Լիահոնա
Աղոթեք, Նա ապրում է
Մայիս 2024


Աղոթեք, Նա ապրում է

Ես հրավիրում եմ ձեզ` աղոթեք, որ իմանաք՝ Երկնային Հայրն ապրում է, աղոթեք, որ աճեք ու դառնաք Նրա նման, և աղոթեք, որ ցույց տաք Նրա սերը ուրիշների հանդեպ:

Եղբայրեներ և քույրեր, ես ուրախություն եմ զգում, երբ արձագանքում եմ երեխաների հետ խոսելու տպավորությանը:

Աղջիկներ և տղաներ, որտեղ էլ որ լինեք աշխարհում, ես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ մի կարևոր բանով:

Մեր Երկնային Հայրը սիրում է ձեզ: Դուք Նրա զավակն եք։ Նա ճանաչում է ձեզ։ Նա կամենում է օրհնել ձեզ: Ես աղոթում եմ իմ ողջ սրտով, որ դուք զգաք Նրա սերը։

Դուք սիրո՞ւմ եք պարգևներ ստանալ: Ես ցանկանում եմ պատմել ձեզ մի շատ հատուկ պարգևի մասին, որը Երկնային Հայրը տվել է ձեզ, որպեսզի օգնի ձեզ: Դա աղոթքի պարգևն է: Ինչ հրաշալի օրհնություն է աղոթքը: Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը ցանկացած պահի, ցանկացած վայրում:

Նկար
Հիսուսը երեխաների հետ

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա սովորեցրեց մեզ աղոթել: Նա ասաց. «Խնդրեք և կստանաք»:

Ի՞նչ պարգևների համար կարող եք աղոթել։ Կան շատ պարգևներ, բայց այսօր ուզում եմ կիսվել երեքով.

  1. Աղոթեք, որ իմանաք:

  2. Աղոթեք, որ աճեք:

  3. Աղոթեք, որ ցույց տաք:

Եկեք խոսենք յուրաքանչյուրի մասին:

Առաջինը՝ աղոթեք, որ իմանաք

Դուք ի՞նչ պետք է իմանաք:

Կա մի երգ աղոթքի մասին, որը Երեխաների միության երեխաներն են երգում ողջ աշխարհում: Այն սկսվում է հարցով: Գիտե՞ք արդյոք, թե ինչ երգ է: Եթե իսկապես քաջ լինեի, կկամենայի երգել այն ձեզ համար:

«Երկնային Հայր, Դու իսկապե՞ս ապրում ես: Եվ ամեն երեխայի աղոթքը լսում և պատասխանո՞ւմ ես»:

Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ Երկնային Հայրն իսկապես ապրում է, նույնիսկ, եթե դուք չեք կարող տեսնել Նրան:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է ձեզ «ձեր սիրտը բացել ձեր Երկնային Հոր առաջ: Իսկ հետո լսել»: Լսեք ձեր սրտում առաջացած զգացմունքներին և ձեր գլխում ծագած մտքերին:

Երկնային Հայրը փառավորված մարմին ունի՝ կազմված մսից ու ոսկորից, և ձեր հոգու Հայրն է: Քանի որ Երկնային Հայրն ունի ողջ իշխանությունը և գիտի բոլոր բաները, Նա կարողանում է տեսնել Իր բոլոր զավակներին և կարողանում է լսել ու պատասխանել յուրաքանչյուր աղոթքի: Դուք կսկսեք հասկանալ ինքնուրույն, որ Նա ապրում է և որ Նա սիրում է ձեզ:

Երբ գիտեք, որ Աստված իրական է, և Նա սիրում է ձեզ, դուք կարող եք ապրել քաջությամբ ու հույսով։ «Աղոթեք, Նա ապրում է, խոսեք Նա լսում է»:

