«Ես քեզ տանում էի իմ ձեռքերի վրա», Լիահոնա, հուլիս/օգոստոս 2022:
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Ես քեզ տանում էի իմ ձեռքերի վրա
Հզոր զգացողությունը, որը տիրեց ինձ, այնքան ուժեղ էր, որ ինձ ծնկի իջեցրեց:
Երբ ես երեք տարեկան էի, ես և ծնողներս ենթարկվեցինք ավտովթարի, և երկար տարիներ ես պայքարում էի դրա հետևանքով առաջացած վնասվածքի և անհանգստության դեմ: Իսկ իմ եղբայրը չհասցրեց նույնիսկ ծնվել:
Դժբախտ պատահարի 25-րդ տարելիցին ես նորից վերհիշեցի և վերապրեցի այդ ամենը: Մի քանի ամիս անց ես դեռ մաքառումներ մեջ էի, երբ ընկերներիցս մեկն առաջարկեց, որ դիմեմ իմ Երկնային Հորը: Ես ծիծաղեցի և հարցրի. «Ի՞նչ է Նա պատրաստվում անել ինձ համար»:
Իմ մաքառումները շարունակվեցին: Եվս մեկ կամ երկու տարի հետո ես արդեն հոգնել էի ցավից, և իմ ցավը վերածվում էր զայրույթի: Ես ընդունեցի ընկերոջս խորհուրդը և սկսեցի դիմել Աստծուն:
«Եթե Դու իսկապես այդտեղ ես, ուղարկիր որևէ մեկին, ցանկացած մեկին»,- աղոթեցի ես: «Ես ունե՛մ որևէ մեկի կարիքը»:
Օրը եկավ և անցավ, իսկ ես կանգնած էի շքամուտքում՝ զուր սպասելով:
«Տեսնում ես, Աստված, ոչ մեկի հո՛գը չէ»,- ասացի ես: «Ոչ մեկը չեկա՛վ»:
Երբ ես դանդաղ տուն մտա և փակեցի դուռը, արցունքները հոսում էին դեմքիս վրայով: Աստիճաններով վեր բարձրացա` պարտված զգալով: Բայց երբ հասա վերջին աստիճանին, մի հզոր զգացում պարուրեց ինձ: Դա այնքան ուժեղ էր, որ ինձ ծնկի իջեցրեց:
Հետո այս միտքը ծագեց գլխումս. «ՌիՆեյ, Ես քեզ տանում էի իմ ձեռքերի վրա»:
Երկնային Հայրն ինձ ուղարկեց այդ հզոր միտքը այնպիսի նուրբ ձևով, երբ ես դրա կարիքը ամենաշատն ունեի: Ես հասկացա, որ Նա իսկապես սիրում է ինձ և, Նա իսկապես ճանաչում է ինձ: Նա ինձ այնքան շատ է սիրում, որ ինձ տվել է կամքի ազատություն: Նա չի ստիպի ինձ կամ մեկ ուրիշին հետևել Իրեն, բայց Նա և Նրա Որդին հրավիրում են մեզ գալ Իրենց մոտ (տես Մատթեոս 11.28–30):
Այդ օրվանից ես գիտեմ, որ կարող եմ ապավինել Նրան: Կյանքս ավելի է լավացել, որովհետև ես ձգտում եմ հետևել և լսել Նրան ամեն օր: Չնայած Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը թույլ են տալիս ինձ ցավ զգալ, նրանք նաև բերում են ինձ խաղաղություն, հանգստություն, ուժ և քաջություն, որպեսզի ես կարողանամ սովորել՝ դժվար գործեր կատարելիս: Ցավի զգացողությունը օգնում է ինձ հասկանալ և աջակցել ուրիշներին, ովքեր մաքառում են:
Մենք գուցե լիովին չհասկանանք, թե ինչի միջով են անցնում ուրիշները, բայց կարող ենք սեր ցույց տալ նրանց հանդեպ, ովքեր մեր շրջապատում են: Ես երախտապարտ եմ՝ իմանալով, որ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ, և լսում է ինձ, երբ ես դիմում եմ Նրան: