Շիտակ արա քո ոտների շավիղը
Եթե մենք Հիսուսին նայենք որպես մեր օրինակի և հետևենք Նրա քայլերին, մենք կարող ենք ապահով վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ, որպեսզի հավերժ ապրենք Նրա հետ։
Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, ես այս առավոտ խոնարհ կանգնած եմ ձեր առջև։ Մինչ ես կիսվում եմ ձեզ հետ իմ ուղերձով ես ձեր հավատքն ու աղոթքներն եմ խնդրում ինձ համար։
Մենք բոլորս սկսեցինք մի հրաշալի ու կարևոր ճանապարհորդություն, երբ մենք դուրս եկանք հոգևոր աշխարհից և մտանք այս հաճախ դժվարին փուլը, որը կոչվում է մահկանացու կյանք։ Երկրի վրա մեր գոյության հիմնական նպատակը մսից ու ոսկորից մարմին ձեռք բերելն է, փորձություն ստանալն է, որը կարող էր միայն պատահել մեր երկնային ծնողներից բաժանման շնորհիվ և տեսնել, թե արդյոք կպահեինք պատվիրանները։ Աբրահամի գրքի, 3 գլխում մենք կարդում ենք․ «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»։1
Երբ մենք եկանք երկիր, մենք մեր հետ բերեցինք Աստծո այն մեծ պարգևը՝ մեր ազատ կամքը։ Հազարավոր ձևերով մենք արտոնված ենք ինքնուրույն ընտրություն անել։ Այստեղ մենք ընտրություն ենք անում մեր դժվարին անձնական փորձից։ Մենք տարբերում ենք բարին ու չարը։ Մենք դառը տարբերում ենք քաղցրից։ Մենք իմանում ենք, որ որոշումները կանխորոշում են ճակատագիրը։
Համոզված եմ, որ մենք հեռացել ենք մեր Հորից դեպի Նա վերադառնալու ճնշող ցանկությամբ, որ մենք կարողանանք ստանալ վեհացում, որը Նա պլանավորել էր մեզ համար և որը մենք ինքներս այդքան ցանկանում էինք։ Չնայած մենք հեռացել ենք, որպեսզի գտնենք և հետևենք այն ճանապարհը, որը մեզ հետ կվերադարձնի դեպի մեր Երկնային Հայրը, Նա մեզ չի ուղարկել այստեղ առանց ուղղության և առաջնորդության։ Այլ, Նա մեզ տվել է անհրաժեշտ գործիքներ, և Նա կաջակցի մեզ, եթե մենք Նրա օգնության կարիքը ունենանք և ձգտենք մեր ուժերի սահմանում անել ամեն ինչ, որպեսզի համբերենք մինչև վերջ և ստանանք հավերժական կյանք։
Մեզ առաջնորդելու համար մենք ունենք սուրբ գրություններում գտնվող Աստծո և Նրա Որդու խոսքերը։ Մենք ունենք Աստծո մարգարեների խորհուրդն ու ուսմունքները։ Ամենակարևորը մեզ էր տրամադրվել մի կատարյալ օրինակ, որին մենք կարող էինք հետևել, նույնիսկ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակը, և մեզ հրահանգված էր հետևել այդ օրինակին։ Փրկիչն ինքն է ասել. «Եկ հետեւիր ինձ»։2 «Այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք»։3 Նա հարցադրում արեց. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»։ Այնուհետև Նա պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»։4 «Նա նշեց ուղին և ցույց տվեց ճանապարհը»։5
Եթե մենք Հիսուսին նայենք որպես մեր օրինակի և հետևենք Նրա քայլերին, մենք կարող ենք ապահով վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ, որպեսզի հավերժ ապրենք Նրա հետ։ Մարգարե Նեփին ասել է. «Մինչև մարդ չհամբերի մինչև վերջ, հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին, նա չի կարող փրկվել»։6
Մի կին սուրբ Երկիր այցելելիս ամեն անգամ իր զգացումն էր արտահայտում, բացականչելով. «Ես քայլեցի այնտեղով, որտեղ Հիսուսն էր քայլել»։
Նա շրջել էր այն վայրերում, որտեղ Հիսուսը ապրել և ուսուցանել էր։ Միգուցե նա կանգնել է այն քարի վրա, որտեղ մի անգամ Հիսուսն էր կանգնել կամ նայել այն լեռնաշղթային, որին մի անգամ Նա էր նայել։ Փորձառություներն ինքնին տպավորիչ էին նրա համար, սակայն ֆիզիկապես քայլել այնտեղով, որտեղ Հիսուսն է քայլել ավելի քիչ կարևոր է, քան քայլել այնպես, ինչպես Նա է քայլել։ Նրա գործողությունները մարմնավորելը և Նրա օրինակին հետևելը շատ ավելի կարևոր է, քան փորձել հետազոտել այն արահետները, որով Նա գնացել է իր մահկանացու կյանքում։
Երբ Հիսուսը մի հարուստ մարդու հղեց իր հրավերը. «Եկ, հետևիր ինձ»,7 Նա պարզապես նկատի չուներ, որ այդ հարուստ մարդը պետք է հետևեր Իրեն՝ բլուրներով և ձորերով վեր ու վար անելով։
Մենք չպետք է քայլենք Գալիլեայի ափերով կամ Հուդայի լեռներով, որտեղով Հիսուսն է քայլել։ Մենք բոլորս էլ կարող ենք քայլել այն ուղով, որով ինքն է քայլել, եթե Նրա խոսքերը հնչեն մեր ականջներում, Նրա Հոգին լցնի մեր սրտերը և Նրա ուսմունքներն առաջնորդեն մեր կյանքը, մենք կհետևենք Նրան՝ ճանապարհորդելով մահկանացու կյանքի միջով։ Նրա օրինակը լուսավորում է ճանապարհը։ Նա ասել է․ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»։8
Եթե մենք ուսումնասիրենք այն ուղին, որով Հիսուսն է քայլել, մենք կտեսնենք, որ Նա անցել է այն նույն դժվարություններից շատերի միջով, որոնց մենք կհանդիպենք կյանքում։
Օրինակ, Հիսուսն անցել է հիասթափության ուղով։ Չնայած որ նա ունեցավ շատ հիասթափություններ, ամենահուզումնալիներից մեկը պատկերված է Երուսաղեմի մասին իր ողբում, երբ նա վերջացրեց ժողովրդին իր ծառայությունը։ Իսրայելի զավակները մերժեցին այն պաշտպանիչ թևերի ապահովությունը, որը Նա նրանց առաջարկեց։ Երբ նա նայեց քաղաքին, որը շուտով պետք է կործանվեր, Նա խորը վիշտ ապրեց։ Տառապանքով նա աղաղակեց․ «Երուսաղէմ, Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. Քանի՞ անգամ կամեցայ քո որդիները ժողովել ինչպէս հաւն իր ձագերը թեւերի տակն է ժողովում. Եւ չ’կամեցաք»։9
Հիսուսն անցել է գայթակղության ուղով։ Սատանան, որը չարն է, ժողովեց իր մեծագույն ուժը, իր ձգող սուտը, գայթակղեց Նրան, ով ծոմ էր պահել 40 օր ու 40 գիշեր։ Հիսուսը չհանձնվեց, այլ Նա դիմադրեց ամեն գայթակղության։ Նրա վերջին բառերը․ «Դէն գնա, սատանայ»։10
Հիսուսն անցել է ցավի ուղով։ Հիշեք Գեթսեմանը, որտեղ նա «տագնապի մէջ լինելով … Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ»։11 Եվ ոչ ոք չի կարող մոռանալ Նրա տանջանքները դաժան խաչի վրա։
Ամենքս էլ կքայլենք հիասթափության ուղով, հավանաբար՝ կորած հնարավորության, ուժի սխալ կիրառման, սիրած մարդկանց որոշումների, կամ մեր կայացրած որոշումների պատճառով։ Գայթակղության ուղին նույնպես կլինի յուրաքանչյուրիս ուղին։ Վարդապետություն և ուխտեր 29-րդ բաժնում կարդում ենք․ «Եվ անպայման պետք է որ դևը գայթակղեր մարդկանց զավակներին, այլապես նրանք չէին կարող գործակալը լինել իրենց անձի»։12
Նմանապես մենք կքայլենք ցավի ուղով։ Մենք որպես ծառաներ, չենք կարող ակնկալել ավելին, քան Տերը, ով հեռացել է մահկանացու կյանքից միայն մեծ ցավից ու տառապանքից հետո։
Չնայած մեր ճանապարհին կգտնենք դառը վիշտ, մենք նաև կգտնենք մեծ երջանկություն։
Հիսուսի հետ միասին մենք կարող ենք քայլել հնազանդության ուղով։ Այն միշտ չէ, որ հեշտ կլինի, սակայն թող մեր կարգախոսը լինի այն ժառանգությունը, որը կտակել է մեզ Սամուելը․ «Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը»։13 Եկեք հիշենք, որ անհնազանդության վերջնական արդյունքը գերեվարությունն ու մահն է, իսկ հնազանդության պարգևը՝ ազատությունը և հավերժական կյանքը։
Հիսուսի նման մենք կարող ենք քայլել ծառայության ուղով։ Որպես բարության վառ լուսարձակ է հանդիսանում Հիսուսի կյանքը, երբ Նա ծառայում էր մարդկանց մեջ։ Նա ուժ տվեց հաշմանդամի ոտքերին, կույրերի աչքերին՝ տեսողություն, խուլերի ականջներին լսողություն տվեց։
Հիսուսն անցել է աղոթքի ուղով։ Նա մեզ ուսուցանել է, թե ինչպես աղոթել՝ տալով մեզ այն գեղեցիկ աղոթքը, որը մենք ճանաչում ենք որպես Տերունական Աղոթք։ Եվ ով կարող է մոռանալ Նրա աղոթքը Գեթսեմանիում. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»։14
Փրկչի կողմից այլ ցուցումներ էլ են տրվել մեզ, որոնք մեր ձեռքի տակ են, որոնք գտնվում են սուրբ գրություններում։ Լեռան վրայի իր քարոզում Նա մեզ պատվիրում է՝ լինել գթասիրտ, լինել խոնարհ, լինել արդար, լինել սրտով մաքուր, լինել խաղաղարար։ Նա մեզ ցուցում է տալիս, որպեսզի ամուր կանգնենք մեր հավատքում, նույնիսկ, երբ մեզ ծաղրում են կամ հալածում։ Նա մեզ ասում է, որ թույլ տանք մեր լույսերը փայլեն, որպեսզի մյուսները տեսնեն և ցանկանան փառաբանել մեր Երկնային Հորը։ Նա մեզ ուսուցանում է լինել բարոյապես մաքուր, թե մեր մտքում, թե մեր արարքներում։ Նա մեզ ասում է, որ ավելի կարևոր է հավաքել գանձեր երկնքում, քան հավաքել դրանք երկրի վրա։15
Նրա առակներն ուսուցանում են զորությամբ ու իշխանությամբ։ Բարի սամարացու պատմությամբ Նա մեզ ուսուցանում է, որ սիրենք ու ծառայենք մեր մերձավորներին։16 Տաղանդների իր առակում Նա մեզ ուսուցանում է, որ կատարելագործվենք ու ձգտենք կատարելության։17 Կորած ոչխարի առակով Նա մեզ հրահանգում է, որ գնանք փրկենք նրանց, ովքեր հեռացել են ուղուց և կորցրել ճանապարհը։18
Եթե ձգտենք Հիսուսին պահել մեր կյանքի կենտրոնում՝ սովորելով Նրա խոսքերը, հետևելով Նրա ուսմունքներին և քայլելով Նրա ուղով, Նա խոստացել է մեզ հետ կիսվել հավերժական կյանքով, որի համար Նա մահացել է։ Չկա ավելի մեծ նպատակ, քան այն, որ մենք պետք է ընդունենք Նրա ուսուցումը և դառնանք Նրա աշակերտները և մեր կյանքի ընթացքում կատարենք Նրա աշխատանքը։ Ոչինչ և ոչ մի այլ որոշում չի կարող մեզ դարձնել այն, ինչ Նա կարող է դարձնել։
Երբ մտածում եմ նրանց մասին, ովքեր իսկապես փորձել են հետևել Փրկչի օրինակին և ովքեր քայլել են Նրա ուղով, անմիջապես իմ միտքն են գալիս Գուստավ և Մարգարեթ Վաքերների անունները՝ երկուսն այն Քրիստոսանման մարդկանցից, որոնց ես երբևէ ճանաչել եմ։ Նրանք բնիկ գերմանացի էին, ովքեր ներգաղթել էին արևելյան Կանադա, և ես նրանց հետ ծանոթացա, երբ այնտեղ ծառայում էի որպես միսիայի նախագահ։ Եղբայր Վաքերն աշխատում էր որպես վարսավիր։ Չնայած նրանց միջոցները սահմանափակ էին, նրանք կիսվում էին այն ամենով, ինչ ունեին։ Նրանք օրհնված չէին զավակներով, սակայն նրանք հոգ էին տանում բոլոր նրանց մասին, ովքեր մտնում էին իրենց տուն։ Շատ ուսյալ և իմաստուն տղամարդիկ ու կանայք ձգտում էին հանդիպել այդ խոնարհ, կրթություն չունեցող Աստծո ծառաներին և իրենց բախտավոր համարում, եթե բախտ էր վիճակվում նրանց ներկայությամբ գեթ մեկ ժամ անցկացնել։
Նրանց տեսքը սովորական էր, նրանց անգլերենը ոչ կատարյալ և երբեմն դժվար հասկանալի, նրանց տունը՝ հասարակ։ Նրանք չունեին ավտոմեքենա կամ հեռուստացույց, ոչ էլ նրանք անում էի բաներ, որոնց աշխարհը սովորաբար ուշադրություն է դարձնում։ Այդուհանդերձ, նրանց հաճախ էին այցելում, որպեսզի ճաշակեին այնտեղ տիրող հոգուց։ Նրանց տունը դրախտ էր երկրի վրա և հոգին, որը նրանք ճառագում էին, մաքուր խաղաղություն ու բարություն էր։
Մենք նույնպես կարող ենք ունենալ այդ հոգին և դրանով կիսվել աշխարհի հետ, մինչ քայլում ենք մեր Փրկչի ուղով և հետևում Նրա կատարյալ օրինակին։
Առակացում մենք կարդում ենք Նրա հորդորը. «Շիտակ արա քո ոտների շաւիղը»։19 Եթե անենք դա մենք կունենանք հավատք, նույնիսկ ցանկություն՝ քայլելու այն ուղով, որով Հիսուսն է քայլել։ Մենք կասկած չենք ունենա, որ մենք այն ուղու վրա ենք, որը մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ հետևենք։ Փրկչի օրինակը մեզ համար հիմք է հանդիսանում այն ամենի համար, որ մենք անում ենք և Նրա խոսքերը հանդիսանում են անխափան ուղեցույց։ Նրա ուղին ապահով մեզ տուն կհասցնի։ Թող դա լինի մեր օրհնությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ում ես սիրում, ծառայում և ում մասին ես վկայում եմ, ամեն։