2014
Հաղորդությունը և Քավությունը
Նոյեմբեր 2014


Հաղորդությունը և Քավությունը

Հաղորդության արարողությունը պետք է դառնա առավել սուրբ և սրբազան մեզանից յուրաքանչյուրի համար:

Գեթսեմանիի և Գագաթի նախօրեին Հիսուսը հավաքեց միասին Իր Առաքյալներին մի վերջին երկրպագության համար: Նրանք հավաքվեցին Երուսաղեմում աշակերտներից մեկի տան վերնահարկում: Այդ ժամանակ Զատկի օրեր էին:1

Նրանց առաջ ավանդական զատկական կերակուր էր՝ զոհաբերված գառ, գինի և բաղարջ, որոնք խորհրդանիշներն էին՝ Իսրայելի գերությունից և մահից փրկության2 և գալիք փրկագնման, որը դեռ պետք է իրագործվեր:3 Ճաշի ավարտին Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց և կտրեց այն,4 և տվեց Իր Առաքյալներին՝ ասելով. «Առեք կերեք»:5 «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արեք իմ հիշատակի համար»:6 Նույն ձևով Նա վերցրեց գինու բաժակը, օրհնեց այն և փոխանցեց Իր շուրջը գտնվողներին՝ ասելով. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը»,7 «որ թափվում է … ի թողություն մեղաց»:8 «Այս արեք իմ հիշատակի համար»:9

Այդքան պարզ, սակայն խորիմաստ ձևով Հիսուսը նոր արարողություն հիմնեց Աստծո ուխտյալ ժողովրդի համար: Այլևս կենդանու արյուն չպետք է թափվեր, ոչ էլ կենդանու մարմին պետք է այրվեր ի սպասումն Քրիստոսի փրկագնող զոհաբերության, ով դեռևս պետք է գար:10 Փոխարենը, արդեն իսկ եկած Քրիստոսի կոտրված մարմնի և հեղված արյան խորհրդանիշները պետք է ճաշակվեին ի հիշատակ Նրա քավող զոհաբերության:11 Մասնակցել այդ նոր արարողությանը կնշանակեր հանդիսավոր կերպով ընդունել Հիսուսին որպես Քրիստոս և ողջ սրտով ցանկանալ հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները: Ովքեր կկարևորեն դա և այդպես կվարեն իրենց կյանքը, հոգևոր մահը կանցնի նրանց կողքով և նրանք կունենան հավերժական կյանք:

Հաջորդող ժամերին և օրերին Հիսուսն անցավ Գեթսեմանիով, Գագաթով և հաղթականորեն դուրս եկավ Արիմաթացու գերեզմանից: Հիսուսի հեռանալուց հետո Երուսաղեմում և շրջակայքում ապրող Նրա հավատարիմ աշակերտները հավաքվեցին միասին միաշաբաթի օրը, որ «կտրեն հացը»,12 և նրանք անում էին դա «մշտապես»:13 Հիրավի, նրանք դա անում էին ոչ միայն հիշելու իրենցից հեռացած Տիրոջը, այլև հայտնելու իրենց երախտագիտությունը և ցույց տալու իրենց հավատքը առ իրենց համար կատարված Նրա զարմանահրաշ Փրկագնումը:

Հատկանշականն այն է, որ երբ Հիսուսն այցելեց Իր աշակերտներին Ամերիկաներում, Նա նաև նրանց մեջ հիմնեց հաղորդությունը:14 Դա անելիս Նա ասաց. «Այս պիտի դուք միշտ հետևեք, որ կատարեք»15 և «դա կլինի մի վկայություն Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ»:16 Կրկին, Վերականգնման արշալույսին, Տերը հիմնեց հաղորդության արարողությունը, տալով մեզ նույն հրահանգները, որոնք տվել էր Իր վաղեմի աշակերտներին:17

Հաղորդության արարողությունը կոչվեց «Եկեղեցու ամենասուրբ և սրբազան արարողություններից մեկը»:18 Այն պետք է դառնա առավել սուրբ և սրբազան մեզանից յուրաքանչյուրի համար: Հիսուս Քրիստոսն Ինքը հիմնեց այդ արարողությունը, որ հիշեցնի մեզ, թե ինչ է արել մեզ փրկագնելու համար և ուսուցանեց, թե ինչպես կարող ենք օգուտ քաղել Նրա Փրկագնումից և այդպիսով կրկին ապրել Աստծո հետ:

Մի փոքր հացի կտոր ճաշակելով մենք ցույց ենք տալիս, որ հիշում ենք Հիսուս Քրիստոսի ֆիզիկական մարմինը, մարմին, որը կրեց ամեն տեսակի ցավեր, չարչարանքներ և գայթակղություններ,19 մարմին, որը այնպես կրեց չարչարանքի բեռը, որ արյունահոսեց ամեն ծակոտիից,20 տառապեց և մահացավ խաչի վրա:21 Մենք ցույց ենք տալիս մեր հավատքը, որ չնայած այդ մահացած մարմինը ննջում էր, այն դուրս եկավ գերեզմանից կրկին ի կյանք, որպեսզի այլևս չտեսնի հիվանդություն, քայքայում կամ մահ:22 Եվ ճաշակելով հացը մենք ընդունում ենք, որ Քրիստոսի մահկանացու մարմնի պես մեր մարմինները կազատվեն մահվան կապանքներից, հաղթականորեն կբարձրանան գերեզմանից և կմիավորվեն մեր հավերժական հոգիների հետ:23

Մի փոքր բաժակ ջրով մենք ցույց ենք տալիս, որ հիշում ենք Հիսուսի հեղված արյունը և հոգևոր տառապանքը, որ Նա կրեց ողջ մարդկության համար: Մենք հիշում ենք հոգևարքը, երբ արյունը մեծ կաթիլներով թափվեց Գեթսեմանիում:24 Մենք հիշում ենք, որ Նա ծեծվեց և մտրակահարվեց Իրեն ձերբակալողների կողմից:25 Մենք հիշում ենք արյունը, որ Գագաթում թափվեց Նրա ձեռքերից, ոտքերից և կողերից:26 Եվ մենք հիշում ենք Իր տառապանքի մասին ասված Նրա իսկ խոսքերը. «Որքա՜ն դառը, դու չգիտես, որքա՜ն սուր, դու չգիտես, այո՛, որքա՜ն ծանր՝ տանելու, դու չգիտես»:27 Վերցնելով ջուրը մենք ընդունում ենք, որ Նրա արյունը և տառապանքը քավեց մեր մեղքերը և որ Նա կվճարի մեր մեղքերի համար, երբ մենք ընդունենք և ստանանք Նրա ավետարանի սկզբունքները և ծեսերը:

Այսպիսով, հացով և ջրով մենք հիշում ենք մեզ մահից և մեղքից ազատող Քրիստոսի Փրկագնումը: Սկզբում հացը և հետո ջուրը ընդունելու հերթականությունն աննպատակ չէ: Հացը ճաշակելը մեզ համար հիշեցում է մեր անձնական հարության անխուսափելիությունը, որը միայն մարմնի և հոգու վերականգնման մեջ չի կայանում: Հարության զորությամբ մենք բոլորս կվերականգնվենք Աստծո ներկայության մեջ:28 Այդ իրականությունը մեզ համար կյանքի հիմնարար հարց է: Հիմնարար հարցը, որին առերեսվում ենք մենք բոլորս, կայանում է ոչ թե նրանում, թե արդյոք կապրենք մենք, այլ ում հետ կապրենք մահանալուց հետո: Չնայած որ մեզանից յուրաքանչյուրը վերադառնալու է Աստծո ներկայություն, մեզանից ոչ բոլորը կմնան Նրա հետ:

Մահկանացու կյանքում մեզանից յուրաքանչյուրն ապականվում է մեղքով և զանցանքով:29 Մենք կունենանք ոչ այնքան առաքինի մտքեր, խոսքեր և գործեր:30 Մի խոսքով, մենք մաքուր չենք լինի: Եվ Աստծո ներկայության մեջ անմաքուր լինելու հետևանքների մասին Հիսուսը լիովին հստակ է ներկայացրել. «Ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել … նրա ներկայության մեջ»:31 Այդ իրականությունը պարզ դարձավ Ալմա Կրտսերի համար, ով երբ տեսավ սուրբ հրեշտակին, պրկվեց, հոգին տակնուվրա եղավ և տանջվեց իր անմաքրության պատճառով, այնպես որ նա ցանկացավ դառնալ «բնաջինջ թե հոգով, թե մարմնով, որ [նա] չբերվեր կանգնելու Աստծո ներկայության մեջ»:32

Հաղորդության ջուրը ճաշակելիս, մեզ ուսուցանվել է ինչպես ենք մաքրվում մեղքից և զանցանքից, և այսպիսով՝ կանգնում Աստծո ներկայության մեջ: Իր անմեղ արյունը հեղելով Հիսուս Քրիստոսը բավարարեց արդարադատության պահանջները ամեն մեղքի և զանցանքի համար: Այնուհետև Նա առաջարկեց մաքրել մեզ, եթե մենք բավարար հավատք ունենանք առ Նա ապաշխարելու համար, ընդունենք փրկող բոլոր ծեսերն ու ուխտերը, սկսած մկրտությունից, և ստանանք Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին ստանալուն պես մենք մաքրագործվում և սրբագործվում ենք: Հիսուսը շատ հստակ է ներկայացրել այդ վարդապետությունը.

«Ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել [Աստծո] արքայությունը. … ոչինչ չի մտնում նրա հանգստի մեջ, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հագուստներն իմ արյունով: …

Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»:33

Սա է Քրիստոսի վարդապետությունը:34 Երբ մենք ստանում ենք այդ վարդապետությունը և համապատասխանաբար ապրում մեր կյանքը, արդյունքում մենք լվացվում ենք Քրիստոսի արյունով և մաքրվում:35

Հաղորդության աղոթքներով մենք ցույց ենք տալիս, որ ընդունում ենք Քրիստոսի այդ վարդապետությունը և պարտավորվում ապրել համապատասխանաբար: Առ Աստված՝ մեր Հավերժական Հայրը մեր աղոթքում մենք հայտարարում ենք, որ «միշտ կհիշենք» Նրա թանկագին Որդուն: Նախ, մենք վկայում ենք հիշելու մեր «պատրաստակամությունը», իսկ այնուհետև վկայում, որ մենք «իրոք» հիշում ենք: Այդպիսով, մենք հանդիսավոր կերպով պարտավորվում ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և մահից ու մեղքից մեզ ազատող Նրա Փրկագնումը:

Այնուհետև մենք հայտարարում ենք, որ «կպահենք նրա պատվիրանները»: Դա հանդիսավոր պարտավորվածություն է ապաշխարելու համար: Եթե մեր մտքերը, խոսքերը կամ գործերը նախկինում չեն եղել այնպիսին, ինչպիսին պետք է լինեին, մենք կրկին պարտավորվում ենք այսուհետ մեր կյանքն առավել համահունչ դարձնել Նրա կամքի հետ:

Հաջորդը մենք հայտարարում ենք, որ «կամենում ենք մեզ վրա վերցնել Որդու անունը»:36 Դա հանդիսավոր պարտավորվածություն է՝ հնազանդվել Նրա իշխանությանը և կատարել Նրա աշխատանքը, որը ներառում է բոլոր փրկող արարողություններն ու ուխտերը ստանալը:37

Երբ պահում ենք այդ սկզբունքները, հաղորդության աղոթքներում մեզ խոստացվում է, որ մենք «Նրա Հոգին մեզ հետ կունենանք»:38 Հոգին կրկին ստանալը բարձրագույն օրհնություն է, քանի որ Հոգին մաքրագործում և սրբագործում է մեզ մեղքից և զանցանքից:39

Եղբայրներ և քույրեր, ժամանակի և հավերժության մեջ ամենակարևոր իրադարձությունը Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Նա, ով իրագործեց Քավությունը, մեզ տվեց հաղորդության արարողությունը, որպեսզի ոչ միայն հիշենք, այլև հայցենք օրհնությունները՝ ողորմածության այդ գերագույն արարքի: Այս սուրբ արարողությանը պարբերաբար և պատշաճ մասնակցելը օգնում է մկրտությունից հետո շարունակել պատրաստակամ ընդունել Քրիստոսի վարդապետությունը և ապրել դրանով, և դրանով իսկ հետամուտ լինել և ավարտել սրբագործման գործընթացը: Իսկապես, հաղորդության արարողությունը օգնում է մեզ հավատարմորեն տոկալ մինչև վերջ և ստանալ Հոր լիությունիցը, նույն կերպ ինչպես Հիսուսը, շնորհք շնորհքի տեղ:40

Ես բերում եմ իմ վկայությունը մեզ բոլորիս մահից և մեղքից փրկագնելու Հիսուս Քրիստոսի զորության և Նրա քահանայության ծեսերի զորության մասին, այդ թվում՝ հաղորդության, որը պատրաստում է մեզ «տեսնել Աստծո, այսինքն Հոր երեսը և ապրել»:41 Թող որ մենք ընդունենք հաղորդությունը հաջորդ շաբաթ և հաջորդող յուրաքանչյուր շաբաթ, ավելի խորը փափագով և առավել լուրջ նպատակով, ես աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: