Ծնողներ՝ ավետարանի գլխավոր ուսուցիչներ երեխաների համար
Ինչ էլ որ ասվի ու արվի, Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցման համար կատարյալ հավաքավայրը տունն է:
Բեն Քարսոնը պատմել է իր մասին. «Հինգերորդ դասարանում ես ամենավատ առաջադիմությամբ աշակերտն էի»: Մի օր Բենը մաթեմատիկայի ստուգողական էր գրում, որտեղ 30 խնդիր կար: Ետևի նստած աշակերտը ստուգեց նրա աշխատանքը և վերադարձրեց տետրը: Ուսուցիչը՝ տիկին Վիլյամսոնը, սկսեց տեղեկանալ, թե որ աշակերտը քանի խնդիր է լուծել: Ի վերջո հերթը հասավ Բենին: Ամաչելով՝ Բենը կցկտուր ասաց «none» (ոչ մեկը): Տիկին Վիլյամսոնը լսեց «nine» (ինը) և ասաց. «Քո համար՝ Բեն, 30-ից 9-ը լավ առաջընթաց է: Ետևի աշակերտը շտապեց ուղղել. «Ոչ թե nine… այլ… none, այսինքն՝ ոչ մեկը»: Բենի պատմելով՝ նա ցանկանում էր գլխակորույս փախչել:
Միևնույն ժամանակ Բենի մայրը՝ Սոնյան, աշխատում էր սեփական խնդիրների վրա: Նա եղել էր իր ծնողների 24 զավակներից մեկը, ստացել էր ընդամենը եռամյա կրթություն և կարդալ չգիտեր: Նա ամուսնացել էր 13 տարեկանում, հետո բաժանվել էր, ուներ երկու որդի և նրանց մեծացնում էր Դետրոյդի խարխուլ մի թաղամասում: Չնայած այդ ամենին, նա սաստիկ ինքնավստահ էր և ամուր հավատք ուներ, որ Աստված կօգնի իրեն և իր որդիներին, եթե նրանք անեն իրենց մասը:
Մի օր շրջադարձային պահ եղավ նրա և նրա որդիների կյանքում: Սոնյան գլխի ընկավ, որ հաջողակ մարդիկ, ում տանը նա հավաքարար էր, գիրք են կարդում: Աշխատանքից հետո նա գնաց տուն և անջատեց հեռուստացույցը, որ Բենն ու իր եղբայրը դիտում էին: Նա ասաց, ըստ էության. «Տղաներ, դուք շատ եք հեռուստացույց դիտում: Այսուհետ դուք կարող եք դիտել շաբաթը երեք ծրագիր: Ձեր ազատ ժամանակ դուք կգնաք գրադարան, շաբաթը երկու գիրք կկարդաք ու ինձ կզեկուցեք:
Տղաները ցնցվեցին: Բենն ասում է, որ դպրոցի պարտադիր ծրագրից բացի նա իր ողջ կյանքում երբևէ գիրք չէր կարդացել: Նրանք առարկեցից, նրանք դժգոհեցին, նրանք վիճաբանեցին, բայց մայրիկն անսասան էր: Դրանից հետո, հիշում է Բենը. «Մայրս օրենք սահմանեց: Ես կանոններ չէի սիրում, սակայն մեր զարգանալու նրա վճռական ակնկալիքը փոխեց իմ կյանքի ողջ ընթացքը»:
Փոփոխությունը շատ մեծ էր: Յոթերորդ դասարանում Բենն իր դասարանի ամենալավ առաջադիմությամբ աշակերտն էր: Դպրոցից հետո նա ընդունվեց Յել համալսարանի անվճար բաժինը, այնուհետև Ջոն Հոպկինսի անվան բժշկական ակադեմիան, որտեղ նա 33 տարեկանում դարձավ մանկական ջղավիրաբուժության բաժանմունքի վարիչ և, ի վերջո, աշխարհահռչակ վիրաբույժ: Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ: Մեծամասամբ իր մոր շնորհիվ, ով, չունենալով կյանքի շատ առավելություններ, մեծարեց ծնողական իր կոչումը:1
Սուրբ գրությունները խոսում են ծնողների դերի մասին, որ նրանք պարտականություն ունեն իրենց երեխաներին ուսուցանելու «վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի» (ՎևՈւ 68.25:
Ավետարանի գլխավոր ուսուցիչները մեր երեխաների համար պետք է լինենք մենք՝ ծնողներս. ո՛չ եպիսկոպոսը, ո՛չ Կիրակնօրյա դպրոցը, ո՛չ Երիտասարդ կանանց, ո՛չ էլ Երիտասարդ տղամարդկանց կազմակերպությունը, այլ ծնողները: Որպես ավետարանի գլխավոր ուսուցիչներ՝ մենք կարող ենք նրանց ուսուցանել Քավության զորությունն ու իրականությունը, իրենց ինքնությունն ու աստվածային ճակատագիրը, և այդպես, տալ նրանց այն վեմը, որի վրա նրանք կարող են կառուցել: Ինչ էլ որ ասվի ու արվի, Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցման համար կատարյալ հավաքավայրը տունն է:
Երեք տարի առաջ ես հանձնարարությամբ գտնվում էի Բեյրութում՝ Լիբանան: Այնտեղ ես լսեցի 12-ամյա մի աղջնակի՝ Սարայի մասին: Նրա ընտանիքը դարձի էր եկել Եկեղեցի Ռումինիայում, որից հետո նրանք ստիպված էին եղել վերադառնալ հայրենիք, երբ Սարան 7 տարեկան էր: Եկեղեցին չկար նրանց հայրենիքում և չկային ոչ կազմավորված միավորներ, ոչ Կիարկնօրյա դպրոց, ոչ էլ Երիտասարդ կանանց կազմակերպություն: Հինգ տարի անց այս ընտանիքը լսեց, որ Բեյրութում Եկեղեցու ճյուղ կա և իմ գալուց առաջ իրենց 12-ամյա դստերն իր եղբայրների ու քույրերի հետ ուղարկել էր, որ մկրտվի: Այնտեղ ես ուսուցում անցկացրեցի անդամների հետ փրկության ծրագրի մասին: Որոշ ընդհատումներով՝ Սարան ձեռք էր բարձրացնում և պատասխանում հարցերի:
Ուսուցումից հետո, իմանալով, որ նա Եկեղեցուց հեռու է մեծացել, ես մոտեցա և հարցրեցի նրան. «Սարա, ինչպե՞ս ես իմացել այդ հարցերի պատասխանները»: Նա իսկույն պատասխանեց. «Մայրս է սովորեցրել»: Նրանք իրենց համայնքում չեն ունեցել եկեղեցին, բայց նրանք ունեցել են ավետարանն իրենց տանը: Նրա մայրն ավետարանի իր գլխավոր ուսուցիչն էր:
Ենովսն ասել է. «Խոսքերը, որոնք ես հաճախ լսել էի իմ հորն ասելիս, հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին, խորը ընկղմվել էին իմ սրտում» Ենովս 1.3): Կասկած չի մնում, թե ով է եղել ավետարանի գլխավոր ուսուցիչը Ենովսի համար:
Հիշում եմ, ինչպես էր հայրս բուխարու մոտ պառկած կարդում սուրբ գրություններն ու ուրիշ լավ գրքեր. ես նույնպես պառկում էի նրա կողքին: Հիշում եմ քարտերը, որ նա պահում էր վերնաշապիկի գրպանում՝ սուրբ գրությունների հատվածներով ու Շեքսպիրի խոսքերով և նոր բառերով, որ նա անգիր էր անում ու սովորում: Հիշում եմ ավետարանի հարցերն ու քննարկումները ճաշի սեղանի շուրջ: Ես հիշում եմ, որ շատ անգամ հայրս ինձ տանում էր տարեց մարդկանց այցելելու, թե ինչպես էինք մենք կանգ առնում ու պաղպաղակ վերցնում մեկի համար կամ հավի ճաշ մյուսի համար կամ ինչպես էր նա հրաժեշտ տալիս ձեռք սեղմում ու որոշ գումար թողնում նրանց: Ես հիշում եմ լավ զգացումներն ու ցանկությունը՝ նմանվելու նրան:
Հիշում եմ մայրիկիս, թե ինչպես էր 90 տարեկանում իր խոհանոցում ճաշ պատրաստում և ապա դուրս տանում: Ես հարցրեցի նրան, թե ուր է գնում: Նա պատասխանեց. «Օ՜, ես ուտելիք եմ տանում տարեց մարդկանց»: Երբեք չեմ կարող բավականաչափ երախտագիտություն հայտնել իմ ծնողներին, որոնք ավետարանի իմ գլխավոր ուսուցիչներն էին:
Առավել իմաստալից բաներից մեկը, որ կարող ենք անել որպես ծնողներ՝ մեր երեխաներին աղոթքի զորությունը սովորեցնելն է՝ ոչ թե միայն ռեժիմով աղոթք ասելը: 17 տարեկանում՝ մի երեկո ծնկի էի իջել անկողնուս մոտ, ասելով իմ երեկոյան աղոթքը: Ինձ համար հանկարծակի մայրս կանգնած էր դռան մոտ: Երբ ավարտեցի, նա ասաց, «Թեդ, դու խնդրո՞ւմ ես Տիրոջը, որ օգնի քեզ լավ կին գտնել»:
Նրա հարցը շատ անսպասելի էր: Իմ մտքով առհասարակ նման բան չէր անցել: Ես մտածում էի բասկետբոլի և ուսման մասին: Ուստի, ես պատասխանեցի՝ ո՛չ, որին ի պատասխան նա ասաց. «Դե՜, ժամանակն է տղաս. դա լինելու է քո ամենակարևոր որոշումը»: Նրա խոսքերը մխրճվեցին իմ սրտում, այնպես որ հաջորդ վեց տարիների ընթացքում ես աղոթում էի, որ Աստված օգնի ինձ լավ կին գտնել: Եվ խոսքերը բավական չեն նկարագրելու, թե ինչ հրաշալի եղավ աղոթքիս պատասխանը:
