Լիահոնա
Հրաշքներ, հրեշտակներ և քահանայության զորություն
Մայիս 2024


Հրաշքներ, հրեշտակներ և քահանայության զորություն

Եթե ցանկանում եք քահանայության օրհնությունները, ներառյալ հրաշքները և հրեշտակների սպասավորությունը, քայլեք ուխտի ճանապարհով, որը Աստված հասանելի է դարձրել։

Այսօր շատերն ասում են, որ հրաշքներ այլևս գոյություն չունեն, որ հրեշտակները հորինված են, և որ երկինքները փակ են: Ես վկայում եմ, որ հրաշքները չեն դադարել, հրեշտակները մեր մեջ են, և երկինքներն իսկապես բաց են:

Երբ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, երկրի վրա էր, Նա քահանայության բանալիներ տվեց Իր գլխավոր առաքյալին՝ Պետրոսին: Այդ բանալիների միջոցով Պետրոսը և մյուս առաքյալները ղեկավարեցին Փրկչի Եկեղեցին: Բայց երբ այդ առաքյալները մահացան, քահանայության բանալիները վերցվեցին երկրի վրայից:

Ես վկայում եմ, որ քահանայության հնագույն բանալիները վերականգվել են: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը և մյուս հնագույն մարգարեները հայտնվեցին որպես հարություն առած էակներ՝ մարգարե Ջոզեֆ Սմիթին շնորհելով այն, ինչ Տերը նկարագրեց որպես «իմ արքայության բանալիները և ավետարանի տնտեսությունը»:

Այդ նույն բանալիները մարգարեից մարգարե են փոխանցվել մինչև մեր օրերը: 15 տղամարդ, որոնց մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, օգտագործում են այդ բանալիները՝ առաջնորդելու Փրկչի Եկեղեցին: Ինչպես հին ժամանակներում, կա մեկ ավագ Առաքյալ, որը կրում է և լիազորված է գործադրելու քահանայության բոլոր բանալիները: Դա Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է՝ մեր օրերի Քրիստոսի վերականգնված եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Մարգարեն և Նախագահը:

Փրկչի Եկեղեցու միջոցով մենք ստանում ենք քահանայության օրհնությունները, ներառյալ Աստծո զորությունը, որ օգնի մեզ մեր կյանքում: Լիազորված քահանայության բանալիների ներքո մենք սուրբ խոստումներ ենք տալիս Աստծուն և կատարում սուրբ արարողություններ, որոնք մեզ նախապատրաստում են ապրելու Նրա ներկայության մեջ: Կատարելով մկրտություն և հաստատում, իսկ հետո տաճարում ուխտեր կապելով, մենք առաջ ենք շարժվում ուխտերի ճանապարհով, որը մեզ վերադարձնում է Աստծո մոտ:

Ձեռքերը դնելով մեր գլխին, մեզ տրվում է քահանայության օրհնություններ, այդ թվում՝ առաջնորդություն, մխիթարություն, խորհուրդ, բժշկում և Հիսուս Քրիստոսին հետևելու զորություն: Իմ ողջ կյանքի ընթացքում ես օրհնվել եմ այդ մեծ զորությամբ: Ինչպես հայտնությամբ տրվել է սուրբ գրություններում, մենք այն անվանում ենք սուրբ Մելքիսեդեկյան քահանայության զորություն:

Իմ պատանեկության տարիներին ես մեծ հարգանք եմ ձևավորել այդ զորության հանդեպ, հատկապես նրա շնորհիվ, որ այն դրսևորվում էր քահանայության օրհնություններում: Չիլիում որպես երիտասարդ միսիոներ ծառայելու ժամանակ ես և իմ զուգընկերը ձերբակալվեցինք և մեզ բաժանեցին: Մեզ չասացին, թե ինչու: Քաղաքական մեծ ցնցումների ժամանակաշրջան էր։ Հազարավոր մարդիկ ձերբակալվեցին ռազմական ոստիկանության կողմից և անհետ կորան։

Հարցաքննվելուց հետո ես մենակ մնացի բանտախցում՝ մտածելով, թե երբևէ նորից կտեսնե՞մ իմ սիրելիներին։ Ես դիմեցի իմ Երկնային Հորը՝ ջերմեռանդորեն աղաչելով. «Հայր, ինձ միշտ սովորեցրել են, որ դու հսկում ես Քո միսիոներներին: Խնդրում եմ, Հայր, ես կարևոր մարդ չեմ, բայց ես հնազանդ եմ եղել և այս գիշեր Քո օգնության կարիքն ունեմ»:

Այդ օգնության սերմերը տնկվել էին տարիներ առաջ: Իմ մկրտությունից հետո ես հաստատվեցի որպես Եկեղեցու անդամ և ստացա Սուրբ Հոգու պարգևը: Երբ ես ճաղերի հետևում միայնակ աղոթում էի, Սուրբ Հոգին անմիջապես եկավ ինձ մոտ և մխիթարեց ինձ: Նա ինձ հիշեցրեց որոշակի մի հատված իմ հայրապետական օրհնությունից, որը քահանայության ևս մեկ օրհնություն է: Այդ հատվածում Աստված ինձ խոստացել էր, որ իմ հավատարմության շնորհիվ ես կկարողանամ տաճարում ժամանակի և հավերժության համար կնքվել մի շատ գեղեցիկ, առաքինի և սիրով լի կնոջ հետ, որ մենք կդառնանք թանկարժեք որդիների և դուստրերի ծնողներ, և որ ինձ կօրհնեն ու կմեծարեն որպես հայր Իսրայելում:

Իմ ապագայի մասին այդ ոգեշնչված խոսքերը հոգիս լցրեցին խաղաղությամբ։ Ես գիտեի, որ դրանք ստացել էի իմ սիրառատ Երկնային Հորից, ով միշտ պահում է Իր խոստումները: Այդ պահին ես վստահությամբ լցվեցի, որ կազատվեմ և կապրեմ, որպեսզի տեսնեմ այդ խոստումների իրականացումը։

Մոտ մեկ տարի անց Երկնային Հայրն իսկապես օրհնեց ինձ և ես ամուսնացա մի գեղեցիկ, առաքինի և սիրառատ կնոջ հետ։ Ես և Լինետը կնքվեցինք տաճարում: Մենք երեք թանկագին որդի և չորս դուստր ունեցանք: Ես հայր դարձա՝ ամեն ինչ համաձայն հայրապետական օրհնության մեջ տրված Աստծո խոստումների, որը ես ստացել էի 17 տարեկանում:

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ [և քույրեր], մի՞թե հրաշքները դադարել են, որովհետև Քրիստոսը համբարձվել է երկինք ․․․

Ոչ. ոչ էլ հրեշտակներն են դադարել մարդկանց զավակներին սպասավորելը»:

Ես վկայում եմ, որ հրաշքներն ու սպասավորումները շարունակաբար տեղի են ունենում մեր կյանքում, հաճախ՝ որպես քահանայության զորության անմիջական արդյունք: Քահանայության որոշ օրհնություններ կատարվում են անմիջապես, այն ձևով, որը մենք կարող ենք տեսնել և հասկանալ: Մյուս օրհնությունները աստիճանաբար են բացահայտվում և այս կյանքում լիովին չեն իրականացվի: Բայց Աստված միշտ պահում է Իր բոլոր խոստումները, ինչպես լուսաբանում է մեր ընտանեկան հետևյալ պատմությունը.

Իմ հայրական պապը՝ Գրանտ Ռիզ Բոուենը, մեծ հավատքի տեր մարդ էր: Ես լավ հիշում եմ նրա պատմությունն այն մասին, թե ինչպես էր ստացել իր հայրապետական օրհնությունը: Իր օրագրում նա գրել է. «Հայրապետն ինձ խոստացավ բժշկության պարգևը: Նա ասաց. «Հիվանդները կբժշկվեն. Այո՛, մեռելները հարություն կառնեն քո ձեռքերի տակ»։

Տարիներ անց պապիկը խոտ էր դիզում, երբ նա զգաց, որ պետք է տուն վերադառնար: Նրան դիմավորեց իր հայրը, որը գալիս էր ընդառաջ։ «Գրանտ, քո մայրը հենց նոր մահացավ», - ասաց նրա հայրը:

Ես կրկին մեջբերում եմ պապիկի օրագրից. «Ես կանգ չառա, այլ շտապեցի տուն մտնել և դուրս եկա առջևի պատշգամբ, որտեղ մայրս պառկած էր մահճակալին: Ես նայեցի նրան և տեսա, որ կյանքի ոչ մի նշույլ չկար նրա մեջ: Ես հիշեցի իմ հայրապետական օրհնությունը և այն խոստումը, որ եթե ես հավատարիմ լինեմ, իմ հավատքով հիվանդները կբժշկվեն. և մեռելները հարություն կառնեն: Ես իմ ձեռքերը դրեցի նրա գլխին և ասացի Տիրոջը, որ եթե այն խոստումը, որ Նա տվել էր ինձ հայրապետի միջոցով, ճշմարիտ է, ապա դա կդրսևորվի այս պահին և կկենդանացնի մորս: Ես խոստացա Տիրոջը, որ եթե Նա աներ դա, ես առանց վարանելու կանեի այն ամենը, ինչ կարող եմ՝ Նրա թագավորությունը կառուցելու համար: Երբ ես աղոթում էի, նա բացեց իր աչքերը և ասաց. «Գրանտ, բարձրացրու ինձ: Ես հոգիների աշխարհում էի, բայց դու ինձ հետ կանչեցիր: Թող սա միշտ վկայություն լինի քեզ և իմ ընտանիքի մնացած անդամներին»:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ ուսուցանել է փնտրել և սպասել հրաշքների։ Ես վկայում եմ, որ քահանայության վերականգնման շնորհիվ Աստծո զորությունն ու իշխանությունը երկրի վրա են: Կոչումների և խորհուրդների միջոցով տղամարդիկ և կանայք, երիտասարդներն ու տարեցները կարող են մասնակցել քահանայության աշխատանքին: Դա հրաշագործ աշխատանք է, որին ներկա են հրեշտակները: Դա երկնքի աշխատանքն է, և այն օրհնում է Աստծո բոլոր զավակներին:

1989 թվականին մեր յոթ հոգանոց ընտանիքը վերադառնում էր ծխի բացօթյա միջոցառումից: Արդեն ուշ էր։ Լինետը սպասում էր մեր վեցերորդ երեխային։ Նա ուժեղ հուշում զգաց՝ կապելու իր ամրագոտին, որը մոռացել էր կապել: Դրանից կարճ ժամանակ անց մենք շրջադարձ կատարեցինք և տեսանք, որ դիմացից մի մեքենա հատել էր իր գիծը և հայտնվել մեր առաջ։ Շարժվելով ժամում մոտ 70 մղոն (112 կմ)՝ ես կտրուկ շրջեցի մեքենան, որպեսզի չբախվեմ հանդիպակաց մեքենային։ Մեր ֆուրգոնը գլորվեց, սահեց մայրուղով և վերջապես կանգ առավ՝ ուղևորի կողմով հայտնվելով հողի մեջ։

Հաջորդ բանը, որ ես հիշում եմ, լսեցի Լինետի ձայնը. «Շեյն, մենք պետք է դուրս գանք քո դռնով»: Ես օդում կախված էի իմ ամրագոտու օգնությամբ։ Մի քանի վայրկյան պահանջվեց կողմնորոշվելու համար։ Երեխաներին սկսեցինք մեկ առ մեկ դուրս հանել իմ պատուհանից, որն այժմ ֆուրգոնի առաստաղն էր։ Նրանք լաց էին լինում՝ չհասկանալով պատահածը։

Շուտով նկատեցինք, որ մեր 10-ամյա դուստրը՝ Էմիլին, բացակայում էր։ Մենք կանչեցինք նրա անունը, բայց որևէ արձագանք չկար: Ծխի անդամները, որոնք նույնպես տուն էին գնում, դեպքի վայրում խելագարորեն փնտրում էին նրան: Շատ մութ էր։ Ես լապտերով նորից փնտրեցի ֆուրգոնում և, ի սարսափ ինձ, տեսա Էմիլիի փոքրիկ մարմինը, որը թակարդված էր ֆուրգոնի տակ: Ես հուսահատ կանչեցի. «Մենք պետք է բարձրացնենք ֆուրգոնը Էմիլիի վրայից»: Ես բռնեցի տանիքը և հետ քաշեցի։ Ընդամենը մի քանի մարդ էր բարձրացնում ֆուրգոնը, բայց այն հրաշքով շրջվեց անիվների վրա՝ ազատելով Էմիլիի անշունչ մարմինը:

Էմիլին չէր շնչում։ Նրա դեմքը մանուշակագույն սալորի գույն էր ստացել։ Ես ասացի. «Մենք պետք է նրան օրհնություն տանք»: Մի սիրելի ընկեր և ծխի անդամ ծնկի եկավ ինձ հետ և Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ՝ Հիսուս Քրիստոսի անունով, մենք պատվիրեցինք նրան ապրել: Այդ պահին Էմիլին երկար շունչ քաշեց։

Որոշ ժամանակ անց, որը կարծես ժամեր էր թվում, շտապօգնությունը վերջապես ժամանեց։ Էմիլիին շտապ հիվանդանոց տեղափոխեցին։ Նրա թոքն էր վնասվել, և ծնկի ջիլը կտրվել։ Ուղեղի վնասվածքն էր մտահոգիչ, քանի որ նա որոշ ժամանակ թթվածին չէր ստացել: Էմիլին մեկուկես օր կոմայի մեջ էր։ Մենք շարունակեցինք աղոթել և ծոմ պահել նրա համար: Նա օրհնվեց լիարժեք ապաքինմամբ: Այսօր Էմիլին և նրա ամուսինը՝ Քևինը, ունեն վեց դուստր։

Հրաշքով, վթարի բոլոր մասնակիցները կարողացան փրկվել: Երեխան, որով հղի էր Լինետը, Թայսոնն էր: Նա նույնպես զերծ մնաց որևէ վնասից և ծնվեց հաջորդ փետրվարին։ Իր երկրային մարմինը ստանալուց ութ ամիս անց Թայսոնը վերադարձավ տուն՝ Երկնային Հոր մոտ: Նա մեր պահապան հրեշտակ որդին է: Մենք զգում ենք նրա ազդեցությունը մեր ընտանիքում և անհամբեր սպասում ենք նորից նրա հետ միավորվելուն:

Նրանք, ովքեր բարձրացրին ֆուրգոնը Էմիլիի վրայից, նկատեցին, որ մեքենան կարծես քաշ չուներ: Ես գիտեի, որ երկնային հրեշտակները միացել էին երկրային հրեշտակներին՝ մեքենան Էմիլիի մարմնի վրայից բարձրացնելու համար: Ես նաև գիտեմ, որ Էմիլին կյանքի է վերադարձվել սուրբ քահանայության զորությամբ:

Տերը հայտնեց այս ճշմարտությունը Իր ծառաներին. «Քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»։

Ես վկայում եմ, որ «Սուրբ քահանայությունը՝ ըստ Աստծո Որդու կարգի»՝ Մելքիսեդեկյան քահանայությունը, իր բանալիներով, իշխանությամբ և զորությամբ վերականգնվել է երկրի վրա այս վերջին օրերում: Ես գիտեմ, որ չնայած ոչ բոլոր հանգամանքներն են ստացվում այնպես, ինչպես մենք կարող ենք հուսալ և աղոթել, Աստծո հրաշքները միշտ կգան՝ համաձայն Նրա կամքի, Նրա ժամանակի և մեզ համար նախատեսված Նրա ծրագրի:

Եթե ցանկանում եք քահանայության օրհնությունները, ներառյալ հրաշքները և հրեշտակների ծառայությունը, ես հրավիրում եմ ձեզ քայլել ուխտի ճանապարհով, որը Աստված հասանելի է դարձրել մեզանից յուրաքանչյուրին: Եկեղեցու անդամներն ու ղեկավարները, ովքեր սիրում են ձեզ, կօգնեն ձեզ կատարել հաջորդ քայլը:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, ապրում և ղեկավարում է Իր Եկեղեցին կենդանի մարգարեների միջոցով, որոնք կրում և գործադրում են քահանայության բանալիները: Սուրբ Հոգին իրական է: Փրկիչը տվեց Իր կյանքը մեզ բժշկելու, մեզ վերադարձնելու և տուն բերելու համար:

Ես վկայում եմ, որ հրաշքները չեն դադարել, հրեշտակները մեր մեջ են, և երկինքն իսկապես բաց է: Եվ օհ, երկինքները լայնորեն բաց են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել