2014
Փրկենք միասին
Նոյեմբեր 2014


Փրկենք միասին

Փրկչին օգնելու համար մենք պետք է աշխատենք միասին միասնության և ներդաշնակության մեջ: Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր պաշտոն և յուրաքանչյուր կոչում կարևոր են:

Մենք հաճախ ենք լսում, ինչպես է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասում. «Հասեք օգնության»:1 Նոր Կտակարանի մի պատմություն է միտքս գալիս: Այն կատարյալ պատկեր է նրա, թե ինչպես կարող են անդամները և միսիոներները աշխատել միասին, միասնական, ծխի խորհուրդների միջոցով մարդկանց օգնելու համար: Պատմությունը Մարկոս 2.1–5-ում է: Ես համարում եմ, որ պատմությունները, որոնք Հիսուսն օգտագործում է մեզ որոշակի վարդապետություն կամ սկզբունք ուսուցանելու համար, միշտ ոգեշնչող են և հեշտ հասկանալի:

Այս պատմության հերոսներից մեկը անդամալույծ տղամարդ էր, որը չէր կարողանում տեղաշարժվել առանց օգնության: Այդ մարդը կարող էր միայն տանը սպասել օգնության:

Մեր օրերում կարող է պատահել նույնը: Չորս տղամարդ կատարում էին իրենց եպիսկոպոսի հանձնարարությունը՝ այցելելով մի մարդու, ով անդամալույծ էր: Ես պատկերացնում եմ, որ նրանցից մեկը Սփոփող Միությունից է, մեկը՝ երեցների քվորումից, մեկը՝ Ահարոնյան Քահանայությունից, և վերջինը, բայց որ ամենա-անկարևորը, լիաժամկետ միսիոներներից մեկը: Ծխի խորհրդի վերջին ժողովին, միասին ծխի կարիքների մասին խորհրդակցելուց հետո, եպիսկոպոսը տվեց «փրկելու» հանձնարարություններ: Այս չորսին հանձնարարվեց օգնել անդամալուծությունից տառապող այդ տղամարդուն: Նրանք չէին կարող սպասել մինչև նա ինքնուրույն գար եկեղեցի: Նրանք պետք է գնային նրա տուն և այցելեին: Նրանք պետք է գնային նրա ետևից, և այդպես էլ արեցին: Տղամարդուն բերում են Հիսուսի մոտ.

«Եվ գալիս էին նորա մոտ և մի անդամալույծ էին բերում չորս մարդով վեր առած» (Մարկոս 2.3):

Սակայն սենյակը լի էր ամբոխով: Նրանք չկարողացան անցնել դռնով: Ես վստահ եմ, որ նրանք փորձեցին անել այն ամենը, ինչի մասին կարող էին մտածել, սակայն չկարողացան ներս մտնել: Ամեն-ինչ այնպես չէր ընթանում, ինչպես ծրագրված էր: Խոչընդոտներ առաջ եկան «փրկելու» նրանց ճանապարհին: Սակայն նրանք չհանձնվեցին: Նրանք չլքեցին անդամալույծ մարդուն դռան մոտ: Նրանք խորհրդակցեցին միասին, թե ինչ կարող էին անել, որպեսզի կարողանային բերել այդ մարդուն Հիսուս Քրիստոսի մոտ, որ նա բուժվեր: Հիսուս Քրիստոսին հոգիներ փրկելու գործում օգնելը երբեք նրանց համար չափից դուրս դժվար չի եղել: Նրանք ծրագիր կազմեցին: Ծրագիրը հեշտ չէր, սակայն նրանք գործեցին ըստ դրա:

«Եվ երբոր չկարողացան մոտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Հիսուսը, և ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալույծը» (Մարկոս 2.4):

Նրանք բարձրացրեցին նրան կտուրի վրա: Ենթադրելով, որ դրսից աստիճաններ չկային, կարող ենք պատկերացնել, թե որքան ժամանակ պահանջվեց մինչև բոլորը բարձրացան կտուր: Կարծում եմ, դա տեղի է ունեցել այս ձևով. նրա ծխի երիտասարդ տղամարդն առաջինը բարձրացավ կտուր: Քանի որ նա երիտասարդ էր և եռանդով լի, նրա համար դա դժվար չէր: Երեցների քվորումից տնային ուսուցման նրա զուգընկերը և բարձրահասակ ու ամուր լիաժամկետ միսիոները ներքևից օգնում էին: Սփոփող Միության քույրը նրանց հիշեցնում էր, որ զգույշ լինեին, և խրախուսանքի խոսքեր էր ասում: Այնուհետև տղամարդիկ քանդեցին կտուրը, մինչ քույրը շարունակում էր մխիթարել հիվանդ տղամարդուն, որը սպասում էր իր բուժմանը, որ կարողանար ինքնուրույն տեղաշարժվել և լինել ազատ:

