Լիահոնա
Գերագույն համաժողովի բանավոր թարգմանություն
Մայիս 2024


«Գերագույն համաժողովի բանավոր թարգմանություն», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Կուլիսներում

Գերագույն համաժողովի բանավոր թարգմանություն

Գերագույն համաժողովի յուրաքանչյուր նիստից մեկ ժամ առաջ լեզվի հարյուրավոր մասնագետներ հավաքվում են մի մեծ սենյակում, որպեսզի կատարեն համաժողովի ելույթների վերջին թարմացումները, որոնք գրավոր թարգմանվել են և բանավոր թարգմանվելու են 103 լեզուներով:

Համաժողովի մեկնարկից հետո նրանք ստանում են թարգմանելու մեկ հնարավորություն: Այն պետք է լավ թարգմանել, և պետք է լավ թարգմանել առաջին անգամից: Արդյունավետ բանավոր թարգմանությունը պահանջում է ռիթմ, ինտոնացիա, հստակ արտահայտում և լեզվի իմացություն՝ միաժամանակ փոխանցելով ամբիոնի մոտ ելույթ ունեցողի հույզերն ու մտադրությունը նույն ոգով, որով գրվել է ելույթը:

Ավելի քան 800 բնիկ թարգմանիչներ և վերադարձած միսիոներներ թարգմանեցին այս գերագույն համաժողովի հատվածները: Մոտ կեսը ելույթները թարգմանեցին Սոլթ Լեյք Սիթիից (Յուտա, ԱՄՆ), մինչդեռ մյուս կեսը բանավոր թարգմանությունները կատարեցին իրենց հայրենի երկրներից: Ոմանք նաև մասնակցել են համաժողովի ելույթների գրավոր թարգմանությանը գերագույն համաժողովին նախորդող շաբաթների ընթացքում:

Հեռարձակման ընթացքում բանավոր թարգմանիչները, որոնք սովորաբար մեկ նիստի ժամանակ աշխատում են չորսից վեց հոգանոց թիմերով, յուրաքանչյուր ելույթը կարդում են ձայնամեկուսացված սենյակում՝ Եկեղեցու գրասենյակի շենքում կամ ամբողջ աշխարհում նշանակված վայրերում։ Թարգմանիչները, որոնք ականջակալներ են կրում, լսում են հեռարձակումները անգլերեն և այն դիտում էկրանի վրա, որպեսզի իրենց թարգմանությունը համաժամեցնեն բանախոսի հետ: Թարգմանիչները պետք է միաժամանակ մտածեն երկու խոսակցության մասին՝ տարբեր լեզուներով:

Թարգմանիչ Ջոնաս Պրասադն ասում է, որ Ֆիջիում հինդիախոս Եկեղեցու անդամները ցանկանում են լսել մարգարեներին իրենց լեզվով: Նկարագրելով մի քրոջ՝ նա ասել է. «Տարիներ շարունակ Եկեղեցու ժողովները, որոնք հասանելի էին նրան, անցկացվում էին անգլերենով: Թեև նա ոչ մի բառ չէր հասկանում, նա գալիս էր ու հանգիստ նստում, որպեսզի զգար Հոգին: Այժմ նա հուզվում է, երբ ավետարանը լսում է իր մայրենի լեզվով»:

Տպել