2022
Տերը պահեց Իր խոստումը։
Հուլիս/օգոստոս 2022


«Տերը պահեց Իր խոստումը», Լիահոնա, հուլիս/օգոստոս

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Տերը պահեց Իր խոստումը։

Իմ ընտանիքի և ինձ համար Տիրոջ օրհնությունները եկան իմ հնազանդությունից հետո:

Նկար
յուղի կաթիլները լցվում են թասի մեջ

Մեր ցցի նախագահությունում խորհրդական կանչվելուց երկու ամիս հետո ես կորցրի աշխատանքս: Ես անհանգստանում էի, թե ինչպես էի պահելու իմ կնոջն ու երկու երեխաներին:

Մինչ նոր աշխատանք էի որոնում, ես նվիրվեցի իմ կոչմանը, որն ինձ բազմաթիվ հնարավորություններ տվեց ծառայելու իմ եղբայրներին ու քույրերին: Փաստորեն ես այնքան զբաղված էի, որ կինս մտածում էր, թե արդյոք կար մեկ ուրիշը ցցում, ով կարող էր կատարել իմ հանձնարարություններից մի քանիսը:

Մի անձրևոտ երեկո՝ հենց ընտանեկան երեկոյից առաջ, հեռախոսը զանգեց: Ցցում մի ծանր հիվանդ եղբայր կարիք ուներ օրհնության, և ինձ խնդրեցին այցելել նրան: Ես անմիջապես պայմանավորվեցի մի ընկերոջ հետ, որ ուղեկցեր ինձ:

Երբ տեղ հասանք, ես անմիջապես ճանաչեցի հիվանդ եղբորը, և շնորհակալ էի զանգի համար: Մի քանի օր առաջ նա հարցազրույց էր անցել ցցի մի կոչման համար: Նրան օծելուց և օրհնելուց հետո մենք ասացինք, որ ավելի ուշ կվերադառնանք տեսնելու, թե ինչպես է:

Ես տուն վերադարձա ուշ և թաց հագուստով, բայց մենք դեռ ժամանակ ունեինք ընտանեկան կարճ երեկոյի դասի համար: Մենք որոշեցինք դիտել մի տեսաֆիլմ Եղիայի և Զարեփթայի այրու մասին:

Երբ այրին պատրաստվում էր վերջին անգամ ուտելիք պատրաստել իր և որդու համար, Եղիան ասաց նրան. «Առաջ ինձ համար մի փոքր շօթ շինիր նորանից և բեր ինձ համար, և յետոյ քո և քո որդիի համար կշինես»: Իր հնազանդության համար «սափորիցն ալյուրը [չէր] վերջանում եւ կուժիցը իւղը [չէր] պակասոմ, մինչեւ այն օրը, որ Տէրը անձրեւ [տվեց] երկրի երեսին» (Գ Թագավորաց 17.13–14):

Եղիայի՝ «առաջ … ինձ համար շինիր նորանից» խոսքերը ներթափանցեցին սիրտս: Արցունքն աչքերիս ես ասացի կնոջս. «Ահա թե ինչ: Առաջինը՝ մենք պետք է կատարենք Տիրոջ բոլոր հրամանները, իսկ հետո կգան օրհնությունները»:

Այրուն տված Եղիայի խոստման իրականացման նման մեր ուտելիքն ու յուղը «չպակասեց», մինչ ես գործազուրկ էի: Տերը գիտեր մեր ֆինանսական դժվարին կացությունը, և Նա օրհնում էր մեզ: Մեր ընտանեկան երեկոյի հաջորդ առավոտյան ինձ աշխատանք առաջարկեցին:

Ես գիտեմ, որ Տերը պահում է Իր խոստումները: Այս փորձառության շնորհիվ իմ հավատքը մեծ է, ինչպես և իմ երախտագիտությունը Նրա հանդեպ:

Տպել