«Տիրոջ առաջնորդությամբ», Լիահոնա, հուլիս/օգոստոս 2022:
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Տիրոջ առաջնորդությամբ
Ձախորդության մեջ ես հասկացա, որ կարող եմ դժվար գործեր կատարել:
Որպես ԱՄՆ նավատորմի ռեզերվում գտնվող բուժակ անեսթեզիոլոգ, COVID-19 համավարակի ժամանակ ինձ աշխատանքի նշանակեցին Նյու Յորքում գտնվող Ջեքոբ Կ. Ջեվիթս Կոնֆերանսների կենտրոնի շտապ օգնության հիվանդանոցում, որտեղ ես պետք է անհետաձգելի խնամք ապահովեի COVID-19 բռնկման գագաթնակետին:
Երբ սկսեցի կատարել պարտականություններս, միտքս լցվեց շատ մտահոգություններով: Ես հատկապես անհանգստացած էի հիվանդներին խնամելու և այդ թուլացնող վիրուսի դեմ պայքարելու պատճառով:
Ես զգում էի Նեփիի նման` «առաջնորդվելով Հոգու կողմից նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի» (1 Նեփի 4.6): Այդ միտքն օգնեց ինձ վստահել Երկնային Հորը և աղոթել հաճախ, որ ես լսեի Նրա ձայնը, հետևեի Նրա հրահանգներին և լավագույն խնամքը ցույց տայի իմ հիվանդներին:
Խնամք ապահովելու իմ առաջին գիշերվա ընթացքում ծանր վիճակում մի հիվանդ բերեցին: Երբ ես և իմ գործընկերները սկսեցինք գնահատել նրա վիճակը, ես արագ հայտնաբերեցի, որ նա կարող էր շփվել միայն իսպաներենով: Ես միակ մարդն էի այնտեղ, ով խոսում էր իսպաներեն, քանի որ սովորել էի լեզուն Վենեսուելայում՝ իմ միսիայի ժամանակ:
Երբ սկսեցի խոսել հիվանդի հետ, նա հարցրեց, թե արդյոք ամեն ինչ լավ կլիներ: Ես համոզեցի նրան, ասելով, որ նա ստանում էր հնարավոր լավագույն խնամքը: Նրա աչքերում ես որոշ վստահություն և հանգստություն զգացի: Գիշերվա մնացած մասի ընթացքում ես հաճախ էի մոտենում նրա մահճակալին՝ ստուգումներ կատարելու և թարմ տեղեկություններ տալու համար: Մի քանի օրվա ընթացքում նրա վիճակը բավականին լավացավ և նրան դուրս գրեցին:
Իմ նշանակման ընթացքում ես հանդիպեցի շատ հիվանդների, ովքեր հիմնականում հաղորդակցվում էին իսպաներենով: Նրանց հետ խոսելու իմ կարողությունը նրանց թեթևացում և հանգստություն էր տալիս ապաքինման ընթացքում:
Երբ ես մտածում եմ հիվանդներին լավագույն խնամք տրամադրելու համար երկնային առաջնորդություն փնտրելու այս փորձառության մասին, հիշում եմ Յոթանասունից երեց Բրուք Պ. Հեյլսի խորհուրդը: Նա ասել է, որ Երկնային Հայրը ներգրավված է «մեր կյանքի մանրամասների մեջ», և որ «մենք իրավունք ունենք աստվածային առաջնորդության մշտական հոսքի` Սուրբ Հոգու ազդեցության և ոգեշնչման միջոցով»:1
Ես խորապես գիտակցեցի, որ իսպաներեն խոսելու իմ ունակությունը նույնքան արժեքավոր է, որքան իմ բժշկական գիտելիքները: Ուրիշներին խնամելիս ես նաև ձեռք բերեցի հստակ տեսակետ, որ ձախորդության մեջ և Տիրոջ առաջնորդությամբ, ես կարող եմ դժվար գործեր կատարել: