2022
Տաճարային արարողություններ. Պատրաստվենք վերադառնալ Աստծո ներկայություն
Հուլիս/օգոստոս 2022


Տաճարային արարողություններ. Պատրաստվենք վերադառնալ Աստծո ներկայություն», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Տաճարային արարողություններ. Պատրաստվենք վերադառնալ Աստծո ներկայություն

Ես հրավիրում եմ ձեզ ջանասիրաբար սովորել և գնահատել տաճարային ուխտերի, տաճարային արարողությունների և տաճարային երկրպագության հավերժական կարևորությունը, երբ ձգտում եք գալ դեպի Փրկիչը:

Նկար
Մեսա Արիզոնա տաճարի բաց դռների օրը

Մեսա Արիզոնա տաճարի բաց դռների օրվա լուսանկարը՝ Լեսլի Նիլսոն

Աստծո գործն ու Նրա փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39), որպեսզի պատրաստի մեզ ապրել «ավելի բարձր և ավելի սուրբ ձևով»,1 որպեսզի կարողանանք վերադառնալ Նրա ներկայություն:

Իր անսահման և հավերժական ողորմածությամբ Տերը Իր մարգարեների և առաքյալների միջոցով մշտապես հրավիրել է Իր որդիներին և դուստրերին պատրաստվել Իր գալուստին և դառնալ Սիոնի ժողովուրդ, որը պատրաստ է բարձրացվելու վեր` հանդիպելու Իրեն (տես Ալմա 12.24, 34.32, Վարդապետություն և Ուխտեր 45.45, 65.5, 88.96–97): Եվ այդ նախապատրաստության համար միշտ առանցքային է եղել սովորել Հիսուս Քրիստոսի վարդապետությունը՝ հավատք գործադրելով Նրա հանդեպ, ապաշխարելով և ստանալով սրբազան ուխտերն ու արարողությունները:

Հին Կտակարանում ավելի բարձր օրենքով ապրելու և ուխտեր ու արարողություններ ստանալու Իր զավակներին ուղղված հրավերի օրինակները մեզ համար ուսանելի են այսօր:

Ելից գրքում Աստված խրախուսում է Իսրայելին դառնալ «սեպհական ժողովուրդ» և իրենց սրբել Իր հետ հանդիպելուց առաջ (տես Ելից 19.4–6, 10–11, 17): Եհովան Իսրայելին «քարի տախտակներ, և օրենք ու պատվիրաններ» տվեց (Ելից 24.12), և նրանք ուխտ կապեցին Աստծո հետ` ասելով. «Եհովայի բոլոր խոսքերը, որ խոսել է, կանենք» (Ելից 19.8, տես նաև 24.3): Տերը խոստացավ, որ եթե նրանք հնազանդ լինեին իրենց ուխտերին, Նա կբնակվեր նրանց մեջ (տես Ելից 29.45–46): Սակայն, երբ Իսրայելը տեսավ «Եհովայի փառքը» (Ելից 24.16) Սինայ սարի վրա, նրանք վախեցան, կանգնեցին հեռվում և, ի վերջո, ապստամբեցին Աստծո դեմ (տես Ելից 20.18–21, 32.1–6):

Հին Կտակարանում երկրորդ օրինակը Սողոմոն թագավորն է, ով տուն կառուցեց Եհովայի համար (տես Գ Թագավորաց 6.11–13): Ուխտի տապանակը և մյուս սուրբ անոթները դրվեցին «սրբութեանց սրբութիւնի մեջ» (Գ Թագավորաց 8.6), և «Տիրոջ փառքը … լցրել էր Տիրոջ տունը» (Գ Թագավորաց 8.11): Սողոմոնը նվիրագործման աղոթք ասաց և խնդրեց, որ աշխարհիկ և հոգևոր օրհնություններ շնորհվեն ապաշխարող և աղոթող Իսրայելին: Տերը լսեց նրանց աղերսալի աղոթքները և Իսրայելին մեծ օրհնություններ խոստացավ, եթե նրանք հնազանդ լինեին: Սակայն Իսրայելը լքեց Տիրոջը և երկրպագեց կեղծ աստվածների: (Տես Գ Թագավորաց 9–11)

Հին Կտակարանի մյուս մարգարեները ջանասիրաբար ձգտեցին ուսուցանել և սրբագործել Իսրայելին, որպեսզի «նրանք կարողանային տեսնել Աստծո երեսը․ սակայն նրանք կարծրացրին իրենց սրտերը և չկարողացան դիմանալ նրա ներկայությանը» (Վարդապետություն և Ուխտեր 84․23–24

Իսրայելի որդիները բազմիցս անհավատություն էին դրսևորում, վախենում էին կամ չէին կամենում փոխվել, ցանկանում էին ավելի հեշտ ճանապարհ, դնում էին իրենց սրտերը աշխարհիկ բաների վրա կամ կամովին ապստամբում Տիրոջ և Նրա մարգարեների դեմ: Ամեն անգամ, երբ Իսրայելը շրջվում էր Աստծուց և լքում իրենց ուխտերն ու արարողությունները, Տիրոջ «բարկությունը բռնկվում էր նրանց դեմ» (Վարդապետություն և Ուխտեր 84.24), և նրանք չէին կարողանում ստանալ Նրա փառքի լիությունը:

Հավաքման աստվածային նպատակը

Իր ժողովրդին հավաքելու և նրանց օրհնելու Տիրոջ ջանքերը տաճարային ուխտերի և արարողությունների միջոցով պատմվում է նաև Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում: Փրկիչն արտասվում է. «Քանի՞ անգամ կամեցայ քո որդիները ժողովել ինչպէս հաւն իր ձագերը թեւերի տակն է ժողովում. Եւ չ’կամեցաք»։ (Մատթեոս 23.37, տես նաև 3 Նեփի 10.4–6)

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ո՞րն էր Աստծո ժողովրդի … հավաքման նպատակը` աշխարհի որ դարաշրջանում էլ որ լիներ։ … Հիմնական նպատակն էր՝ կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող էր հայտնել Իր ժողովրդին Իր տան արարողությունները և Իր արքայության փառքերը և սովորեցնել ժողովրդին փրկության ճանապարհը … որպեսզի նրանք կարողանային … ստանալ հայտնություններ երկնքից, և կատարելագործվել Աստծո արքայության բաներում, բայց նրանք չկամեցան»:2

Տերը կամենում է հավաքել Իր զավակներին այս տնտեսությունում և հայտնի դարձնել «այն բաները, որոնք ծածուկ էին պահվել աշխարհի հիմնադրումից առաջ, … բոլոր բաները, որոնք վերաբերում են այս տանը և այդտեղի քահանայությանը» (Վարդապետություն և Ուխտեր 124.41–42): Նա խրախուսում է մեզ բոլորիս պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն, որը հնարավոր է դարձվել Նրա քավիչ զոհաբերության միջոցով. «Ահա, իմ կամքն է, որ բոլոր նրանք, ովքեր կանչում են իմ անունը և երկրպագում են ինձ, համաձայն իմ հավիտենական ավետարանի, պետք է միասին հավաքվեն և կանգնեն սուրբ տեղերում» (Վարդապետություն և Ուխտեր 101.22):

Ինչո՞ւ են քահանայության բանալիներն այդքան կարևոր

Տաճարները երկրպագության բոլոր վայրերից ամենասուրբն են: Այն ամենը ինչ սովորեցվում է և արվում վերջին օրերի տաճարներում, շեշտում է Երկնային Հոր երջանկության մեծ ծրագիրը, Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը և Նրա դերը՝ որպես մեր Փրկիչ: Տաճարներում ստացած ուխտերն ու արարողությունները կարևոր են մեր սրտերը սրբացնելու և Աստծո որդիների ու դուստրերի վերջնական վեհացման համար:

«Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:

Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:

Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում» (Վարդապետություն և Ուխտեր 84.19–21):

Արարողությունները, որոնք ստանում ենք արժանիորեն և միշտ հիշում ենք, բացում են երկնքի դարպասները, որոնց միջոցով աստվածայնության զորությունը կարող է հոսել մեր կյանք: Ստանալով քահանայության արարողությունները և կապելով ու պահելով սրբազան ուխտերը, մենք լծակից ենք և Փրկիչի հետ ենք (տես Մատթեոս 11.28–30)3 և կարող ենք օրհնվել մեր սեփականից վեր ուժով` հաղթահարելու մահկանացու կյանքի գայթակղություններն ու մարտահրավերները, երբ պատրաստվում ենք վերադառնալ Աստծո ներկայություն:

Տաճարային ուխտերի և արարողությունների օրհնությունները

Նկար
Հիսուս Քրիստոսի նկարը

Հատված Քրիստոսը և փոքրիկ երեխան նկարից, Կարլ Հենրիխ Բլոխ

Երկու կարևոր օրհնություններ, որոնք ստանում ենք տաճարային ուխտերից և արարողություններից, աճող ուրախությունն է և զորությունը:

Քավիչը հարատև ուրախության բարձրագույն և միակ աղբյուրն է: Ճշմարիտ ուրախությունը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելուց, սրբազան ուխտերն ու արարողությունները արժանիորեն ստանալուց և հավատարմորեն պատվելուց, նաև դեպի Փրկիչն ու Նրա նպատակները խորապես դարձի գալու ձգտումից:

Ալման ուսուցանել է իր որդուն, որ մեր կյանքում ավելի մեծ սրբությունն ու ուրախությունը հնարավոր են դառնում, երբ մենք մաքրվում ենք և սրբագործվում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Միայն մեր Քավիչի հանդեպ հավատք ունենալով, ապաշխարելով և ուխտերը պահելով մենք կարող ենք ստանալ այն հարատև երջանկությունը, որը բոլորս ցանկանում ենք զգալ և պահպանել:4

Խնդրում ենք ուշադրություն դարձնել նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ուրախության խոստման վրա․ «Մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո բոլոր զավակներին գալ դեպի իրենց Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի»։5

Մեր օրերում, երբ խավարի ուժերը մոլեգնում են և «սպառնում խորտակել մեր խաղաղությունը»,6 պաշտպանիչ զորությունը մատչելի է մեզանից յուրաքանչյուրի համար` տաճարային ուխտերի և արարողությունների միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 38.32, 43.16, 76.39–42, 105.11–12, 33, 138.12–15): Նեփին տեսիլքում «տեսավ Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ … Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, … և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14․14

Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքում մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց Հորը, «որ քո ծառաները կարողանան դուրս գալ այս տնից քո զորությամբ զինված» և, «որ ամբարշտության ոչ մի խմբակցություն … [չ]բարձրանա և [չ]հաղթի քո ժողովրդին, որի վրա քո անունը պիտի դրվի այս տանը» (Վարդապետություն և Ուխտեր 109.22, 26):

Նկար
Կիրթլենդի տաճարը

Փառահեղ մի լույս` Կիրթլենդի Տաճարը, Գլեն Ս. Հոփկինսոն, չբազմացնել

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի սովորել և ավելի լավ հասկանալ ուխտերի և արարողությունների պաշտպանիչ զորության մասին, որը հասանելի է Տիրոջ տանը, որպեսզի մենք, որպես աշակերտներ, կարողանանք «կանգնել սուրբ տեղերում և … չշարժվել» (Վարդապետություն և Ուխտեր 45.32) և «չարութեան օրումը […] հաստատ կանգնել» (Եփեսացիս 6.13):

Հրավեր և վկայություն

Ես հրավիրում եմ ձեզ ջանասիրաբար սովորել տաճարային ուխտերի, տաճարային արարողությունների և տաճարային երկրպագության մասին և գնահատել դրանց հավերժական կարևորությունը, երբ ձգտում եք գալ դեպի Փրկիչը և ստանալ օրհնությունները, որոնք հնարավոր են դարձվել Նրա Քավության միջոցով: Եվ ես ուրախությամբ վկայում եմ, որ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են, և Նրանց մեծագույն ցանկությունն է, որ մենք վերադառնանք Նրանց ներկայություն և ճաշակենք Նրանց փառքը (տես Վարդապետություն և Ուխտեր 97․16, 101.38):

Տպել