Լիահոնա
Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքում
Հունվար 2024


«Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքում», Լիահոնա, հունվարի 2024 թ.

Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքում

Քանի՞ անգամ է Տերը հիշատակվում Մորմոնի Գրքում:

Նկար
Հիսուս Քրիստոսը ծառայում է Ամերիկայի ժողովրդին

Կասեք, թե ո՞վ է Մորմոնի Գրքի գլխավոր կերպարը: Թեև ոմանք կարող են առաջարկել Նեփիին, Ալմային կամ Մորմոնին, սակայն իրական գլխավոր կերպարը Հիսուս Քրիստոսն է: Նեփին գրել է.

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք՝ գրելու, համոզելու մեր երեխաներին … հավատալ Քրիստոսին: …

Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին» (2 Նեփի 25.23, 26):

1978 թ.-ին Սյուզան Ուարդ Իսթոնը հրապարակեց մի կողմնորոշիչ հոդված՝ թվային եղանակով ցույց տալով, որ Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքի գլխավոր կերպարն է: Նա բացահայտեց Հիսուս Քրիստոսի տարբեր տիտղոսները և ցույց տվեց, որ Մորմոնի Գրքում Նրա անունը կամ տիտղոսը հիշատակվել է 3925 անգամ, որը միջին հաշվով կազմում է յուրաքանչյուր 1․7 հատվածում մեկ անգամ:1

Այս արժեքավոր ուսումնասիրությունը ընդգծում է Փրկչի կենտրոնական դերը Մորմոնի Գրքում, սակայն, այն զգալիորեն թերագնահատում է Քրիստոսի հիշատակման հաճախականությունը՝ բացառելով Նրան վերաբերվող դերանունները:

Ի վերջո, Հիսուս Քրիստոսի մասին հիշատակումների քանակը ամենակարևոր մանրամասնությունը չէ, որը կարելի է սովորել Մորմոնի Գրքից, սակայն, Նրան վերաբերող յուրաքանչյուր հղում կարող է մեզ սովորեցնել Նրա աստվածային էության և առաքելության մասին: Մենք ուշադիր ուսումնասիրեցինք Մորմոնի Գիրքը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի բոլոր հիշատակումները, ներառյալ տիտղոսներն ու դերանունները: Մենք հայտնաբերեցինք 7,452 ընդհանուր հղում՝ միջինը մեկից ավելի հղում յուրաքանչյուր հատվածում:2 Քրիստոսի տիտղոսները կազմում են Մորմոնի Գրքում Քրիստոսի մասին հիշատակումների մոտավորապես 50 տոկոսը, իսկ մնացած մասը՝ դերանունները:

Հիսուս Քրիստոսին փնտրելը Նրա մասին սովորելու եզակի միջոց է ապահովում: Մտածեք, թե հետևյալ հատվածը ինչպես է կարևորում Նրան. «Սկսեք հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ նրանց մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից, որը կիրականացնի հարությունը, այնպես որ բոլոր մարդիկ կկանգնեն նրա առաջ՝ դատվելու վերջին ու դատաստանի օրը՝ համաձայն իրենց գործերի» (Ալմա 33.22, շեշտադրումն ավելացված է):

Քույր Իսթոնի սկզբնական ուսումնասիրության մեջ այս հատվածը կհամարվեր որպես Քրիստոսի հիշատակում «Աստծո Որդի» տիտղոսից: Այնուամենայնիվ, Փրկիչը հիշատակվում է ևս հինգ անգամ: Այս հատվածը ոչ միայն ընդգծում է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, այլև որ Նա է մեզ փրկագնելու Իր հավիտենական Քավության և Հարության միջոցով և լինելու է մեր դատավորը:

Թերևս ամենզորեղն այն է, որ Քրիստոսը Մորմոնի Գրքում հիշատակում է Իրեն: Օրինակ՝ մենք կարդում ենք, որ Փրկիչը ասում է. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27, շեշտադրումն ավելացված է): Չնայած Քրիստոսի անունը չի հայտնվում այս հատվածում, Փրկիչը ութ անգամ հիշատակում է Իրեն: Նրա դերը լուսաբանվում է, երբ մենք փնտրում ենք Փրկչին այս հատվածում:

Հետևյալ հատվածները ցույց են տալիս այն անձնական կապը, որը Փրկիչը զգաց յուրաքանչյուր անհատի հետ և այն, ինչ նրանք զգացին Նրա հանդեպ.

«Առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ես եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար:

«… Բազմությունն առաջ եկավ և մտցրեց իրենց ձեռքերը նրա կողը, և շոշափեց բևեռների նշանները նրա ձեռքերի ու նրա ոտքերի վրա» (3 Նեփի 11.14–15, շեշտադրումն ավելացված է):

Թեև մենք ֆիզիկապես չենք կարող զգալ Նրա նշանները, սակայն Մորմոնի Գրքի միջոցով կարող ենք խորացնել մեր անձնական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Մորմոնի Գրքում Տիրոջը վերաբերող հաճախակի հղումները օգնում են մեզ տեսնել Նրա կենտրոնական դերն այս սուրբ աշխատանքում: Փրկչի նույնականացում Մորմոնի Գրքում. Հիսուս Քրիստոսի մասին մեկ այլ վկայությունը Նրան ավելի մոտենալու հզոր միջոց է:

Հղումներ

  1. Տես Susan Ward Easton, “Names of Christ in the Book of Mormon,” Ensign, July 1978, 60–61:

  2. Որոշ հատվածներ պարունակում են բազմաթիվ հղումներ Քրիստոսի մասին, մինչդեռ մյուսները չունեն: Մորմոնի Գրքի յուրաքանչյուր 0․88 հատվածի համար միջինում մեկ հղում կա Հիսուս Քրիստոսի վերաբերյալ:

Տպել