Դուք երբևէ ձեզ միայնակ զգացե՞լ եք: Մի օր, երբ մեր թոռնուհին` Էշլին, վեց տարեկան էր, մեն մենակ էր դպրոցի խաղադաշտում`առանց որևէ խաղընկերոջ: Երբ նա կանգնած էր այնտեղ, զգալով անկարևոր և աննկատ, մի առանձնահատուկ միտք ծագեց նրա գլխում. «Սպասիր, Ես մենակ չեմ: Ես ունեմ Հիսուսին»: Էշլին ծնկի իջավ հենց խաղահրապարակի մեջտեղում, ծալեց թևերը և աղոթեց Երկնային Հորը: Այն պահին, երբ նա բացեց աչքերը, իր տարիքի մի աղջիկ կանգնած էր նրա առջև, և հարցնում էր՝ արդյոք նա ուզում է խաղալ: Էշլին սկսեց հասկանալ, որ «Մենք կարևոր ենք Տիրոջ համար և որ մենք իրականում երբեք մենակ չենք»:

Երբեմն դուք գուցե ցանկանաք իմանալ, թե ինչու է որևէ դժվար բան տեղի ունենում ձեր կյանքում կամ ինչու չստացաք օրհնությունը, որի համար աղոթել էիք: Հաճախ լավագույն հարցը, որը Երկնային Հորը կարող ենք տալ, ոչ թե ինչուն է այլ ինչը:

Հիշո՞ւմ եք, երբ Նեփին ու նրա ընտանիքը քաղցած էին, երբ ճամփորդում էին անապատում: Երբ Նեփին և նրա եղբայրները գնացին որսորդության, Նեփին կոտրեց իր աղեղը։ Բայց նա չհարցրեց ինչու:

Նկար
Նեփին հարցնում է Լեքիին, թե որտեղից ուտելիք գտնի

Նեփին պատրաստեց մի նոր աղեղ և հարցրեց իր հորը՝ Լեքիին, թե ուր կարող էր գնալ ուտելու բան գտնելու: Լեքին աղոթեց, և Տերը ցույց տվեց նրանց, թե Նեփին ուր կարող էր գնալ: Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ, երբ դուք հարցնեք Նրան, թե դուք ինչ կարող եք անել և ինչ կարող եք սովորել:

Երկրորդ՝ աղոթեք, որ աճեք

Երկնային Հայրը ցանկանում է օգնել ձեզ, որ աճեք։ Նա այնքան շատ է սիրում մեզ, որ Նա ուղարկեց Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին, ցույց տալու մեզ ապրելու ճանապարհը։ Հիսուսը տառապեց, մահացավ և հարություն առավ, որպեսզի մենք կարողանանք ներվել մեր մեղքերից և աճենք՝ դառնալով Նրա նման:

Արդյոք ցանկանո՞ւմ եք աճել համբերության կամ ազնվության մեջ: Ցանկանո՞ւմ եք աճել որևէ հմտության մեջ: Գուցե դուք ամաչկոտ եք և ուզում եք աճել համարձակության մեջ: «Աղոթեք, Նա ապրում է»: Նրա Հոգու միջոցով ձեր սիրտը կարող է փոխվել, և դուք կարող եք ուժ ստանալ:

Իմ նոր ընկեր Ջոնան գրել է. «Առավոտյան դպրոց գնալիս ճանապարհին հաճախ եմ նյարդայնանում: Ես անհանգստանում եմ՝ ուշանալու, ինչ-որ բան մոռանալու և թեստեր հանձնելու համար: Երբ ես 10 տարեկան էի, սկսեցի աղոթքներ ասել` մայրիկիս հետ մեքենայով դպրոց գնալիս: Ես օգնություն եմ խնդրում, որի կարիքն ունեմ, նաև աղոթում եմ ընտանիքիս համար: Ես նաև մտածում եմ այն բաների մասին, որոնց համար երախտապարտ եմ: [Երկնային Հորն աղոթելը] օգնել է ինձ: Երբեմն մեքենայից իջնելիս անմիջապես թեթևացում չեմ զգում, բայց երբ դասասենյակում եմ, ես ինձ խաղաղ եմ զգում»:

Ջոնայի հավատքն աճում է, երբ նա աղոթում է ամեն օր և հետո շարժվում առաջ:

