Լիահոնա
Ինքնապահովման դասընթացներ. Ֆինանսների կապը ավետարանի ճշմարտությունների հետ
Հունվար 2024


«Ինքնապահովման դասընթացներ. Ֆինանսների կապը ավետարանի ճշմարտությունների հետ», Լիահոնա, հունվ. 2024:

Ինքնապահովման դասընթացներ. Ֆինանսների կապը ավետարանի ճշմարտությունների հետ

Եկեղեցու ինքնապահովման դասընթացներն օգնում են մասնակիցներին հոգևորապես ըմբռնել իրենց ֆինանսական կարիքները:

Նկար
մարդկանց խումբը նստած է և զրուցում է

Իր զավակներին ուղղված Տիրոջ ամենավաղ հրահանգներից մի քանիսը աշխատանքի և ինքնապահովման մասին էին: Հին Կտակարանում Նա հրահանգեց Ադամին և Եվային. «Երեսիդ քրտինքով ուտես հացդ», (Ծննդոց 3.19): Իսկ իսրայելացիներին Նա ասաց. «Վեց օր աշխատիր» (Ելից 20.9):

Այսօր Եկեղեցու կողմից հովանավորվող ինքնապահովման խմբերն ամբողջ աշխարհում օգնում են Աստծո զավակներին բարելավել իրենց կրթությունը, դառնալ էմոցիոնալ առումով ավելի դիմացկուն, գտնել ավելի լավ աշխատանք, սկսել բիզնես և, ինչպես ցույց են տալիս հետևյալ փորձառությունները, ավելի լավ կառավարել իրենց ֆինանսները:

Նկար
կինը նայում է թղթերին

Տասանորդ վճարել փոքր եկամտից

Ամուսնության ընթացքում Դեբորան Միչիգանից (ԱՄՆ) երբեք խնդիր չի ունեցել իր ֆինանսները տնօրինելու հարցում։ Բայց երբ նա և ամուսինը բաժանվեցին, նա դժվարացավ վճարել հաշիվները: Թեև Դեբորան հաճույքով էր կանոնավորապես տաճար հաճախում, նա սկսեց դժվարությամբ տասանորդ վճարել և դադարեց տաճար գնալ:

Նա օգնություն խնդրեց իր եպիսկոպոսից, որը պատմեց նրան անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ Եկեղեցու ինքնապահովման դասի մասին, որն անցկացվում էր նրա ցցում: Դեբորան համաձայնեց գնալ, բայց սկզբում չտեսավ մասնակցելու պատճառը. «Ճիշտն ասած, ես ինքս ինձ ասացի. «Ես չգիտեմ, թե ինչու եմ այստեղ: Ես գիտեմ, թե ինչպես տնօրինել իմ գումարը: Ես ամբողջ կյանքում բյուջե եմ վարել»:

Դեբորան հանդիպեց խմբի և վարողի հետ: Ամեն շաբաթ երկու ժամ նրանք սովորում էին ֆինանսական կայունության աշխարհիկ կողմերի մասին (օրինակ՝ բյուջեի կազմումը), և հոգևոր կողմերի մասին (օրինակ՝ եկամտի նկատմամբ հավատարիմ տնտես լինելը): «Ես երբեք այդ երկուսը չեմ կապել միմյանց հետ այնպես, ինչպես այս դասը կապեց դրանք», - վստահեցնում է Դեբորան:

Դեբորան զգաց, որ իր ուխտի կապը Երկնային Հոր հետ օգնեց իրեն սովորել, թե ինչպես ներառել Նրան իր ֆինանսական որոշումներում: «Իմ Երկնային Հայրը միշտ ինձ հետ է եղել: … Ես պետք է Նրան ներառեմ ամեն ինչում»:

Երբ Դեբորան գործեց իր ինքնապահովման խմբից ստացած հուշումներով և ուղղորդմամբ, նա կարողացավ որոշ գումար մի կողմ դնել տասանորդի համար, վճարել իր հաշիվները և նույնիսկ գումար խնայել՝ առանց ավելացնելու իր եկամուտը:

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը (1856–1945) վկայել է, որ տասանորդը վճարելուց հետո եկամտի մնացած մասով կարելի է ավելին անել, քան տասանորդ վճարելուց առաջ՝ ամբողջ գումարով. «Ես վկայում եմ … որ տղամարդիկ և կանայք, որոնք բացարձակապես ազնիվ են եղել Աստծո հետ, որոնք վճարել են իրենց տասանորդը, … վկայում են, … որ Աստված նրանց տվել է իմաստություն, որով նրանք կարողացել են օգտագործել մնացած ինը տասներորդները, և դա ավելի մեծ արժեք է եղել նրանց համար, և նրանք դրանով ավելին են արել, քան կանեին, եթե ազնիվ չլինեին Տիրոջ հետ»:1

Դեբորան «և նյութական, և հոգևոր» օրհնություններ ստացավ (Մոսիա 2.41), երբ նա պահում էր տասանորդի օրենքը և կիրառում ավետարանի սկզբունքները իր բյուջեում: Նրա ինքնապահովման խմբի կողմից տրված ուղղությունը և Սուրբ Հոգու ոգեշնչումը նրան թույլ տվեցին տաճարային երաշխավորագիր ստանալ և տաճար վերադառնալ: «Այն ամենը, ինչ ես ասացի, որ չեմ կարող անել, Նա ցույց տվեց ինձ, որ ես կարող եմ դա անել և շատ ավելին», - վկայում է նա: «Այն, ինչ դուք անում եք այսօր, որոշում է ձեր ապագան, և ես ցանկանում եմ, որ իմ ապագան լինի այն, որ ես կարողանամ մտնել Դետրոյթի տաճարը և նորից սկսել աշխատանքը իմ նախնիների համար»:

Նկար
ամուսին և կին դասընթացի գրքով

Լուսանկարը՝ Բերի և Լայթ Չուի կողմից

Դուրս գալ պարտքից

Թայվանի Միդլ Թայբեյի ցցից Բերի Չուն իր հասկացողությունից դուրս իմաստնության կարիք ուներ այն բանից հետո, երբ նա ներդրում կատարեց, որը լավ չստացվեց՝ թողնելով նրան մեծ պարտքի մեջ: Իրավիճակը կարճ ժամանակով կաթվածահար արեց Բերիին, և նա առաջընթաց չունեցավ: Բայց Բերին խոնարհեցրեց իրեն և աղոթքով փնտրեց Երկնային Հորը: Այդ աղոթքից նա քաջություն ձեռք բերեց՝ ամուսնուն պատմելու կատարվածի մասին։ Քնքշությամբ և խոնարհությամբ Բերիի ամուսինը՝ Լայթ Ցայը, վստահեցրեց նրան, որ իրենք կփորձեն կհասկանալ, թե ինչպես հաղթահարել պարտքը: Լայթը և Բերին միասին աղոթեցին՝ Տիրոջ առաջնորդությունը փնտրելու համար:

Բերին և Լայթը զգացին, որ կարող են օգուտ քաղել Եկեղեցու ինքնապահովման դասընթացից անձնական ֆինանսների համար: Չնայած ճնշող պարտքին, նրանք մշակեցին մարման ծրագիր։ Դասընթացի օգնությամբ նրանք սովորեցին «առաջնահերթություն տալ տասանորդին և … կառավարել ֆինանսները աստվածահաճո եղանակով», - ասում է Բերին: «Մենք նաև սովորեցինք բյուջե վարել և առաջնահերթություն տալ միայն անհրաժեշտ ծախսերին»:

Բերին և Լայթը ոչ միայն սովորեցին պատասխանատվությամբ բյուջե վարել իրենց եկամուտների համար, այլև նրանց անձնական ֆինանսական խումբը ոգեշնչեց Բերիին փոխել աշխատանքը: Անցումը հանգեցրեց ավելի բարձր աշխատավարձի, որը նա կարող էր ծախսել իր պարտքը մարելու համար:

Միավորված լինելով իրենց նպատակով՝ Բերին և Լայթը օգտագործեցին իրենց բոլոր բոնուսները, ներդրումները և լրացուցիչ եկամուտը իրենց լրիվ և կես դրույքով աշխատանքից՝ Բերիի պարտքը մարելու համար: Տիրոջ օգնությամբ նրանք ծածկեցին իրենց բոլոր ծախսերը և, ամենակարևորը, վճարեցին տասանորդը և տվեցին այլ նվիրատվություններ:

Տերը հայտարարել է. «Իմ նպատակն է ապահովել իմ սրբերին: … Սակայն դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով» (Վարդապետություն և Ուխտեր 104.15–16): Անհատներն ու ընտանիքները ողջ աշխարհում բացահայտում են, թե ինչպես է Նա ապահովում իրենց, երբ նրանք գործնականում կիրառում են հոգևոր և ֆինանսական ինքնապահովման սկզբունքները:

Նկար
ամուսինն ու կինը միասին նայում են թղթերին

Ուսուցանել ոչ միայն «Ինչ»-ը, այլև «Ինչպես»-ը

Քերթիս և Փշաունդա Սքոթները Տեխասից (ԱՄՆ) ցանկանում էին խելամիտ լինել իրենց ֆինանսների հարցում, բայց նրանք չէին կարողանում համաձայնության գալ, թե ինչպես: Փշաունդան գիտեր, որ իրենք բժշկական ապահովագրության կարիք ունեն, բայց Քերթիսը գիտեր, որ իրենք չեն կարող դա թույլ տալ: Չնայած նրանք սիրում էին միմյանց, նրանց ֆինանսական տարբեր հեռանկարները լարում էին նրանց ամուսնական հարաբերությունները: «Ինչ վերաբերում է ֆինանսներին, - հիշում է Փշաունդան, - ես նույնիսկ չեմ կարծում, որ մենք նույն գրքում էինք, էլ չեմ խոսում նույն էջում լինելու մասին»:

Քերթիսը համաձայն է։ «Փողը միշտ հիասթափեցնող թեմա է եղել, և եղել են կարևոր խոսակցություններ, որոնք մենք չենք ունեցել»:

Նրանց եպիսկոպոսը խորհուրդ տվեց, որ Փշաունդան և Քերթիսը սկսեն հաճախել անձնական ֆինանսների ինքնապահովման դասընթացին, որն առաջարկվում է իրենց ցցում:

Քերթիսը զարմացած էր, թե իր համար որքան լավ էր իրենց դասի բաց քննարկման ձևաչափը: Նա կարողացավ բացատրել իր մտածելակերպը և գաղափարներ ձեռք բերել ուրիշներից, որոնք հասկանում էին իր ընտանիքի հանգամանքները։ Խմբային քննարկումներն օգնեցին Քերթիսին բացահայտել ոչ միայն ավետարանի սկզբունքները, այլ նաև դրանք կիրառելու գործնական ուղիներ: Իր մկրտությունից հետո վեց տարիների ընթացքում Քերթիսին հաճախ ուսուցանել էին, որ նա պետք է մեծացնի իր հավատքը, բարելավի իր աղոթքները և ավելի մոտենա Փրկչին, բայց նա զգաց, որ ինքնապահովման դասընթացն իրեն սովորեցրել է, թե ինչպես կատարել այդ բարելավումները:

Երբ Քերթիսը սովորեց, թե ինչպես կիրառել ավետարանի սկզբունքները իր ֆինանսներում՝ տանը և իր բիզնեսում, նա ավելի խորը բացահայտեց Տիրոջ սերն իր հանդեպ: «Դա իրականում ամրապնդեց իմ հավատքը և իմ հասկացողությունը հոգատարության և մտահոգության մասին, որը Երկնային Հայրն ունի մեր հանդեպ», - ասում է նա:

Փշաունդան զգաց, որ ինքնապահովման դասընթացի հոգևոր կողմն օգնեց իրեն հասկանալ, թե նույնիսկ ֆինանսական հարցերը ինչպես կարող են տեղավորվել Աստծո ծրագրում: «Դա ամրապնդեց իմ վկայությունը… քայլ առ քայլ, տող առ տող»:

Ներառելով Տիրոջ ուսմունքները իրենց ֆինանսական որոշումներում՝ Քերթիսն ու Փշաունդան վերջապես հայտնվեցին նույն էջում: «Մենք թիմ էինք դառնում», - ասում է Փշաունդան: «Ես չէի ասի, որ մենք հարուստ ենք կամ ավելի շատ փող ունենք, բայց մենք հաստատ ճիշտ ուղղությամբ էինք գնում»:

Տպել