Որպես ծնող՝ մենք կարող ենք սովորեցնել մեր երեխաներին աղոթել հավերժական նշանակություն ունեցող բաների մասին, աղոթել, որ ուժ ստանան բարոյապես մաքուր լինելու չափազանց դժվար աշխարհում, որ լինեն հնազանդ և քաջություն ունենան ճիշտը պաշտպանելու:
Մեր երիտասարդներից շատերն անկասկած ասում են երեկոյան աղոթքներ, բայց հավանաբար, մոռանում են առավոտյան աղոթքները: Որպես ծնողներ՝ որպես ավետարանի գլխավոր ուսուցիչներ, մենք կարող ենք օգնել նրանց ձեռք բերել այդ սովորությունը: Ո՞ր ծնողը Մորմոնի գրքում թույլ կտար, որ իր որդին պատերազմի գնար առանց զրահի ու առանց վահանի ու առանց սրի, որ պաշտպանված լինի թշնամու մահկանացու հարվածներից: Բայց մեզանից շատերը թույլ են տալիս, որ մեր երեխաներն ամեն առավոտ դռնից դուրս գան դեպի ամենավտանգավոր դաշտը՝ դիմակայելու Սատանային ու նրա անհամար գայթակղություններին, առանց հոգևոր զրահի ու վահանի ու սրի, որ գալիս է աղոթքի պաշտպանիչ զորությունից: Տերն ասել է. «Միշտ աղոթիր… . որ կարողանաս հաղթել Սատանային» (ՎևՈՒ 10.5): Որպես ծնողներ՝ մենք կարող ենք օգնել մեր զավակներին ձեռք բերել առավոտյան աղոթքի սովորությունն ու զորությունը:
Մենք կարող ենք նաև ուսուցանել մեր երեխաներին իրենց ժամանակը իմաստուն օգտագործել: Երբեմն, ինչպես Սոնյա Քարսոնը, մենք պետք է սիրով, բայց հաստատուն ամուր կանգնենք և սահմանափակենք հեռուստատեսությամբ և այլ էլեկտրոնային սարքերով զբաղվելու մեր երեխաների ժամանակը, որոնք շատ դեպքերում իրենց մենաշնորհն են դարձնում նրանց կյանքը: Փոխարենը, մենք հնարավոր է ուղղենք նրանց ժամանակը դեպի ավելի արդյունավետ ավետարանին ուղղված ջանքերի: Հնարավոր է սկզբում դիմադրություն լինի, բողոք լինի, սակայն, Սոնյա Քարսոնի պես, մենք պետք է ունենանք հաստատուն մնալու տեսլականն ու կամքը: Մի օր մեր երեխաները կհասկանան ու կգնահատեն, թե ինչ ենք մենք արել: Եթե մենք չենք անում դա, ապա ո՞վ պիտի անի:
Բոլորս կարող ենք ինքներս մեզ հարց տալ. արդյոք մեր երեխաները ստանո՞ւմ են մեր լավագույն հոգևոր, մտավոր և ստեղծագործական ջանքերը կամ արդյոք նրանք ստանո՞ւմ են մեր ազատ ժամանակն ու տաղանդներն այն բանից հետո, երբ մենք մեր ողջ ուժերը նվիրել ենք մեր Եկեղեցական կոչմանը կամ մասնագիտական նպատակներին: Հանդերձյալ կյանքում, չեմ կարծում, որ եպիսկոպոսի կամ Սփոփող Միության նախագահի կոչումները կմնան, սակայն գիտեմ, որ ամուսնու և կնոջ, հոր և մոր կոչումները կշարունակվեն ու հարգի կլինեն մշտնջենական աշխարհներում: Դա է պատճառներից մեկը, թե որքան կարևոր է պատվել ծնողի մեր պարտականություններն այստեղ՝ երկրի վրա, որպեսզի հանդերձյալ կյանքում մենք պատրաստ լինենք նմանատիպ, բայց ավելի մեծ պատասխանատվությունների:
Որպես ծնողներ՝ մենք կարող ենք շարունակել համոզվածությամբ, որ Աստված երբեք մեզ միայնակ չի թողնի: Աստված երբեք չի տալիս պատասխանատվություն առանց աստվածային օգնություն առաջարկելու. այդ մասին ես կարող եմ վկայել: Թող որ մենք ծնողի մեր աստվածային դերը կատարելիս ու Աստծո հետ համագործակցելիս դառնանք ավետարանի գլխավոր ուսուցիչն ու օրինակը մեր երեխաների համար. սա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: