2022
Գործիք Տիրոջ ձեռքերում
Հուլիս/օգոստոս 2022


«Գործիք Տիրոջ ձեռքերում» Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Եկ, հետևիր ինձ

Եսթեր

Գործիք Տիրոջ ձեռքերում

Եթե մենք հետևենք Հոգուն և ունենանք պատրաստակամ սիրտ, Տերը կառաջնորդի մեզ անելու այն, ինչն, ըստ Նրա, մենք պետք է անենք:

Նկար
Եսթեր

Նկարները` Դիլին Մարշի

Իրականում բավականին հեշտ է գործիք լինել Տիրոջ ձեռքերում: Մենք ուղղակի պետք է պատրաստակամ լինենք՝ թույլ տալով, որ Հոգին առաջնորդի մեզ և քաջություն ունենանք հետևելու Նրա հուշումներին: Այդպիսին էր իրավիճակը, երբ կնոջս ծնողները միացան Եկեղեցուն 1968 թվականին: Մի երիտասարդ միսիոներ, ով ցանկանում էր գործիք լինել Տիրոջ ձեռքերում, օգնեց նրանց ընտանիքին բերել Եկեղեցի:

Իմ կնոջ ընտանիքը մի անգամ հանդիպեց միսիոներների հետ, բայց դրանից հետո կնոջս հայրը չցանկացավ շարունակել: Այնուհետև մի նոր միսիոներ՝ Երեց Ֆեթցերը, տեղափոխվեց տարածք, և այս երիտասարդ միսիոներն ու նրա զուգընկերը հուշում զգացին այցելել ու ծառայել ընտանիքին: Երեց Ֆեթցերը կարողացավ այնպես դիպչել ընտանիքի անդամների սրտերին, ինչպես մյուս միսիոներները չէին կարողացել:

Հաջորդ վեց ամիսների ընթացքում միսիոներները սպասավորեցին ընտանիքի կարիքները: Ժամանակի ընթացքում Սուրբ Հոգին դիպավ նրանց սրտերին, և կնոջս ծնողները միացան Եկեղեցուն: Նրանք ստացան օրհնությունները, որոնք գալիս են, երբ մենք կապում և պահում ենք ուխտերը: Նրանց միջոցով ավելի շատ ընտանիքներ միացան Եկեղեցուն և ստացան ավետարանի օրհնությունները:

Սա տեղի ունեցավ մասնավորապես այն պատճառով, որ Յուտայից մի երիտասարդ տղամարդ կամեցավ «թույլ տալ, որ Աստված տնօրիներ» իր կյանքը: Նա քաջություն ունեցավ թողնել տան հարմարավետությունը, սովորել նոր լեզու և ծառայել Տիրոջը Բրազիլիայում:

Մի հասարակ զրույց

Մոտ մեկ տարի առաջ կինս՝ Ալեսսանդրան, հեռախոսով տեքստային հաղորդագրություն ստացավ Բրազիլիայի մեր ծխի մի քրոջից։ Մոտ երկու տարի էր անցել նրանց վերջին հանդիպումից: Այդ քույրը գրել էր. «Իմ կյանքի ամենավատ օրերից մեկում ես չգիտեմ, թե ինչպես հասա եկեղեցի: Երբ հասա, դուք տեսաք ինձ: Դուք բռնեցիք թևս և ասացիք, որ նստեմ ձեր կողքին: Ես խոսեցի ձեզ հետ: Դուք լսեցիք ինձ և խորհուրդ տվեցիք»։

Թվում էր, այդ ժամանակ դա մի հասարակ խոսակցություն էր: Բայց կնոջս համար դա դարձավ մի հնարավորություն` գործիք լինել Տիրոջ ձեռքերում: Նա սպասավորեց այդ սիրելի քրոջը, ով անցնում էր դժվարին ժամանակների միջով: Ալեսսանդրան իրականում չէր մտածում դրա մասին: Նա պարզապես հուշում զգաց լսելու և հանգստացնելու կնոջը, և գործեց ըստ հուշման: Այժմ, ավելի քան երկու տարի անց, նա այս տեքստային հաղորդագրությունը ստացավ այդ քրոջից, ով իր երախտագիտությունն էր հայտնում։

Այդ իրադարձությունների միջոցով ես հասկացա, որ մենք կարիք չունենք կոչումի, որպեսզի գործիքներ լինենք Տիրոջ ձեռքերում: Մենք ուղղակի պետք է ցանկություն ունենանք: Ուստի, եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին» (Վարդապետություն և Ուխտեր 4.3):

«Այնպիսի մի ժամանակ ինչպիսին սա է»

Հին Կտակարանում մենք կարդում ենք մեկ ուրիշ անձնավորության մասին, ով ծառայեց որպես գործիք Աստծո ձեռքերում: Եսթերը մի երիտասարդ կին էր, ով վաղ հասակում կորցրել էր ծնողներին: Նրան մեծացրել էր իր հորեղբոր որդի Մուրթքեն:

Երբ Ասուերոս թագավորը բաժանվեց Վաշթի թագուհուց, նա ընտրեց Եսթերին` որպես իր թագուհի: «Եւ թագաւորը Եսթերին բոլոր կանանցից ավելի սիրեց, եւ նա սէր եւ շնորհք գտաւ նորա առաջին» (Եսթեր 2.17): Եսթերը հրեա էր, բայց թագավորը չգիտեր այդ մասին:

Թագավորի խորհրդականներից մեկը՝ Համանը, բարձր պաշտոն ստացավ՝ նստելով իր հետ եղող բոլոր իշխաններից բարձր (տես Եսթեր 3.1): Եվ նա դավադրություն կազմակերպեց, որ «կորցնեն, սպանեն, և փչացնեն բոլոր հրեաներին՝ երեխայիցը մինչև ծերը» (Եսթեր 3.13

Երբ Եսթերն իմացավ Համանի դավադրության մասին, Մուրթքէն պատվիրեց Եսթերին խոսել թագավորի հետ: Դա մեծ անձնական վտանգ էր նրա համար, բայց նա քաջություն ստացավ Մուրթքեի խոսքերից։ Նա հայտարարեց. «Ո՞վ գիտէ գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես թագուհութեան հասել»: (Եսթեր 4.14):

«Եթէ կմեռնեմ, թող մեռնեմ»,- ասաց նա (Եսթեր 4.16) և գնաց թագավորի մոտ առանց կանչվելու: Սա մահապատժով պատժվող հանցագործություն էր: Իր քաջության շնորհիվ Եսթերը կարողացավ ազդել թագավորի վրա։ Արդյունքում նա հրեաներին խնայելու հրաման արձակեց։ Դրանով նա «հրաման է տվել ամեն մեկ քաղաքում եղող Հրեաներին, որ հավաքւեն եւ դէմ կենան իրանց անձերի համար» (Եսթեր 8.11):

Յուրաքանչյուր դեր կարևոր է

Եսթերը կամենում էր գործիք լինել Տիրոջ ձեռքերում: Նրա հնազանդ և նվիրված կյանքը պատրաստել էին նրան: Երբ մտածում եմ, որ նա առանց հրավերի պատրաստվում էր մտնել թագավորի ներքին պալատ, ես հիանում եմ նրա քաջությամբ: Դա ինձ հիշեցնում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը բոլորիս՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքում:1 Եսթերը կամենում էր թույլ տալ, որ Աստված տնօրինի։

Եսթերի զարմիկ Մուրթքեն նույնպես գործիք էր Տիրոջ ձեռքերում։ Նա լավ էր դաստիարակել Եսթերին: Նա տվել էր նրան աջակցություն, քաջություն և ոգեշնչում: Մենք բոլորս դեր ունենք կատարելու և յուրաքանչյուր դեր հավասարապես կարևոր է և վճռորոշ:

Տերը Եսթերին դրեց թագավորի տանը` հրեաներին փրկելու նպատակով: Ճիշտ՝ ինչպես Տերը վարվեց Եսթերի հետ, Նա դնում է մեզ այնտեղ, որտեղ մենք կարող ենք օգնել իրագործել Նրա նպատակները: Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք պատրաստ և արժանի, երբ հանդիպենք հնարավորությունների, որոնք Նա կներկայացնի:

Հնարավորություններ ամենուր

Տիրոջ ձեռքում գործիքներ լինելու հնարավորություններն ամենուր են: Մեր պարտականությունն է՝ պատրաստ լինել գործելու: Հաճախ մենք չգիտենք, թե երբ և ինչպես կհայտնվեն այդ հնարավորությունները: Մենք պետք է արժանի ապրենք Սուրբ հոգու ընկերակցությանը և ունենանք պատրաստակամ սիրտ: Այնուհետև Տերը կառաջնորդի մեզ անելու այն, ինչն, ըստ Նրա, մենք պետք է անենք:

Վարդապետություն և Ուխտեր 35.3-ում Տերն ասել է Սիդնի Ռիգդոնին. «Ես նայել եմ քեզ և քո գործերին: Ես լսել եմ քո աղոթքները և նախապատրաստել քեզ ավելի մեծ գործի համար»:

Տերը գիտի մեզ և աշխատանք ունի յուրաքանչյուրիս համար, որը մենք պետք է կատարենք: Երբեմն դա մի աշխատանք է, որ միայն մենք կարող ենք անել: Այդ աշխատանքը կարող է լինել տանը, երբ որպես ծնողներ, օգնում ենք մաքառող որդուն կամ դստերը: Կամ այն կարող է լինել մեր Եկեղեցու պարտականությունների սահմաններում: Փաստորեն, այն կարող է լինել ամեն պահի, ամեն տեղ և ամեն մեկի հետ:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, որն այն ժամանակ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականն էր, ասել է. «Տերը տվել է ձեզ ձեր պարտականությունները ինչ-որ պատճառով: Կարող են լինել մարդիկ և սրտեր, ում միայն դուք կարող եք հասնել և ազդել: Թերևս ուրիշ ոչ-ոք չէր կարող դա անել միանգամայն նույն ձևով»:2

Նախագահ Ուխդորֆը նաև ասել է. «Ընդօրինակելով [Փրկիչի] կատարյալ օրինակը՝ մեր ձեռքերը կարող են դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը` Նրա սիրտը»:3

Ինչպես Եսթերը, Մուրթքեն, երեց Ֆեթցերը, իմ կինը և շատ ուրիշներ, մենք բոլորս կարող ենք գործիքներ լինել Տիրոջ ձեռքերում:

Տպել