Երրորդ՝ աղոթեք, որ ցույց տաք

Դուք կարող եք աղոթել օգնության համար, որպեսզի ցույց տաք Երկնային Հոր սերը ուրիշների հանդեպ: Իր Հոգու միջոցով Երկնային Հայրը կօգնի ձեզ նկատել մեկին, ով տխուր է, որպեսզի դուք կարողանաք սփոփել նրան: Նա կարող է օգնել ձեզ ցույց տալ Իր սերը` ինչ-որ մեկին ներելու միջոցով: Նա կարող է քաջություն տալ ձեզ` ծառայելու ինչ-որ մեկին և կիսվելու նրա հետ, որ նրա Աստծո զավակն է: Դուք կարող եք օգնել ուրիշներին սկսել ճանաչել և սիրել Հիսուսին ու Երկնային Հորը, ինչպես դուք եք սիրում:

Իմ ողջ կյանքում ես աղոթել եմ, որ հայրս դառնար Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Նույնիսկ, երբ երիտասարդ աղջիկ էի, ես գիտեի, թե նա որքան շատ օրհնություններ կարող էր ստանալ: Մեր ընտանիքը կարող էր ստանալ հավերժության համար կնքված լինելու օրհնությունները: Իմ ընտանիքը, ընկերները և ես հաճախ էինք աղոթում նրա համար, բայց նա չէր միանում Եկեղեցուն: Երկնային Հայրը չի ստիպում որևէ մեկին ընտրություն կատարել: Նա կարող է մեր աղոթքների պատասխաններն ուղարկել մեզ այլ ուղիներով։

Նկար
Նախագահ Փորթերը իր ծնողների և քույրերի, եղբայրների հետ

Երբ ես բավականին մեծացա, ստացա իմ հայրապետական օրհնությունը։ Օրհնության մեջ հայրապետն ասաց ինձ, որ լավագույն բանը, որ կարող էի անել՝ օգնելու իմ ընտանիքին միասին լինել երկնքում, Հիսուս Քրիստոսի ավետարանի օրինակ լինելն էր: Դա այն է, ինչ ես կկարողանայի անել։

Հայրս ապրեց մինչև լրացավ 86 տարին: Նրա մահից հինգ օր անց ես ստացա ուրախության մի սրբազան զգացում: Երկնային Հայրը թույլ տվեց ինձ իմանալ Իր Հոգու միջոցով, որ հայրս ցանկանում էր ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները: Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ծնկի իջա զոհասեղանի ջուրջը` քրոջս և եղբայրներիս հետ, կնքվելու իմ ծնողների հետ Ես սկսել էի աղոթել այս օրհնության համար, երբ Երեխաների միությունում էի, և ես ստացա այն, երբ ես տատիկ էի:

Գուցե աղոթում եք ձեր ընտանիքի և ուրիշների օրհնությունների համար, որոնց սիրում եք: Չհանձնվեք: Երկնային Հայրը ցույց կտա ձեզ, թե դուք ինչ կարող եք անել:

Կիսվեք Երկնային Հոր հետ այն ամենով, ինչ կա ձեր սրտում: Երբ դուք անկեղծորեն խնդրեք նրա օգնությունը, կստանաք Նրա Հոգին, որը կառաջնորդի ձեզ: Ամեն օր աղոթելը կլցնի ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով: Սա կօգնի ձեզ ցանկանալ հետևել Նրանց ձեր ողջ կյանքում:

Պատկերացրեք, թե ինչ կպատահեր, եթե Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի բոլոր երեխաները աղոթեին ամեն օր: Ամբողջ աշխարհն ավելի շատ կօրհնվեր Աստծո սիրով:

Նկար
Ողջ աշխարհի երեխաները աղոթում են

Ես հրավիրում եմ ձեզ` աղոթեք, որ իմանաք՝ Երկնային Հայրն ապրում է, աղոթեք, որ աճեք ու դառնաք Նրա նման, և աղոթեք, որ ցույց տաք Նրա սերը ուրիշների հանդեպ: Ես գիտեմ, որ Նա ապրում է և սիրում է ձեզ: «Աղոթեք, Նա ապրում է»: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։

Տպել