողորմած է եղել Տերն Իր զավակների հանդեպ սկսած Ադամից մինչև մեր օրերը՝ նախապատրաստելով մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, որ առաջնորդեն Իր Եկեղեցին և օգնեն մեզ գտնելու Նրա մոտ վերադառնալու ուղին:
Երրորդը, դուք պետք է խնդրեք ձեր Երկնային Հորը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, հայտնել ձեզ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերյալ: Խնդրեք մաքուր սրտով և անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս:9
Կա նաև չորրորդ քայլ, տրված մեզ Փրկչի կողմից. «Եթէ մէկը կամենում է [Աստծո] կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանից է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խոսում»:10 Այլ կերպ ասած, երբ դուք փորձում եք ճշգրտել ավետարանի սկզբունքների ճշմարտացիությունը, դուք պետք է նախ ապրեք դրանցով: Ավետարանի վարդապետությունը և Եկեղեցու ուսմունքները փորձեք ձեր սեփական կյանքում: Արեք դա անկեղծ միտումով և հարատև հավատքով առ Աստված:
Եթե դուք կանեք այս բաները, դուք խոստում ունեք Աստծուց, ով կապված է Իր խոսքով11, որ Նա հայտնի կդարձնի ձեզ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ: Նա կշորհի ձեզ ավելի մեծ լույս, որը ձեզ թույլ կտա նայելու խավարի միջով և տեսնելու աներևակայելի փառահեղ տեսարաններ, որոնք անտեսանելի են ֆիզիկական աչքի համար:
Ոմանք կարող են ասել, որ քայլերը շատ բարդ են կամ որ չարժե ջանք թափել դրանց համար: Սակայն ես երաշխավորում եմ, որ այս անձնական վկայությունը ավետարանի և Եկեղեցու մասին ամենակարևոր բանն է, որը դուք կարող եք ձեռք բերել այս կյանքում: Այն ոչ միայն կօրհնի և կառաջնորդի ձեզ այս կյանքում, այլ այն նաև իր հետևանքները կթողնի ձեր կյանքում ողջ հավերժության մեջ:
Հոգու բաները կարող են հասկացվել միայն Հոգով
Գիտնականները ջանք չէին խնայում հասկանալու համար տիեզերքի չափերը, մինչև որ գործիքները բավականաչափ կատարելագործվեցին ավելի մեծ լույս հավաքելու համար, որպեսզի նրանք կարողանային հասկանալ ավելի լիարժեք ճշմարտությունը:
Պողոս Առաքյալն ուսուցանել է համարժեք սկզբունք հոգևոր գիտելիքի վերաբերյալ: «Շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում»,- գրել է նա Կորնթացիներին,- «որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»:12
Այլ կերպ ասած, եթե դուք ցանկանում եք հասկանալ հոգևոր ճշմարտությունը, դուք պետք է օգտագործեք ճիշտ գործիքներ: Դուք չեք կարող հասկացողություն ձեռք բերել հոգևոր ճշմարտության մասին գործիքների միջոցով, որոնք անկարող են բացահայտել այն:
Տերը մեզ ասել է մեր օրերում. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»:13
Որքան շատ ենք մենք մեր սրտերն ու մտքերը դեպի Աստված դարձնում, այնքան ավելի շատ երկնային լույս է իջնում մեր հոգիների վրա: Եվ ամեն անգամ, երբ մենք հոժարությամբ ու անկեղծությամբ փնտրում ենք այդ լույսը, մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր պատրաստակամությունը ավելի շատ լույս ստանալու համար: Աստիճանաբար, բաները, որոնք նախկինում աղոտ, խավար և հեռավոր էին թվում, դառնում են պարզ, լուսավոր և ծանոթ մեզ համար:
Նույն կերպ, եթե մենք հեռացնում ենք մեզ ավետարանի լույսից, մեր սեփական լույսը սկսում է աղոտանալ, ոչ թե մեկ օրում կամ մեկ շաբաթում, այլ աստիճանաբար ժամանակի ընթացքում, մինչև որ ետ ենք նայում և չենք կարողանում հասկանալ, թե ինչու ենք մենք երբևէ հավատացել, թե ավետարանը ճշմարիտ է: Մեր նախկին գիտելիքը նույնիսկ կարող է մեզ հիմարություն թվալ, քանի որ այն, ինչը մի ժամանակ շատ պարզ էր, կրկին դառնում է ոչ պարզ, աղոտ և հեռավոր:
Ահա, թե ինչու էր Պողոսը համառորեն պնդում, որ ավետարանի ուղերձը հիմարություն է նրանց համար, ովքեր կորած են, «բայց [նրանց համար, ովքեր փրկված են], Աստուծոյ զօրութիւն է»:14