Փրկության հանձնարարականը պահանջում է, որ բոլորը միասին աշխատեն: Որոշիչ պահին մանրազննին համակարգում է պահանջվում անդամալույծ մարդուն կտուրից իջեցնելու համար: Այդ չորսը պետք է աշխատեին միասնության և ներդաշնակության մեջ: Նրանց միջև չէր կարող լինել ոչ մի անհամաձայնություն: Նրանք պետք է անդամալույծ մարդուն իջեցնեին նույն արագությամբ: Եթե որևէ մեկը պարանը մյուս երեքից ավելի արագ թուլացներ, տղամարդը վայր կընկներ: Նա չէր կարողանա ինքնուրույն բռնվել իր թույլ վիճակի պատճառով:

Փրկչին օգնելու համար մենք պետք է աշխատենք միասին միասնության և ներդաշնակության մեջ: Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր պաշտոն և յուրաքանչյուր կոչում կարևոր են: Մենք պետք է միասնական լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսում:

Ի վերջո, հիվանդ, անդամալույծ տղամարդը բերվեց Հիսուսի առաջ: «Հիսուսն էլ նորանց հավատքը տեսնելով, ասեց անդամալույծին. Որդյակ, թողնված են քեզ քո մեղքերը» (Մարկոս 2.5): Հիսուսը ողորմաց և բուժեց նրան՝ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես. «Որդյակ, թողնված են քեզ քո մեղքերը»: Արդյո՞ք դա հրաշալի չէ: Արդյո՞ք չէինք ուզենա, որ այդպես պատահեր բոլորիս հետ: Իհարկե, ես կուզեի:

Ճանաչո՞ւմ ենք մենք որևէ մեկին մեր կյանքում, ով հոգեպես անդամալույծ է, ով ինքնուրույն չի կարող վերադառնալ Եկեղեցի: Այդ անձը կարող է լինել մեր զավակներից մեկը, մեր ծնողներից մեկը, մեր ամուսինը կամ ընկերը:

Եկեղեցու յուրաքանչյուր միավորում լիաժամկետ միսիոներների այսքան մեծ թվի առկայության պայմաններում իմաստուն եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները ավելի արդյունավետ կօգտագործեն իրենց ծխերի և ճյուղերի խորհուրդները: Եպիսկոպոսը կարող է հրավիրել ծխի խորհրդի յուրաքանչյուր անդամի իր հետ բերել օգնության կարիք ունեցող մարդկանց մի ցուցակ: Ծխի խորհրդի անդամները կարող են խորհրդակցել միմյանց հետ, մանրամասն քննարկելով, թե ինչպես կարող են լավագույնս օգնել: Եպիսկոպոսները կարող են ուշադրությամբ լսել նրանց մտքերը և հանձնարարություններ տալ:

Լիաժամկետ միսիոներները մեծ ռեսուրսներ են ծխերում փրկելու այս ջանքերի համար: Նրանք ցանկանում են ունենալ մարդկանց անուններ, որոնց հետ կարող են աշխատել: Նրանք հաճույքով աշխատում են ծխի անդամների հետ: Նրանք գիտեն, որ այդ անդամները մարդկանց գտնելու մեծ հնարավորություններ են: Նրանք նվիրված են Տիրոջ արքայությունը հիմնելու գործին: Նրանք ունեն ամուր վկայություն, որ կդառնան Քրիստոսի նման, եթե մասնակցեն փրկելու այդ ջանքերին:

Ավարտելով, թույլ տվեք կիսվել ձեզ հետ թաքնված մեկ այլ գանձով, որը գտնվում է սուրբ գրությունների այս պատմության մեջ: Դա տող 5-ում է. «Հիսուսն էլ նորանց հավատքը տեսնելով» (շեշտադրումն ավելացված է): Ես նախկինում սա չէի նկատել՝ նրանց հավատքը: Մեր միասնական հավատքը նույնպես ազդում է մյուսների բարեկեցության վրա:

Ովքե՞ր էին այն մարդիկ, ում մասին խոսում էր Հիսուսը: Նրանց թվում, իհարկե, կարող են լինել այն չորսը, ովքեր տեղափոխեցին անդամալույծ մարդուն, այդ մարդը, այն մարդիկ, ովքեր աղոթեցին նրա համար, և բոլոր նրանք, ովքեր այնտեղ լսում էին Հիսուսի քարոզները և իրենց սրտում լուռ ուրախանում սպասվելիք հրաշքով: Նրանց թվում կարող էին լինել ամուսին, ծնող, որդի կամ դուստր, միսիոներ, քվորումի նախագահ, Սփոփող Միության նախագահ, եպիսկոպոս և հեռավոր ընկեր: Մենք կարող ենք բոլորս օգնել միմյանց: Մենք միշտ պետք է պատրաստակամությամբ ներգրավվենք կարիքի մեջ գտնվողներին փրկելու աշխատանքում:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը հրաշքների Աստված է: Հիսուս Քրիստոսը սիրում է բոլորիս և ունի ֆիզիկապես և հոգեպես փրկելու և բուժելու զորություն: Երբ մենք օգնում ենք Նրան հոգիներ փրկելու Նրա առաքելության մեջ, մենք նույնպես փրկվում ենք այդ ընթացքում: Ես վկայում եմ սա Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղում

  1. Օրինակի համար տես Թոմաս Ս. Մոնսոն, «Փրկելու մեր պարտականությունը», Լիահոնա, հոկտ. 2013, 5: