Լիահոնա
Դանդաղ ընթերցանություն. Տեսնենք Փրկչին սուրբ գրություններում
Հունվար 2024


Դանդաղ ընթերցանություն. Տեսնենք Փրկչին սուրբ գրություններում, Լիահոնա, հունվար 2024

Դանդաղ ընթերցանություն. Տեսնենք Փրկչին սուրբ գրություններում

Այս մոտեցումը արվեստից փոխառելը կարող է օգնել մեզ տեսնել Հիսուս Քրիստոսին Մորմոնի Գրքում:

Նկար
Խաչելությունից հետո Հիսուսի մարմինը գրկած Մարիամի քանդակը

La Pietà, Միքելանջելո

Միքելանջելոյից ավելի քան մեկ տարի պահանջվեց La Pietà քանդակի ստեղծման համար. Մարիամի ապշեցուցիչ քանդակը, որը գրկել է Հիսուսի մարմինը Խաչելությունից հետո: Լեոնարդո դա Վինչին ավելի երկար ժամանակ (մոտ երեք տարի) ծախսեց՝ նկարելով Վերջին ընթրիքը իր հայտնի նկարը:

Եթե ստիպված լինեիք գուշակել, կարո՞ղ եք ասել, թե արվեստի թանգարանի այցելուն միջինում որքա՞ն ժամանակ է ծախսում յուրաքանչյուր արվեստի գործը դիտելու համար:

Պատասխանը 17 վայրկյան է՝ ըստ մեկ ուսումնասիրության:1

Պատկերացրեք՝ 17 վայրկյան նայել արվեստի գործին, որի ստեղծման վրա նկարիչը կարող է տարիներ ծախսել:

Հասկանալի է: Թանգարանում կան հարյուրավոր նկարներ և քանդակներ, իսկ մենք զբաղված մարդիկ ենք: Ուստի, շտապելով մենք նայում ու գնահատում ենք արվեստի գործը այնքանով, որքան կարող ենք: Ցավոք, ինչ-որ բան բաց թողնելու մեր վախից դրդված՝ մենք ի վերջո բաց ենք թողնում արվեստի բուն նպատակը՝ այն հույզերն ու մտքերը, որոնք նկարիչները ցանկանում էին, որ մենք զգանք: Մեր հայացքը սահում է թանգարանի յուրաքանչյուր գործի վրայով, բայց մենք իրականում չենք գնահատում դրանցից ոչ մեկը: Հետո, ուժասպառ և առանց ոգեշնչումի հեռանում ենք թանգարանից։ Մենք կարող ենք նույնիսկ զարմանալ, թե, այնուամենայնիվ, մարդիկ ինչու են սիրում նայել արվեստի գործերին, երևի համոզված լինելով, որ արվեստը ստեղծված է բարձր կրթությամբ մարդկանց գոհացնելու նպատակով, այլ ոչ թե բոլորի համար:

Դանդաղ դիտում

Այս խնդիրը լուծելու համար աշխարհի արվեստի թանգարանները այցելուներին խրախուսում են զբաղվել մի բանով, որը նրանք անվանում են «դանդաղ դիտում»:2 Նրանք հրավիրում են մարդկանց թանգարանում ընտրել արվեստի մեկ գործ, հարմարավետ դիրքավորվել և մի որոշ ժամանակ ուշադիր ուսումնասիրել այն՝ 5-10 րոպե: Նայեք դրան տարբեր կողմերից: Մոտեցեք մանրամասները նկատելու համար: Ապա հետ կանգնեք և դիտարկեք այն որպես մեկ ամբողջություն: Երբեմն այցելուներին նույնիսկ ասվում է, որ չկարդան թանգարանի մեկնաբանական ցուցանակը, որը վերլուծում է արվեստի գործը, համենայն դեպս, մինչև նրանք հնարավորություն չունենան ձևավորել իրենց կարծիքը և անել իրենց բացահայտումները:

Դանդաղ դիտումը վերափոխել է արվեստի թանգարանի փորձառությունը շատ մարդկանց համար: Ոմանք, ովքեր երբեք իրենց արվեստասեր չեն համարել, կրքոտ են դարձել արվեստի հանդեպ: Նրանք ձեռք են բերում վստահություն, որ կարող են իմաստ բացահայտել արվեստի ցանկացած ստեղծագործության մեջ, և ուրախություն են գտնում իրենց հայտնաբերածի մեջ: Նրանք հասկանում են, որ իրենց արվեստի պատմության քոլեջի դիպլոմ պետք չէ, որպեսզի տպավորվեն արվեստի գործով. նրանք պարզապես պետք է դանդաղ դիտեն և արվեստի գործին հնարավորություն տան անելու այն, ինչի համար այն ստեղծվել է:

Կարո՞ղ ենք նույն սկզբունքները կիրառել սուրբ գրությունները կարդալու համար, օրինակ՝ այս տարի Եկ, հետևիր ինձ ձեռնարկը Մորմոնի Գրքի մեր ուսումնասիրության համար:

Մենք գիտենք, որ Մորմոնի Գիրքը, որպես Հիսուս Քրիստոսի մասին մեկ այլ վկայություն, գրվել է Փրկչի հանդեպ մեր հավատքն ամրապնդելու մտադրությամբ (տես 1 Նեփի 6.4): Մենք գիտենք, որ այն գրվել է Աստծո ոգեշնչված մարգարեների կողմից, հատկապես մեր օրերի համար (տես օրինակ՝ Մորմոն 8.35): Մենք գիտենք, որ հին մարգարեները, որոնք գրել են Մորմոնի Գիրքը, դա արել են անձնական մեծ զոհաբերությունների գնով: Պարզապես մետաղական թիթեղների վրա բառեր փորագրելու գործընթացը ջանադիր ու աշխատատար էր (տես Հակոբ 4.1): Եվ նրանցից ոմանք վտանգեցին իրենց կյանքը՝ պահպանելու արձանագրությունը, որպեսզի այն հասանելի լինի մեզ այսօր (տես Մորմոն 6.6, Մորոնի 1):

Այնուամենայնիվ, երբեմն, մեր զբաղվածության պատճառով մենք շտապում ենք նաև Մորմոնի Գրքի մեր ընթերցանության մեջ: Գուցե մի քանի հատված արագ կարդանք նախաճաշի ժամանակ կամ աշխատանքի ճանապարհին: Մենք կարող ենք աչքի անցկացնել գլխի յուրաքանչյուր բառը, բայց դրանցից շատերը մեզ համար մնայուն նշանակություն չունեն: Ոչ ամեն անգամ, բայց երբեմն, մենք փակում ենք գիրքը կամ հավելվածը՝ առանց որևէ տարբերություն զգալու:

Դանդաղ ընթերցանություն

Եթե կերպարվեստի ստեղծագործությունն արժանի է գնահատվելու դանդաղ դիտումով, գուցե Մորմոնի Գիրքը ևս արժանի լինի մեր «դանդաղ ընթերցանությանը»: Դա չի նշանակում, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը պետք է անպայման ավելի երկար տևի, պարզապես մենք կարող ենք օգուտ քաղել տեմպերի փոփոխությունից: Փոխանակ շտապենք ավարտել մեկ գլուխ, գուցե այսօրվա ուսումնասիրությունը կենտրոնացնենք միայն երեք կամ չորս հատվածների վրա: Բայց իսկապես խորասուզվենք այդ տողերի մեջ: Մենք նկատում ենք մանրամասներ, բառեր և արտահայտություններ: Մենք խորհում ենք, թե ինչու յուրաքանչյուրը կարող է կարևոր լինել. արդյոք դա ինձ ինչ-որ բան է սովորեցնո՞ւմ Փրկչի մասին: Արդյոք դա խորացնո՞ւմ է իմ սերն ու հավատքը Նրա հանդեպ: Կա՞ ինչ-որ բան, որ Նա ցանկանում է, որ ես իմանամ:

Դանդաղ ընթերցանությունը մեզ թույլ է տալիս Մորմոնի Գրքում նկատել անպիսի բաներ, որոնք մենք այլ կերպ չէինք նկատի: Ամենակարևորը՝ այն կարող է օգնել մեզ ավելի հաճախ տեսնել Փրկչին այս գրքում, որը գրվել է Նրա մասին վկայելու համար: Դանդաղ ընթերցանությունը միջոց է՝ բացելու մեր աչքերը, միտքը և սրտերը Մորմոնի Գրքի՝ Հիսուս Քրիստոսի մասին հզոր վկայության հանդեպ: Արվեստի ոգեշնչող գործը, երբ մենք ժամանակ ենք հատկացնում այն իսկապես տեսնելու համար, կարող է փոխել կյանքը: Սուրբ գրություններում Փրկչին տեսնելը կարող է նույնիսկ ավելի խոր ազդեցություն ունենալ մեր մտքերի և զգացմունքների վրա, հետևաբար, մեր կյանքի վրա:

Օրինակ՝ ենթադրենք կարդում եք 1 Նեփի 1 գլուխը: Ձեր ուշադրությունը գրավում է 6-րդ հատվածը, ուստի դուք դանդաղում եք և մի որոշ ժամանակ մնում այնտեղ: Ձեր ուշադրությունը կգրավի «կրակի սյունը», որը Լեքին տեսավ, որ «մնաց ժայռի վրա»: Դա անսովոր պահվածք է կրակի համար: Ի՞նչ կարող է դա նշանակել: Ձեր մտքերը կարող են ուղղվել սուրբ գրություններում նշված կրակի այլ սյուների վրա (ծանոթագրությունները կարող են օգնել ձեզ այնտեղ): Դուք կարող եք խորհել, թե ինչու է Տիրոջ ներկայությունն այդքան հաճախ համեմատվում կրակի հետ: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին: Ձեր կյանքում Նա երբևէ եղե՞լ է կրակի սյան նման:

Մտածելու շատ բան կա: Եվ դուք դեռ չեք էլ ավարտել հատվածը:

Մորմոնի Գրքի արագ ընթերցումն իհարկե արժեք ունի: Այն կարող է օգնել մեզ սովորել պատմության ընդհանուր գծերը և ծանոթանալ ընդարձակ, կրկնվող թեմաների հետ: Բայց Հիսուս Քրիստոսի մասին շատ բան կա սովորելու Մորմոնի Գրքի մանրամասներում, և երբեմն այդ մանրամասները տեսնելու լավագույն միջոցն է՝ դանդաղեցնել և ուշադիր նայել:

Մորմոնի Գրքում իր գրած խոսքերի մասին Նեփին ասել է. «Այս խոսքերը … Քրիստոսի խոսքերն են, և նա է դրանք տվել ինձ. և … Քրիստոսը զորությամբ և մեծ փառքով ցույց կտա ձեզ, որ դրանք նրա խոսքերն են» (2 Նեփի 33.10–11): Պետք չէ լինել հմուտ ընթերցող՝ Մորմոնի Գրքում Փրկչի խոսքերը գտնելու համար: Դուք պարզապես պետք է դանդաղեցնեք և Մորմոնի Գրքին հնարավորություն տաք անելու այն, ինչի համար այն ստեղծվել է. կառուցել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Հղումներ

  1. Տես Trent Morse, “Slow Down, You Look Too Fast,” ARTnews, Apr. 1, 2011, artnews.com:

  2. Տես “Slow Art Day,” slowartday.com/about:

Տպել