Չկա փորձաքար
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մի վայր է ամեն տեսակի վկայություն ունեցող մարդկանց համար: Կան Եկեղեցու որոշ անդամներ, ում վկայությունն ամուր է և պայծառ շողում է նրանց մեջ: Ուրիշներն էլ դեռևս ջանում են պարզել իրենց համար: Եկեղեցին տուն է, որտեղ կարող են հավաքվել բոլորը, անկախ մեր վկայության խորությունից կամ ամրությունից: Մեր հավաքատների վրա ես չեմ տեսել, որ գրված լինի. «Ձեր վկայությունը պետք է լինի այսքան ամուր, որպեսզի կարողանաք ներս մտնել»:
Եկեղեցին միայն կատարյալ մարդկանց համար չէ, այլ այն բոլորի համար է, որ «գան Քրիստոսի մոտ և կատարելագործվեն նրանում»:15 Եկեղեցին ձեզ նման և ինձ նման մարդկանց համար է: Եկեղեցին սիրալիր ընդունելության և կրթելու վայր է, ոչ թե բաժանելու կամ քննադատելու վայր: Դա մի վայր է, որտեղ մենք օգնության ենք հասնում մեկս մյուսին քաջալերելու, բարձրացնելու և աջակցելու համար, մինչ մենք հետամուտ ենք լինում աստվածային ճշմարտության մեր անձնական որոնումներին:
Ի վերջո, մենք բոլորս էլ ուխտագնացներ ենք, ովքեր փնտրում են Աստծո լույսը, մինչ մենք ճամփորդում ենք աշակերտության արահետով: Մենք չենք դատապարտում մարդկանց լույսի այն չափի համար, որը նրանք ունեն կամ չունեն. այլ մենք սնուցում և քաջալերում ենք ամեն լույսի, մինչև այն դառնում է ավելի պարզ, պայծառ և ճշմարիտ:
Խոստում բոլորին
Եկեք ընդունենք, որ շատ հաճախ վկայություն ձեռք բերելը մեկ րոպեի, ժամի կամ օրվա խնդիր չէ: Դա տեղի չի ունենում մեկ անգամ և ավարտվում: Հոգևոր լույս փնտրելու գործընթացը ամբողջ կյանքում տևող փնտրտուք է:
Աստծո կենդանի Որդու և Նրա վերականգնված Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին ձեր վկայությունը միգուցե չգա այնքան արագ, որքան դուք եք ցանկանում, սակայն ես խոստանում եմ ձեզ սա. եթե դուք անեք ձեր մասը, այն կգա:
Եվ դա փառահեղ կլինի:
Ես բերում եմ ձեզ իմ անձնական վկայությունը, որ հոգևոր ճշմարտությունը կլցնի ձեր սիրտը և լույս կբերի ձեր հոգուն: Այն ձեզ կտա կատարյալ ընդունակություններ՝ հիանալի երջանկության և երկնային խաղաղության հետ միասին: Ես ինքս ունեցել եմ այս փորձառությունը Սուրբ Հոգու զորությամբ:
Ինչպես խոստանում են հնադարյան սուրբ գրությունները, Աստծո Հոգու աներևակայելի ներկայությունը կստիպի ձեզ երգել քավիչ սիրո երգը,16 բարձրացնել ձեր աչքերը դեպի երկինք և բարձրացնել ձեր ձայնը՝ փառաբանելու Ամենաբարձրյալ Աստծուն, ձեր Ապաստանին, ձեր Հույսին, ձեր Պաշտպանին, ձեր Հորը: Փրկիչը խոստացել է, որ եթե դուք փնտրեք, դուք կգտնեք:17
Ես վկայում եմ, որ դա ճիշտ է: Եթե դուք փնտրեք Աստծո ճշմարտությունը, այն, ինչն այժմ աղոտ է, պարզ չի երևում և հեռվում է, աստիճանաբար հայտնի կդարձվի, պարզ կդառնա և կմոտենա ձեր սրտին Աստծո ողորմության լույսի ներքո: Փառահեղ հոգևոր տեսարաններ, որոնք աներևակայելի են մարդկային աչքի համար, կբացվեն ձեր առջև:
Ես ունեմ վկայություն, որ այս հոգևոր լույսը հասանելի է Աստծո յուրաքանչյուր զավակի համար: Այն կլուսավորի ձեր միտքը և բուժում կբերի ձեր սրտին ու ուրախություն ձեր օրերում: Իմ թանկագին ընկերներ, խնդրում եմ, մի հետաձգեք պահը փնտրելու և ամրացնելու ձեր սեփական անձնական վկայությունը Աստծո աստվածային գործի վերաբերյալ, որը լույսի և ճշմարտության գործ է:
Ձեր անձնական վկայությունը լույսի և ճշմարտության մասին ոչ միայն կօրհնեն ձեզ և ձեր սերունդներին այս մահկանացու կյանքում, այլ այն կուղեկցի ձեզ նաև ողջ հավերժության ընթացքում անվերջ աշխարհներում: Այս ամենի մասին ես վկայում եմ և թողնում ձեզ հետ իմ օրհնությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: