Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն
Աստծո կամքն է, որ մենք ազատ տղամարդիկ և կանայք լինենք՝ հնարավորություն ունենալով հասնել մեր ողջ ներուժին՝ ինչպես աշխարհիկով, այնպես էլ հոգևորով:
Վիլյամ Շեքսպիրի «Հենրի հինգերորդ» պիեսում նկարագրված է անգլիական զինվորների գիշերային մի զրույց, որը տեղի է ունենում Աժինկորտում, նախքան ֆրանսիական բանակի վրա հարձակվելը: Աղոտ լույսի ներքո, մասամբ ծպտված, Հենրի թագավորը առանց իր անձը բացահայտելու շրջում է իր զինվորների մեջ: Նա խոսում է նրանց հետ, փորձելով պարզել իր խիստ փոքրաթիվ բանակի մարտական ոգին և չգիտակցելով, թե ում հետ են խոսում, զինվորները շատ անկեղծ մտքեր են արտահայտում: Մի զրուցի ընթացքում նրանք իմաստաբանում են այն մասին, թե ով է պատասխանատվություն կրում, երբ պատերազմի ժամանակ մարդիկ են մահանում՝ թագավորը, թե զինվորը:
Մի պահ Հենրի թագավորը հայտարարում է. «Ըստ իս, ոչ մի վայրում մահը այնքան բաղձալի չէ ինձ համար, ինչպես թագավորի կողքին, քանի որ նրա գործը արդար է»:
Որին Վիլյամսը պատասխանում է. «Այդ ավելին է, քան թե մենք գիտենք»:
Նրա զորակիցը համաձայնվում է. «Այո՛, և ինչ կարիք կա ավելին գիտենալու ետևից ընկնել: Որովհետև եթե մենք գիտենք, որ մենք թագավորի հպատակներն ենք, այդ արդեն բավական գիտելիք է մեզ համար: Եթե նրա դատը անարդար լինի, մեր հպատակությունը թագավորին դրա հանցանքը սրբում է մեր վրայից»:
Վիլյամսն ավելացնում է. «Իսկ եթե դատն անարդար է, թագավորը ստիպված կլինի շատ մեծ տուգանք վճարել դրա համար»:
Զարմանալի չէ, որ թագավոր Հենրին առարկում է. «Ամեն հպատակի պարտականությունը թագավորին է պատկան, իսկ ամեն հպատակի հոգին՝ իրեն հպատակին»1:
Իր պիեսում Շեքսպիրը չի փորձում լուծել այդ բանավեճը, և նմանատիպ մի բանավեճ՝ թե ով է պատասխանատու մեր կյանքի իրադարձությունների համար, շարունակվում է մինչև մեր ժամանակները:
Երբ մարդու գործերն անհաջող են ընթանում, նա հակված է մեղադրելու ուրիշներին կամ անգամ Աստծուն: Երբեմն արտոնված լինելու զգացում է առաջանում և անհատները կամ խմբերը փորձում են իրենց բարօրության պատասխանատվությունը դնել այլ մարդկանց կամ կառավարությունների վրա: Հոգևոր հարցերում ոմանք ենթադրում են, որ ոչ տղամարդիկ, ոչ էլ կանայք արդարակեցության ձգտելու կարիք չունեն, քանի որ Աստված սիրում է մեզ և փրկում է մեզ «այնպիսին, ինչպիսին որ կանք»:
Սակայն Աստված ցանկանում է, որ իր զավակներն իրենց կամքի բարոյական ազատությունը գործի դնեն, «որպեսզի դատաստանի օրն ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար»:2 Ըստ նրա ծրագրի ու կամքի՝ մենք որոշում կայացնելու առաջնային դեր ունենք մեր կյանքի դրամայում: Աստված մեր փոխարեն չի ապրելու մեր կյանքը, ոչ էլ վարելու է մեզ որպես Իր տիկնիկներ, ինչպես որ Լյուցիֆերն էր առաջարկել մի ժամանակ: Ոչ էլ Աստծո մարգարեներն են Նրա անունից ստանձնելու «տիկնիկավարի» դերը: Բրիգամ Յանգը հայտարարել է. «Ես չեմ ցանկանում, որ որևէ Վերջին Օրերի Սուրբ այս աշխարհում կամ երկնքում բավարարվի նրանով, ինչ ես անում եմ, մինչև որ Տեր Հիսուս Քրիստոսի Հոգին՝ հայտնության ոգին, խաղաղություն չտա նրանց: Ես ցանկանում եմ, որ նրանք անձամբ գիտելիք ստանան ու անձամբ հասկանան»3:
Այսպիսով, Աստված մեզ չի փրկի «ինչպիսին որ կանք» վիճակում, նախ՝ որովհետև «ինչպիսին որ կանք»-ի դեպքում մենք մաքուր չենք և «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ. քանզի Ադամի լեզվով, Սրբության Մարդ է նրա անունը, և նրա Միածնի անունն է՝ [Սրբության] Մարդու Որդի»4: Եվ երկրորդը՝ Աստված մեզ չի դարձնի այնպիսին, ինչպիսին մենք չենք ցանկանում մեր ազատ կամքով դառնալ: Անկասկած նա սիրում է մեզ, և քանի որ Նա սիրում է, նա մեզ ո՛չ հարկադրում է, ո՛չ էլ լքում է: Փոխարենը՝ նա առաջնորդում է մեզ: Արդարև, Աստծո սիրո իրական դրսևորումը նրա պատվիրաններն են:
Մենք պետք է ուրախանանք (և ուրախանում ենք) Աստծո կողմից կարգված ծրագրով, որը մեզ ընտրություն կատարելու հնարավորություն է տալիս՝ ինքնուրույն գործելու և հետևանքները ճաշակելու կամ ինչպես սուրբ գրություններն են ասում՝ «դառնություն ենք ճաշակում, որպեսզի սովորենք գնահատել բարին»5: Մենք հավերժ երախտապարտ ենք, որ Փրկչի քավությունը հաղթեց ադամական մեղքը, այնպես որ մենք կարող ենք աշխարհ գալ և չպատժվել Ադամի օրինազանցության համար6: Այս կերպ, Անկումից փրկագնված, մենք անարատ կյանք ենք սկսում Աստծո առաջ, դառնալով «ազատ հավիտյան՝ տարբերելով բարին չարից. գործելու ինքնուրույն և չներգործվելու»7: Մենք ընտրություն ունենք՝ այնպիսի մարդ դառնալու, ինչպիսին կկամենանք, և Աստծո օգնությամբ, մենք կարող ենք դառնալ անգամ այնպիսին, ինչպիսին Նա է8:
Հիսուս Քրիստոսի ավետարանը բաց է անում կատարյալ դառնալու մեր ճանապարհը: Թեև հնարավոր է չկարողանանք մահկանացու կյանքում կատարելությամբ ու հետևողականորեն ապրել սելեստիալ օրենքով, Հիսուս Քրիստոսի քավությամբ ու Նրա շնորհով մեզ հնարավորություն է տրված քրիստոսանման հատկանիշներ զարգացնել: Չնայած այդ հնարավորությանը, արդարադատությունը, այնուամենայնիվ, պահանջում է, որ մենք ինքներս ցանկանանք ու ջանք թափենք այդ ուղղությամբ: Միշտ էլ այդպես է եղել: Որպես ֆիզիկական էակներ՝ երկրային մեր կյանքն ինքնին մեր Հոր ծրագրին մասնակցելու ընտրության հետևանք է9: Այդպիսով, փրկությունը աստվածային քմահաճույքի արդյունք չէ, ոչ էլ միայն աստվածային կամքի դրսևորմամբ իրականացող բան10:
Արդարադատությունը Աստծո էական հատկանիշներից մեկն է: Մենք կարող ենք հավատք ունենալ առ Աստված, քանի որ Նա արժանի է վստահության: Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են, որ «Քանզի Աստված չի քայլում ծուռ շավիղներով, նա չի թեքվում ո՛չ աջ կամ ձախ, ո՛չ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է, ուստի նրա շավիղներն ուղիղ են, և նրա ընթացքը մեկ հավերժական շրջան է»11, և որ «Աստուած աչառ չէ»12։ Մենք ապավինում ենք հավատքի, վստահության և հույսի աստվածային հատկանիշներին:
Սակայն իր կատարյալ արդարության հետևանքով, կան որոշ բաներ, որ Աստված չի կարող անել: Նա չի կարող քմահաճորեն մի քանիսին փրկել, իսկ մյուսներին վտարել: Նա «չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել»13: Նա չի կարող թույլ տալ, որ ողորմությունը կողոպտի արդարադատությանը14:
Ողորմության ընկերակից սկզբունքի գործադրումը Աստծո արդարության անհերքելի փաստ է: Իր արդար լինելու պատճառով Նա հնարավոր է դարձրել, որ ողորմությունն իր անփոխարինելի դերը կատարի մեր հավերժական ճակատագրում: Այդպիսով, այժմ «արդարադատությունը ներկայացնում է իր բոլոր պահանջները, և նաև ողորմությունն է հայցում այն բոլորը, ինչն իր սեփականն է»15:
Մենք գիտենք, որ արդարադատության պահանջները բավարարում, ողորմություն է պարզում և փրկագնում է «տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին [Հայրը] հավանել է… . Իր Որդու արյան, որը հեղվել է»16, որը բավարարում է արդարադատության պահանջները, ողորմություն է առաջարկում և փրկագնում է մեզ17: Նույն կերպ, «ըստ արդարադատության, փրկագնման ծրագիրը… . չէր կարող իրականացվել միայն մարդկանց ապաշխարության պայմանով» :18 Ապաշխարության պահանջն ու հնարավորությունն է, որ թույլ է տալիս ողորմությանը կատարել իր գործը առանց արդարությունը ոտնահարելու:
