Լիահոնա
Բժշկում գտնենք Հիսուս Քրիստոսի միջոցով
Հունվար 2024


«Բժշկում գտնենք Հիսուս Քրիստոսի միջոցով », Լիահոնա, հունվար 2024

Ինչպես ծերանանք հավատարմությամբ

Բժշկում գտնենք Հիսուս Քրիստոսի միջոցով

Նոր ձեռք բերած ազատությամբ, հնարավորություններով և արկածներով, որոնք գալիս են «դատարկ բույն» լինելուց, ինչո՞ւ ես ինձ բավարարված չէի զգում: Ի՞նչն էր պակասում։

Նկար
Փրկչի ձեռքը հասնում է մորը, որի միսիոներ որդին կապ է հաստատում Եկեղեցու հնարավոր անդամների հետ

Նկարը` Դիլին Մարշի

Արցունքները գլորվում էին իմ այտերով, երբ ես աղոթում էի խաղաղության համար, իսկ կրտսեր որդիս լրացնում էր իր միսիոներական դիմումը: Ես իրոք ցանկանում էի, որ նա միսիա գնա: Իրոք: Ես անընդհատ փորձում էի համոզել ինձ դրանում։

Ես սիրում եմ իմ Փրկչին և անկեղծորեն ոգևորված էի իմ որդու հնարավորությամբ, քանի որ նա կիսվելու էր այն ուրախությամբ, որը մենք կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսի միջոցով: Սակայն հոգու խորքում ես վախենում էի նրա մեկնումից: Ես գիտեի, որ նա իսկապես այլևս երբեք տուն չի գա իր միսիայից հետո: Նույնիսկ եթե նա ապրեր տանը, նույնը չէր լինի:

Ընկերներս ինձ ասացին, որ կյանքի «դատարկ բույնի» փուլը հիանալի բան է: Ես և ամուսինս ոգևորված էինք և անհամբեր սպասում էինք ազատությանն ու հնարավորություններին, որոնք չէինք ունեցել մեր երեխաներին մեծացնելու ընթացքում:

Այս նոր ձեռք բերված ազատությամբ ես ինձ նետեցի անհամար միջոցառումների հորձանուտի մեջ: Ես ճամփորդեցի ամուսնուս հետ, սովորեցի երգեհոն նվագել իմ կոչման համար, նվագեցի թոռներիս հետ և կատարեցի տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանք:

Ես գտա ոգևորություն և արկածներ: Ես գտա ինքնակատարելագործման ուղիներ: Ես գտա հրաշալի բաներ:

Այնուամենայնիվ, միշտ ինչ-որ բան պակասում էր: Ինչ-որ բան դեռ չկար: Երբ տղաս հեռացավ, նա վերցրեց իմ սրտի մի մեծ կտորը, որը ես, կարծես, չէի կարողանում լրացնել:

Տղայիս հեռանալուց մոտ մեկ տարի անց ես ունենում էի զայրույթի այնպիսի պոռթկումներ, որոնք շատ նման էին իմ երեխաների զայրույթի դրսևորումներին, որ նրանք ունեին, երբ դեռ փոքր էին: Ամուսինս նայեց ինձ և ասաց. «Միշել, դու պետք է ծառայես»: Ես գրանցվեցի ծառայության հնարավորության համար:

Այդուհանդերձ, սիրտս ցավում էր։ Ես դժվարությամբ էի ընդգրկվում ծառայության կամ որևէ այլ ձեռնարկման մեջ, երբ հայտնվում էր հնարավորությունը: Երբ իմ բոլոր երեխաները հեռացան տնից, ես զգացի, որ կյանքս այլևս երբեք ամբողջական չի լինի:

Մի գիշեր, երբ ես աղոթում էի օգնության համար, Հոգին տեղեկացրեց ինձ, որ ես զգում եմ այն դատարկությունը, որը գալիս է նպատակի կորստից: Կարծում էի, որ ես հաղթահարել եմ այդ առանձնահատուկ տխրությունը՝ լցնելով իմ կյանքը այդ հրաշալի միջոցառումներով:

Պատասխանների որոնում

Երբ ես պատասխաններ էի փնտրում, գտա այս հայտարարությունը մարգարե Ջոզեֆ Սմիթի պատմությունից. «Երբ մենք կորցնում ենք [ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին], որին նվիրել ենք մեր եռանդն ու ջանքերը, դա պետք է զգուշացում լինի մեզ համար: … Մեր սերը պետք է ավելի մեծ եռանդով ներդնենք Աստծո և նրա աշխատանքի վրա, քան մեր մերձավորների վրա»:1

Հույսի և ուրախության հանկարծակի պոռթկումը թափանցեց հոգուս մռայլ տխրության մեջ: Իմ խոր վշտի խոռոչը ես փորձել էի լցնել իրերով, միջոցառումներով և փորձառություններով` ծառայելով, սիրելով և զարգացնելով իմ տաղանդները: Բոլոր այդ լավ բաները չլրացրին այն բացը, որը կար իմ կյանքում: Դրանք չապահովեցին ինձ անհրաժեշտ բժշկումը:

Ես հասկացա, որ խաղաղության և իրացման այդ տեսակը կարող է գալ միայն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիսուսն ուսուցանել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհաննես 14.6): Միայն Նրա միջոցով ենք մենք գտնում ուրախություն և բժշկում, խաղաղություն և գոհունակություն: Սաղմոս 16.11 ասում է. «Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա»:

Ինչպես ես փոխվեցի

Կյանքն ակնթարթորեն չփոխվեց: Սիրտս անմիջապես չապաքինվեց: Բայց ես գիտեի, թե որտեղ պետք է լինի իմ ուշադրությունը, որպեսզի դա տեղի ունենա:

Իմ աղոթքները փոխվեցին: Ես սկսեցի խնդրել Երկնային Հորը, որ օգնի ինձ ավելի ամուր հարաբերություններ կառուցել իմ Փրկչի հետ: Երբ ես հուսահատվում էի, գիտակցաբար հիշեցնում էի ինքս ինձ, որ Հիսուս Քրիստոսն իմ կողքին է, և Իր քավիչ զորության շնորհով Նա կօգնի ինձ: Սուրբ գրությունների իմ ուսումնասիրությունը ավելի շատ կենտրոնացավ Նրա հետ հարաբերություններ կառուցելու վրա: Ժամանակ պահանջվեց, բայց իմ զգացմունքները, եռանդն ու մտքերը ես համառորեն ուղղեցի դեպի Հիսուս Քրիստոսը:

Երբ ես դա արեցի, ծանր խավարը սկսեց ցրվել: Ես ամեն օր ավելի մեծ հաճույք եմ ստանում ծառայության և սիրո փոքրիկ գործողություններից: Լույսն ու հույսը լուսավորեցին իմ ճանապարհը և լրացրին իմ սրտի դատարկությունը: Փրկչին առաջին տեղում դնելը ավելի խորը իմաստ և վայելք տվեց իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտին՝ ծառայելուց մինչև ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, ճանապարհորդությունից մինչև իմ տաղանդների զարգացումը: Ամեն ինչ ավելի իմաստավորվեց, քանի որ կենտրոնում Քրիստոսն էր:

Յուրաքանչյուր մարդու ճամփորդությունը կյանքի փոփոխվող ժամանակներում եզակի է: Այնուամենայնիվ, մեր վշտերի լուծումը Քրիստոսի կոչին արձագանքելն է, երբ Նա ասում է. «Եկ ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ [քեզ]» (3 Նեփի 18․32)։ Միայն Նրա միջոցով մենք կգտնենք իսկական բժշկում, խաղաղություն, սեր և ուրախություն:

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Տպել