Լիահոնա
Փնտրեք ջանասիրաբար և կգտնեք
Հունվար 2024


«Փնտրեք ջանասիրաբար և կգտնեք», Լիահոնա, հունվար 2024:

Փնտրեք ջանասիրաբար և կգտնեք

Տերը հայտնել է, թե մենք ինչպես կարող ենք ճշմարտություն և ուղղություն փնտրել մեր կյանքում:

Նկար
խոշորացույց

Երբ ես և կինս՝ Ռեգինան, վերադարձանք տուն՝ Բրազիլիա՝ 2016-2019 թվականներին Անգոլա Լուանդա միսիայում ծառայելուց հետո, մենք կարևոր որոշում ունեինք կայացնելու: Մենք մեր տունը վաճառել էինք միսիա մեկնելուց առաջ։ Տուն վերադառնալուց մեկ տարի անց մենք պետք է ընտրություն կատարեինք տուն գնելու կամ վարձակալելու միջև։ Ինչպե՞ս կընտրեինք այն, ինչը ճիշտ էր մեզ համար:

Այսպիսի որոշումները բոլորիս առջև ծառացած առօրյա կյանքի բազմաթիվ խնդիրների, գործունեության և հոգսերի շարքում են: Երբեմն դրանք կարող են շեղել մեզ փառահեղ օրհնություններից և արտոնություններից, որոնք մեզ առաջարկում է միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Այսքան շատ պարտավորությունների և պարտականությունների պայմաններում դժվար է իմանալ, թե որն է ճշմարիտը, կամ որ ուղղությունը մենք պետք է ընտրենք: Սա կարող է պատճառ դառնալ, որ մենք հանկարծ ճնշված զգանք ահռելի պահանջներից:

Բարեբախտաբար, մեր սիրառատ Երկնային Հայրը մեզ մենակ չի թողել, որպեսզի ինքնուրույն պարզենք, թե ինչն է ճշմարիտ կամ ինչ պետք է անենք:

Բոլոր ճշմարտությունների աղբյուրը

Նախքան այս երկրից հեռանալը՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը խոստացավ Իր աշակերտներին, որ Հայրը կուղարկի Մխիթարիչին կամ Սուրբ Հոգուն՝ օրհնելու նրանց: Հիսուսն ասաց, որ Մխիթարիչը «ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26):

Սուրբ Հոգու հիմնական դերն է՝ լինել ճշմարտությունը բացահայտողը (տես Հովհաննես 16.13): Մեր Երկնային Հայրը ողջ բացահայտված ճշմարտության աղբյուրն է, լինի դա մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով, թե անհատապես՝ Սուրբ Հոգու միջոցով: Երբ մենք ձգտում ենք ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը, մեր Երկնային Հայրը կառաջնորդի մեզ նույնիսկ ամենադժվար ժամանակներում:

Խնդրեք, փնտրեք և թակեք

Քանի որ մեր Երկնային Հայրը ցանկանում է ոգեշնչել, ուսուցանել, խրատել և ամրապնդել մեզ, ապա մեզ հրավիրում են՝ «խնդրեք, և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք, և ձեզ կբացվի» (Մատթեոս 7.7), տես նաև Ղուկաս 11.9, 3 Նեփի 14.7):

Երբ Նեփին լսեց իր հայր Լեքիի խոսքերը կյանքի ծառի մասին Լեքիի տեսիլքի վերաբերյալ, ասաց. «Ես նույնպես փափագեցի, որ տեսնեի և լսեի, և իմանայի այս բաների մասին Սուրբ Հոգու զորությամբ, որն Աստծո պարգևն է բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են իրեն» (1 Նեփի 10.17):

Ճշմարտության որոնումը ջանասիրություն է պահանջում: Երբ մենք ջանասեր ենք, մենք ձգտում ենք հետևողականորեն, անկեղծորեն ու եռանդով իմանալ ճշմարտությունը և Տիրոջ կամքը մեր կյանքի համար: Տիրոջից ճշմարտությունը փնտրելու ջանասիրությունը մեզ ավելի է մոտեցնում Նրան մեր կյանքի բոլոր փուլերում:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր կյանքի վաղ շրջանում սովորեց, որ ճշմարտությունը գտնելու ամենից արդյունավետ ուղիներից մեկը հարցերի պատասխանները հավատարմությամբ փնտրելն է (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10, 18): Ճշմարտությունը փնտրելիս մենք կարող ենք տալ հետևյալ հարցերը: Պատասխանները ներկայացնում են մի օրինակ, որին կարող ենք հետևել՝ ճշմարտությունն իմանալու համար:

Նկար
Կինը աղոթում է սուրբ գրությունները ձեռքին

Ո՞ւմ ենք մենք դիմում ճշմարտության համար

Մորմոնի Գրքի վերջում Մորոնի մարգարեն հրավիրում է բոլորին խնդրել Աստծուն մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս՝ «թե արդյոք այս բաները ճիշտ չեն»: Մորոնին վկայում է, որ Աստված «կհայտնի ձեզ [Մորմոնի Գրքի] ճշմարտության մասին Սուրբ Հոգու զորությամբ: Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.4–5):

Աստված՝ մեր Հավիտենական Հայրը, ստեղծել է մի գործնական և մատչելի միջոց, որով Իր զավակները կարող են խնդրել Իրենից (տես Հակոբոս 1.5) և մոտենալ Իրեն ամեն օր, ամեն ժամ, նույնիսկ՝ բոլոր ժամանակներում: Այդ պարզ, բայց հզոր միջոցը աղոթքն է:

Իր որդի Հելամանին ուղղված Ալմայի ուսմունքները լիովին վերաբերում են մեզ. «Կանչիր առ Աստված քո բոլոր գոյամիջոցների համար»: «Թող բոլոր քո արարքները … և ուր էլ որ գնաս … , թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը. այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան» (Ալմա 37.36): Ալման նաև ուսուցանել է. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար» (Ալմա 37.37)։ Աղոթելու համար մեզ որոշակի ժամանակ կամ վայր պետք չէ: Թեև միշտ չէ, որ մենք կարողանում ենք բարձրաձայն աղոթել, մենք կարող ենք շարունակ աղոթել մեր սրտերում (տես Ալմա 34.27):

Գուցե մեր աղոթքների պատասխանները ոչ միշտ լինեն այն, ինչ մենք ենք ակնկալում: Երբեմն դա կարող է նույնիսկ հակառակ լինել մեր կամքին: Մեր աղոթքների պատասխանը կարող է ավելի ուշ գալ, քան մենք ցանկանում ենք: Երբեմն մեր աղոթքները կարող են որոշ ժամանակ լռության մատնվել: Բայց Երկնային Հայրը գիտակցում է մեր կարիքները: Նրա պատասխանները միշտ կլինեն մեր բարօրության համար։ Մենք պարզապես պետք է առաջ գնանք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով (Տես Ղուկաս 11․9-131

Մեր Փրկիչը և Քավիչը հայտարարել է, որ մենք երբեք չենք հասնի Երկնային Հորը, եթե դա Նրա միջոցով չլինի: «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», - ասաց Հիսուսը: «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես 14.6): Սա վերացնում է Աստծո հետ մեր հաղորդակցության ցանկացած այլընտրանք կամ նույնիսկ որևէ խոչընդոտ: Ահա թե ինչու բոլոր աղոթքները, զրույցները, վկայությունները, դասերը և շատ այլ բաներ, որոնք մենք անում ենք՝ եկեղեցում, տանը, մեր ընտանիքների հետ կամ ինքնուրույն, կատարվում են Հիսուս Քրիստոսի անունով:

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը

Ճշմարտությունը գտնելու համար մենք պետք է անկեղծ լինենք և ունենանք ճշմարիտ մտադրություններ: Երբ մենք խոնարհաբար դիմում ենք Երկնային Հորը, մենք մեզ հասանելի ենք դարձնում՝ գործելու ըստ մեր ստացած պատասխանների, և ընդլայնում ենք դա անելու մեր կարողությունը:

Անկեղծությունն ու իրական մտադրությունը մեզ մղում են անել այն, ինչ Երկնային Հայրը կցանկանա, որ մենք անենք, այլ ոչ թե այն, ինչ մենք ենք ուզում անել: Մենք հստակ ցույց ենք տալիս Երկնային Հորը մեր վստահությունը Նրա հանդեպ, երբ «հնազանդ [ենք], հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա» (Մոսիա 3.19): Այս հատկանիշների միջոցով մենք սկսում ենք հասկանալ և վստահել, որ Երկնային Հայրը միշտ կանի այն, ինչը լավագույնն է մեզ համար:

Նկար
Մարդը նստած է և նայում է սարին

Լուսանկարը՝ Լի Մայքլ Ռագսդեյլի

Ինչպե՞ս կգան պատասխանները

Որոշելով՝ տուն գնել կամ վարձել, ես և կինս աղոթեցինք, խորհեցինք և շատ խոսեցինք այդ մասին: Ի վերջո, մեր մտքում ու սրտում առաջացավ այն զգացումը, որ մենք չպետք է տուն գնենք։ Մենք հավատքով հետևեցինք մեր ստացած պատասխանին՝ չիմանալով, թե ինչ է լինելու մեր կյանքում:

Մոտ տարի ու կես անց՝ 2022 թվականի ապրիլին, ես կանչվեցի որպես բարձրագույն իշխանություն յոթանասունական: 2022 թվականի ապրիլի գերագույն համաժողովից հետո մենք ընդամենը երեք շաբաթ ունեինք Բրազիլիայից մեկնելու՝ մեր առաջին նշանակման համար: Այն ժամանակ վարձով ապրելը զգալիորեն հեշտացնում էր տեղափոխվելու գործընթացը։ Այսօր ես և Ռեգինան հստակ տեսնում ենք, որ Տերն առաջնորդեց մեզ մեր որոշման մեջ:

Նեփին նույնպես ստացավ ըստ իր ցանկության: Ջանասիրաբար փնտրելով ճշմարտություն և հավատալով ու վստահելով, որ Երկնային Հայրը կհայտնի իրեն ճշմարտությունը, Նեփին օրհնվեց՝ տեսնելով այն, ինչ տեսավ իր հայրը: Նա տեսավ կենաց ծառը, որը ներկայացնում է Աստծո սերը․ սեր, որը «ամենաբաղձալին է բոլոր բաներից» և «հոգու համար ամենաբերկրալին» (1 Նեփի 11.22, 23):

Սուրբ Հոգու միջոցով մեր Երկնային Հայրը հայտնում է ճշմարտությունը, որը հասանելի է Իր բոլոր զավակներին: Տերը հայտնել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ Սուրբ Հոգին կարող է՝ խոսել մեր մտքի և մեր սրտի հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2), «ներգործել … [մեր] զգացումների վրա» (Վարդապետություն և Ուխտեր 128.1), ստիպել, որ կուրծքը «այրվի [մեր ներսում]» (Վարդապետություն և Ուխտեր 9.8), լցնել մեր հոգիները ուրախությամբ, լուսավորել մեր միտքը կամ խաղաղություն խոսել մեր անհանգիստ սրտերի հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 11.13, 6.14–15, 22–23):

Ես վկայում եմ, որ Աստծո ճշմարտությունը ցրում է կասկածն ու վախը և ամրացնում մեր վկայությունները: Նեփիի հետ ես հայտարարում եմ. «Քանզի նա, ով ջանասիրաբար փնտրում է, կգտնի» (1 Նեփի 10.19): Աստված կհայտնի ճշմարտությունը, եթե մենք ջանասիրաբար փնտրենք այն, քանի որ Նա «իրեն փնտրողներին վարձահատույց է լինում» (Եբրայեցիս 11.6): Եվ Նա կանի այդ այնքան հստակ, որ կասկած չի թողնի, որ Իր ձեռքն է առաջնորդում մեր կյանքը:

Հղում Նշում

  1. Տես Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», Լիահոնա, մայիս 2007, 8–11։

Տպել