Քրիստոսը մահացավ ոչ թե, որ բոլորին անխտիր փրկի, այլ որ ապաշխարություն առաջարկի: Ապաշխարելու ընթացքը ապավինելն է «նրա արժանիքներին, ով հզոր է փրկելիս»19, բայց ապաշխարելու քայլ անելը՝ ինքնակամ փոփոխություն է: Այդպիսով, ապաշխարությունը շնորհ ստանալու նախապայման դարձնելով, Աստված մեզ հնարավորություն է տալիս պատասխանատվությունը մեզ պահել: Ապաշխարությունը հարգում և սատարում է մեր կամքի բարոյական ազատությունը. «Եվ այսպես ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները, և օղակում է նրանց ապահովության բազուկների մեջ, մինչդեռ նա, ով չի գործադրում հավատք ի ապաշխարություն, ենթակա է արդարադատության պահանջների ամբողջ օրենքին. հետևաբար, միայն նրա համար, ով ունի հավատք ապաշխարության համար, իրագործվում է փրկագնման մեծ և հավերժական ծրագիրը20:
Աստծո արդարադատությունը թյուր ըմբռնելը մի բան է, Աստծո գոյությունն ու գերակայությունը ժխտելը մեկ այլ բան, սակայն երկուսն էլ բերում են ավելի ցածր արդյունքի, երբեմն չափազանց ցածր, քան մեր աստվածային ներուժն է: Ոչինչ չպահանջող Աստվածը գործնականում համարժեք է գոյություն չունեցող Աստծո: Աշխարհը, որը չունի Աստված՝ կենդանի Աստված, որը բարոյական նորմեր է հաստատում՝ իր զավակներին կատարելագործելու համար, բացարձակ ճշմարտություն կամ արդարադատություն չունեցող աշխարհ է: Դա մի աշխարհ է, որտեղ գերիշխում է բարոյականության հարաբերականության տեսությունը:
Հարաբերականությունը ենթադրում է, որ ամեն մարդու սեփական գերագույն կառավարիչն ինքն է: Իհարկե, միայն աստվածամերժ մարդիկ չէ, որ հետևում են այդ իմաստասիրությանը: Կան նաև Աստծոն հավատացող մարդիկ, ովքեր համոզված են, որ ճիշտն ու սխալը կախված է իրենց անձնական կարծիքից: Մի երիտասարդ դա արտահայտել է հետևյալ կերպ. «Չեմ կարծում, որ կարող եմ ասել, թե հինդուիզմը սխալ է կամ կաթոլիկականությունը սխալ է կամ եպիսկոպոսական լինելը սխալ է. – իմ կարծիքով, դա կախված է քո հավատալուց… . չեմ կարծում, որ գոյություն ունի ճիշտ ու սխալ»21: Մեկ այլ երիտասարդ, ում հարցրել էին իր հավատքի մասին, պատասխանել էր. «Իմ անձը՝ ամեն ինչ կախված է ինձանից: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է հավատքի մեջ հավաստիություն լինել»:22
Ճշմարտության հարաբերականությանը հավատացող մարդու համար առարկայական, հաստատուն և համընդհանուր ճշմարտությունն ընդունելը հարկադրանք է թվում. «Մի ստիպեք ինձ հավատալ մի բանի ճշմարտությանը, ինչն ինձ դուր չի գալիս»: Սակայն դա չի փոխում իրականությունը: Դեպի անդունդը քայլ անելիս ձգողական ուժի դեմ վրդովմունքը չի փրկի վայր ընկնելուց: Նմանապես ճշմարիտ են նաև հավերժական օրենքներն ու արդարադատությունը: Ազատությունը ոչ թե օրենքին դիմակայելու, այլ օրենքը կիրառելու արդյունքն է: Աստծո զորության իսկ համար այն սկզբունքային նշանակություն ունի: Եթե չլինեին հաստատուն և անփոփոխ ճշմարտությունները, ապա կամքի ազատության պարգևն իմաստ չէր ունենա, քանի որ մենք երբեք չէինք կարողանա կանխատեսել և նախատեսել մեր գործողությունների հետևանքները: Ինչպես Լեքին է արտահայտել. «Եվ եթե դու ասես՝ չկա օրենք, դու կասես նաև չկա մեղք։ Եթե դու ասես՝ չկա մեղք, դու նաև կասես՝ չկա արդարություն։ Եվ եթե չլինի արդարություն, չի լինի երջանկություն։ Եվ եթե չլինի արդարություն, ոչ էլ երջանկություն, չի լինի ո՛չ պատիժ, ո՛չ էլ թշվառություն։ Եվ եթե այս բաները չկան, չկա Աստված։ Եվ եթե չկա Աստված, չկանք մենք, ոչ էլ երկիրը, քանզի չէր կարող եղած լինել բաների արարում, ո՛չ ներգործելու, ո՛չ էլ ներգործվելու. ուստի, բոլոր բաները պիտի վերացած լինեին»23։
Ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ հարցերում, անձնական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը աստվածատուր պարգև է, առանց որի մենք չենք կարող իրականացնել մեր ողջ ներուժը, որպես Աստծո դուստրեր և որդիներ: Անձնական պատասխանատվությունը ինչպես իրավունք, այնպես էլ պարտականություն է, որը մենք պետք է անընդհատ պաշտպանենք. Արարման ժամանակաշրջանից ի վեր այն վտանգի տակ է եղել: Մենք պետք է պաշտպանենք պատասխանատվության մեր զգացումն այն անձանցից ու ծրագրերից, որոնք (երբեմն լավագույն մտադրություններով) մեզ կախվածության մեջ են գցում: Եվ մենք պետք է պաշտպանենք այդ զգացումը մեր մեջ, որ չխուսափենք աշխատանքից և զարգացնենք մեր տաղանդները, ունակությունները և քրիստոսանման հատկանիշները:
Պատմություն կա մի մարդու մասին, ով չէր կամենում աշխատել: Նրա ցանկությունն էր, որ իր մասին ամեն օր հոգային: Ըստ իր մտածելակերպի՝ Եկեղեցին կամ կառավարությունը պարտավոր էին իր հոգսերը հոգալ, քանի որ նա ինչ-որ ժամանակ հարկեր ու տասանորդ էր վճարել: Նա ուտելու բան չուներ, բայց հրաժարվում էր աշխատել, որ իր կարիքները հոգա: Անելանելիությունից ու նողկանքից դրդված՝ նրանք, ովքեր փորձում էին իրեն օգնել, որոշում կայացրեցին, որ քանի որ ծույլ կարիքավորը մատը մատին չի կպցնում իր գոյատևման համար, ճիշտ կլինի, որ նրան տանեն գերեզման, որ այնտեղ էլ մահանա: Գերեզման տեղափոխելիս մի մարդ ասաց. «Եկեք չտանենք նրան: Ես մի քիչ եգիպտացորեն ունեմ. կտամ նրան, որ սովից չմահանա»:
Այդպիսով, նրանք բացատրեցին տղամարդուն, որին նա հարց տվեց. «Իսկ հատիկները թեփահանվա՞ծ են»:
Նրան ասացին. «Ո՛չ»:
«Այդ դեպքում, - ասաց նա, - գնացինք գերեզման»:
Աստծո կամքն է, որ մենք ազատ տղամարդիկ և կանայք լինենք՝ հնարավորություն ունենալով հասնել մեր ողջ ներուժին՝ ինչպես աշխարհիկով, այնպես էլ հոգևորով, որ մենք զերծ մնանք աղքատության և մեղքի գերության նվաստացուցիչ սահմանափակումներից, որ մենք պահպանենք ինքնահարգանքն ու անկախությունը, որ մենք պատրաստ լինենք բոլոր բաներում միանալ նրան սելեստիալ արքայությունում:
Ես պատրանք չունեմ, որ դրան կարելի է հասնել մեր իսկ ջանքերով միայն՝ առանց Նրա էական ու մշտական օգնության: «Մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»24։ Եվ Աստվածային օգնությանն արժանանալու համար մենք կարիք չունենք հասնելու ինչ-որ նվազագույն աստիճանի. աստվածային օգնությունը մերը կարող է լինել ամեն ժամ, ամեն օր, անկախ նրանից, թե հնազանդության ճանապարհի որ մասում ենք գտնվում: Սակայն գիտեմ, որ նրա օգնությունը փափագելուց բացի, մենք պետք է ջանք գործադրենք, ապաշխարենք և ընտրենք Աստծուն, որպեսզի Նա կարողանա գործել մեր կյանքում համաձայն արդարության և կամքի բարոյական ազատության: Իմ խնդրանք է պարզապես պատասխանատվություն ստանձնել և գործի անցնել, որ Աստծո օգնության համար հնարավորություն ստանանք:
Ես վկայում եմ, որ Հայր Աստված ապրում է, որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Քավիչն է, և որ Սուրբ Հոգին մեզ հետ է: Նրանք անտարակույս ցանկանում են օգնել մեզ, և օգնելու նրանց հնարավորություններն անսահման են: Եկեք զարթնենք և վեր ելնենք փոշուց, որպեսզի «Հավերժական Հոր ուխտերը, որոնք նա արել է [մեզ] հետ, կատարվեն»25: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: