2014
Մեր հույսի պատճառը
Նոյեմբեր 2014


Մեր հույսի պատճառը

Հույսի և փրկագնման վկայությունը չի կարելի չափել կամ հաշվել: Հիսուս Քրիստոսը այդ հույսի աղբյուրն է:

Մի քանի տարի առաջ Քույր Փաքերը և ես գնացինք Օքսֆորդի Համալսարան: Մենք փնտրում էինք իմ յոթ սերնդի նախապապի մասին գրառումները: Օքսֆորդի Քրայսթ Քոլեջի ղեկավարը՝ Դոկտոր Փոփելվելը, շատ բարի գտնվեց, խնդրելով քոլեջի արխիվի պատասխանատուին գտնել գրառումները: Ահա այնտեղ՝ 1583թ. մենք գտանք իմ նախապապի անունը՝ Ջոն Փաքեր:

Հաջորդ տարի մենք վերադարձանք Օքսֆորդ, որպեսզի նվեր մատուցեինք ստանդարտ աշխատանքների գեղեցիկ ձևավորված փաթեթը Քրայթ Քոլեջի գրադարանին: Դա մի փոքր տարօրինակ թվաց Դոկտոր Փոփելվելին: Մի գուցե նա մտածեց, որ մենք իրական քրիստոնեաներ չենք: Նա կանչեց քոլեջի քահանային, որպեսզի նա ընդուներ գրքերը:

Սուրբ գրքերը քահանային տալուց առաջ ես բացեցի Թեմատիկ Ուղեցույցը և ցույց տվեցի նրան թեմաներից մեկը. 18 էջ, նրբագեղ տպված, մեկտող միջտողային տարածությամբ թվարկված հղումները «Հիսուս Քրիստոս» թեմայով: Դա Փրկչի թեմային առնչվող սուրբ գրությունների հղումների առավել հարուստ հավաքածուներից մեկն է, որ երբևէ կազմվել է աշխարհում՝ վկայություն Հին և Նոր Կտակարաններից, Մորմոնի Գրքից, Վարդապետություն և Ուխտերից և Մեծագին Մարգարիտից:

«Ինչպես էլ որ դուք հետևեք այս հղումներին, - ասացի ես նրան, - կողք-կողքի, վերուվար, գրքից գիրք, թեմայից թեմա, դուք կտեսնեք, որ դրանք հետևողական, ներդաշնակ վկայություն են Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին՝ Նրա ծննդի, Նրա կյանքի, Նրա ուսմունքների, Նրա Խաչելիության, Նրա Հարության և Նրա Քավության մասին:

Հոգևորականի հետ Փրկչի մասին մի քանի ուսմունքներով կիսվելուց հետո մթնոլորտը փոխվեց և նա շրջայց կազմակերպեց մեզ համար քոլեջի տարածքով, այդ թվում ցույց տվեց վերջերս կատարված հռոմեական օրերի որմնանկարների պեղումները:

Թեմատիկ ուղեցույցում թվարկված հղումների շարքում կա այս մեկը՝ Մորմոնի Գրքից, որը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին. «Մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26):

Իր սեփական խոսքերով Փրկիչը հայտարարել է. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. Ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես 14.6):

Իսկ Մորմոնի Գրքում Նա հայտարարում է. «Ահա, ես եմ նա, ով պատրաստված էր աշխարհի հիմնադրումից ի վեր փրկագնելու իմ ժողովրդին: Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը … Ինձանով պիտի ողջ մարդկությունը կյանք ունենա, և դա հավերժորեն, այսինքն՝ նրանք, ովքեր կհավատան իմ անունին. և նրանք կդառնան իմ որդիներն ու իմ դուստրերը» (Եթեր 3.14):

Կան շատ ու շատ այլ հղումներ ստանդարտ գործերում, որոնք հռչակում են Քավիչ լինելու Հիսուս Քրիստոսի աստվածային դերը բոլորիս համար, ովքեր երբևէ ծնվել են կամ կծնվեն մահկանացու կյանքում:

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք բոլորս ազատվում ենք մարդու Անկումից, որը տեղի ունեցավ, երբ Ադամն ու Եվան ճաշակեցին արգելված պտուղը Եդեմի այգում, ինչպես ասվում է Կորնթացիներում. «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15.22):

Մորմոնի Գիրքն ուսուցանում է. «Քանզի անհրաժեշտ է, որ մի քավություն արվի … , այլապես, ողջ մարդկությունն անխուսափելիորեն պիտի կորչի. այո, բոլորը կարծրացած են. այո, բոլորն ընկած են և կորած, և պիտի կորչեն, եթե չլինի քավությունը, … մի անսահման և հավերժական զոհաբերություն» (Ալմա 34.9–10):

Մենք, հնարավոր է, չապրենք կատարյալ կյանքով, և մեր սխալների համար պատիժներ գոյություն ունեն, սակայն երկիր գալուց առաջ մենք համաձայնվել ենք ենթարկվել Նրա օրենքներին և ընդունել պատիժը՝ դրանք խախտելու դեպքում:

«Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են.

Ձրի են արդարանում նորա շնորքովը՝ այն փրկության ձեռովը՝ որ Հիսուս Քրիստոսն է» (Հռովմայեցիս 3.23–24):

Փրկիչն իրականացրեց Քավությունը, որը մեզ ճանապարհ է տալիս լինելու մաքուր: Հիսուս Քրիստոսը հարություն առած Քրիստոսն է: Մենք երկրպագում և ընդունում ենք Նրան այն ցավի համար, որը Նա տարավ մեր բոլորի համար միասին և այն ցավի համար, որը Նա տարավ յուրաքանչյուրիս համար անհատապես, և Գեթսեմանիի Այգում, և խաչի վրա: Նա տարավ այդ ամենը մեծ խոնարհությամբ և Իր աստվածային դերի և նպատակի մասին հավերժական հասկացողությամբ:

Նրանք, ովքեր կապաշխարեն և կթողնեն մեղքը, կգտնեն Նրա ողորմած բազուկը, որը դեռ մեկնված է: Նրանք, ովքեր կլսեն և ուշք կդարձնեն Նրա խոսքերին և Նրա ընտրված ծառաների խոսքերին, կգտնեն խաղաղություն և հասկացողություն անգամ ցավի և վշտի մեջ: Նրա զոհաբերության արդյունքում մենք կազատվենք մեղքի հետևանքներից, բոլորի մեղքերը կջնջվեն և բոլորը հույս կզգան:

Եթե Նա չիրականացներ Քավությունը, չէր լինի փրկագնում: Դժվար կլիներ ապրել այս աշխարհում, եթե մենք երբեք չներվեինք մեր սխալների համար, եթե երբեք չմաքրեինք մեզ և առաջ չգնայինք:

Հիսուս Քրիստոսի ողորմածությունը և շնորհը չեն սահմանափակվում միայն նրանց համար, ովքեր մեղքեր են գործում, այլ տարածվում է հավերժական խաղաղության խոստումով բոլոր նրանց վրա, ովքեր կընդունեն և կհետևեն Նրան և Նրա ուսմունքները: Նրա ողորմածությունը հզոր բուժիչ ուժ է, անգամ անմեղ վիրավորների համար:

Վերջերս մի նամակ ստացա մի կնոջից, ով պատմում էր իր երկարատև տառապանքների մասին, որ բաժին էին ընկել իր կյանքում: Ահավոր մի արարք էր կատարվել նրա դեմ, որը նա չէր մանրամասնում, սակայն որի մասին միայն ակնարկում էր: Նա խոստովանում էր, որ պայքարել էր դառնության խորը ապրումների դեմ: Իր զայրույթի մեջ նա մտավոր աղերս էր անում. «Ինչ-որ մեկը պետք է վճարի այս ահավոր արարքի համար»: Նա գրել էր, որ վշտի և հարցադրումների այդ ծայրահեղ պահերին սրտում ստացավ անհապաղ պատասխան. «Կա մեկը, ով արդեն վճարել է»:

Եթե մենք տեղյակ չլինենք նրանից, թե ինչ կարող է մեզ համար անել Փրկչի զոհաբերությունը, մենք կանցնենք մեր կյանքով, զղջալով նրա համար, որ արել ենք, մի բան, որը ճիշտ չէր, կամ վիրավորել ենք ինչ-որ մեկին: Եթե մենք ձգտենք հասկանալ Նրա Քավությունը, մենք կունենանք խորը ակնածանքի զգացում Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա երկրային ծառայության և որպես մեր Փրկիչ Նրա աստվածային առաքելության հանդեպ:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգնվել է աշխարհով մեկ Փրկչի կյանքի և ուսմունքների մասին գիտելիքն առաջ տանելու համար: Այս նշանավոր համաժողովը արբանյակային կապով հեռարձակվում է 94 լեզուներով 102 երկիր, սակայն մատչելի է նաև համացանցում բոլոր երկրների համար, որտեղ Եկեղեցին ներկա է: Մենք ունենք ավելի քան 3000 ցցեր: Լիաժամկետ միսիոներների մեր բանակը գերազանցում է 88000-ը, իսկ Եկեղեցու անդամների ընդհանուր թիվը անցել է 15 միլիոնից: Այս թվերը ապացուցում են, որ «քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը» (ՎևՈւ 65.2):

Սակայն անկախ նրանից, թե որքան մեծ է Եկեղեցու կառուցվածքը կամ քանի միլիոն անդամ է միանում մեր շարքերին, քանի մայր-ցամաք և երկիր են մուտք գործում մեր միսիոներները կամ քանի տարբեր լեզուներով ենք մենք խոսում, Հիսուս Քրիստոսի ավետարանի իրական հաջողությունը կչափվի առանձին անդամների հոգևոր զորությամբ: Մեզ պետք է համոզման ուժը, որը գտնվում է Քրիստոսի յուրաքանչյուր հավատարիմ աշակերտի սրտում:

Հույսի և փրկագնման վկայությունը չի կարելի չափել կամ հաշվել: Հիսուս Քրիստոսը այդ հույսի աղբյուրն է:

Մենք ձգտում ենք ամրացնել մեր վկայությունները՝ թե՛ երիտասարդների, թե՛ մեծերի, թե՛ ամուսնացածների, թե՛ ամուրիների: Մենք պետք է ուսուցանենք Հիսուս Քրիստոսի ավետարանը տղամարդկանց, կանանց և երեխաներին՝ բոլոր ռասաների և ազգերի, հարուստ, թե՛ աղքատ: Մենք կարիք ունենք և նորադարձների, և նրանց, ովքեր պիոներների սերունդներից են գալիս: Մենք պետք է փնտրենք նրանց, ովքեր շեղվել են, և պետք է օգնենք նրանց վերադառնալ հոտ: Մենք կարիք ունենք յուրաքանչյուրի իմաստության և հոգևոր ամրության: Այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ որպես անհատ կենսական տարր է հանդիսանում Եկեղեցու կառուցվածքի մեջ:

«Ինչպես էլ մարմինը մեկ և անդամներ շատ ունի, և մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մեկ է, այսպես էլ Քրիստոսը:

Որովհետև մենք էլ ամենքս մեկ Հոգով մկրտվեցանք …

Որովհետև մարմինն էլ մեկ անդամ չէ, այլ շատ» (Ա Կորնթացիս 12.12–14):

Յուրաքանչյուր անդամ Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների վկայություն է հանդիսանում: Մենք պատերազմի մեջ ենք թշնամու ուժերի դեմ, և մենք կարիք ունենք յուրաքանչյուր անձի, եթե ցանկանում ենք հաջողության հասնել այն աշխատանքում, որը Փրկիչն ունի մեզ համար:

Դուք, հնարավոր է, մտածեք. «Ի՞նչ ես կարող եմ անել: Ես մի հոգի եմ միայն»:

Անշուշտ, Ջոզեֆ Սմիթը միայնակ էր զգում որոշ պահերի: Նա դարձավ նշանավոր, սակայն սկսեց իր ուղին որպես 14-ամյա տղա, որը հարց ուներ. «Ո՞ր եկեղեցուն ես պետք է միանամ» (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10): Փրկչի հանդեպ Ջոզեֆի հավատքը և Նրա մասին նրա վկայությունը աճեցին, ինչպես պետք է դրանք աճեն մեզ մոտ, «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30; տես նաև ՎևՈւ 128.21): Ջոզեֆը ծնկի իջավ աղոթելու, և ինչպիսի հրաշալի արդյունքներ ունեցան այդ աղոթքը և Առաջին Տեսիլքը:

Որպես Տասներկու Առաքյալներից մեկը ես վկայություն եմ բերում Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Նա ապրում է: Նա մեր Քավիչն է և Փրկիչը: «Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ամբողջ մարդկությունը կարող է փրկվել» (Հավատո Հանգանակ 1.3): Նա նախագահում է այս Եկեղեցու վրա: Նա օտարական չէ Իր ծառաներին: Շարժվելով դեպի ապագան հանգիստ վստահությամբ, մենք կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Չկա սահման Նրա զորությանը՝ օրհնելու և ուղղորդելու նրանց կյանքը, ովքեր փնտրում են ճշմարտությունը և արդարակեցությունը: Ես վկայություն եմ բերում Նրա մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: