Հաստատել մարգարեներին
Մարգարեներին հաստատելը անձնական հանձնառություն է, որ մենք կանենք մեր լավագույնը, որպեսզի սատար կանգնենք մարգարեական առաջնահերթություններին:
Նախագահ Այրինգ, շնորհակալ ենք ձեր ուսանելի և ոգեշնչող ուղերձի համար: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ձեզ երախտապարտ ենք ձեր հավատքի ու նվիրվածության համար: Երեկ մեզ բոլորիս հրավիրեցին հաստատել Թոմաս Ս. Մոնսոնին որպես Տիրոջ մարգարե ու Տիրոջ Եկեղեցու Նախագահ: Մենք հաճախ ենք երգում. «Փառք քեզ Տեր, մարգարեի համար» երգը:1 Արդյոք ես և դուք հասկանո՞ւմ ենք, թե ինչ է դա նշանակում: Միայն պատկերացրեք, թե ինչ արտոնություն է տվել մեզ Տերը, որ աջակցենք իր մարգարեին, ում խորհուրդը կլինի անաղարտ, անսքող, անփառատենչ և ամբողջովին ճշմարիտ:
Ինչպե՞ս ենք իրականում հաստատում մարգարեին: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, Եկեղեցու Նախագահ դառնալուց շատ տարիներ առաջ, բացատրել է. «Սրբերի համար, ովքեր … հաստատում են Եկեղեցու իշխանություններին, կարևոր պարտականություն է դրված՝ աջակցել նրանց ոչ միայն զուտ ձեռք բարձրացնելով, այլ գործով ու ճշմարտությամբ2:
Ո՞րն է եղել մարգարեին աջակցելու ի՛մ ամենաեզակի «գործը»: Որպես բժիշկ և սրտի վիրաբույժ, ես պատասխանատվություն եմ ունեցել կատարելու բաց սրտի վիրահատություն Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին 1972 թվականին, երբ նա Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահն էր: Նա շատ բարդ վիրահատության կարիք ուներ: Բայց ես նման փորձ չէի ունեցել 77-ամյա հիվանդի հետ, որի սիրտը լավ չէր աշխատում: Ես տեղեկացրեցի Նախագահ Քիմբալին ու Առաջին Նախագահությանը, որ վիրահատությունը հակացուցված է: Սակայն, հավատքով, Նախագահ Քիմբալը ընտրեց վիրահատությունը, միայն որովհետև Առաջին Նախագահությունը խորհուրդ էր տալիս: Դա ցույց է տալիս, թե ինչպես էր նա աջակցում իր ղեկավարներին: Եվ նրա որոշումն ինձ վախեցրեց:
Փառք Տիրոջը, վիրահատությունը հաջող անցավ: Երբ Նախագահ Քիմբալի սիրտը կրկին սկսեց գործել, այն աշխատեց մեծ զորությամբ: Հենց այդ պահին, ես Հոգուց հստակ վկայություն ստացա, որ այս մարդը մի օր դառնալո՛ւ է Եկեղեցու Նախագահը:3
Եվ դուք գիտեք արդյունքը: 20 ամիս անց Նախագահ Քիմբալը դարձավ Եկեղեցու Նախագահը: Եվ նա համարձակ և խիզախ ղեկավար եղավ երկար տարիներ:
Այդ ժամանակից ի վեր մենք որպես Եկեղեցու Նախագահ հաստատել ենք նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնին, Հովարդ Վ. Հանթերին, Գորդոն Բ. Հինքլիին, և այժմ Թոմաս Ս. Մոնսոնին, բոլորն էլ մարգարե՝ բառի ամեն իմաստով:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, Վերականգնման ամենաարժեքավոր գործերից մեկը հին առասպելին վերջ տալն է, որ Աստված այլևս չի խոսում Իր զավակների հետ: Ճշմարտությունից այդքան հեռու ուրիշ բան չի կարող լինել: Ադամից ի վեր մինչև այսօր Աստծո եկեղեցու գլխին միշտ մարգարե է կանգնած եղել բոլոր տնտեսությունների ժամանակ:4 Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին՝ Նրա աստվածության և Նրա երկրային առաքելության ու ծառայության մասին:5 Մենք պատվում ենք մարգարե Ջոզեֆ Սմիթին որպես այս վերջին տնտեսության մարգարե: Եվ մենք պատվում ենք յուրաքանչյուր մարդու, ով հաջորդել է նրան որպես Եկեղեցու Նախագահ:
Երբ հաստատում ենք մարգարեներին ու մյուս ղեկավարներին,6 մենք վար ենք բերում ընդհանուր համաձայնության օրենքը, քանի որ Տերն ասել է. «Ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ քարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի մեկի կողմից, որն ունի իշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու ղեկավարների կողմից»:7
Սա մեզ՝ որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, վստահություն և հավատք է ներշնչում, մինչ մենք ձգտում ենք պահպանել Տիրոջ ձայնին ականջ դնելու սուրբ գրությունների պատվերը 8, ինչպես որ այն գալիս է Իր ծառաների՝ մարգարեների ձայնով:9 Տիրոջ Եկեղեցու բոլոր առաջնորդները կանչվում են պատշաճ իշխանությամբ: Ոչ մի մարգարէ կամ որևէ այլ առաջնորդ այս եկեղեցում երբևէ իրեն կոչում չի պարգևել: Ոչ մի մարգարէ երբևէ ընտրություններով չի ընտրվել: Տերը հստակ ցույց տվեց դա, երբ ասաց. «Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, և կարգեցի ձեզ»10: Ո՛չ ես, ո՛չ էլ դուք ոչ մի պաշտոնի համար չենք «քվեարկել» Եկեղեցու որևէ ղեկավարին ընտրելիս: Սակայն մենք արտոնություն ունենք նրանց հաստատելու:
Տիրոջ ուղիները տարբերվում են մարդու ուղիներից: Ըստ մարդկանց ուղու՝ երբ մարդիկ մեծանում ու անաշխատունակ են դառնում, նրանց հեռացնում են իրենց պաշտոնից կամ գործից: Սակայն մարդու ուղիները երբեք չեն եղել և չեն լինի Տիրոջ ուղիները: Մարգարեներին հաստատելը անձնական հանձնառություն է, որ մենք կանենք մեր լավագույնը, որպեսզի սատար կանգնենք մարգարեական առաջնահերթություններին: Մեր հաստատումը երդման պես վկայություն է, որ մենք ընդունում ենք իրենց կոչումը որպես մարգարե և այն համարում ենք օրինական և պարտավորեցնող մեզ համար:
Իր նախագահ դառնալուց քսանվեց տարի առաջ, այն ժամանակ՝ Երեց Ջորջ Ալբերտ Սմիթն ասել է. «Պարտականությունը, որ մենք վերցնում ենք, երբ բարձրացնում ենք մեր ձեռքը… . շատ սրբազան է: Դա չի նշանակում, որ մենք անաղմուկ պիտի քայլենք մեր ճանապարհով և հոժար լինենք, որ Տիրոջ մարգարեն առաջնորդի այս աշխատանքը, այլ նշանակում է… . որ մենք կկանգնենք նրա թիկունքին. մենք կաղոթենք նրա համար, մենք կպաշտպանենք նրա բարի անունը և մենք կձգտենք կատարել նրա հրահանգները, երբ Տերն ուղղություն տա նրան»:11
Ապրող Տերը ղեկավարում է Իր կենդանի՛ Եկեղեցին:12 Իր կամքը Եկեղեցու համար Տերը հայտնում է Իր մարգարեի միջոցով: Երեկ, նրանից հետո, երբ մեզ հրավիրեցին հաստատել Թոմաս Ս. Մոնսոնին որպես Եկեղեցու Նախագահ, մենք արտոնություն ունեցանք նաև հաստատելու նրան, Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ի՜նչ հրաշալի բան: Մենք հաստատում ենք 15 հոգու որպես Աստծո մարգարեներ: Նրանք կրում են քահանայության բոլոր բանալիները, որ շնորհվել է մարդուն այս տնտեսության ժամանակ:
15 տղամարդկանց սուրբ առաքելության կանչելը մեծ պաշտպանություն է ապահովում մեզ համար, որպես Եկեղեցու անդամներ: Ինչո՞ւ: Որովհետև այդ առաջնորդների որոշումները պետք է միաձայն լինեն:13 Կարող եք պատկերացնել, թե ինչպես պետք է Հոգին աշխատի այդ մարդկանց հետ, որպեսզի 15 տղամարդ միաձայն լինեն: Այդ 15 տղամարդիկ բազմազան կրթական և մասնագիտական փորձ ունեն՝ տարբեր կարծիքներ ունենալով շատ բաների մասին: Կարող եք վստահ լինել: Այս 15 տղամարդիկ՝ մարգարեները, տեսանողները և հայտնողները, գիտեն, թե որն է Տիրոջ կամքը, երբ հասնում են միության: Նրանք պարտավորված են համոզվել, որ իսկապես Տիրոջ կամքն է կատարվում: Տերունական աղոթքն օրինակ է այդ 15 մարդկանցից յուրաքանչյուրի համար, երբ նրանք աղոթում են. «Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»:14
Նա, ով ամենաերկարն է Առաքյալի պաշտոնում, կանչված է նախագահելու:15 Ավագության այդ համակարգը, սովորաբար, բերում է նրան, որ տարեցներն են կանչվում Եկեղեցու Նախագահի պաշտոնին:16 Դա ապահովում է շարունակականություն, կոփված հասունություն, փորձ և երկարաժամկետ նախապատրաստություն, մինչ նրանք առաջնորդվուն են Տիրոջ կողմից:
Եկեղեցին այսօր կազմավորվել է անձամբ Տիրոջ կողմից: Նա սահմանել է կառավարման մի ուշագրավ համակարգ, որն ապահովում է պահեստային կազմ ու փոխարինելիություն: Այդ համակարգը նախատեսում է մարգարեական առաջնորդություն, նույնիսկ այն ժամանակ, երբ տարիքի հետ կարող է գալ անխուսափելի հիվանդություններ ու անաշխատունակություն:17 Հակակշիռներն ու պաշտպանություններն այնքան առատ են, որ ոչ ոք չի կարող երբևէ տանել Եկեղեցին սխալ ուղով: Ավագ ղեկավարները մշտապես կրթվում են, այնպես որ մի օր իրենք ևս պատրաստ լինեն նստել ամենաբարձր խորհուրդներում: Նրանք սովորում են, թե ինչպես կարելի է լսել Տիրոջ ձայնը Հոգու հուշումների միջոցով:
Նախագահ Էզրա Թավթ Բենսոնի հետ որպես Առաջին Խորհրդական ծառայելու ժամանակ, երբ նախագահի մահկանացու կյանքը մոտենում էր ավարտին, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է.
«Սկզբունքներն ու ընթացակարգերը, որոնք Տերը սահմանել է իր եկեղեցու կառավարման համար, նախատեսված են… . բոլոր հանգամանքների համար: Կարևոր է… . որ չլինի որևէ կասկած կամ մտահոգություն եկեղեցու կառավարման և մարգարեական պարգևների գործածության վերաբերյալ, այդ թվում այն իրավունքի, որ տրված է ոգեշնչմամբ և հայտնությամբ Եկեղեցու գործերն ու ծրագրերը ղեկավարելու համար այն իրավիճակում, երբ նախագահը հիվանդ է կամ ի վիճակի չէ լիարժեք գործել:
«Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների խորհուրդը կանչված և կարգված են՝ կրելու քահանայության բանալիները, ունենալու իշխանություն և պատասխանատվություն կառավարելու Եկեղեցին, սպասավորելու եկեղեցական արարողությունները, ինչպես նաև մեկնաբանելու եկեղեցու վարդապետությունը և սահմանել ու վարել նրա գործերը»:
Նախագահ Հինքլին շարունակել է.
«Երբ նախագահը հիվանդ է կամ չի կարողանում լիարժեք գործել իր պաշտոնի բոլոր պարտականություններում, նրա երկու խորհրդականները միասին կազմում են Առաջին Նախագահության քվորումը: Նրանք շարունակում են Նախագահության ամենօրյա աշխատանքը… .
«… Իսկ եթե քաղաքականության, ընթացակարգերի, ծրագրերի կամ վարդապետության վերաբերյալ լուրջ հարց է առաջանում, ապա այն միասնաբար խորաքննվում է ու այդ մասին աղոթում են և՛ Առաջին Նախագահությունը, և՛ Տասներկուսի քվորումը»:18
Անցյալ տարի, երբ լրացավ Նախագահ Մոնսոնի Եկեղեցու նախագահի ծառայության 5-րդ տարին, անդրադառնալով առաքելական ծառայության իր 50 տարիներին, նա ասաց. «Տարիքն ի վերջո իր գործն անում է բոլորիս հետ: Սակայն, մենք արձագանքում ենք Բենիամին թագավորի խոսքերին, ով ասել է. «… ես ձեզ պես ենթակա եմ ամեն ձևի թուլությունների՝ ի մարմնո և ի մտոք. սակայն ես ընտրվել… . և նվիրաբերվել եմ իմ հոր կողմից … . և պահվել ու պահպանվել եմ նրա անզուգական զորությամբ՝ ծառայելու ձեզ ողջ զորությամբ, մտքով և ուժով, որը Տերը շնորհել է ինձ»» (Մոսիա 2.11):
Նախագահ Մոնսոնը շարունակել է. «Չնայած առողջական խնդիրներին, որ կարող է առաջանալ մեզ մոտ, չնայած մարմնի կամ մտքի թուլությանը, մենք ծառայում ենք մեր կարողությունների լավագույն սահմաններում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ եկեղեցին լավ ձեռքերում է: Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի համակարգը [մեզ] հավաստիացնում է, որ այն միշտ լավ ձեռքերում կլինի, և ինչ էլ որ լինի, անհանգստանալու կամ մտավախության կարիք չկա: Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ում մենք հետևում ենք, ում մենք երկրպագում և ում մենք ծառայում ենք, միշտ ղեկի մոտ է»:19
Նախագահ Մոնսոն, մենք շնորհակալ ենք Ձեզ այդ ճշմարտությունների համար: Եվ մենք շնորհակալ ենք Ձեր օրինակելի կյանքի և նվիրված ծառայության համար: Թույլ տվեք խոսել ամբողջ աշխարհի Եկեղեցու անդամների անունից և մեր միասնական ու անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ: Մենք հարգո՛ւմ ենք Ձեզ: Մենք սիրո՛ւմ ենք Ձեզ: Մենք հաստատում ենք Ձեզ՝ ոչ միայն ձեռքի բարձրացումով, այլ մեր նվիրված սրտով ու նվիրաբերված ջանքերով: Խոնարհաբար և ջերմեռանդորեն, «մենք միշտ աղոթում ենք Ձեզ համար, մեր սիրելի մարգարե»:20 Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: