2014
Տերը ծրագիր ունի մեզ համար
Նոյեմբեր 2014


Տերը ծրագիր ունի մեզ համար

Եթե մենք շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք, արդյո՞ք մեր խոստացված օրհնությունները կիրականանան:

Ինչպիսի՜ արտոնություն է ներկա լինել այս պատմական պահին, երբ գերագույն համաժողովի խոսնակները կարող են խոսել իրենց մայրենի լեզվով: Երբ վերջին անգամ խոսեցի այս ամբիոնից, անհանգստանում էի իմ անգլերեն արտասանության համար: Այժմ անհանգստանում եմ իմ պորտուգալերենի արագության համար: Չեմ ուզում ենթագրերից առաջ ընկնել:

Բոլորս էլ մեր կյանքում ունեցել ենք կամ կունենանք մեծ որոշում կայացնելու պահեր: Պե՞տք է արդյոք հետամուտ լինեմ այս կարիերային, թե ոչ: Պե՞տք է արդյոք միսիա ծառայեմ, թե ոչ: Արդյո՞ք սա այն մարդն է, ում հետ ես պետք է ամուսնանամ:

Սրանք իրավիճակներ են մեր կյանքի տարբեր ոլորտներից, որտեղ ուղղության մի փոքր շեղումը կարող է մեծ հետևանքներ ունենալ ապագայում: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերով. «Տիրոջը ծառայելու տարիների ընթացքում … , ես սովորել եմ, որ անհատների, ամուսնությունների և ընտանիքների երջանկության և թշվառության միջև տարբերությունը լինում է լոկ մի քանի աստիճանի սխալը» («Մի քանի աստիճանի տարբերությունը», Լիահոնա, մայիս 2008, 58):

Ինչպե՞ս կարող ենք հաշվարկի մեջ խույս տալ այդ փոքր սխալներից:

Իմ ուղերձը բացատրելու համար կօգտվեմ իմ անձնական փորձից:

1980-ականների վերջում, մեր երիտասարդ ընտանիքի կազմում ես էի, կինս՝ Մոնիկան և մեր չորս երեխաներից երկուսը: Մենք ապրում էինք Սան Պաոլոյում, Բրազիլիա: Ես աշխատում էի մի լավ ընկերությունում, ավարտել էի համալսարանը, և վերջերս էի ազատվել մեր ծխի եպիսկոպոսի պաշտոնից: Կյանքը լավ էր, և ամեն ինչ կարծես իր հունով էր ընթանում, մինչև մի օր վաղեմի ընկերս այցելեց մեզ:

Երբ պատրաստվում էր գնալ, նա դիտողություն արեց և հարց տվեց, որը փոխեց իմ մտածելակերպը: Նա ասաց. «Կառլոս, կարծես թե ամեն ինչ լավ է քո կյանքում՝ ընտանիք, կարիերա և Եկեղեցու ծառայություն, բայց—», - և ապա տվեց հարցը,- «Եթե դու շարունակես ապրել ինչպես այժմ ես ապրում, արդյո՞ք քո հայրապետական օրհնության մեջ խոստացված օրհնությունները կիրականանան»:

Ես երբեք այդպես չէի մտածել իմ հայրապետական օրհնության մասին: Ժամանակ առ ժամանակ ես կարդում էի այն, բայց երբեք չնայելով ապագայում խոստացված օրհնությունների ուղղությամբ և չգնահատելով ներկայիս ապրելակերպը:

Նրա գնալուց հետո ուշադրությունս ուղղեցի իմ հայրապետական օրհնությանը, հարցնելով. «Եթե մենք շարունակենք ապրել ինչպես ապրում ենք, արդյո՞ք խոստացված օրհնությունները կիրականանան»: Մի փոքր խորհելուց հետո ես զգացի, որ հարկավոր էր որոշ փոփոխություններ կատարել՝ հատկապես կրթության և մասնագիտության ոլորտում:

Դա ոչ թե որոշում էր լավի կամ վատի միջև, այլ լավի և ավելի լավի միջև, ինչպես Երեց Դալլին Հ. Օուքսն է ուսուցանել մեզ ասելով. «Երբ դիտարկում ենք որոշ ընտրություններ, մենք պետք է հիշենք, որ բավական չէ, երբ ինչ-որ բան լավ է: Այլ ընտրություններ ավելի լավ են, և դեռ կան ընտրություններ, որ ամենալավն են» («Լավ, ավելի լավ, ամենալավ», Լիահոնա, նոլ. 2007, 104–5):

Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մենք լավագույն որոշումն ենք կայացնում:

Ահա մի քանի սկզբունքներ, որոնք ես եմ սովորել:

Սկզբունք համար առաջին. Մենք պետք է քննենք մեր տարբերակները՝ մտքում ունենալով վերջնական նպատակը

Վտանգ կարող են պարունակել այն որոշումները, որոնք կարող են ազդել մեր և նրանց կյանքի վրա, ում մենք սիրում ենք, եթե խորապես չենք հասկանում դրանց հետևանքները: Ինչևէ, եթե մենք պատկերացնենք ապագայում այդ որոշումների հետևանքները, ավելի հստակ կտեսնենք լավագույն ուղին, որը պետք է ընտրենք ներկայում:

Հասկանալով ով ենք մենք, ինչու ենք այստեղ և ինչ է Տերն ակնկալում մեզանից այս կյանքում, կօգնի ունենալ մեզ համար անհրաժեշտ ավելի մեծ տեսլական:

Մենք կարող ենք սուրբ գրություններում օրինակներ գտնել, որտեղ ավելի մեծ կանխատեսություն ունենալը հստակություն է բերել ճիշտ ուղին ընտրելու հարցում:

Մովսեսը դեմառդեմ խոսեց Տիրոջ հետ, սովորեց փրկության ծրագրի մասին և այդպիսով ավելի լավ հասկացավ իր դերը որպես Իսրայելի հավաքման մարգարե:

«Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Ահա, ես եմ Ամենազոր Տեր Աստվածը: … 

Եվ ահա, դու իմ որդին ես. ուստի տես, և ես քեզ ցույց կտամ իմ ձեռքերի ստեղծագործությունը … 

… Եվ ես աշխատանք ունեմ քեզ համար, Մովսե՛ս, որդի՛ս» (Մովսես 1.3–4, 6):

Այս հասկացողությամբ Մովսեսը կարողացավ երկար տարիների ընթացքում դիմանալ փորձություններին անապատում և Իսրայելին առաջնորդել ետ՝ դեպի տուն:

Մորմոնի Գրքի մեծ մարգարե Լեքին մի երազ տեսավ, և իր տեսիլքներում սովորեց դեպի խոստացված երկիր իր ընտանիքին առաջնորդելու առաքելության մասին:

«Եվ եղավ այնպես, որ Տերը պատվիրեց հորս, ուղղակի երազում, որ նա պետք է վերցներ իր ընտանիքը և հեռանար անապատ:

Եվ նա թողեց իր տունը և իր ժառանգության հողը և իր ոսկին և իր արծաթը և իր թանկարժեք իրերը» (1 Նեփի 2.2–4):

Չնայած ճամփորդության և Երուսաղեմում հարմարավետ կյանքը թողնելու դժվարություններին, Լեքին հավատարիմ մնաց այդ տեսիլքին:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ևս մեծ օրինակ է: Սկսած Առաջին Տեսիլքից բազմաթիվ հայտնությունների միջոցով նա կարողացավ ավարտել բոլոր բաները վերականգնելու իր առաքելությունը (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.1–26):

Իսկ մե՞նք: Ի՞նչ է Տերն ակնկալում մեզանից:

Հասկացողություն ձեռք բերելու համար մենք հրեշտակ տեսնելու կարիք չունենք: Մենք ունենք սուրբ գրություններ, տաճար, ապրող մարգարեներ, մեր հայրապետական օրհնությունները, ոգեշնչված ղեկավարներ և, որ ամենակարևորն է, մեր որոշումներն ուղղորդող անձնական հայտնություն ստանալու իրավունք:

Սկզբունք համար երկու. Մենք պետք է պատրաստվենք գալիք դժվարություններին

Կյանքի լավագույն ուղիները հազվադեպ են հեշտ լինում: Հաճախ, ճիշտ հակառակն է: Մենք կարող ենք նայել իմ հիշատակած մարգարեների օրինակներին:

Մովսեսը, Լեքին և Ջոզեֆ Սմիթը հեշտ ճանապարհ չեն անցել, չնայած որ նրանց որոշումները ճիշտ էին:

Արդյո՞ք մենք ցանկանում ենք վճարել մեր որոշումների գինը: Արդյո՞ք մենք պատրաստ ենք թողնել մեր հարմարավետ միջավայրը՝ ավելի լավ վայր հասնելու համար:

Վերադառնալով իմ հայրապետական օրհնությանը ես այդ ժամանակ եզրահանգման եկա, որ պետք է լրացուցիչ կրթություն ստանամ և դիմեմ Ամերիկյան համալսարանի կրթաթոշակի համար: Ինձ ընտրելու դեպքում ես պետք է թողնեի իմ աշխատանքը, վաճառեի մեր ողջ ունեցվածքը և երկու տարով տեղափոխվեի Միացյալ Նահանգներ, որպես կրթաթոշակ ոնեցող ուսանող:

TOEFL և GMAT քննություններ հանձնելն առաջին դժվարությունն էր, որ պետք է հաղթահարեի: Պատրաստվելու համար երեք երկար տարի պահանջվեց, եղան շատ «ոչ» -եր և մի քանի «գուցե»- ներ, մինչև որ համալսարան ընդունվեցի: Ես դեռևս հիշում եմ երրորդ տարվա վերջին կրթաթոշակների համար պատասխանատու անձի հետ իմ հեռախոսազրույցը:

Նա ասաց. «Կառլոս, ես լավ և վատ նորություններ ունեմ քեզ համար: Լավ նորությունն այն է, որ դու այս տարվա երեք լավագույնների թվում ես: Այդ ժամանակ միայն մեկ տեղ էր հատկացված: «Վատ նորությունն այն է, որ թեկնածուներից երկուսը կարևոր մարդկանց որդիներ են, և մյուսը դու ես»:

Ես արագ պատասխանեցի. «Իսկ ես … ես Աստծո որդի եմ»:

Բարեբախտաբար, երկրային ծնողները որոշիչ գործոն չհանդիսացան, և ես այդ տարի ընդունվեցի, դա 1992 թիվն էր:

Մենք Ամենազոր Աստծո զավակներն ենք: Նա մեր Հայրն է, Նա սիրում է մեզ, և Նա ծրագիր ունի մեզ համար: Մենք այս կյանք ենք եկել ոչ թե այստեղ մեր ժամանակը վատնելու, ծերանալու և մահանալու համար, այլ Աստված ցանկանում է, որ մենք աճենք և հասնենք մեր ներուժին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերով. «Ձեզանից յուրաքանչյուրը, ամուրի թե ամուսնացած, անկախ տարիքից, սովորելու և աճելու հնարավորություն ունի: Հարստացրեք ձեր գիտելիքը, ինտելեկտուալ և հոգևոր, ձեր աստվածային ներուժի լիարժեք չափով» (“The Mighty Strength of the Relief Society,” Ensign, Nov. 1997, 95):

Սկզբունք համար երեք. Մենք պետք է կիսվենք այս տեսիլքով մարդկանց հետ, ում սիրում ենք

Լեքին մի քանի անգամ փորձեց օգնել Լամանին և Լեմուելին հասկանալ իրենց ընտանիքի ձեռնարկած փոփոխության կարևորությունը: Այն, որ նրանք չկիսեցին իրենց հոր տեսիլքը, պատճառ դարձավ, որ ճամփորդության ընթացքում տրտնջային: Մյուս կողմից Նեփին փնտրեց Տիրոջը, որպեսզի հասկանար ինչ էր տեսել իր հայրը:

«Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս լսած լինելով իմ հոր բոլոր խոսքերն այն բաների մասին, որոնք նա տեսել էր տեսիլքում, … ես … նույնպես փափագեցի, որ տեսնեի և լսեի և իմանայի այս բաների մասին Սուրբ Հոգու զորությամբ» (1 Նեփի 10.17):

Այդ տեսիլքով Նեփին կարողացավ ոչ միայն հաղթահարել ճամփորդության դժվարությունները, այլև անհրաժեշտության պահին առաջնորդել իր ընտանիքը:

Շատ հավանական է, որ երբ մենք որոշում ենք որոշակի ուղի ընտրել, դա իր ազդեցությունը կունենա մարդկանց վրա, ում մենք սիրում ենք, և ոմանք անգամ մեզ հետ կկիսեն այդ ընտրության արդյունքները: Լավագույն դեպքում, նրանք պետք է կարողանան տեսնել այն, ինչ մենք ենք տեսնում, և կիսել մեր համոզմունքները: Դա ոչ միշտ է հնարավոր, սակայն այդ դեպքում ճամփորդությունն ավելի դյուրին է դառնում:

Իմ անձնական փորձառության մեջ, որը ես որպես լուսաբանում օգտագործեցի, անկասկած կնոջս աջակցության կարիքն ունեի: Երեխաները դեռ փոքր էին և չէին կարող իրենց կարծիքը հայտնել, բայց կնոջս աջակցությունը կարևոր էր: Հիշում եմ, որ նախ Մոնիկան և ես մանրակրկիտ քննարկեցինք ծրագրերի փոփոխությունը, մինչև որ նա հանգստացավ և նաև իրեն պարտավորված զգաց: Այդ համատեղ տեսլականն օգնեց, որ նա ոչ միայն աջակցի փոփոխությանը, այլև դառնա դրա հաջողության գրավականներից մեկը:

Ես գիտեմ, որ Տերը ծրագիր ունի մեզ համար այս կյանքում: Նա ճանաչում է մեզ: Նա գիտի, որն է մեզ համար լավագույնը: Պարզապես եթե գործերը լավ են ընթանում, չի նշանակում, որ մենք չպետք է ժամանակ առ ժամանակ դիտարկենք, արդյոք կա ավելի լավ տարբերակ: Եթե մենք շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք, արդյո՞ք խոստացված օրհնությունները կիրականանան:

Աստված ապրում է: Նա մեր Հայրն է: Փրկիչ Հիսուս Քրիստոսն ապրում է, և ես գիտեմ, որ Նրա քավող զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ուժ գտնել հաղթահարելու մեր առօրյա դժվարությունները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: